artsvi.bakhchinyan
Logo

ՀԱՅ ԼԻՆԵԼՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԷՐ… Ադրիեն Բարբյոյի կենսագրությունը՝ հայկական դրվագներով

Article image Ամերիկյան կինոյի, թատրոնի, ռադիոյի, հեռատեսիլի դերասանուհի և երգչուհի Ադրիեն Բարբյոն հանդիսատեսին քաջ ծանոթ է 1970-ականներից մեծ ժողովրդականություն վայելող «Մոդ» սերիալի իր դերակատարմամբ։ Վերջին տարիներին նա դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ շնրոհիվ իր «Կարող էի ավելի վատ բաներ անել» («There are Worse Things I Could Do») ինքնակենսագրական գրքի։ Այստեղ նա աշխույժ եղանակով պատմում է իր անցած ուղու, դերասանական կարիերայի, անձնական կյանքի մասին։ Մեզ համար հատկապես հետաքրքիր է, որ իր գրքում Ադրիեն Բարբյոն մի շարք տեղերում հիշատակում է իր առնչությունները հայության հետ։ Ավելին, գրքի երկրորդ իսկ գլուխը նա վերնագրել է «Ավելի շատ՝ հայ» («Mostly Armenian»), նկատի ունենալով, որ թեև ինքը մոր կողմից հայ է, սակայն մշտապես առավել հարազատություն է զգացել մայրական կողմի հանդեպ՝ վերջինիս ջերմ, ընտանեսեր բնույթի համար:

Ադրիեն Բարբյոյի սույն դիմանկարը ստեղծելով՝ մեր շարադրանքում պարբերաբար ընթերցողին կներկայացնենք նրա ինքնակենսագրական հատորի՝ հայությանն առնչվող հատվածները, որոնք թարգմանել ենք դերասանուհու սիրահոժար համաձայնությամբ։

«Մենք ինքնատիպ էինք, հուզիչ և խորհրդավոր»

Ադրիեն Բարբյոն ծնվել է 1945-ին, Սակրամենտոյում, ֆրանս-կանադացի հոր (Ժոզեֆ Բարբյո) և հայ մոր (Արմենուհի Նալբանդյան) ընտանիքում: Ամառային արձակուրդներն անցկացրել է ծնունդով վանեցի պապի՝ Սիմոն Նալբանդյանի ագարակում, որտեղ հայկական մթնոլորտ է տիրել: Ինչպես խոստովանել է ինքը՝ Ադրիենը, մանկուց սովորել է հայկական պարեր, մասնակցել գաղութի միջոցառումներին: «Հայ լինելն արտասովոր էր, ոչ ոք չգիտեր՝ ինչ է դա: Իմ ընկերուհիները խրտնում էին՝ տեսնելով մեր քթերը հատող երկար հոնքերը։ Ես շատ բան գիտեի իմ նախնիների ողբերգության մասին, իսկ որոշելով դերասանուհի դառնալ՝ որոշեցի երբեք չխաղալ զոհերի, այլ միայն ուժեղ և հաստատակամ կանանց դերեր»,– մի առիթով ասել է նա: Իսկ իր գրքի առաջին իսկ էջերում կարդում ենք հետևյալը.

«Ես հայ եմ։ Այնքանով որքանով դա ինձ հետաքրքրում է, ամեն ինչ բացատրելի է դառնում։ Հմմ, բացառությամբ իմ քթի։ Իմ քիթը ֆրանս-կանադական է, հորս կողմից։ Սակայն իմ մեջ մնացածը հայկական է՝ գանգուր մազերը, մեծ կրծքերը, շոու-բիզնեսում քառասունհինգ տարի դիմանալու կարողությունը, որոնք ինձ են փոխանցել 1915-ի թուրքական եղեռնից փրկված իմ նախնիները։

Իրականում ես միայն կես հայ եմ, սակայն դա այն կեսն է, որի մեջ ես մեծացել եմ։ Մորս ծնողներն ունեին քսան ակր տարածքով խաղողի այգի Ֆրեզնոյի մոտ, Սերմայում (Կալիֆոռնիա), «Աշխարհի չամիչի մայրաքաղաքում», և այնտեղ եմ անցկացրել իմ ամառները՝ նստելով ջրի սառնարանի տակ և լսելով տատիկի ձայնապնակները նվագարկիչով։ Նա ուներ Էրթա Քիթի «Ուսկա դարա» երգը թուրքերեն և Ֆրանքի Լեյնի «Ջորիների շարանը» երգը հայերեն։

Ես կարող եմ հայերեն հաշվել մինչև քսանը։ Ես նաև կարող եմ հայերեն ասել՝ «Չեմ ուզեր», «Չեմ գիտեր», «Չեմ սիրեր»։ Նաև՝ «Ի՞նչ կ’ընես», «Ի՞նչ կ’ուզես» և «Շունշանորդի, կուզես քեզի ծե՞ծ մը քաշեմ»։

Ես լսել եմ բոլոր պատմությունները թուրքական կոտորածների մասին, կարդացել եմ Րաֆֆու «Խենթը» և Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»։ Ես կարող եմ պատրաստել փլավ, խաղողի լցոնած տերևներ և փախլավա։ Ես ճանաչում եմ հարավային Կալիֆոռնիայի բենզալցակայանների աշխատողների մեծ մասին։ Սակայն գրեթե այսքանով ամեն ինչ վերջանում է։ Մայրս ամուսնացած էր օտարի՝ սպիտակ մարդու հետ (Բարբյոն սխալվում է՝ իր նշած հայերեն odard բառը մեկնաբանելով ոչ թե որպես foreigner, այլ white man – Ա. Բ.) որի աշխատանքը մեզ միշտ տեղափոխությունների մեջ էր պահում, այնպես որ մենք չէինք ապրում Ֆրեզնոյում, մեր ազգականների մոտ։ Ես երբեք իսկապես չսովորեցի հայերեն և չեմ մեծացել հայկական եկեղեցում։ Փոխարենը դեռահասությանս տարիներն անցկացրի՝ մազերիս «Քիքս քինքս» քսելով և փորձելով հարթեցնել քթիս «կամուրջը»։

Սակայն երբ մեծացա, ինձ դուր էր գալիս մարդկանց ասել, որ ես հայ եմ։ Ֆրեզնոյից դուրս, թվում էր, ոչ ոք չգիտեր, թե ովքեր են հայերը։ Մենք ինքնատիպ էինք, հուզիչ և խորհրդավոր։ Եվ մենք, անշուշտ, գիտեինք, ինչպես է պետք պարել»։

Ադրիենի հայկական ինքնության մեջ կարևոր դեր է ունեցել պարը։ «Ես մեծացել եմ արևելյան երաժշտությամբ։ Ես մեծացել եմ` հայկական պարեր կատարելով հարսանիքների, կնունքների, ավարտական հանդեսների և հավաքույթների ժամանակ։ Իմ զարմիկները և ես կռվում էինք մեր քեռիների հետ՝ պարահրապարակում տեղ գրավելու համար։ Ես դիտում էի մորս՝ պորտապարի դասերը սովորելիս մեր հյուրասենյակում»։ Սան Խոսե և Ֆութհիլ դպրոցներում ուսանող Ադրիենը հաճախել է նաև բալետի ու երգեցողության դասերի։ Հետագայում, նկարագրելով, թե ինչ մանրամասնությամբ է պատրաստվել իր երկրորդ հարսանիքին, դերասանուհին նշել է, որ ինքը երեք ժամ շարունակ ձայնագրել է հայկական պարերի եղանակներ և որ հրավիրյալների մեջ են եղել իր ազգականներ Նալբանդյանները և Շամշոյանները...

Անշահախնդիր հայրենակիցը

Բարբյոյի առաջին լուրջ հաջողությունն էր մասնակցությունը «Թագավորը և ես» թատերախաղին՝ Սան Խոսեի «Լայթ օպերային միություն» խմբի կազմում: Այս միության հետ մեկտեղ նա 1963-ին ելույթներ է ունեցել նաև Ճապոնիայում, Կորեայում և Թայվանում: Հիշելով իր այցը Կորեա և տեսնելով այնտեղի աղքատությունը, նա գրել է. «Ես երբեք չեմ տեսել աղքատություն, չեմ իմացել ինչ է բռնությունը։ Ես գիտեի, որ իմ ազգականները փախել են Հայաստանից՝ խուսափելու համար բնաջնջումից, բայց դա, թվում էր, եղել է հարյուր տարի առաջ»։

Գրքում Բարբյոն հիշել է, որ երբ Լոս Անջելեսում աշխատել է մի բարում և երազել դերասանուհի դառնալ, այնտեղ սկսել է հաճախել Մայքլ անունով մի սպիտակահեր տղամարդ, որը հետո հաճախ գնացել է ճաշելու մոտակա հայկական ռեստորանում։ Մի անգամ նա հրավիրել է Ադրիենին դիտելու «Մարդուկ-Ջարդուկ» բալետը։ Այդ օրը միայն աղջիկն իմացել է, որ նրա ազգանունը Սահակյան է։ «Մի հայ բարեկամ։ Ես ասացի նրան, որ կես հայ եմ, և մենք անմիջապես ընկերներ դարձանք»,– գրել է նա։ Մի անգամ Մայքլն Ադրիենին Ծննդյան օրերի նախօրյակին տվել է մի բացիկ, որի մեջ աղջիկը հետո գտել է 300 դոլարի չեկ և նույնքան գումարի արժեթուղթ։ Մեկ ամիս անց, կրկին հանդիպելով իր ավագ բարեկամին, Ադրիենն ասել է, որ ինքը ոչ մի կերպ չի կարող ընդունել նրա նվերը։ «Խնդրում եմ վերցրու,– ասել է Մայքլ Սահակյանը։– Երբ ես եկա հին երկրից, մի հայ զույգ ինձ օգնության ձեռք մեկնեց մինչև որ ես իմ առաջին աշխատանքը կգտնեի։ Երկուսն էլ հիմա մահացած են, և ես չեմ կարող որևէ բան անել նրանց համար, սակայն իսկապես ուզում եմ օգնել մի հայ բարեկամի։ Օգտագործիր գումարը քո դերասանական դասընթացների համար։ Ես չեմ ուզում հետ վերցնել»։ Ադրիենն այդպես էլ վարվել է, և փաստորեն ավագ հայ ընկերոջ սիրալիրության շնորհիվ երիտասարդ մատուցողուհին կարողացել է հետևել դերասանական դասերի։

Տարիներ անց, ամուսնու՝ Ջոն Քարփենթերի «Մառախուղ» ֆիլմում (1979) ունեցած հաջողությունից հետո Ադրիեն Բարբյոն գտնվել է Բոսթոնում և հանդիսատեսներին ինքնագրեր բաժանել։ Հանդիսականների հերթի մեջ նա տեսել է Մայքլ Սահակյանին, որը, պարզվում է, հաստատվել է Բոսթոնում, քրոջ մոտ։ Ադրիենը գրկել է նրան և ներկայացրել շրջապատին՝ ասելով. «Տիկնայք և պարոնայք, այս պարոնը մասամբ պատասխանատու է իմ այստեղ գտնվելու համար», և պատմել է, թե ինչպես է Մայքլն օժանդակել իրեն։ Վերջինս կարմրելով շտապ հրաժեշտ է տվել և անհետացել՝ առանց հասցեն կամ հեռախոսի համարը թողնելու։ Դրանից 15 տարի անց Ադրիենը նամակ է ստացել Մայքլի քրոջից, որը տեղեկացրել է, որ եղբայրն արդեն իննսունն անց է և ապրում է Բոսթոնի մի պանսիոնում և ցանկանում է կապ հաստատել Ադրիենի հետ։ Դերասանուհին նամակագրություն է սկսել իր ավագ բարեկամի հետ, որը շարունակվել է մինչև վերջինիս մահը 1998 թվականին…

1964-ին Բարբյոն մեկնել է Նյու Յորք՝ աշխատելու Բրոդվեյում, որտեղ աչքի է ընկել Հոդելի դերով՝ «Ջութակահարը տանիքին» մյուզիքլում: Այս առթիվ նա հիշել է, որ թատերախաղը ներկայացնում է ռուսական հրեաների կյանքը, որոնք ենթարկվում են պոգրոմների և ստիպված են լինում թողնել իրենց տները և հարազատներին։ «Նույն պատմությունը կատարվել էր իմ հայ նախնիների հետ», նշել է նա։ Հետագայում, 2000–2002 թթ., Հարավային Քալիֆորնիայում, ապա Փիթսբուրգի Սիվիք Լայթ Օպերայում Բարբյոն մարմնավորել է նույն մյուզիքլի գլխավոր հերոսուհուն՝ Գոլդեին: «Ճարպագունդը» երաժշտախաղում Ռիցոյի դերակատարումը դերասանուհուն արժանացրել է «Թոնի» և «Թիեթը ուորդ» ամսագրի մրցանակներին: Այս ներկայացման մեջ նրա կատարած «Նայիր ինձ, ես Սանդրա Դինն եմ» երգը ժամանակին մեծ ժողովրդականություն է վայելել ամերիկացի երաժշտասերների շրջանում…

Իր գործունեությունը որպես կինոդերասանուհի Բարբյոն սկսել է 1972-ին: Մեծ և փոքր էկրաններին Ադրիենի հեշտ մտապահվող համակրելի դեմքը ցոլացել է 90-ից ավելի կինոնկարում։ Մեզ համար հատկանշական է, որ նա կատարել է նաև Լուսնթագի դերը Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա ստեղծված «Մաղադանոսի այգին» կարճամետրաժ ֆիլմում, որը 1993-ին նկարահանել էր գրողի եղբորորդին՝ Հենք Սարոյանը։

Հայկական տոկունությունը

Խոսելով իր վերջին ֆիլմերից մեկի՝ «Կառնեվալեի» մասին, Բարբյոն նշել է. «Այո, դա սարսափ-ֆիլմ էր, բայց իմ տարիքում ֆիլմի ողջ ծանրությունն ուսերիդ առնելը հազվագյուտ բան է։ Ե՞րբ եք վերջին անգամ տեսել հիսունն անց կնոջը՝ բացասական հերոսներին վռնդելիս։ Չգիտեմ ինչու՝ սիրում եմ այսպիսի բաներ։ Հրացան բռնած հերոսուհի։ Որը մարդկանց է փրկում։ Միգուցե դա իմ հայկական ժառանգությունից է։ Ես մեծացել եմ՝ պատմություններ լսելով ուժեղ կանանց մասին, ովքեր ազատվել են թուրքական կոտորածներից։ Իմ զարմիկի զոքանչը շաբաթներ շարունակ մերկանդամ թափառել է անապատում և ողջ է մնացել՝ խմելով սեփական մեզը, մինչև որ այլևս չի կարողացել կերակրել իր երկամյա որդուն և ստիպված լքել է նրան՝ հույս ունենալով, որ թուրքերը կվերցնեն նրան՝ իրենցը կարծելով։ Այնուհետև նրան գերեվարել են քրդերը և ստիպել են աշխատել հաշիշ ծխողների որջում, մինչև որ նրան հաջողվել է փախչել, հասնել Բեյրութ և այնուհետև՝ Ամերիկա։ Նա նորից է ամուսնացել, հայտնաբերել, որ իր առաջին ամուսինը դեռ ողջ է և նույնպես հասել է Միացյալ Նահանգներ, բայց երբեք չի հանդիպել նրան՝ վախենալով, որ կարող է մեղադրվել երկու ամուսին ունենալու համար, հետո այրիացել է, երբ չորս ամսական հղի է եղել երկվորյակներով…»։

Դիմակայելու հայկական տոկունությունն Ադրիենի մոտ դրսևորվել է նաև անձնական կյանքում։ 1979-ին նա ամուսնացել է կինոարտադրիչ և բեմադրիչ Ջոն Քարփենթերի հետ, ունեցել մեկ որդի (երգահան Քոդի Քարփենթեր)։ Հետագայում Բարբյոն երկրորդ անգամ ամուսնացել է նույնպես արտադրիչ Բիլի Վան Զադթի հետ։ Այլևս անկարող լինելով հղիանալ՝ Ադրիենը վերստին մայրացել է ամուսնու բեղմնավորած ձվաբջիջի պատվաստմամբ և 51-ամյա հասակում ծննդաբերել Ուիլյամ և Ուոլքեր երկվորյակ տղաներին, իր բնորոշմամբ՝ «մեր հոլանդա-իտալա-հայ-ֆրանս-կանադական էլֆերին»։ Այս առթիվ նա գրել է նաև հետևյալը. «Դժվար է երկվորյակներ ունենալ ցանկացած ժամանակ, բայց դա կապ չունի տարիքի հետ։ Ես օրինակ եմ վերցնում իմ հայ ազգականներից։ Մայրս երկու աշխատանք էր կատարում 81 տարեկանում՝ մահից տակավին երեք ամիս առաջ։ Իմ քեռի Ռալֆը 78 տարեկան է և նրա եղբայր Քենը՝ 70, և նրանք երեկոներն անց են կացնում դրսում պարելով։ Իմ 76-ամյա մորաքույր Աննան միայնակ խնամում է իմ քեռի Ջորջին, որը Փարքինսոնի հիվանդություն ունի։ Իմ մորաքույր Ռուբին հոգ է տանում մեր ողջ ընտանիքի համար։ Երբ մենք նշեցինք նրա իննսունամյակը հարյուր մարդու ներկայությամբ, մորաքույրս գնաց իր տուն և ճաշ պատրաստեց քառասունհինգ հոգու համար, քեֆ արեց մինչև կեսգիշեր և հաջորդ առավոտյան նախաճաշ պատրաստեց մեզնից երեսունհինգի համար։ Ժամը երկուսին էլ ճաշ մատուցեց։ Նա այդ անում է բոլոր տոներին, մեծ թվով շաբաթավերջերի և շաբաթը առնվազն մեկ անգամ։ Նա վերջերս վերահաստատել է իր վարորդական իրավունքը հինգ տարվա համար։ Երբ նա չի եփում, մաքրում կամ զբաղվում այգիով, մեզ համոզում է գնալ խաղալ մոտակա խաղատանը։ Այնպես որ... նորից սկսել 51 տարեկանո՞ւմ։ Ոչինչ է»։

Միշտ բազմազբաղ

Վերջում ավելացնենք, որ Ադրիեն Բարբյոն միաժամանակ զանազան մարդասիրական ընկերությունների անդամ է, ինչպես՝ «Լայֆ» («Կյանք») միության, որ շաբաթական 35 հազար անտունների համար սնունդ է հայթայթում: 1989-ի հունվարին դերասանուհին միացել է այն հարյուրավոր ամերիկացի երգիչներին, որոնք անգլերենով կատարել են Շառլ Ազնավուրի «Քեզ, Հայաստան» երգը: Նույն թվականի օգոստոսին Լոս Անջելեսի «Սենչըրի փլազա» հյուրանոցում Բարբյոն վարել է Հայ օգնության միությանն առընթեր գործող Հայաստանի երկրաշարժի օժանդակության հիմնադրամի կազմակերպած հանդիսությունը: Դեռևս ակտիվ մնալով շոու-բիզենսում (2009–2010-ին նա նկարահանվել է տասից ավելի ֆիլմում) և լինելով նվիրված բազմազբաղ մայր և կին՝ 65-ամյա Ադրիեն Բարբյոն հավատարմորեն եռանդուն է մնում նաև իր հայկական գործունեությանը…

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1502
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott