artsvi.bakhchinyan
Logo

ՆՈՒՅՆ ՎԱՎԱ ՍԱՐԳԻՍԸ` ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ ՄԵԾ ՍԵՐԸ

Article image Վավա Սարգիսը, ծնյալ Վարդանուշ Սարյան (1896, Տրապիզոն- 27.02.1984, Նյու Յորք) մանկուց ապրել է Թիֆլիսում: 1919 թ. ամուսնացել է նկարիչ Սարգիս Խաչատուրյանի (1886-1947) հետ, որի հետ հետագայում տեղափոխվել է Վիեննա, ապա հասել Փարիզ եւ Ամերիկա: Փարիզում եղել է հանրահայտ Անրի Մատիսի բնորդուհին (1932), հետագայում բնորդել նաեւ Ռաուլ Դյուֆիին (1949): Վարդանուշը, որին դեռ Թիֆլիսում Վավա (Վավոչկա) էին անվանում, կարելի է ասել, հայ մտավորականության կուրտիզանուհին էր: Այս գեղեցկուհին ազատ բարքի կողմնակից էր եւ կարճատեւ սիրային կապի մեջ է եղել հայ մտավորականներից ու արվեստագետներից մի քանիսի ու նաեւ Ռուբեն Մամուլյանի հետ: Արխիվային նյութերը վկայում են Մամուլյանի եւ Վավայի միջեւ եղած բուռն սիրավեպի մասին: Մամուլյանը Վարդանուշի հանդեպ տածել է թե՛ պատանեկան ռոմանտիկ զգացումներ (որի վկայությունը Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) պահվող Մամուլյանի երիտասարդական բանաստեղծությունների տետրն է), թե՛ ուժգին կիրք, որի վկան սիրային բլոկնոտն է, որին ծանոթացա 2003 թվականին Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում՝ լինելով նոր ստացված Մամուլյանի արխիվի առաջին ուսումնասիրողը: Այս բլոկնոտը երիտասարդ Մամուլյանը եւ գեղեցկուհի Վարդանուշը փոխնիփոխ միմյանց են տվել եւ մենության պահերին լցրել սիրո խոստովանանքի բուռն խոսքերով: Խունացած էջերը վկայում են, որ Վարդանուշը, չնայած ամուսնացած լինելու հանգամանքին, նույնպես խելահեղ սիրով է սիրել երիտասարդ Ռուբենին: Միմյանց գրել են ռուսերեն, սակայն «ջան» բառը միշտ հայերեն է: Մեկ այլ բլոկնոտում առկա է «Մի լար, բլբուլ» աշուղական բանաստեղծությունը՝ հայերեն, գրված Մամուլյանի ձեռքով: Սիրահար Ռուբենը նաեւ այլ հայերեն գրառումներ է կատարել. «ջանիդ մեռնեմ, Վարդանուշ», «երազների կապոյտ թաքոյի (թագուհի Ա. Բ.) սիրում եմ քեզ Ռ.», իսկ Վարդանուշը գրել է. «Рубен, Рубен, Рубен, ты мечта моя, ты радость моя, страдание мое»: Անշուշտ, նրանք հանդիպել են գաղտնի եւ տառապել են՝ կողմերից մեկի ամուսնացած լինելու պատճառով: Բլոկնոտի վերջին գրառումը կատարել է Ռուբենը 1920 թվականի դեկտեմբերին՝ բարի գիշեր մաղթելով Վարդանուշին...

ԳԱԹ-ում պահպանվող 24 ռուսերեն քերթվածների տետրը պատանեկան քնարի շարքային փորձերի արտահայտություն է, որն, անշուշտ, չունի գեղարվեստական արժեք: Սակայն ուսումնասիրելով դրանց պատկերային մտածողությունը՝ հնարավոր է պարզել Մամուլյանի բեմադրություններում եւ ֆիլմերում առկա մի շարք երեւույթների ակունքները: Դրանք գրված են 1918-1919 թվականներին, Թիֆլիսում (թվագրված են ընդամենը չորսը): Ռուբենը բանաստեղծություններն արտագրել է երբեմն պարզ, երբեմն՝ դժվարընթեռնելի ձեռագրով, մի քանի տեղ բաց թողել առանձին տողեր: Այս շարքից բացի Վարդանուշին է նվիրված «Քո բոստանում» սկսվածքով ծայրակապ քերթվածը եւ այլ բանաստեղծություններ (գտնվում է Կոնգրեսի գրադարանում:

Քսանչորս բանաստեղծությունն էլ գրված են ծայրակապի (ակրոստիքոս) սկզբունքով, սկզբնատողերի տառերից կազմվում է Վարդանուշ անունը: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նա գրել է ոչ թե չորս, տասնչորս, այլ միանգամից քսանչորս բանաստեղծություն, այն էլ ծայրակապի պես դժվարին ձեւի օգտագորմամբ: Հավանաբար Մամուլյանի սիրազեղ սիրտը նպատակ է դրել պոեզիայի մեջ հաղթահարել հատկապես բանաստեղծական կառույցի դժվարին այդ ձեւը: Ժամանակին Նիկոլո Պագանինին գրել է ջութակի կատարման դժվարագույն նվագները՝ հայտնի 24 կապրիսները: Չենք բացառում, որ ջութակին տիրապետող Ռուբեն Մամուլյանը հետեւած լիներ իտալացի կոմպոզիտորին՝ գրելով իր «բանաստեղծական կապրիսները»: Պարտադրվող բառերը հաճախ ստիպել են, որ Մամուլյանը կրկնի առանձին բառեր (ՉՌվՏ, ՈսՎՈջ, ՐցոՌվ, ՊօւՈվՌպ, ՊՐՏՋՈՑՖ, ՔպտՑՈՑՖ, ՔպսՍ, ՔպՐոպՑ), ուստիեւ բանաստեղծություններում հաճախ կրկնվել են մոտիվներն ու տրամադրությունները, այդ 24 քերթվածները դարձնելով մի տեսակ «թեմա վարիացիաներով»:

Բանաստեղծությունների ընդհանուր շունչն ու հոգին, պատկերները մատնում են հեղինակի արեւելքցի լինելը (”Шербет пенящих губ твоих люблю!”, N 1, ”Арабской сказки знойная краса, Росой блестят твои газельи очи”, N 2, ”Шехеразадой вечною в тебе она живет”, N 3), վարդի՝ որպես սիրո խորհրդանիշի հաճախակի առկայությունը: Քերթվածները հագեցած են գունային, երբեմն նաեւ հնչյունային պատկերներով (”Атласным блеском грудь твоя сверкает, / На ней гранаты алые горят, / Улыбка губ твоих как роза расцветает...”, N 2), ուստիեւ պատահական չէ, որ գունաշխարհի նկատմամբ զգայուն Մամուլյանը հետագայում բեմում թե էկրանին մեծ նշանակություն է տվել գույներին, ստեղծել ֆիլմեր, որոնք կոչվել են «գույների համանվագ»: Ինչպես այս քերթվածներում, այնուհետեւ նաեւ նամակներում՝ Մամուլյանը «ջան» բառը գրել է հայերեն, մի միտում, որ առկա է ռուսագիր հայ մտավորականներից շատերի մոտ:

Եվրոպա տեղափոխվելուց հետո էլ Վավան շարունակել է հեռվից սիրել Մամուլյանին: Ռուբեն Մամուլյանի բանաստեղծությունների ծոցատետրում Վավան թողել է մատիտով հազիվ ընթեռնելի նշումներ՝ հավանաբար կարոտի, թախծի, ամուսնուց նեղացած պահերին: 1928-ին ծոցատետրի էջ 19-ում Վարդանուշը գրել է. «Рубен... քո ջանին ես մատաղ! Люблю тебя!», ինչպես նաեւ այլ տեղեր գրել. «Радость моя, жизнь моя!» եւ նման խոսքեր: Ամերիկա տեղափոխվելուց հետո էլ Վարդանուշը նամակագրություն է ունեցել Մամուլյանի հետ. «ջան мой… Помню и люблю, твоя ջան Вардануш»:

1933-ին սփյուռքահայ մամուլ է սպրդել մի լուր, թե իբր Վավա Խաչատրյանը պարսկական հին պարերով հանդես է գալու Ռուբեն Մամուլյանի նոր կինոնկարում: «Ամերիկահայ ծանոթ պարուհի Տիկ. Խաչատուրյան, Հոլիվուդ գացած միջոցին, հանդիպած է նաեւ Շիքակո: Ամերիկյան թերթերը այս առթիվ հրատարակած են անոր լուսանկարը, անունը «Վավա» գրելով եւ զինքն ալ պարսիկ դարձնելով: Տիկ. Խաչատուրյան պարսկական հին պարեր պիտի պարե Ռուբեն Մամուլյանի դարձուցած ֆիլմի մեջ: Հոլիվուտի մեջ ալ Մամուլյանի ընտանիքին հետ պիտի բնակի, անոնց հին ծանոթներեն ըլլալով», գրել է «Կավռոշ» երգիծաթերթը: Այդ տեղեկության մեջ մի շարք անճշտություններ կան, եւ ամենից առաջ՝ Վավային պարուհի ներկայացնելը, իսկ Մամուլյանի այդ թվականի ֆիլմերում պարսկական պարեր չկան...

Մամուլյանի ծնողների հետ Վավայի կապը որոշ ժամանակ ընդհատվել է՝ դատելով բեմադրիչի մոր՝ Վերժինե Մամուլյանի եւ Վավա Խաչատուրյանի առանձին նամակներից՝ վերջինիս ինչ-որ «վերաբերմունքի» պատճառով: Սակայն նա մինչեւ կյանքի վերջը հոգու խորքում սիրել է Ռուբեն Մամուլյանին: Նրա սեւագիր թղթերի մեջ կա ուշ շրջանում գրված հայերեն մի պատառիկ հետեւյալ խոսքերով. «Իմ թանկագինս, եթե զգաս թե որքան սիրում եմ քեզ, իմ անցյալի ամենաարժեքավոր ու անկեղծ մաքուր անձն ես... եւ ես լավ գիտեմ քո հարգը: Աղոթքս այն է, որ Աստված քեզ պահի քաջ առողջություն մեկ արժանանամ քեզ տեսնելու»:

Թեեւ ոչ մի անուն նշված չէ, սակայն մենք գրեթե համոված ենք, որ Վարդանուշ-Վավա Խաչատուրյանը մտովի զրուցել է իր երբեմնի սիրո՝ Ռուբեն Մամուլյանի հետ...
Ավելացնենք, որ Վավա Սարգիսը 1940-ին ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄՆ, բնակվել Մանհաթընում: Նկարչությամբ զբաղվել է 1945-ից: Ամուսնու պատկերազարդած Օմար Խայամի «Ռուբայաթներից» մեկը նա ընծայել է ԱՄՆ-ի նախագահ Քարթերին: Նրան պարգեւների են արժանացրել Իրանի շահը եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսը: Կինոպրոդյուսեր եւ բեմադրիչ Ջովաննի Ռաբալդին նկարահանել է Վավա Սարգիսի մասին վավերագրական մի կինոնկար: Նրա որոշ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Պատվոգրերի է արժանացել Իրանի շահից եւ Կիլիկիո կաթողիկոսարանից: 1983-ին Նյու Յորքում լույս է տեսել Թորոս Թորանյանի «Արուեստի երկու երկրպագուներ՝ Սարգիս եւ Վավա Խաչատուրեան» հատորը:

Վերջում թարգմանաբար ներկայացնում ենք Ռուբեն Մամուլյանի՝ Վարդանուշին գրած նամակը, որը պահվում է Երեւանի ԳԱԹ-ում գտնվող Սարգիս եւ Վավա Խաչատրյանների ֆոնդում: Ռուսերեն բնագիրը հրատարակել ենք «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում (17.01.1998)

Theater Guild
245 West 52-Street
New York City
2 սեպտեմբերի 1927
Վարդանուշ ջան!

Ես այնքան մեղավոր եմ քո առջեւ իմ երկարատեւ լռության համար: Հուսով եմ, կկարողանա՞ս ներել ինձ: Միշտ մտածում եմ քո մասին եւ շատ եմ կարոտում: Քո երկու նամակները, ջան, այնպիսի ուրախություն էին ինձ համար: Այնքան երջանիկ եմ, երբ ստանում եմ նամակներդ եւ կարդում եմ սիրելի տողերը, որոնք ջերմացնում են եւ շոյում: Իմ սիրելի Վարդանուշ: Վարդանուշ... ինչ հաճելի է արտասանել քո անունը: Այնպիսի ուրախություն է զգալ, որ դու չես մոռացել ինձ եւ մտածում ես իմ մասին եւ ուզում ես ինձ տեսնել: Այնպե՜ս եմ ուզում տեսնել քեզ: Ես սարսափելի հիասթափվեցի, որ չհանդիպեցի քեզ Փարիզում: Իմ Վարդանուշ, եթե դու իմանայիր, թե ինչ ուրախություն են ինձ համար քո նամակները, դու, հավանաբար, ավելի հաճախ կգրեիր: Ես նույնպես ուզում եմ դիմել գրչային ճանապարհին եւ ավելի հաճախ գրել: Ես այնքան ուրախ էի՝ ստանալով սիրելի մանուշակները եւ հիանալի լուսանկարը, որ ուղարկել էիր ինձ: Շատ էի ուզում այս ամառ Փարիզ գալ եւ տեսնել քեզ եւ մերոնց#,1 բայց ոչ մի կերպ չկարողացա կազմակերպել ժամանակի պակասի պատճառով: Հուսով եմ, որ գուցե կարողանամ ինչ-որ կերպ գալ այս ձմեռ:#2 Ես քեզ կգրեմ այդ մասին եւ խնդրեմ, աշխատիր լինել Փարիզում: Հիմա ես սարսափելի զբաղված եմ: Երկու օրից սկսում եմ փորձել շատ մեծ եւ բարդ բեմադրություն Գիլդ թատրոնի համար. առաջնախաղը կլինի հոկտեմբերի 3-ին#:3 Այդ բեմադրությունից շատ բան է կախված, եւ ես գիտեմ, որ դու իմ մասին կմտածես եւ որ քո սիրալիր մաղթանքները կլինեն ինձ հետ: Իմ Վարդանուշ, ավելի շատ գրիր քո մասին, ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես անցկացնում ժամանակդ: Մերոնք քեզ այնքա՛ն են սիրում: Հուսով եմ, հաճա՞խ ես լինում նրանց մոտ: Ախ, այնպես կուզեի հիմա Փարիզ տեղափոխվել եւ լինել քեզ հետ: Ես հեշտորեն եմ պատկերացնում, թե ինչպես ես քեզ զգում Թիֆլիսում: Ինչո՞ւ էիր գնացել Թիֆլիս եւ երկա՞ր ես մնացել այնտեղ: Շատ կուզեի այցելել Թիֆլիս, տեսնել հիշողության համար թանկ տները եւ փողոցները: Ինչպե՞ս ես ապրում, ջան: Ինչպե՞ս է Սարգիսը4 եւ ի՞նչ են ձեր ծրագրերն այս տարվա համար: Ուրախ եմ, որ հանդիպել ես Արչիլին#,5 նա քեզ դո՞ւր եկավ: Ես այնքան մեղավոր էի նրա առջեւ նույնպես: Հենց նոր պատասխանեցի նրա նամակին, որ ինձ գրել էր երկար ժամանակ առաջ: Զարմանալի է, որ ես դժվար եմ շարժվում, երբ գործը վերաբերվում է նամակներին: Իմ ջան, խնդրեմ, գրիր ինձ, երբ կստանաս այս նամակը եւ ասա, որ չես բարկանում իմ երկարատեւ լռության համար: Առայժմ ցտեսություն, իմ Վարդանուշ: Ամուր համբուրում եմ քեզ: Քո Ռուբեն:

Ողջույն Սարգսին:
1. Այդ թվականին Մամուլյանի ծնողները՝ Զաքարիա - Վերժինե Մամուլյանները բնակվել են Փարիզում:
2. Մամուլյանին հաջողվել է Փարիզում լինել միայն հաջորդ ամռանը՝ 1928-ին:
3. Նկատի ունի Դյուբոզ - Դորոթի Հեյուարդների «Փորգի» թատերախաղը, որի առաջնախաղը կայացել է ոչ թե հոկտեմբերի 3-ին, այլ 10-ին, Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում: Այս ներկայացմամբ էլ Մամուլյանը մեծ հռչակի է արժանացել:
4. Վարդանուշի ամուսինը՝ Սարգիս Խաչատուրյանը:։
5. Հավանաբար նկատի ունի Արշիլ Գորկուն:

/culture.azg.am

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1719
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott