artsvi.bakhchinyan
Logo

ԿՌՆԱՏ ԱՂՋԻԿԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՅ ԱՍՊԵՏԸ

Article image Շվեյցարացի նկարչուհի Էմե Ռապենի անունը մեզանում միանգամայն անծանոթ է: Սակայն հենց նրա անունը պիտի որ մեզ քաջ ծանոթ լիներ մի քանի պատճառներով: Նախեւառաջՙ որպես տաղանդավոր արվեստագիտուհու (գեղանկարչությունը քիչ թե շատ սիրող մեզնից քանի՞սը կարող են միանգամից մտաբերել եվրոպական որեւէ նկարչուհու անուն): Ապաՙ նրա կապերը հայության հետ. քառորդ դարից ավելի նա եղել է հայ կոմպոզիտորական դպրոցի ճանաչված ներկայացուցիչ Ստեփան Էլմասի քաղաքացիական կինը եւ ստեղծագործել է նաեւ հայկական թեմաներով: Իսկ, ինչը ամենից ցնցողն ու արտառոցն է, որով այս նկարչուհին տարբերվում է բոլոր ժամանակների նկարիչներիցՙ կին թե տղամարդ, այն է, որ նա եղել է հաշմանդամ եւ ստեղծագործել առանց ձեռքերի...

Հիշում եմ, Հայաստանում ժամանակին ապրում էր ազգությամբ ասորի մի նկարիչՙ Աշոտ Իսակով անունով, որը նույնպես ձեռքեր չուներ, սակայն գոնե թեւեր ուներ եւ նկարում էր բազուկին ամրացված վրձինով... Մինչդեռ Էմե Ռապենը ի ծնե զուրկ է եղել թեւերից եւ նկարել է ոտքի մատներով...

Դիմանկարներՙ մանուկներ եւ մեծահասակներՙ ամենատարբեր տրամադրություններով, մերկ գեղեցկություններ եւ բնորդի ներաշխարհը բացահայտող դիմագծեր, բնանկարներ եւ նատյուրմորտներՙ հատկապես ծաղկեփնջեր, ակնահաճո երփնագիր աշխատանքներ ու մեծ վարպետությամբ կատարված գծանկարներ... եւ մարդու գիտակցությունը դժվարությամբ է ընկալում, որ այդ բարձրարվեստ գեղանկարները, նրբերանգների անսովոր գեղեցկությամբ օժտված այդ գերազանց պաստելները ձեռակերտ չեն, պատկերվել են ոտքով...

Էմե Ռապենը ծնվել է 1868-ի փետրվարի 14-ին, Պայեռնում (Շվեյցարիա), եղել է տասներկու զավակից բաղկացած բողոքական ընտանիքի վեցերորդ զավակը: Նրանից առաջ ընտանիքում ծնված են եղել հինգ առողջ երեխաներ, մինչդեռ ահա Ռապենների երկրորդ աղջիկը ծնվել է առանց թեւերի... Հայրըՙ Ժյուլ Ռապենը, եղել է աշխատանքային գործակալ, սիրող նկարիչ եւ երաժիշտ: Նա 1872-ին ընտանիքը փոխադրել է Լոզան, որտեղ էլ վեցամյա Էմեն սկսել է նկարչության դասերը տեղի համալսարանի պրոֆեսոր Մ. դը Մեյենբուրգի հետ: Հաջորդ տարի Ռապենները վերադարձել են Պայեռն: Էմեն 12 տարեկան է եղել, երբ 1880-ին մահացել է հայրը: 18 տարեկանում սիրով ամուսնացած եւ 38 տարեկանում այրիացած Ադելին Ռապեն-Քիդորի ուսերի վրա են ընկել ընտանիքի հոգսերը: Նա ստիպված է եղել միայնակ վարել տնտեսությունը եւ զբաղվել զավակների դաստիարակությամբ, որոնցից մեկն էլ ի ծնե ֆիզիկական արատով էր: Սակայն Էմեն մանկուց աչքի է ընկել ուժեղ կամքով եւ զվարթ բնավորությամբ. նա դույզն-իսկ չի նախանձել իր եղբայրներին եւ քույրերին, մշտապես հումորով է վերաբերվել իր վիճակին, վարժվել է ոտքի մատներով կատարել այն բոլոր գործողությունները, որոնք մարդկության մնացած մասը կատարում է ձեռքովՙ ծաղիկներ հավաքելուց մինչեւ ուտելը: «Միակ բանը, որ խանգարում է ինձ հանգիստ ապրել, այն է, որ ես պարտավոր եմ մշտապես թիկնոց հագնել», ասել է նա:

14 տարեկանում Էմեն սկսել է ուսանել Լոզանի մի պանսիոնումՙ շարունակելով նկարչության դասերն իր ուսուցիչ Մեյենբուրգի մոտ: 1884-ին Էմե Ռապենը տեղափոխվել է Ժնեւՙ իր կնքամայր տիկին Կապտի մոտ եւ ուսանել Գեղարվեստի դպրոցում: Տիկին Կապտը եղել է կրթված անձնավորություն, անզավակ մի այրի, որ ուղեկցել է իր սիրելի Էմեին վերջինիս շրջագայությունների ժամանակ: Աղջիկը, բնավ չընկրկելով դժվարությունների առաջ, կնքամոր հետ կամ նույնիսկ մենակ, ճանապարհորդություններ է կատարել Իտալիա, Իսպանիա, Հոլանդիա, հասել մինչեւ Մարոկկո եւ Թունիս:

Գեղարվեստի դպրոցում աղջկա ուսուցիչներն են եղել Անրի Հեբերը (նկարչություն), Հյուգ Բովին (քանդակ) եւ Էլիզե Մայորը (խեցեգործություն): Սակայն նրա վրա ամենամեծ ազդեցությունը թողել է նկարիչ Բարտոլոմեո Մեննըՙ Էժեն Դելակրուայի, Կորոյի, Ժորժ Սանդի բարեկամը: Էմեն Մեննից ստացել է խրախուսական պարգեւներ, երկու առաջին մրցանակՙ քանդակագործության եւ մեկ առաջին մրցանակՙ լավագույն դիմանկարի համար: «Դուք ծնյալ դիմանկարիչ եք», մի առիթով Բարտոլոմեո Մենն ասել է Էմեին:

1888-ին Էմե Ռապենը հաջողությամբ մասնակցել է Փարիզի Համալսարանական ցուցահանդեսին: Ստացել է պատվերներ Փարիզից եւ Լոնդոնից: Չնայած անհատական ցուցահանդես չի ունեցել, սակայն Եվրոպայում նրան սկսել են ճանաչել եւ բարձր գնահատել նրա արվեստը: Շվեյցարացի բանաստեղծ եւ քննադատ Պիեռ Տեն Ռապենի նկարչությունը բնութագրել է «վեռլենյան»: Ֆրանսիացի հռչակավոր դերասանուհիներ Ռեժանը եւ Սառա Բեռնարը ցանկացել են նկարել տալ իրենց դիմապատկերները: Ի դեպ, Փարիզում Էմեին մի ամերիկացի իմպրեսարիո առաջարկել է 100 հազար դոլար (այն ժամանակվա գումարովՙ կես միլիոն ֆրանկ)ՙ ամերիկյան քաղաքների մեծ թատրոններում հանդես գալու եւ քառորդ ժամում հանդիսատեսի աչքի առաջ մեկ նկար պատկերելու առաջարկով: Բնականաբար, արվեստագիտուհու արժանապատվությունը թույլ չի տվել իր ֆիզիկական արատը եւ արվեստը վերածել շոուի...

1892-ին Ռապենը վերջնականապես հաստատվել է Ժնեւում: Նրա գեղեցիկ արվեստանոցը գտնվել է Նեկեր փողոցի թիվ 1 շենքի 6-րդ հարկում: 1896-ին Շվեյցարական համադաշնության կողմից պատվեր է ստացել նկարելու իր լավագույն դիմանկարներից մեկըՙ «Ժամագործը», որը ներկայումս գտնվում է Լոկլի թանգարանում: Ամեն օր Էմե Ռապենը նստել է նկարակալի առջեւ եւ անխոնջ աշխատելՙ իր աջ ոտքով ստեղծելով մեկը մյուսից գեղեցիկ գծանկարներ եւ գունանկարներ: Երբեմն պատրաստել է նաեւ մեդալիոններ, ինչպեսՙ Բախի եւ Բրամսի դիմապատկերներով: Ստեղծագործությունից ազատ ժամերին նա սիրել է զբաղվել ընթերցանությամբ, կարդացել է անկողնումՙ գրքերի էջերը շրջելով ոտքի մատներով...

Նրա գրավիչ դեմքը, բարի բնավորությունը եւ մեծ տաղանդը նպաստել են, որ անթեւ աղջկան տարբեր տղամարդիկ ամուսնության առաջարկ անեն, բայց Էմեն նախընտրել է չամուսնանալ: Սակայն նրա կյանքում ավելի քան քառորդ դար եղել է մի տղամարդ, որ անհուն սիրով է լցրել նկարչուհու զգայուն սիրտը: Էմե Ռապենի կյանքում 1911 թվականը նշանավորվել է ծանոթությամբ հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար Ստեփան Էլմասի հետ, որն էլ դարձել է նրա մեծ սերը: Այդ ժամանակ Էմեն արդեն 43 տարեկան էր, իսկ Էլմասըՙ 49: Ստեփան Էլմասը ծնունդով զմյուռնիացի էր, բարեկեցիկ ընտանիքի զավակ, որ 15 տարեկանից հայտնվել էր Եվրոպայում, աշակերտել հռչակավոր Ֆերենց Լիստին, 18861908 թթ. դաշնամուրային մենահամերգներով հանդես եկել Եվրոպայի գրեթե բոլոր մեծ քաղաքներում, գրել կոնցերտներ, սոնատներ, ռոմանսներ, բալլադներ, մազուրկաներ, վալսեր, որոնք հրատարակվել են Փարիզում եւ Լայպցիգում: Եվրոպացիները չեն վարանել նրան անվանել «հայկական Շոպեն»: Դժբախտաբար, 1887 թվականին տիֆի պատճառով Էլմասը մասամբ խլացել է, ինչը խորացել է 1915-ին, երբ կոմպոզիտորը խորապես ապրել է իր ժողովրդին բաժին ընկած ցեղասպանության վիշտը:

Մարդ խորին ակնածանք պետք է տածի այն բարձր զգացմունքի հանդեպ, որ Ստեփան Էլմասը տածել է արդեն տարիքն առած կռնատ աղջկաՙ տաղանդավոր նկարչուհի Էմե Ռապենի հանդեպ: Ճակատագրի նմանությունն է թերեւս միմյանց կապել նրանցՙ անթեւ ու անձեռք նկարչուհուն եւ խուլ կոմպոզիտորին: Նրանք 1914 թվականից սկսած համատեղ ապրել են Ժնեւի Գուստավ-Ադոր լճափնյա հատվածում: Ստեփան Էլմասը մեծապես նպաստել է Էմեի ստեղծագործությունների տարածմանը, իսկ նկարչուհին մի քանի անգամ նկարել է հայ երաժշտին: Իր հայ ասպետի հարազատ ժողովրդի ճակատագիրը խորապես ապրող Էմե Ռապենը 1922-ին նկարել է «Նահատակ Հայաստան» ստեղծագործությունը, ինչպես նաեւ երկու անգամ լուսանկարից պատկերել իր սիրած անձի մորՙ տիկին Եպրաքսի Էլմասի դիմանկարը...

Ստեփան Էլմասը մահացել է 1937-ին, Ժնեւում: Այս առթիվ Էմե Ռապենը 1937-ի սեպտեմբերի 13-ին գրել է կոմպոզիտորի կենսագիր եւ մեծ բարեկամ, բանասեր Հակոբ-Գրիգորին (Ճըրճըրյան). «Երկու աչքեր փակվեցին աշխարհի համար, եւ աշխարհն էլ փոխվեց ինձ համար... Բայց շնորհ չէի՞ ստացել բախտից, որ 26 տարուց ի վեր այսպիսի սքանչելի բարեկամ ունեի»:

Չնայած ի բնե ունեցած մարմնական արատինՙ Էմե Ռապենը մշտապես եղել է ուժեղ, լավատես, կենսուրախ, շռայլ հոգու տեր, հումորով օժտված անձնավորություն: «Ես ծնվել եմ բախտավոր աստղի ներքո», ասել է նա: Մի անգամ ընտանեկան հավաքույթ է եղել յոթ զավակ ունեցող իր եղբայր Էռնեստի տանը: Սիրագորով եւ մեծահոգի հորաքույրը նայել է շուրջը եւ բացականչել. «Որքան շատ ձեռքեր լինեն ընտանիքումՙ այնքան լավ»: Անթեւ լինելու պարագան նրա կյանքում բազմաթիվ ողբերգազավեշտական իրադրությունների տեղիք է տվել: Այսպես, մի անգամ Ժնեւ-Լոզան գնացքում նա ասել է տոմսավաճառին, որ իր տոմսը կարող է չտալ, քանի որ ինքը, միեւնույն է, ձեռքեր չունի: Իսկ մի անգամ նրա ապրած շենքում հրդեհ է բռնկվել, եւ հրշեջները լուսամուտներից աստիճանններով դուրս են բերել բնակարաններում գտնվողներին: «Բռնվեք իմ վզից», լուսամուտից մի հրշեջ ձայն է տվել սենյակում գտնվող Էմեին: «Ես չեմ կարող», պատասխանել է նկարչուհին: «Հիմար մի՛ եղեք»,- ասել է հրշեջը: «Բայց ես թեւեր չունեմ», պատասխանել է Էմեն: Այդժամ ամրակազմ հրշեջը ուսերի վրա է առել կնոջը եւ իջեցրել է աստիճաններով:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Մյունխենում, Մոնրեալում եւ Նյու Յորքում, սակայն նա այդպես էլ ո՛չ անհատական ցուցահանդես է ունեցել, ո՛չ էլ հրատարակել իր ստեղծագործություններն առանձին կատալոգով: Նկարչուհին ստեղծագործել է մինչեւ կյանքի վերջին օրերը եւ վախճանվել 1956 թվականի մայիսի 8-ին, Ժնեւում, 88 տարեկան հասակում: Թաղված է Ժնեւի Պլենպալեի գերեզմանատանըՙ Ստեփան Էլմասի շիրիմի կողքին: Նա բեղմնավոր աշխատել է ողջ կյանքի ընթացքում եւ սերունդներին է թողել եզակի արժեք ունեցող երեք հազարից ավելի աշխատանքներ, որոնք պահվում են Պայեռն քաղաքի թանգարանում: Այս թանգարանի հրատարակչությունն էլ 1996 թվականին լույս է ընծայել «Էմե Ռապեն. նկարչություն առանց ձեռքերի» պատկերազարդ աշխատությունը, որի տեքստի հեղինակը նկարչուհու եղբոր դուստրն էՙ բանաստեղծուհի եւ թատերագիր Սիմոնա Ռապենը: Ցանկալի կլիներ այս գիրքը հրատարակված ունենալ հայերեն: Մեզանում աստիճանաբար սկսել են ճանաչել Ստեփան Էլմասին (Երեւանի կոնսերվատորիայում արդեն մի քանի տարի է, ինչ անց է կացվում Էլմասի անվան դաշնակահարների մրցույթ, իսկ Ժնեւում գործող «Ստեփան Էլմաս» հիմնադրամի գեղարվեստական տնօրեն, ֆրանսահայ նվագավար Ալեքսանդր Սիրանոսյանի ջանքերով 2005-ին Էլմասի դաշնամուրը տեղափոխվեց Հայաստան եւ նվիրվեց Գրականության եւ արվեստի թանգարանին): Մեզանում միանգամայն ճանաչման է արժանի նաեւ Էլմասի կյանքի ընկերուհինՙ Էմե Ռապենը, որի կյանքը եւ արվեստը, հիրավի, ուժեղ կամքի եւ բացառիկ արիության մի եզակի օրինակ է:

Zoom Image

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 2006-03-18

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1708
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott