artsvi.bakhchinyan
Logo

ԵԼԵՆԱ ՏԱՆԳԻԵՎԱ-ԲԻՐԶՆԻԵՑԵ

Article image Լատվիայում անցյալում հայերի ներկայությունը եղել է խիստ սակավ։ Սակայն այդ սակավ հայերից մեկին վիճակվել է դառնալ Լատվիայում բալետային արվեստի զարգացնողներից և լեգենդար դեմքերից մեկը։ Հայազգի պարուհի, բալետմայստեր և մանկավարժ, Լատվիայի ժողովրդական արտիստուհի Ելենա (Հելենա) Ալեքսանդրի Տանգիևա-Բիրզնիեցեն (13.04.1907, Պավլովսկ, Պետերբուրգի մոտ – 31.07.1965, Ռիգա) փայլել է բեմում, ինքնատիպ պարահարդարում ստեղծել լատվիական բալետների համար, հարստացրել լատվիական պարային մշակույթը, դաստիարակել երիտասարդ արտիստների...

Մայրական կողմից Տանգիևան թոռնուհին է 19-րդ դարի ռուս նշանավոր արձակագրուհի, հայտնի գեղեցկուհի Ավդոտյա Պանաևայի (1819–1893)։ Ավդոտյա Պանաևան (Եվդոկիա Բրյանսկայա) իր ազգանունը վերցրել է ամուսնուց՝ գրող Իվան Պանաևից (1812–1862), որը, ի դեպ, եղել է կիսով չափ հայ։ Նրա մահից հետո Ավդոտյան ամուսնացել է նախ ռուս մեծանուն գրող Նիկոլայ Նեկրասովի, ապա՝ գրաքննադատ Ապոլլոն Գոլովաչևի հետ։ Վերջինիս հետ ամուսնությունից էլ ծնվել է Եվդոկիա դուստրը, որը պիտի գնար ծնողների հետքերով և գրեր մի քանի, այսպես կոչված, կանացի վեպեր՝ հայտնի դառնալով որպես Եվդոկիա Նագրոդսկայա (1866–1930)։ Կրտսեր Եվդոկիան նույնպես մոր նման մեկ անգամ չպետք է ամուսնանար և նույնպես մոր պես պիտի ունենար հայազգի ամուսին՝ ի դեմս հայ ազնվական Ալեքսանդր Տանգիևի։ Վերջինս սերել է Սյունիքի Բեկ Մելիք-Թանղյան (Թանղիև) գերդաստանից:

Եվ ինչպես ժամանակին Ավդոտյա Պանաևան աշակերտել է Ռուսաստանում բալետային արվեստը մեծապես առաջ մղած ֆրանսիացի ականվոր բալետմայստեր և մանկավարժ Շառլ Դիդլոյին (1767–1837), այնպես էլ նրա թոռնուհուն՝ Ելենա Տանգիևային վիճակվել է լինել ռուսական պարարվեստի և պարուսուցման մեծագույն դեմք Ագրիպինա Վագանովայի հենց առաջին իսկ դասարանի աշակերտուհին։ Վերջինս, որը մինչ այդ պարապել է առաջին դասարանում, փոխարինել է ուսումնարանից հեռացած պարուհի և պարուսույց Օլգա Պրեոբրաժենսկայային՝ վերցնելով նրա երրորդ դասարանը, որտեղ արդեն սովորելիս է եղել Ելենան։ Իսկ այդ դասարանը բավական շփացած է եղել, չի ներել Պրեոբրաժենսկայայի «դավաճանությունը» և ամեն կերպ ըմբոստացել է նոր ուսուցչուհուն։ Սակայն երիտասարդ Վագանովան կարողացել է ամեն կերպ զսպել դեռատի խռովարարներին՝ ճիշտ ու ստով, շաքարով ու լեղիով... Հետագայում Վագանովան վերհիշել է. «Ինձ մոտ հայտնվեցին Նատաշա Կամկովան, Լենա Տանգիևան՝ երկու անուշիկ ընկերուհիներ.... Նրանց հետ ես արագ ծանոթացա և մտերմացա»։ Նատաշան և Լենան հասակակիցներ էին. նրանք մի քանի տարում արտակարգ գեղեցկուհիներ դարձան և նվիրվեցին բալետին։ Նատալյա Կամկովան տարիներ շարունակ աշխատել է Լենինգրադի Կիրովի անվան թատրոնում և արժանացավ Բաշկիրիայի վաստակավոր արտիստի կոչման, իսկ Ելենային վիճակված էր իր բալետային փառքը կերտել Մերձբալթիկայում։ Իսկ մինչ այդ լարված պարապմունքներն էին Ագրիպինա Յակովլևնայի հետ, որին անսանձ աղջիկները սկզբում լավ չեն ընդունել և նույնիսկ իրար մեջ որոշել են չենթարկվել նրա նոր մեթոդներին։ Օրինակ, բալետում հայտնի պա դե շա թռիչքային շարժումը Վագանովան սովորեցրել է կատարել ընդունվածից այլ կերպ։ Քննությանը ներկա գտնվող մասնագետներին վրդովեցնում էր օրենքի ուժ ստացած կանոնների շրջումը Վագանովայի կողմից։ Այդ քննությանը մասնակցած Ելենա Տանգիևան հետագայում հիշել է. «Այդ պա-ն ինձ սովորեցրել էին կատարել իտալական ձևով՝ բացարձակ ուղիղ իրանով ու սեղմված ոտքերով՝ դրանք նետելով փոքր-ինչ առաջ։ Իսկ Ագրիպինա Յակովլևնան սովորեցրել էր ոտքերը փոքր շարժումով հետ գցել՝ մեջքն ուժեղ ճկելով թռիչքի ընթացքում, մինչ նույն ժամանակ ձեռքերը նրբորեն և սահուն կատարում էին մի փոքր շեշտադրում»։ Դասական բալետի մի ողջ դպրոցի հիմք դրած Վագանովայի մեթոդների առաջին յուրացնողներից և տարածողներից մեկն էլ եղավ մեր հայրենակցուհի Ելենա Տանգիևան...

1924-ին ավարտելով ուսումնարանը՝ Տանգիևան սկսել է հանդես գալ Պետերբուրգի բալետային բեմում, կատարել Սվանիլդայի («Կոպելիա»), Գյուլնարայի («Կորսար»), Սիլվիայի (Դելիբի «Սիլվիա»), Սպիտակ փիսիկի («Քնած գեղեցկուհին») դերերը: 1925–1927 թթ. միաժամանակ դասավանդել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում:

1927-ին Ելենան տեղափոխվել է Ռիգա: Լատվիայի մայրաքաղաքում բալետային արվեստը նոր էր զարգանում։ Այն ոչ պաշտոնապես սկիզբ էր առել դեռևս 1919-ին, երբ Խորհրդային կառավարության դեկտետով հիմնվել էր օպերա, և միևնույն ժամանակ այնտեղ սկսել էր գործել բալետի նվիրյալների մի ոչ մեծ խումբ առաջին լատվիացի բալետմայստեր Վոլդեմար Կոմիսարի ղեկավարությամբ։ 1925-ին Ռիգայի թատրոնում սկսել է աշխատել Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նախկին մենապարուհի Ալեքսանդրա Ֆյոդորովան, որը բացել բալետի ստուդիա և յոթ տարվա ընթացքում բեմադրել դասական բալետային երկացանկի մեծ մասը։ Ահա այդ բեմադրություններում էլ սկսել է հանդես գալ նույնպես Նևայի ափերից Մերձբալթիկա տեղափոխված քսանամյա Ելենա Տանգիևան, որը հետագայում իր ռուսահայկական ազգանվանը պիտի հավելեր լատվիացի ամուսնու՝ իրենից տարիքով բավական մեծ դիվանագետ Ալեքսանդր Բիրզնիեկի ազգանունը։

Բնական ձիրքի, անցած բալետային գերազանց դպրոցի և աշխատասիրության շնորհիվ նա դարձել է Լատվիայի թիվ մեկ պարուհին, հետագայում՝ բալետի լավագույն ուսուցիչներից մեկը ոչ միայն իր բնակած երկրում, այլև ողջ ԽՍՀՄ-ում: Տաս տարի շարունակ, 1927–1937 թթ. արտակարգ գեղեցկության և արտիստական մեծ ձիրքի տեր Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեն եղել է Լատվիական օպերային թատրոնի առաջին մենապարուհին: Ռիգայի օպերայի և բալետի թատրոնում նա աչքի է ընկել Օդիլիայի («Կարապի լիճը», 1927), Կոլոմբինայի («Առլեկինադա», 1927), Զոբեիդայի («Շեհերազադա», 1930), Էստրելլայի («Կառնավալ», 1932), Թաո Հոայի («Կարմիր կակաչ», 1933), Այնայի (Մեդինյի «Սիրո հաղթանակը», 1935), Բլոնդելենի (Սիբելիուսի «Սկարամուշ», 1936) և այլ դերապարերով: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ 1932–1937 և 1940–1941 թթ. նա դասավանդել է Ռիգայի Ազգային օպերային կից բալետի դպրոցում, 1945–1948 թթ. ղեկավարել է օպերային թատրոնի բալետի ստուդիան, իսկ 1948–1965 թթ. դասավանդել Ռիգայի պարարվեստի ուսումնարանում։ 1946–1951 և 1956–1965 թթ. Տանգիևա-Բիրզնիեցեն եղել է Ռիգայի օպերայի և բալետի թատրոնի, իսկ 1951–1956-ին՝ Ռիգայի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր բալետմայստերը: 1955-ին Մոսկվայում կայացած Լատվիայի արվեստի տասնօրյակին ներկայացվել է Տանգիևա-Բիրզնիեցեի բեմադրած «Լայմա» բալետը, որտեղ ռուս զինվոր Նիկիայի դերում հատուկ հանդես է եկել մեծանուն պարող Մարիս Ռուդոլֆ Լիեպան։ 1956-ին Տանգիևա-Բիրզնիեցեն արժանացել է Լատվիայի ժողովրդական արտիստուհու կոչման:

1935-ին 28-ամյա Տանգիևա-Բիրզնիեցեն կատարել է առաջին բալետմայստերական դեբյուտը՝ «Կորսարը»: Այս տարիքում դժվար է բալետմայստերի աշխատանքի հավակնել, սակայն Ելենան հաջողությամբ է իրականացրել իր առջև դրած խնդիրը և հետագա տարիներին բեմադրել է 20-ից ավելի բալետներ՝ «Քնած գեղեցկուհին» (1948), «Կարապի լիճը» (1951) և «Մարդուկ-Ջարդուկը» (1959), «Դոն Կիխոտ» (1945), «Բախչիսարայի շատրվանը» (1946), «Կարմիր կակաչը» և «Լաուրենսիան» (1949), Չուլակիի «Պատանեկությունը» (1950) և «Հեքիաթ Բալդիի մասին» (1962), «Ռայմոնդան» (1954), «Կապույտ Դանուբի մոտ» Շտրաուսի երաժշտությամբ (1957), «Շոպենիանա», «Բոլերո»՝ Ռավելի երաժշտությամբ (առաջին բեմադրությունը ԽՍՀՄ-ում, կրկնվել է 1965-ին՝ Նովոսիբիրսկի թատրոնում, բալետագետ Յուրի Սլոնիմսկու կարծիքով այն «արժանի է ամենաբարձր գովեստների»), «Կախարդական տիկնիկները» Ռոսսինիի երաժշտությամբ (երեքն էլ՝ 1958), «Սիմֆոնիկ պարերը»՝ Ռախմանինովի երաժշտությամբ և Վիտոլսի «Թանկարժեք քարերը» (1961)։ Տանգիևա-Բիրզնիեցեն է իրականացրել նաև լատվիական առաջին ազգային բալետների բեմադրությունը։ Դրանք են Լեպինյայի «Լայման» (1947, առաջին լատվիական խորհրդային բալետը՝ ռուս և լատվիացի ժողովուրդների բարեկամության մասին) և Գրինբլատի «Ռիգոնդան» (1960), որի պարահարդարումը կատարել է Խաղաղ օվկիանոսի կղզիների բնիկների ծիսական պարերի հիման վրա: Վերջին բեմադրությունն արժանացել է Լատվիական ԽՍՀ պետաեկան մրցանակին։ Տանգիևա-Բիրզնիեցեն նույն 1960-ին այն բեմադրել է նաև Տալլինի օպերայի և բալետի թատրոնում։

Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեի բեմադրությունների շարքում պետք է հատկապես առանձնացնել իր հայրենակից կոմպոզիտոր Սերգեյ Բալասանյանի «Շաքունթալան» 1963-ին, որտեղ Տանգիևա-Բիրզնիեցեն փորձել է դասական պարը միավորել հնդկական ազգային պարի հետ։ Նա մանրակրկիտ քննարկել է պարերի բեմադրությունը հնդիկ պարողների՝ համահնդկական պարերի դափնեկիրներ Մայա Ռաոյի և Շիվա Շանկարի հետ։ Այն ներկայացվել է ավելի քան 100 անգամ։ Ներկայացման հաջողությանը մեծապես նպաստել է գլխավոր հերոսուհու՝ Շաքունթալայի տպավորիչ պարային մեկնաբանությունը Լատվիայի վաստակավոր արտիստուհի Մարտա Բիլալովայի կողմից։ Ըտս երաժշտագետ Վինոգրադովի, Տանգիևան «վառ կերպով բացահայտել է Սերգեյ Բալասանյանի զգացմունքային համակարգը, հստակ ընդգծում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Բալետի բոլոր խորեոգրաֆիկ միջոցներն օգտագործված են տակտով և դրա հետ մեկտեղ դրանք բազմազան և ինքնատիպ են։ Սակայն դրա մեջ քիչ դեր չեն խաղում հնդկական ազգային պարարվեստի տարրերը։ Որոշ պարեր ամբողջությամբ փոխառված են ժողովրդական առօրյայից (թմբուկներով պարերը, պալատականների, աղջիկների պարերը) և այլն»։

Լատվիական պարի հմուտ գիտակ Տանգիևա-Բիրզնիեցեն տարիների ընթացքում Լատվիայի բալետի համար աճեցնելով շնորհալի պարող-պարողների մի ողջ սերունդ: Նրանցից են Լատվիայի անվանի պարուհիներ Ինարա Աբելեն, Աննա Պրիեդեն, Իրենա Ստրոդեն, Յանինա Պանկրատեն, Ինարա Գինտերեն և այլք: Տանգիևային աշակերտել են ոչ միայն պարողներ, այլև, օրինակ, կոնֆերանսյե, ասմունքի վարպետ, Ռիգայի ֆիլհարմոնիայի արտիստ Նիկոլայ Միտրոֆանովը, որը նրա հետ աշխատել է Ռիգայի օպերետի թատրոնում։

Սակայն Տանգիևա-Բիրզնիեցեի ամենանշանավոր աշակերտը աշխարհահռչակ Միխայիլ Բարիշնիկովն է։ Ռիգայում ծնված Բարիշնիկովի արտակարգ ունակությունները Ելենա Ալեքսանդրովնան նկատել է շատ կանուխ։ Բարիշնիկովը կարող էր մենապարող չլինել, քանի որ հասակը փոքր է եղել։ Սակայն Տանգիևան ասել է, որ նա պետք է ձգտի մի փոքր հասակ առնել։ Փոքրիկ Միշա Բարիշնիկովը հասակը երկարացնելու նպատակով որոշ շրջան ժամերով պառկել է գերանների վրա, մարզումների միջոցով նվաճել է այդ երեք-չորս սանտիմետրը, որը վճռական է դարձել նրա ապագայի համար։ Հետագայում Ելենա Տանգիևայի խորհրդով Միխայիլին ծնողները տարել են Պետերբուրգի պարարվեստի ուսումնարան և ցույց տվել իր ծանոթ մանկավարժ Ալեքսանդր Պուշկինին։ Վերջինս էլ քննություն է վերցրել Միշայից և ընդունել ուսումնարան՝ վերցնելով նրան իր իսկ դասարանը։ Բարիշնիկովի աշակերտության տարիներին Տանգիևա-Բիրզնիեցեի ջանքերով Ռիգայի պարարվեստի ուսումնարանում բեմադրվել են երեխաների մասնակցությամբ ներկայացումներ, իսկ նա փոքրիկ Միշային մանկական դերեր է վստահել իր «Շաքունթալա» և «Տերտերն ու իր Բալդի ծառան» ներկայացումներում։ «Մարդուկ-Ջարդուկի» ներկայացման մեջ մի միզանսցենում Միշա Բարիշնիկովը իր կողմից ինչ-որ բան է ավելացրել։ Տանգիևա-Բիրզնիեցեն հարցրել է, թե ո՞վ է նրան ասել՝ այդպես պարել։ «Ինձ թվում է, որ այդպես է պետք ըստ սյուժեի»,– պատասխանել է փոքրիկ Միշան։ «Ախ այդպե՞ս», ասել է բալետմայստերը, բացել պայուսակը և մի շոկոլադ տվել դեռատի պարողին։ Դա ապագա մեծ պարողի առաջին մրցանակն էր, որը նա միշտ հիշել է. «Հենց Տանգիևան ինձ ասաց՝ եթե աճես, ապա մենապարող կդառնաս,– տարիներ անց պատմել է Բարիշնիկովը։ –Նա հույս չուներ, սակայն շատ էր ցանկանում.... Նա ամեն ինչ տեսնում էր։ Նկատում էր, երբ ինձ մոտ ինչ-որ բան ստացվում էր։ Օրինակ, ես լավ պարեցի «Մարդուկ-Ջարդուկում» և նա ինձ ետնաբեմում շոկոլադ տվեց... Ես յոթերորդ երկնքում էի։ Իսկ ես երբ Լենինգրադ գնացի, նա եկավ տեսնելու իմ դասարանը։ Դպրոցում պարապմունքները վաղ էին սկսվում, ութ անց կես, մադաբոյ ձյուն էր գալիս, իսկ նա, միևնույն է, գալիս էր ուսումնարան։ Չգիտեմ ինչու հիշողությունս պահել է այդ ձյունաթմբերը։ Որովհետև, միգուցե, ձյունաթմբերը և կինը նրանց մեջ՝ գեղեցիկ, վեհանձն պատկեր է, այնպես չէ՞» ։ Մեկ այլ առիթով Բարիշնիկովը հիշել է, որ Տանգիևան շատ ուժեղ մարդ էր և հարթեցնում էր ուսումնարանում ազգամիջյան տարաձայնությունները։

Ի դեպ, մի առիթով Բարիշնիկովն ասել է. «Ինչը ինձ թատրոն բերեց, կարևոր չէ՝ դու հրեա ես թե ռուս, հայ ես թե լատվիացի, հանկարծակի լուսավորվեց բեմի լույսով և պարի մի գեղեցիկ պատկերով։ Թվում է, այս խոսքի մեջ հայի հիշատակումը կապված է իր ուսուցչուհու՝ Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեի հետ։

Արդեն 2006 թվականի դեկտեմբերին Ռիգայի օպերայի և բալետի թատրոնում կայացել է լատվիական բալետի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որը հղացվել է որպես դրվագներ անցյալի և ներկայի լատվիացի բալետմայստերների բեմադրություններից, ինչպիսիք էին Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեն, Ալեքսանդր Լեմբերգը, Լիտա Բեյրիսը, Ալլա Սիգալովան և այլք։ Տանգիևայից ցուցադրվել է նրա բեմականացրած «Մելամաղձոտ վալսը»։ Իսկ 2007 թվականի ապրիլին Ռիգայում հանդիսավորապես նշվել է այսօր արդեն լեգենդների շարքն անցած Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեի ծննդյան 100-ամյակը, այդ առթիվ Լատվիական Ազգային օպերայի և բալետը և Ազգային օպերայի նվագախումբը կատարել են Մորիս Ռավելի «Բոլերոն» (նվագավար՝ Մարտինշ Օզոլինշ), ինչպես նաև դրվագներ Տանգիևա-Բիրզնիեցեի բեմականացրած բալետներից։ Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեի մեդալին են արժանացել բալետի պարուհիներ Ինեսե Դումպեն և Աուսմե Դրագոնեն։ Պարուհու ծննդյան 100-ամյակի առթիվ Ռոբերտս Ռուբինսը և սցենարիստ Քրիստա Վեվերեն կյանքի են կոչել նաև նրա մասին «Տանգիևա, բրավո» վավերագրական կինոնկարը։ Այն չափազանց խանդավառել է բոլոր մասնակիցներին և սկիզբ է դրվել լատվիական բալետի պատմությունը ներկայացնող մի փաստագրական կինոշարքի։ Կինոնկարին որին հետևել է Տանգիևա-Բիրզնիեցեի վերաբերյալ մի լուսանկարչական ալբոմ, որտեղ ներկայացված են լուսանկարներ նրա մանկությունից, բեմում կերտած կերպարները, գեղարվեստական դիմանկարներ, ընտանեկան լուսանկարներ... Վերոհիշյալ սցենարիստ Քրիստա Վեվերեն, պարզ է, երբեք չի հանդիպել իր հերոսուհուն, սակայն ուսումնասիրած նյութերից, կինոխրոնիկայից, ժամանակակիցների հուշերից կարողացել է կերտել լատվիական բալետի մեծ տիկնոջ դիմանկարը։ «Նա իսկապես մեծ տիկին է եղել։ Մինչև ուղնուծուծն արիստոկրատուհի։ Նրա համար չեն եղել մանրուքներ ո՛չ արվեստում, ո՛չ կյանքում. ամեն ինչ պետք է լիներ իդեալական։ Հավանաբար, հեշտ չի եղել աշխատել նման երկաթյա կնոջ ղեկավարության ներքո։ Նայեք, թե ինչպես են վառվում նրա աչքերը յուրաքանչյուր լուսանկարում։ Դուք շա՞տ եք տեսել նման աչքերով կանանց»։

«Այլոց հոբելյաններն ամենահետաքրքրական բանը չեն, որ մեզ զբաղեցնում են կյանքում։ Բալետի աշխարհից բացի ուրիշ էլ ո՞վ է այսօր հիշում Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեին։ Ի՞նչը կարող է վաղը օպերայում կայանալիք գալա-համերգում գրավել հասարակությանը՝ լատվիացի լավագույն պարողների մասնակցությունից բացի։ Ուրիշ ո՞ւմ մտքով կանցներ Տանգիևայի 100-ամյակի առթիվ վավերագրական ֆիլմ նկարահանել և նրա պատվին հրատարակել լուսանկարների ալբոմ, եթե ոչ մի խումբ խանդավառների և խորեոգրաֆների ու բալետի արտիստների։ Այս բոլոր հարցերը պատճառաբանված են։ Բայց հենց սկսում ես կարդալ այս տիկնոջ կենսագրությունը, հենց նայում ես նրա լուսանկարներին՝ հոգիդ լցվում է։ ....Այդպիսի աչքերով կանայք պատմության մեջ են անցնում։ Նրանց մասին գրքեր են գրում և ֆիլմ են նկարում, «բրավո» են գոյում, իսկ նրանց 100-ամյա տարեդարձն իրադարձություն է դառնում։ Նույնիսկ բոլոորվին օտար մարդկանց համար»,– գրել է լրագրող Մարիա Նասարդինովան «Բիզնես ի Բալտիա» հանդեսում «Տանգիևա, բրավո» ներկայացման նախօրեում հրատարակած իր հոդվածը։ Իսկ Վիլանդես 4 հասցեում, որտեղ բնակվել է նշանավոր պարուհին, զետեղվել է նրա անունով հուշատախտակ, որը Ռիգայի բնակիչներին և անցորդներին մշտապես կհիշեցնի Լատվիայի բալետի պատմության այդ նշանավոր գործչուհուն՝ Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեն...

Տեղին է նշել, որ հայազգի Տանգիևա-Բիրզնիեցեն իր կյանքի մեծ մասը գործել է Ռիգայում և նպաստել լատվիական բալետի զարգացմանը, իսկ ռիգացի բալետմայստեր Եվգենի Չանգան յոթ տարի շարունակ՝ 1961–1967 թթ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը և մեր բալետի զարգացումը մեծապես խթանել նաև հայկական բալետների բեմադրություններով...

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1763
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott