artsvi.bakhchinyan
Logo
English Armenian

Սիրելի Göta… Ի հիշատակ Յոթա Ֆյել-Երզնկյանի (1913-2002)

Article image Շվեդիայից ստացած հերթական էլեկտրոնային նամակը գուժեց Յոթա Ֆյել-Երզնկյանի մահը: Այլևս պատմական հուշ դարձավ Ուփսալայի Իդունագաթան փողոցի վրայի նրա բնակարանը, և նրա սրտաբաց տանտիրուհին, որի շնորհիվ մինչև վերջերս կենդանի էր Ուփսալայի առաջին հայ բնակչի, լեգենդար մի անձնավորության՝ Սուրեն Երզնկյանի հիշատակը...

1996-1997 թվականներին Շվեդիայում ապրած ամիսներիս հաճախ եմ այցելել Յոթային՝ կապուտաչյա, ճերմակահեր, կորացած, մշտաժպիտ և անչափ բարեհամբույր այդ ֆիննաշվեդուհուն, որի բնակարանի դռան ցուցանակին գրված է հայադրոշմ Erzinkian ազգանունը: Նրա մեկսենյականոց բնակարանն իր փոքրությամբ և հարդարանքով հեռու էր շվեդական արդիականությունից՝ պատերը ու հատակը պատող արևելյան գորգիկներով (մեկի վրա՝ հայերեն Գ. Ե. տառերը՝ GՓta Erzinkian-ի սկզբնատառերը), բազմաթիվ լուսանկարներով ու բացիկներով, ինչը բնավ շվեդական երևույթ չէր… Այդ հիշատակների մեծ մասը թողել էին տանտիրուհու բազմաթիվ օտարազգի աշակերտները, որոնց նա երկար տարիներ անվճար շվեդերեն էր ուսուցանել... Մի քանի մասունքներ էլ մնացել էին ամուսնուց (կենդանության օրոք Երզնկյանն իր արխիվը նվիրել էր Օսլոյի համալսարանի գրադարանին), որոնք բոլորն էլ կրում էին «սիրելի GՓta» մակագրությունը… Ջերմ, կենսուրախ տանտիրուհին, որ գեղեցիկի և քաղցրեղենի մեծ սիրահար էր, մշտական հիացմունքով էր ընդունում իրեն նվիրաբերած ծաղիկներն ու թխվածքեղենը, և սեղանի շուրջը ծայր էին առնում անվերջանալի հետաքրքիր զրույցներ…

Zoom Image

Յոթա Մագդալենա Ֆյել-Երզնկյանը ծնվել էր 1913ին, Հելսինկիում: Հանգամանքների բերումով բարձրագույն կրթությունը չէր ավարտել, սակայն քաջ տեղյակ էր համաշխարհային գրականությանը և երաժշտությանը, մայրենի շվեդերենից բացի հրաշալի տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ֆիններեն լեզուներին, իսկ ամուսնու շնորհիվ նաև շատ քիչ հայերեն էր սովորել…

–Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին էին,– մեր առաջին հանդիպման ժամանակ պատմում էր Յոթան,– Հելսինկիի համալսարանում ես ուսանում էի գրականություն, սոցիոլոգիա և լեզուներ: Հորս մահից հետո ստիպված էի թողնել ուսումս և ինքս հոգալ ապրուստս: Դժվարին ժամանակներ էին: Նույնիսկ լվացվելու օճառ չէր ճարվում: Աշխատանքի անցա փոստատանը: Որոշ ժամանակ անց սկսեց փոստ հաճախել տարեց մի օտարական, որը ծրարներ էր ուղարկում Շվեյցարիա: Մենք խոսում էինք ֆրանսերեն: Նրան հանդիպում էի նաև փողոցում: Ի վերջո ծանոթացանք, իմացա, որ նա Խորհրդային Միությունից փախած հայ է: Նա իր թղթակցություններն ուղարկում էր Ժնևի համալսարան, ընկերներին, վախենալով, որ խորհրդային զորքերը կմտնեն Ֆինլանդիա, և իր այդ կարևոր փաստաթղթերը կընկնեն կոմունիստների ձեռքը…

Այդ խորհրդային փախստականը ոչ այլ ոք էր, եթե ոչ հին բոլշևիկ, ծնունդով թիֆլիսեցի գրող, հրապարակախոս, լրագրող, հրատարակիչ, հետագայում՝ խորհրդային պետական գործիչ Սուրեն Երզնկյանն էր (1881-1963), որը 1930-ին զգալով իր վրա կախված կարմիր ահաբեկչության սպառնալիքը՝ փախել էր Ֆինլանդիա և ապրուստը վաստակում էր Կովկասի և Խորհրդային Միության մասին գրքեր գրելով…

–Սուրենը, որ վաթսունն անց էր, ամուսնության առաջարկ արեց ինձ, որ նոր էի բոլորել երեսուն տարիս,– շարունակում էր Յոթան:– Ես չափից ավելի իդեալիստ էի, կյանքից մեծ ակնկալիքներ չունեի, հենց սկզբից կարծես գիտեի, որ կյանքս նվիրելու եմ մի ծեր մարդու և շրջապատելու եմ նրան իմ գուրգուրանքով: Համաձայնեցի, թեև նա ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ փող և ինձնից էլ մեծ էր երեսուներկու տարով…

Համաձայնություն ստանալով Յոթայից՝ Սուրեն Երզնկյանը, խուսափելով խորհրդային ներխուժման հեռանկարից, 1944-ին մեկնել է Ֆինլանդիայի հյուսիս և սահմանը կտրելով՝ անցել է Շվեդիա: Նույն ճանապարհով շուտով նրան է միացել Յոթա Ֆյելը, և նրանք ամուսնացել են: 1945-ի նոյեմբերին Երզնկյանները հաստատվել են Ուփսալայում, քանի որ օտարերկրացիներին այն ժամանակ արգելվում էր ապրել մեծ քաղաքներում: Ապրել են ավելի քան համեստ, եթե չասենք՝ աղքատ կյանքով: Սուրեն Երզնկյանի ողջ կյանքը Սկանդինավիայում կիսալեգալ, եթե ոչ գաղտնի է եղել: Նա շարունակ զգուշացել էր խորհրդային ՊԱԿ-ի ձեռքն ընկնելուց, հոդվածներն ու գրքերը հրատարակել ծածկանուններով (Ս. Լորելլի և Իմամ Ռագուզա): Այդ զգուշավորությունը փոխանցվել էր նաև Յոթային, որն ինքն էլ շատ բան չէր իմացել իր ամուսնու անցյալի վերաբերյալ: Բախտը չի ժպտացել, նրանք կորցրել են իրենց նորածին զավակին։ Սկզբում աշխատել է միայն Յոթան, սակայն վրա հասած ծանր հիվանդության պատճառով նա էլ անաշխատունակ է դարձել, և Երզնկյան ամոլը ստիպված է եղել ապրել չնչին նպաստով:

Zoom Image

–Երբ ես վերադարձա հիվանդանոցից՝ Սուրենը տանը հայերեն մեծ-մեծ գրել, փակցրել էր՝ «բարի գալուստ»,– հիշում է Յոթան:– Նա ինձ սովորեցրել էր հայերեն տառերը, և ես մի քիչ կարդում էի… Ես էլ նրան շվեդերեն եմ սովորեցրել, օգնել եմ նրան Պեր Լագերքվիստի «Բարաբբաս» վեպի մի հատվածը հայերեն թարգմանելիս, որը հրատարակեց Ամերիկայում լույս տեսնող մի հայկական ամսագրում… Ի դեպ, գուցե հանգամանքներն այնպես դասավորվեին, որ ես հայտնվեի… Հայաստանում: Այո, այո, Ստալինի մահից հետո Սուրենը հուսավառվեց, որ ԽՍՀՄ-ում իրադրությունը կփոխվի։ Նա մինչև անգամ միտք հղացավ Եվրոպայի և Թուրքիայի ճանապարհով Հայաստան վերադառնալ, ինչը չիրականացրեց՝ առաջացած տարիքի պատճառով…Բայց, սիրելիներս, ես ոչ մի հատուկ զգացմունք չունեմ Հայաստանի հանդեպ: Սուրենի մոտ մի քանի անգամ հավաքվել են Ստոկհոլմում բնակվող հայերը՝ ատամնաբույժ Ժիրայր Աճեմյանը, ինժեներ Պետրոս Զարդարյանը, հատկապես թիֆլիսցիներ Գուրգեն Խունունցը և Մարգարիտա Խանդամիրովան, որոնց հետ հատկապես Սուրենը վերհիշելու և զրուցելու շատ բան ուներ… Այդ օրերին, չնայած կենցաղային դժվարություններին, ես Սուրենի սովորեցրած հայկական կերակուրներն էի պատրաստում…

Մեր առաջին հանդիպման օրերին նոր էր լույս տեսել Յոթայի կազմած «Հեքիաթներ Կովկասից» հատորը, որտեղ ընդգրկված են ամուսնու հավաքած կովկասյան 24 հեքիաթները (երեքը հայկական են): Գրքից ստացված ողջ հասույթը Յոթան տրամադրում էր անապաստան երեխաների միջազգային ֆոնդին: Նոր էր նկարահանվել նաև Փեյո Հոլմքվիսթի «Նրա հայ ասպետը» կինոնկարը, որի գլխավոր «դերակատարուհին»՝ Յոթան, հանդիսականին պատմում էր հանգուցյալ ամուսնուց: Ցավոք սրտի, շարժանկարի հեղինակներն այդ ֆիլմում ծայրահեղ աննրբանկատություն էին ցուցաբերել՝ ծեր այրիին հաղորդելով ֆիննական արխիվներից պարզված ինչ-ինչ անցանկալի մանրամասներ նրա խորհրդավոր ամուսնու վերաբերյալ, որոնց նա տասնամյակներ շարունակ անիրազեկ էր եղել։ Այս հանգամանքը չէր կարող չվրդովեցնել Յոթային, թեև այդ կենսուրախ, կյանքի դժվարություններից բնավ չդառնացած կինն աշխատում է ամեն ինչի նայել ներողամիտ և մեծահոգի հայացքով:

Zoom Image

(Մենք ևս, հետագայում Երևանում դիտելով այդ կինոնկարը, խորապես ափսոսացինք, որ ֆիլմի հեղինակները հատկապես շեշտադրել էին հանգուցյալ գործչի կենսագրության մի ցավալի վրիպումը, արդյունքում ստեղծելով սինլքորի մի կերպար, փոխարենը մանրամասն անդրադառնալու նրա գործունեության այնքան դրական կողմերին):

Ուփսալայում մեզ համար մշտապես հաճելի էր հաղորդակցվելը կարծես հին աշխարհի մի բեկոր Յոթա Երզնկյանի հետ, որն ամեն անգամ ցանկանում էր հաճելի լինել ամուսնու երկրից եկած հյուրերին՝ իր մշտաժպիտ, ջերմ հյուրընկալությամբ, գործածած հայերեն արտահայտություններով և իմացած հայերեն երգերով՝ «Ծիծեռնակ», «Երազ», «Սուրբ Էջմիածին», «Մանուշակ»...

–Չնայած կյանքիս մեծ մասը Շվեդիայում է անցել և ազգությամբ շվեդ եմ, բայց ես միշտ եղել եմ ֆինլանդուհի, ֆիննական մշակույթի կրող, իմ սիրած բանաստեղծը ֆիննաշվեդ Էդիթ Սյոդերգրանն է, իսկ կոմպոզիտորը՝ Ֆինլանդիայի մեծագույն զավակ Յան Սիբելիուսը,– մի անգամ հպարտությամբ ասաց Յոթան:

Յոթայի կերպարն ինձ ինչ-որ առումով հիշեցնում է հայ ժողովրդի մեկ այլ հյուսիսցի հարսի՝ Անտոնինա Մահարիին, մեր քիչ գնահատված գրողներից Գուրգեն Մահարու լիտվուհի կնոջը, որը սիբիրյան աքսորավայրում ծանոթացավ և ամուսնացավ իրենից քանի տարով մեծ Մահարու հետ, նրա հետ բազում դժվարություններ կրեց թե Սիբիրում և թե Հայաստանում, և մինչև օրս բնակվում է Երևանում՝ գուրգուրալով ամուսնուց մնացած հիշատակների վրա…

Zoom Image

«Սիրելի Յոթան» այս աշխարհից գնաց այնպես, ինչպես որ ապրել էր՝ աշխատելով վախճանից հետո էլ օգտակար լինել և նվագագույն անհանգստությունը պատճառել մնացողաց, նախօրոք անձամբ հոգ տանելով ամեն բան՝ ընդսմին մամուլում տրվելիք մահազդը: Նա իր ողջ ունեցվածքը կտակեց «Բժշկական առաքելություն» (”LՊkarmission”) քրիստոնեական կազմակերպությանը, որի անդամ բժիշկներն աշխատում են երրորդ աշխարհի երկրներում: Մինչև անգամ պատվիրել էր, որ անգամ ծաղկեպսակի փոխարեն դրամը հատկացվի «Փրկեք երեխաներին» և «Բժշկական առաքելությանը»… Եվ այդպես, ամուսնուց գրեթե քառասուն տարի անց, քսանմեկերորդ դարի սկզբին 89-ամյա Յոթան գնաց միանալու տասնիններորդ դարում ծնված ամուսնուն: Թող այսուհետ Երզնկյան ամոլը լույսերի մեջ ննջի գողտրիկ Ուփսալայի կենտրոնական գերեզմանատանը, և շվեդական հողը թեթև լինի այդ երկու տարագիրների վրա…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1438
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott