artsvi.bakhchinyan
Logo

ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՌԱՀՎԻՐԱՆ

Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ Եվգենի Վախթանգովը, Ալմաթըի ույղուրական թատրոնինը՝ Սերգեյ Բաշոյանը։ Ցանկը կարելի է շարունակել...

Այս բոլոր անունները պատկանում են համեմատաբար հեռու անցյալին։ Սակայն թատրոնի ռահվիրա հայորդիների մեջ կա մի անուն, որն այսօր բոլորել է ծննդյան 83-ամյակը։ Խոսքը սփյուռքահայ ականավոր թատերական գործիչ, Լիբանանի արաբալեզու պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիր Պերճ Ֆազլյանի մասին է։ Թատրոնի և կինոյի բեմադրիչ և դերասան, նկարիչ, մանկավարժ, բանաստեղծ, լրագրող, թատերագետ և թարգմանիչ Պերճ Ֆազլյանը 1963 թվականին հիմնադրել է «Լիբանանյան ժամանակակից թատրոնը»՝ առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը լիբանանյան իրականության մեջ։ Բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գնով Ֆազլյանին հաջողվել է տասնյակից ավելի տարիներ պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել արաբալեզու թատրոնը Լիբանանում. այդ նկատի ունենալով է Բեյրութի «Ժուր» պարբերականը նրան անվանել լիբանանյան թատրոնի Դոն Կիխոտը, իրենց «մեծ վարպետը» և «դերասանության արքան»:

Եվ այս գործը կատարել է մի հայորդի, որը բնիկ չէր Լիբանանում, չէր սնվել արաբական մշակույթով։ Պերճ Ֆազլյանը ծնվել և հասակ է առել Բոսֆորի ափերին, որտեղ էլ կատարել է իր առաջին քայլերը թատերարվեստի ասպարեզում։ Պոլսի Քաղաքապետարանի թատրոնում 12 տարեկանում նա դիտել է մի մանկական կատակերգություն, որը, ինչպես հետագայում գրել է իր ինքնակենսագրության մեջ, «իմ մանուկ հոգիին վրայ գործեց մեծ տպաւորութիւն, որուն ազդեցութեան տակ երկար տարիներ պիտի քալէի քարքարոտ ճանապարհներէ»։ Այդ ներկայացման ազդեցության տակ նա տանը պատրաստել է մի փոքրիկ բեմ, դեկորներ և արտասանել է բոլոր դերերը։

Անցել էին արևմտահայ հարստագույն թատերական կյանքի լավագույն ժամանակները, հայերեն ներկայացումներն արգելված էին, և պոլսահայ նոր սերունդներին մնում էր ծառայել թուրքական բեմին։ 1943-ին Պերճ Ֆազլյանն ընդունվել է Ստամբուլի Քաղաքապետարանի թատրոնի նորաբաց ինստիտուտը՝ լինելով միակ հայը քառասուն թուրք դիմորդների և այնուհետև՝ 15 ընդունվածների մեջ։ Սակայն երեք տարվա մեջ նա մնացել է որպես դրվագային դերեր կատարող, մինչդեռ դասընկերները սկսել են կարևոր դերեր ստանձնել։ Երբ նա այդ խնդրի պարզաբանմամբ դիմել է թատրոնի գլխավոր բեմադրիչ Մուհսին Էրթուղրուլին, վերջինս անկեղծորեն ասել է. «Տե՛ս, մանչս, դուն հայ ես, թրքական պետական թատրոնին մեջ քեզի տեղ չեն տար։ Եթե նոյնիսկ ես պնդեմ, տնօրէնութիւնը արգելք կը հանդիսանայ, առարկելով, որ հայ ես, ու նախընտրութիւնը կ’երթայ թուրք դերասանին»։ Մուհսինի հորդորով Ֆազլյանը թողել է թուրքական թատրոնը։ Բարեբախտաբար, նույն ժամանակ, թուրքական իշխանությունները թույլատրել են հայերեն ներկայացումների կազմակերպումը։ Ֆազլյանի շնորհիվ ստամբուլահայ թատրոնի հին ժամանակների թատերգությունները և մելոդրամաները շուտով փոխարինվում են ավելի արդիական երկացանկով։ Ետպատերազմյան տարիներին Եվրոպայում սկսված նորարարական հոսանքները հասել էին մինչև Ստամբուլ, որից անմասն չի մնացել նաև պոլսահայ թատրոնը։

Սակայն դպրոցական բեմերից ներկայացվող կես-պրոֆեսիոնալ թատերախաղերը չէին կարող բավարարել թատերական ինստիտուտ ավարտած հայորդուն։ Մանավանդ որ շուտով Ֆազլյանը զորակոչվել է բանակ։ Թուրքիայից հեռանալու նրա պատմությունը իսկն արկածային կինոնկարի սյուժե է։ Զորացրվելուց ընդամենը երկու ամիս առաջ, թուրքական բանակի հասցեին արված քննադատական կատակների համար Պերճին դատապարտել են երկու տարվա բանտարկության։ Տաս րոպեով բացակայելու թույլտվություն ստանալով՝ Պերճը բարեհաջող փախուստ է տվել թուրքական բանակից, այնուհետև, ծպտվելով որպես քուրդ, հասել է մինչև Սիրիայի սահմանը և այնտեղից, քուրդ մաքսանենգների ուղեկցությամբ, ոտքով կտրել-անցել է թուրք-սիրիական սահմանը։

1951 թվականն էր։ Զրկանքներով և դժվարություններով 26-ամյա Պերճ Ֆազլյանը հայտնվել է հայաշունչ Բեյրութում, կյանքում առաջին անգամ տեսել հայատառ ցուցանակներ, հանդիպել Ստամբուլից իրեն ծանոթ հայ թատերական գործիչների, որոնց նույնպես Մայրիների երկիր էր նետել ազգային մշակույթին ծառայելու կոչումը։ Եվ իսկապես, Լիբանանում Ֆազլեանը հայտնվել է թատրոնի համար միանգամայն նպաստավոր միջավայրում։ Որպես դերասան և բեմադրիչ նա համագործակցել է եղած թատերախմբերի հետ և շուտով հիմնել սեփական՝ «Վահրամ Փափազեան», «Ազատ բեմ» թատերախմբերը: Սփյոււռքում թատրոնի հանրային կարևոր առաքելությանը հավատացող արվեստագետը հարատև թարմ ու հետաքրքրական ստեղծագործութիւնների փնտրտուքի մէջ է, որի համոզմամբ սփյուռքահայ բեմից հնչող ամեն մի ստեղծագործություն պարտավոր է ներկայացնել հայ հանրությանը հուզող հարցեր և ոչ թե սոսկ ժամանց ապահովել: Պատահական չէ, որ Բեյրութի հայ թատրոնի «ոսկեդարին»՝ 1965–1975 թթ. Ֆազլյանի շնորհիվ արևմտահայերենով հնչել են Շեքսպիր, Մոլիեր, Գոլդոնի, Գոգոլ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների լավագույն երկերից։ Ֆազլյանի բեմադրած Ժորժ Շեհադեի «Վասկոյի հեքիաթը» բեմադրությունը մասնակցել է Ավինյոնի թատերական միջազգային փառատոնին՝ հայոց լեզուն առաջին (և վերջին) անգամ հնչեցնելով այդ համբավավոր փառատոնում...

Հայ հանրությանը հուզող հարցերը թատրոնի միջոցով հրապարակավ ներկայացնելու և քննադատելու Ֆազլյանի դիրքորոշումը բնականաբար չպետք է ընդունվեր նեղմիտ կուսակցականների կողմից, որոնք պիտի արվեստագետին վարձատրեին անտեսումով և թշնամանքով։ Մյուս կողմից՝ թատրոնը եղավ և մնաց Սփյուռքի ղեկավարության կողմից ամենից անտեսվող բնագավառը։ «Սփիւռքահայ թատրոնին դանդաղ զարգացման և երբեմն նոյնիսկ արուեստի տուժելուն գլխաւոր պատասխանատուն եղաւ «պիւտճէի հարցը…»: Սփիւռքահայ ղեկավարութիւնը դրամական նպաստները կեդրոնացուց ամէն ինչի վրայ, երբեմն արդարացուցիչ, իսկ երբեմն անտեղի, նոյնիսկ կառուցեց եկեղեցւոյ ոսկեպատ գմբէթներ, բայց արուեստի ու մանաւանդ բեմի զարգացման համար միշտ կրկնեց «պիւտճէի հարցը…»,– գրել է իր հուշերում Պերճ Ֆազլյանը։

Պոլսահայ Պերճ Ֆազլյանին վիճակվեց դառնալ լիբանանյան պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից և զարգացնողներից մեկը, եթե նույնիսկ այդ գործը սկսեց՝ գործընկերների հետ իր առաջին խոսակցությունը վարելով տկար արաբերենով: 1961–1962 թթ. լիբանանյան արաբական թատրոնը գտնվում էր սաղմնային վիճակում։ Ֆազլյանի համագործակցությունն արդյունավետ էր հատկապես Ռահբանի եղբայրների և հռչակավոր երգչուհի Ֆեյրուզի հետ՝ երաժշտական թատերախաղեր բեմադրելով։ Եվ համաշխարհային թատրոնի պատմության մեջ արդարացիորեն արձանագրվել է Ֆազլյանի ներդրումը. «Թատրոնի համայնագիտական բառարանում» (1991) մասնավորապես նշված է. «1960 թվականին երևան եկած լիբանանյան արդի թատերական շարժմանը սատարեց նաև հայկական թատրոնը Պերճ Ֆազլյանի բեմադրություններով»:

Պերճ Ֆազլյանը նկարահանվել է նաև կինոյում՝ թուրքական մեկ («Միջերկրականի ծովահեններըե), եգիպտական երկու («Մատանի վաճառողը», «Գաղթականը»), լիբանանյան հինգ («Գիշերապահի աղջիկը», «Զորաշարժ», «Անթար՝ անապատի արքան», «Բոլորս ֆիդայիներ ենք», «Սատանան»ե) և կանադական մեկ (Ատոմ Էգոյանի «Հարազատը») ֆիլմերում։

Լիբանանյան պատերազմի հետևանքով Ֆազլյանն ընտանիքով ժամանակավորապես տեղափոխվել է Կանադա, որտեղ ղեկավարել է Մոնրեալի «Հայ բեմե թատերախումբը: Մհեր Մկրտչյանի կանադական հյուրախաղերի ժամանակ համատեղ հանդես է եկել «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ: Սփյուռքահայ մամուլում Պերճ Ֆազլյանը տարբեր ժամանակներում հանդես է եկել մի շարք գրական գործերով, հոդվածներով և փոքրիկ ուսումնասիրություններով:

1987-ին Ֆազլյանն առաջին անգամ այցելել է Հայաստան, հեռատեսիլով բեմադրել Երուխանի «Ձուկին համար» նովելը։ Սերտ կապեր հասատատելով տեղի արվեստագետների հետ՝ նա իրեն համարում է «Հայաստանի մտաւորականութեան մէկ մասնիկը»: «Ես ու Սիրվարդը կարծես այլևս հիւրեր չէինք, այլ հարազատներ,– գրել է նա: –Ո՞վ էր երևանցի Հայը և ո՞վ էր Սփիւռքահայը: Հոն չկար վրանի մը մէջ ապաստան գտած ըլլալու զգացումը, այլ կար շօշափելի իրականութիւն մը, թէ՝ կանգնած ես քու հարազատ տան սեմինե: 1988 թվականին Ֆազլյանը երկու անգամ հայտնվել է Հայաստանում՝ Սումգայիթի կոտորածից և երկրաշարժից հետո իր ներկայությամբ ազգակիցներին զորավիգ լինելու համար:

Նրա հաջորդ այցելությունը Հայաստան եղավ 1995-ին, երբ հայրենիքի համար դժվար օրերին նշվեց արվեստագետի ծննդյան 70-ամյակը։

Չորսլեզվյան բեմերում թատերական բեղմնավոր գործունեություն ծավալած Պերճ Ֆազլյանի վերջին մեծ ծառայությունը հայ մշակույթին «Վրաններ պողոտաներու վրա» ինքնակենսագրական հատորն է (Անթիլիաս, 2004), որը կմնա որպես մի չափազանց արժեքավոր և եզակի սկզբնաղբյուր սփյուռքահայ թատրոնի և առհասարակ հանրային կյանքի պատմության համար։

Պերճ Ֆազլյանն այն քչաթիվ միջինարևելքցի հայերից է, որոնք որոշ ժամանակ սառը և հայակուլ Արևմուտքում ապրելուց հետո վերադարձան իրենց բնակած երկիրը: Այսօր դարձյալ Լիբանանում բնակվող վաստակաշատ արվեստագետի կողքին են նրա կյանքի բազմամյա ընկերուհին՝ դերասանուհի և նկարչուհի Սիրվարդ Ֆազլյանը և որդին՝ դիրիժոր, Հայաստանում մասնագիտական կրթությունը ստացած Հարութ Ֆազլյանն իր ընտանիքով։

Այս օրերին Պերճ Ֆազլյանը Հայաստանում է և իրավամբ արժանանում է մայր հայրենիքի մեծարանքին՝ իր ուսերին կրող տարիների ծանրաբեռն մեծարժեք վաստակի համար...
... տեքստն այստեղ

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1796
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:37
ԶՈՒԼԱԼ ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ
Article image Հայ երաժշտութեան եւ յատկապէս երգարուեստի համար խառնիճաղանջ մեր ժամանակներում, երբ բարձր երաժշտութիւնը բարձրագոյն մակարդակով անտեսւում է ու արհամարհւում, իսկ հայ երգը՝ աղճատւում ու խեղդւում օտարածին ու ցածրաճաշակ մեկնաբանութիւններով, յանկարծ տարբեր անկիւններից թարմ զեփիւռ է փչում՝ յոյս տալով, որ ամեն ինչ կորած չէ, որ դեռ կան հայ երգն անաղարտ ու միանգամայն ճաշակաւոր մեկնաբանողներ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott