artsvi.bakhchinyan
Logo

«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻՆԻ…»: Դերասանուհի Ռուզան Հակոբյանը խոսում է թատրոնի, բալետի և իր մասին

Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմնավորում է Պարող օձին՝ Լիզա Ջերարդի երգեցողության ներքո («Չարի ծաղիկներ»), ապա մի պահ մոռանում ես թատրոնի պայմանականությունը և սողացող-գալարվող բեմական կերպարի ներքո ասես տեսնում ես բնության մի մասնիկը։ Երբ որ նա մարմնավորում է մոնղոլ նվաճողին («Շերանիկ»), թվում է, թե մոռացվում է դերակատարի սեռը և աչքիդ առաջ հառնում է հավաքական մի կերպար՝ ներխուժող ոչնչացնող վայրենի ցեղի մարմնացումը…

Մեր թատերագիտական միտքը մասնագիտական գնահատական տվել է Ռուզան Հակոբյանի արվեստին։ Իսկ ո՞վ է նա՝ Ռուզան Հակոբյան մարդը, ի՞նչ մտահոգություններով է ապրում, շնչում մեր կողքին։ Ահա այդ մասին իմանալու և ընթերցողին ներկայացնելու ցանկությամբ էլ հանդիպեցի դերասանուհուն, որի ժամանակ էլ միացված ձայնագրիչը գրի առավ հետևյալ զրույցը.

Հ.– Այսօր մայիսի 20-ն է, այսօր ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի և երգչուհի Շերը… բայց մեզ ի՞նչ Շերը, նա մեզ մոտ չէ, թեկուզև վերջերս սկսել է ավելի հաճախ իր արմատները հիշել։ Ես հիմա նստած եմ ավելի հարազատ մեկի՝ մեր քաղաքում մեզ հետ միասին ապրող դերասանուհի Ռուզան Հակոբյանի հետ։ Կփորձեմ մի հետաքրքիր զրույց վարել։ Ռուզան, մոտ տաս տարի է, ինչ քեզ տեսնում եմ մեր թատրոնում և ամեն անգամ մեծ հաճույք է քեզ նորից բեմում հանդիպելը։ Միշտ ուզել եմ մի քիչ ավելին իմանալ քո մասին։ Եվ ոչ միայն ես եմ ուզել։ Դու այսօր քո որոշակի նկարագիրն ունեցող դերասանուհի ես։ Իսկ այդ մասնագիտություն ընտրելը քո վաղեմի երազա՞նքն էր։

Պ.– Չեմ երազել… միանգամից է ստացվել։

Հ.– Պատահականությո՞ւն էր։

Պ.– Պատահականություն էր է՛ս արվեստի հետ կապված, բայց դերասան միշտ ուզել եմ դառնալ։ 1988 կամ 1989 թվականն էր. մի անգամ թերթը բացեցի, տեսա մնջախաղի պետական թատրոնի ստուդիայի ընդունելության հայտարարությունը։ Միանգամից կպավ սրտիս ու գնացի։

Հ.– Դա մինչև՞ թատերական ինստիտուտ ընդունվելու քո փորձն էր։

Պ.– Այո։ Փորձել էի նաև Սունդուկյանի թատրոնի դերասանական ստուդիան ընդունվել, դա էլ չստացվեց, բայց ոչինչ։ Դրանից հետո իմացա, որ ժուռնալիստի տանը կա մնջախաղի ոչ պրոֆեսիոնալ թատրոն, Ենգիբարյանի անվան, որի ղեկավարը Աննա Սաֆարյանն էր։ Դիմեցի այնտեղ, պրոբլեմ չեղավ ընդունվելը, կարևորը մարմնի տվյալներն էին, որ համապատասխանեին այդ արվեստին։ Չորս տարի էնտեղ աշխատեցի, հետո բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվեցի մնջախաղի պետական թատրոնում, որի համար շատ լավ եմ զգում։

Հ.– Ո՞ւմ ես համարում արվեստում քո ուսուցիչները։

Պ.– Այս հարցում, ինձ թվում է՝ նաև քո վերցնելուց է կախված, չէ՞ կարող է ուսուցիչդ լինի, բայց ոչինչ չվերցնես։ Եթե կյանքիս էտապներով նայեմ՝ Աննա Սաֆարյան, հետո՝ Յուրա Կոստանյան, Ժիրայր Դադասյան։

Հ.– Իսկ համաշխարհային վարպետների՞ց։

Պ.– Ճիշտն ասած, ես կուռքեր չեմ ունեցել… չունեմ։ Ավելի շատ սիրել եմ բալետը։ Ինքս ինձ համար միշտ կատարել եմ բալետային պարեր։ Մեծագույն ցանկությունս բալետում պարելն էր։ Սիրում էի նաև նկարչությունը։ Երբ հոգևոր սնունդի պակաս էի զգում, փորձում էի արտանկարներ անելով բավարարել այն։

Հ.– Ես միշտ նկատել եմ, որ դու բալետի պարուհու արտակարգ տվյալներ ունես։ Քո կարծիքով կկայանայի՞ր բալետի պարուհի, եթե նվիրվեիր այդ ասպարեզին։

Պ.– Այո, անպայման կկայանայի, բայց ոչ այստեղ, դրսում…

Հ.– Եվ երևի ժամանակակից բալետում, ոչ դասական։

Պ.– Չէ, երկուսն էլ, քանի որ երկուսն էլ շատ հոգեհարազատ են ինձ։ Ժամանակակից բալետը երբեմն ինձ չի բավարարում դրամատիկ առումով, քանի որ հաճախ դառնում է զուտ ֆիզիկական երևույթ… շատ քիչ է պատահում, որ դրամատիկ երևույթը առկա է…

Հ.– Նույնիսկ Մորիս Բեժարի մո՞տ…

Պ.– Չէ, Բեժարի հարցում արդեն չեմ համաձայնվի իմ այս մտքի հետ… Գիտես, վերջերս բալետային ներկայացումներ էի նայում, որտեղ մնջախաղային լուծումներ կային։ Մնջախաղը շատերի մոտ կարող է զուգորդվել Մարսել Մարսոյի պարան-մարանների հետ։ Բայց դա քիչ է։ Շարժումը սահման չունի։ Երբ նայում ես Ռոլան Պըտիի «Փարիզի Աստվածամոր տաճարը», այն քեզ ուղղակի հափշտակում է՝ պարի ու մնջախաղի բարձր կատարումներով։ Կարծում եմ, որ ես երկուսն էլ ի վիճակի եմ կատարել։ Մայա Պլիսեցկայան էդպիսին է…

Հ.– Երբևէ չես՞ հրավիրվել մնջախաղային դերեր կատարելու բալետային ներկայացումներում։

Պ.– Եթե հանկարծ մեկը նկատի ինձ և նման առաջարկ անի, ես ամեն օր կաշխատեմ հասնել իրենց մակարդակին։ Դերասանական առումով չեմ կասկածում, որ կհասնեմ, ֆիզիկական առումով նկատի ունեմ…

Հ.– Կարծո՞ւմ ես, որ ի դեմս քեզ մենք մի լավ բալետի պարուհի ենք կորցրել։

Պ.– Չեմ մտածում էդ մասին։

Հ.– Ինձ թվում է, որ նույնիսկ կարելի է որոշ մնջախաղային ներկայացումներում հատուկ քեզ համար բալետային շարժումներ բեմադրել. կողմ կլինե՞ս…

Պ.– Ոչ միայն կողմ կլինեմ, այլև փորձում եմ ինչ-որ չափով իրականացնել։ Միայն թե՝ ոչ կոնկրետ բալետային հայտնի շարժումներով (դրա համար մեծ դպրոց պիտի անցած լինես՝ ֆիզիկական բացվածության առումով)։ Մեր «Մետամորֆոզներ» հին ներկայացման վերականգնման մեջ կա այդ ձգվածությունը։ Այստեղ պատկերում ենք կին-տղամարդ հարաբերությունները կենդանիների միջոցով, մարդու փոխակերպումը մի արարածից մյուսը. թռչունից՝ եղնիկ, եղնիկից՝ հովազ… Այդպիսով, գնում ենք դեպի մի բարձր հոգեֆիզիկական արտահայտչաձև։ Կնոջ մեջ կան այդ տարբեր կերպարները, երբ հարվածում են նրան՝ նրա մեջ կատաղությունն է արթնանում, դառնում է հովազ կամ էգ առյուծ… Վերջում նա նորից դառնում է կին։

Հ.– Այսինքն՝ մարմնավորելու ես կնոջ մեջ թաքնված այդ էություննե՞րը…

Պ.– Այո, կնոջ տարբեր կենդանական էությունները։ Չէ՞ որ կնոջը միշտ համեմատում են օձի հետ, հովազի հետ…

Հ.– Ի դեպ, օձի մասին։ Մեր հանդիսատեսի մեջ երևի ամենից շատ քո այդ կերպարն է տպավորվել։ Դա քեզ մի քիչ չի՞ անհանգստացնում։

Պ.– Պատկերացրու՝ չէ։ Այսինքն՝ ես էլի կխաղամ, բայց եթե չխաղամ էլ՝ վատ չեմ զգա, քանի որ լրիվ ուրիշ բան եմ ուզում անել։ Քանի որ ունեմ ոչ թե համազոր, նույնիսկ ավելի բարձր դեր՝ «Շերանիկ» ներկայացման մեջ մոնղոլական նվաճողի կերպարը։

Հ.– Բայց դու պատճառ էլ չունես անհանգստանալու, որ քո արտիստական իմիջն օձի կերպարով կսահմանափակվի… ամեն դերի մեջ տարբեր ես, կաղապարի մեջ չես մտնում…

Պ.– Այո, չեմ մտնում, այսինքն՝ այդպես չի ստացվում… Նույն հաջողությամբ մարմնավորել եմ կենդանական աշխարհից արծվուհու՝ «Արծիվները» ներկայացման մեջ կամ թիթեռնիկի՝ «Թիթեռնիկներ» ներկայացման մեջ։ Բայց, ի դեպ, ես Օձի տարում եմ ծնվել։

Հ.– …և քո Պարող օձը շատ բալետային է։

Պ.– Յուրա Կոստանյանը շատ հետաքրքիր բան ասաց «Մետամորֆոզների» հետ կապված։ Այնտեղ մի տեսարանում եղնիկը խոցվում է, և փորձում է ոտքի կանգնել, Յուրան ասաց՝ բալետի պարողները շատ կնախանձեն, կուզեն այս շարժումն անել, քանի որ բավական բարդ, ծնկի հետ կապված շարժում է։

Հ.– Ո՞րն է քո խնդիրը բեմական կերպար ստեղծելիս։

Պ.– Առաջարկված կերպարին համազոր շարժում ստանալը։ Ազդեցություններ լինում են, բայց դրանք քո մեջով են անցնում, քեզանով են կայանում։ Ճիշտ է, ես շարժում չեմ հնարում, բայց էդ շարժումը, իմ կողմից մի քիչ փոխված, արդեն իմն է դառնում։ Ես բերում եմ մի շարժում, որը ռեժիսորի հետ միասին զարգանում է։ Մնջախաղում շարժումներդ մաքրելու, կատարելագործելու պրոցեսը միշտ գնում է։ Բալետն ինչո՞վ է լավ, որ ի սկզբանե իրենք գիտեն ինչ շարժում պիտի կատարեն, կանոնիզացված է, իսկ մնջախաղում էդ շարժումը դու քեզնով ես անընդհատ անում, ինքդ ես բերում ու սկսում ես վրան աշխատել։ Դա կարող է միանգամից լավ չստացվել, բայց ներկայացումից ներկայացում ավելի է ամրապնդվում։ Միևնույն շարժումը կարող ես տարբեր ձևերով և տարբեր խնդիրների համար օգտագործել։

Հ.– Բալետի արտիստները իմպրովիզացիա անում են, իսկ մնջախաղի՞նը… դու ինքդ անո՞ւմ ես։

Պ.– Անում եմ։ Ի դեպ, Յուրայի բարձրագույն ցանկությունն է՝ խնդիր դնել դերասանի առաջ հանդես գալ հասկանալի իմպրովիզացիաներով։

Հ.– Չե՞ս ափսոսում որ բեմում երբեք չես խոսում։

Պ.– Մնջախաղի համար չեմ ափսոսում, բայց հետաքրքիր կլիներ, կուզեի նաև դրամատիկ արվեստում էլ ինձ տեսնել։

Հ.– Իսկ կինոյո՞ւմ։

Պ.– Դրա մասին չեմ ուզում խոսել, արդեն շատ կլինի (ծիծաղում է)։ Ինձ թվում է՝ մեր կինոյում ավելի շատ հայկական դեմքեր են պետք, ինձ չեն վերցնի երևի թե։ Բայց կուզեի մի հզոր կնոջ կերպար խաղալ։

Հ.– Մենք կարիք ունենք հզոր կանանց՝ թե՛ կյանքում, թե՛ արվեստում…

Պ.– Մի փոքր փորձ ունեցել եմ նկարահանվելու, շատ ոգևորիչ էր։ Կոնյակի ռեկլամ էր, որտեղ ես Նոյի կինն էի…

Հ.– Նոյեմզարը…

Պ.– Անունը Նոյեմզար է՞ր (ծիծաղում է)։ Նկարահանումները այգիներում էր, իմ առջև խնդիր էր դրված կերպար ստեղծել ու պետք է էդ պահին ծնեիր, ես էլ շատ էի ոգևորվում, որ կարող եմ խոսել ու ձայնս գլուխս էի գցում, անընդհատ ծիծաղում էի։ Բոլորը զարմացած ինձ էին նայում, հատկապես ռեժիսորը, որ Մոսկվայից էր։ Մեզ համար ճաշ պատրաստող կանայք հետո ասացին, որ զարմացած լսում էին, թե դրսում էս ի՞նչ կնանիք են գոռգոռում, կռիվ անում, մինչդեռ պարզվեց, որ մի հոգի է էդ աղմուկը դրել…

Հ.– Այսինքն՝ բավականաչափ ձայն ունես նաև դրամատիկ թատրոնի համար… Բալետ, կինո, թատրոն, մնջախաղ… բոլորն իրար հետ կապված են։ Ունե՞ս սիրած դեր։

Պ.– Այդ հարցը ես էլ եմ միշտ ինձ տալիս։ Բոլոր դերերից մի տեսակ, չասեմ վախենում են, բայց նրանք ինձ խառնում են իրար։

Հ.– Գո՞հ ես քո հանդիսատեսից։

Պ.– Ցավոք սրտի, նրանք հիմա շատ քիչ են։ Շատ կուզեի, որ մեր թատրոնում առաջվա չափ հանդիսատես լինի, որ նախկին փառքը վերադառնա։ Ոչ միայն մեզ մոտ, բոլոր տեղերի համար էլ ուզում եմ, որ շատ հանդիսատես լինի, որ հոգևոր քաղցը նրան թատրոն ու պատկերասրահներ տանի։ Հանդիսատեսը չպետք է թողնի, որ դերասանը թեկուզ մի վայրկյան թուլանա։ Հանդիսատեսի առկայությունն ինձ ավելի զգոն է պահում։

Հ.– Այսինքն՝ քանակն էլ քեզ համար կարևոր է, ես որակի մասին էի հարցնում…

Պ.– Եթե ներկայացումը լավն է լինում, մենք իրենց բարձրացնում ենք, հանդիսատեսը բարձրանում է, ես չեմ կասկածում։ Կասկածում եմ միայն էն դեպքում, եթե իրենց մակարդակի բաներ ենք ցույց տալիս, զվարճացնում։ Կարծում եմ, որ կարող ենք հանդիսատեսին դաստիարակել։

Հ.– Ինչը, ցավոք, մեր այսօրվա թատրոնների մեծ մասը չի անում։

Պ.– Անկեղծ ասած՝ ես թատրոն չեմ գնում, բայց ռեկլամներում տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր այսօրվա թատրոնում՝ սուր գոռոցներ, շինծու ապրումներ, շկոլայի բացակայություն… որոնք ինձ չեն կարող բավարարել։

Հ.– Իսկ հայ մնջախաղային թատրոնն ունի՞ շկոլա, ինչպե՞ս ես այն գնահատում։

Պ.– Ինչ որ շկոլա ունենք, մեզնով էլ ենք բերում. երբ որ աշխատում ես, ինքդ էլ փորձում ես, ընդհանուր համաշխարհային երևույթները տեսնելով, կարողացածիդ չափ բարձր մակարդակով քո խոսքն ասել։ Երբեմն շատ են քարեր գալիս մեզ վրա թատերական գործիչների կողմից։ Համ՝ դու էլ ես աշխատում, բայց զգում ես, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, պակաս է։ Իմ գործը ես անում ես առավելագույն կերպով, բայց ներկայացման ընդհանուր կառուցվածքը կարող է չհամոզել հանդիսատեսներին։ Մյուս կողմից էլ՝ բոլորին չես կարող համոզել։

Հ.– Էստեղ դու սիրողներ ունես։ Իսկ դրսո՞ւմ ինչպես են ընդունել կոնկրետ քեզ, քո խաղը…

Պ.– Անցած տարի Հռոմում խաղացինք։ «Դևը» ներկայացումում ես մարդ-տիկնիկ էի խաղում, որն ուզում է մանուկ հերոսի ուշադրությունը գրավել։ Այդ չորս րոպեանոց էտյուդը շատ բուռն ծափերով անցավ այնտեղ։ Իսկ «Արթմնի երազ» ներկայացումում իմ և Համլետ Չոբանյանի տեսարանից հետո Բիլեֆելդում, Գերմանիայում նույնպես ծափահարություններ եղան։ Այդ երկու դեպքն ինձ համար անսպասելի, հուզիչ ու շոյող էր։

Հ.– Կարծո՞ւմ ես, որ մնջախաղի դերասանուհի լինելով՝ կարող ես հասնել քո այդ ուզած բարձունքին։

Պ.– Այո։ Էստեղ արդեն դու ես, եթե կարողանաս էդ խոչընդոտը հաղթահարել, միայնակ դուրս գալ, նոր ճանապարհ հարթես քեզ համար, մեն-մենակ պիտի պայքարես։

Հ.– Քո մասնագիտությունը միշտ բավարարո՞ւմ է քեզ։ Չե՞ս ափսոսացել երբևէ, որ ուրիշ գործով չես զբաղվում։

Պ.– Չէ, գիտեմ, որ միայն էս եմ ուզել։ Երբեմն պարապուրդներ են լինում, որի ժամանակ քեզ ավելի մահացած կենդանի մարդ ես զգացել։ Կուզեի երբեք պարապ չմնալ, հարաբերական գոնե պարապ մնալ։

Հ.– Ի՞նչ է երազում Ռուզան Հակոբյան դերասանուհին։

Պ.– Ուզում եմ մի քիչ ինքնուրույն աշխատել։ Ինքս ինձ հետ լինել։ Ուզում եմ ես ինձնով մի բան բեմադրել։ Մենաներկայացման նման մի բան։

Հ.– Իսկ ի՞նչ է երազում Ռուզան Հակոբյան մարդը… կի՛նը։

Պ.– Կուզեի ճանաչված, մեծ դերասանուհի դառնալ (ծիծաղում է)։

Հ.– Դա դերասանուհին է երազում, իսկ մա՞րդը…

Պ.– Իմ մեջ դերասանուհին և մարդն իրարից անբաժան են։ Լա՛վ ապրել։ Կարողանալ տարին մի անգամ մի տեղ հանգստանալ։

Հ.– Երկու տարի է, ինչ մնջախաղի թատրոնը շաբաթական մեկ ներկայացում է տալիս։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։

Պ.– Առաջ, երբ մեր թատրոնը գեղարվեստի ակադեմիայի շենքում էր, շաբաթական երբեմն երեք անգամ էինք խաղում, երբեմն բողոքում էինք, որ կարելի է քչացնել, որ հանդիսատես շատ գա, չնայած երկու տարի մեզ մոտ միշտ հանդիսատես էր լինում։ Մեկ-երկու անգամ, շատ պետք չէ։

Հ.– Լավ, իսկ մնացած ժամանակդ ինչո՞վ ես լցնում։

Պ.– Փորձերով, որ միշտ պատրաստ լինեմ։ Վերջերս սկսել եմ դասավանդել Պատանի հանդիսատեսի թատրոնի նորաբաց մնջախաղի ստուդիայում։

Հ.– Իսկ դերասանական կյանքից բացի՞։ Ո՞րն է քո հոբին։ Ասացիր, որ նկարել սիրում ես…

Պ.– Մի ժամանակ նույնիսկ դասեր էի վերցնում մի նկարչից, բայց չէ, այլևս չեմ զբաղվում… Մշտական հոբի չունեմ։ Մի անգամ կարող է ինձ դուր գա հողամասում աշխատելը, մյուս անգամ՝ շինարարական աշխատանքներին մասնակցելը, երրորդ անգամ՝ ձեռագործ անելը, մեկի համար գործել-նվիրելը։ Քրոջս համար մի անգամ մեծ սփռոց ու անձեռոցիկներ ու բարձի երեսներ եմ ասեղնագործել, իմ հորինած ձևով, էն վատ տարիներին էր, լամպի լույսի տակ։ Ժամանակ առ ժամանակ ծնվում է մի զբաղմունք ինձ մոտ, բայց մշտական երևույթ չի դառնում։

Հ.– Որոշակի դիետայի հետևո՞ւմ ես՝ այսպես լավ կազմվածքով մնալու համար։

Պ.– Ոչ, ուտել սիրում եմ, գիտեմ, որ ներկայացումից երկու ժամ առաջ պետք է սնվել։ Մնջախաղի արտիստը պիտի լավ սնվի, քանի որ մեծ ջանքեր է գործադրում։ Ուզեմ-չուզեմ՝ ֆորմայի մեջ եմ ընկնում։

Հ.– Միայն ուտե՞լ ես սիրում, թե՞ պատրաստել էլ։

Պ.– Ավելի շատ սիրում եմ քաղցրավենիք պատրաստել։

Հ.– Քեզ նայելիս՝ չես ասեի, որ քաղրեղեն ուտում ես։ Իսկ եթե կյանքդ նորից սկսեիր, էլի մնջախաղը կընտրեի՞ր։

Պ.– Էս անգամ բալետը կընտրեի (ծիծաղում է)։

Հ.– Ապրե՛ս, ուզում էի, որ այդ պատասխանը տայիր։ Բայց երևի քաղցրեղենից ստիպված լինեիր հրաժարվել… Ռուզան, դու անշփոթելի արտաքին ունես։ Բեմից դուրս էլ դու յուրատեսակ, հետաքրքրական մի երևույթ ես։ Ինչպե՞ս ես նայում դրան։

Պ.– Արդեն սովորել եմ, որ անընդհատ նայում են ինձ։ Չնայած արտաքնապես աչքի ընկնել չեմ սիրում, զուգսեղեն չեմ օգտագործում։ Մարդու փայլը պիտի ներքուստ լինի, մարդ հարստությունը, գեղեցկությունը ներքինից պիտի կրի, ոչ արտաքինից։

Հ.– Դու արվեստագետների՞ ընտանիքից ես…

Պ.– Չէ, սովորական ընտանիքից։ Բայց հայրս շատ արտիստիկ է, արտաքինով էլ, ձայնային տվյալներով էլ։ Մայրս էլ լավ երգում է։ Արտիստականությունն ավելի շատ հայրիկիցս է գալիս, նրան նույնիսկ ժամանակին առաջարկել են երգել…

Հ.– Այսօր ի՞նչ ն է քեզ ամենից շատ անհանգստացնում։

Պ.– Ես կուզեի մեր տունը վերանորոգել։

Հ.– Իսկ գլոբա՞լ առումով։

Պ.– Մեր հայրենիքի՞ հետ կապված։ Էն որ ասում են, որ փառահեղ անցյալ ենք ունեցել, դա երևի մեր թվականությունից առաջ է եղել, կուզեի, որ դա ետ գար։ Որ ամեն մարդ զգար, որ պետությունն իր մասին հոգում է, որ հպարտանար իր դրոշով, գերբով, պրեզիդենտով, զգար, որ իր ետևում պետություն է կանգնած, որ ամեն հայ այդ երեք բանը անպայման սիրեր։ Մեր հայրենիքը մեծ և ուժեղ լիներ, և՛ ռազմական առումով, և՛ գիտական առումով, որ մեր ղեկավարությունը մեզ լավ նայեր։ Արվեստի՛ն շատ լավ նայեր։ Մի խոսքով, ինձ մեր ժողովրդի վիճակն է էսօր անհանգստացնում։ Շատ կուզեի, որ մեր ժողովուրդը շա՛տ լավ ապրեր։ Մենք արժանի ենք դրան։

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2040
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:37
ԶՈՒԼԱԼ ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ
Article image Հայ երաժշտութեան եւ յատկապէս երգարուեստի համար խառնիճաղանջ մեր ժամանակներում, երբ բարձր երաժշտութիւնը բարձրագոյն մակարդակով անտեսւում է ու արհամարհւում, իսկ հայ երգը՝ աղճատւում ու խեղդւում օտարածին ու ցածրաճաշակ մեկնաբանութիւններով, յանկարծ տարբեր անկիւններից թարմ զեփիւռ է փչում՝ յոյս տալով, որ ամեն ինչ կորած չէ, որ դեռ կան հայ երգն անաղարտ ու միանգամայն ճաշակաւոր մեկնաբանողներ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott