artsvi.bakhchinyan
Logo

«ԱՐԵՎԵԼՔԻ ԶԱՎԱԿ, ԿՐԱԿՈՏ ԽԱՌՆՎԱԾՔՈՎ ՀԱՅՈՒՀԻՆ…» Մայերլինգի ողբերգությունը և նրա հայազգի հերոսուհին

Article image 1889-ի հունվարի 30-ին Վիեննական անտառում տեղի ունեցած ողբերգական պատահարը, որ հայտնի է Մայերլինգի ողբերգություն անվամբ, մարդկության պատմության ամենադրամատիկական դեպքերից է: Մայերլինգ գյուղաքաղաքի որսորդական տնակում հրազենից սպանված վիճակում գտնվել են նորին կայսերական և արքայական մեծություն, Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ իշխան արքիդուքս Ռուդոլֆ Հաբսբուրգը (1858–1889) և նրա սիրուհին՝ երիտասարդ բարոնուհի Մարի Վեցերան (1871–1889): Երկու օր անց Մայերլինգ են եկել երեք հայ՝ երկու տղամարդ և մի կին, որոնք վերցրել են սպանված գեղեցկուհու մարմինը և տարել, հանձնել հողին:

Ի՞նչ գործ ունեին երեք հայերը Վիեննական անտառում, այդ մթին ողբերգության վայրում, ո՞վ էր հանգուցյալ աղջկա վրա արտասվող հայուհին…

Նա սպանված բարոնուհու մայրն էր՝ Հելեն Վեցերան, ծնյալ Հեղինե Բալթաջի, որն իր եղբայրների հետ եկել էր տանելու տասնութամյա աղջկա դին…

Այս «ճակատագրական կնոջ»՝ Մարիի հայկական ծագման մասին պահպանվել են երկու կարգի վկայություններ: Համաձայն մի աղբյուրի՝ նա եղել է 19-րդ դարի կեսին Կեսարիայից Հունգարիա տեղափոխված Ալիքսան Բալթաջիի (Պալթաճի) դուստրը: Մեկ այլ աղբյուր, առավել վստահելի, հավաստիացնում է, որ նա այդ Բալթաջիի թոռնուհին էր: Այդ ընտանիքը (որին սկզբնապես սխալմամբ հունական ծագում է վերագրվել) 19-րդ դարի առաջին կեսին Կոստանդնուպոլսում հայտնի է եղել որպես տոհմիկ ձիաբույծների ընտանիք, թեև թուրքերեն «բալթաջի» նշանակում է տապարակիր (բալթաջիները սուլթանի թիկնապահ զորքի մի տեսակ էին): (Եվրոպական տառադարձությամբ Բալթաջին դարձել է Բալթազի, այս պատճառով սփյուռքահայ լրագրողներից մեկը սխալմամբ ենթադրել է, որ նրանց նախնական ազգանունը եղել է Բալսարյան): Բալթաջի ընտանիքը բարեկամական կապեր է ունեցել Օսմանյան կայսրությունում Ավստրիայի դեսպանատան հետ: Ահա այս ընտանիքի աղջիկներից Հեղինեն 1860-ական թվականների վերջին ամուսնացել է Պոլսի ավստրիական դեսպանատան թարգման բարոն Ալբին Վեցերայի հետ: Տեղափոխվելով Վիեննա՝ բարոնուհի Հելեն Վեցերան դարձել է Ավստրիայի մայրաքաղաքի վերնախավի ծանոթ դեմքերից մեկը: Նրա տան դուռը միշտ բաց է եղել հյուրերի առջև, և անգամ այրիանալուց հետո բարոնուհին շարունակել է ջերմ ընդունելություններ կազմակերպել ազնվական շրջանների համար: Թեև շատերն են ընդունել բարոնուհու հյուրասիրությունը, սակայն քչերն են փոխադարձել: Պատճառը, թերևս, նրա օտարազգի և ոչ ազնվատոհմիկ լինելն էր: Հելեն Վեցերան ապրել է մինչև խոր ծերություն և վախճանվել 1925 թվականին: Հուշագիրները նրան ներկայացրել են որպես «փոքրամարմին և արևելյան տիպի մի հայուհի»:

Նա մեծ ազդեցություն է ունեցել դստեր՝ Մարիի ձևավորման վրա, և ամեն կերպ խրախուսել է դստեր սիրային կապն արքիդուքս Ռուդոլֆի՝ Ֆրանց Յոզեֆ կայսեր և Էլիզաբեթ կայսրուհու միակ որդու, Ավստրո-Հունգարիայի գահի բացահայտ ժառանգի և Հաբսբուրգների անկում ապրած հարստության վերջին շառավղի հետ: Ճիշտ է, 31-ամյա թագաժառանգ իշխանը հայտնի էր իր ծանր նկարագրով (նա տառապում էր մոլագարության հասնող ընկճախտով), սակայն փառասեր բարոնուհին հույս էր փայփայում, որ Ռուդոլֆն, ի վերջո, կամուսնալուծվի և կամուսնանա իր փոքրիկ Մարիի հետ, և այդպիսով հայ ձիաբույծ Բալթաջիի չքնաղ շառավղուհին մի գեղեցիկ օր կբազմի Ավստրո-Հունգարիայի գահին: Իսկ Մարի Վեցերան, իրոք, հազվագյուտ գեղեցկուհի էր: Նրա վաղ զարգացած ցանկահարույց մարմինը, թրթռուն շուրթերը, փոքրիկ, հանդուգն, կճատ քիթը, վճիտ աչքերի տամուկ փայլը, որ ուժգնորեն զգայունության շեշտ էր տալիս ողջ արտաքինին, բառացիորեն խելքահան էին անում տղամարդկանց: Ժառանգած լինելով նախնիների արևելյան թովչությունը՝ Մարի Վեցերան տարաշխարհիկ մի զարդ էր Վիեննայի հասարակության մեջ: Բարձրաստիճան մի քանի սպաներ խնդրել էին նրա ձեռքը, բայց ֆրաու Հելենը մերժել էր բոլորին: Այդ թեկնածուների մեջ, անշուշտ, կային շատ ավելի արժանավորներ, քան դժբախտ, մելամաղձոտ Ռուդոլֆը: Նա ո՛չ գեղեցկատես էր, ո՛չ էլ առանձնապես փայլում էր խելքով, և ասում էին, որ անկողնում էլ բնավ կանանց երազանքը չէր: Ռուդոլֆը թրծված էր նույն կավից, ինչ իր բավարացի զարմիկը՝ Լեոպոլդ Բ խենթ թագավորը, որն ինքնասպան եղավ իր բժշկի հետ 1885 թվականին: Անձնական կյանքի դժբախտությունը Ռուդոլֆը փորձում էր մեղմել դեռատի Մարի Վեցերայի գրկում, թեև ո՛չ հայրը՝ Ֆրանց Յոզեֆ կայսրը, ոչ առավելապես կինը՝ Բելգիայի Լեոպոլդ Բ թագավորի դուստր Ստեֆանիան, հաշտ աչքով չէին նայում այդ կապին: Վիեննայի պետական մատենադարանում պահվող մի փաստաթղթում նշված է, որ Ստեֆանին «ոխակալ և աններող ատելությամբ հետապնդում էր, ատում էր այդ Արևելքի զավակ, կրակոտ խառնվածքով հայուհուն»: Ստեֆանին իր հուշերում Մարի Վեցերային հիշել է որպես «գնչուհու նման մի հայուհու», որը շատ է սիրել Ռուդոլֆին, մինչդեռ այդ սերն իբր փոխադարձ չի եղել:

Սկզբում ենթադրվում էր, որ փոքրիկ Մարին ակնհայտ կերպով ընկել է Ռուդոլֆի մոլագար խաղի մեջ, երբ բոլորից գաղտնի, 1889-ի երեքշաբթի օրը, հունվարի 29-ին, այցելել է սիրեկանին Մայերլինգում: Սակայն երբ ի հայտ են եկել Ռուդոլֆի նամակները, պարզվել է, որ Մարին նրանից հղի է եղել: Արքայազնը չի ուզել հետևել արքունիքում գործադրվող այն օրենքին, ըստ որի ապահովագրվում է իշխանների ապօրինի զավակների և նրանց մայրերի ապագան: Նա Մարիի մոտ հաճախ է խոսել ինքնասպան լինելու ցանկության մասին, որը նրա մոտ վերածվել է սևեռուն գաղափարի: Շուտով Մարին, խորապես ազդված սիրեկանի մտասևեռումից, նույնպես ցանկություն է հայտնել մեռնել, սակայն՝ Ռուդոլֆի ձեռքով, քանի որ միայն մահը կարող է վերջնականապես միացնել նրանց: Դեռատի բարոնուհին նրան է նվիրել մի մոխրաման, որի վրա գրված է եղել «Ատրճանակը նախընտրելի է թույնից, այն ավելի վստահելի է»: Ռուդոլֆը նախօրոք իմացել է, որ Մարին պիտի գա Մայերլինգ և իրենք երկուսով պիտի մեռնեն, ուստի մի քանի հրաժեշտի նամակ է գրել: «Խաղաղորեն գնում եմ դեպի մահ, որը միակն է, որ կարող է փրկել անունս ու պատիվս»: Մյուս նամակում նշել է. «Գեթ ջենթլմենի պես պիտի մեկնեմ այս աշխարհից»:

…Ճակատագրական երեքշաբթի օրը Մայերլինգում գտնվող Ռուդոլֆի երկու ընկերները չեն իմացել Մարիի գալու մասին: Հաջորդ օրն առավոտյան իշխանը չի իջել ճաշի և ոչ մի շարժում չի լսվել նրա սենյակում: Դուռը ջարդելուց հետո արքայազնի ընկերների աչքի առջև պարզվել է մի ողբերգական տեսարան: Մարի Վեցերան ամբողջովին մերկ, արնաշաղախ ընկած է եղել հատակին: Ականատեսները վկայել են, որ Ռուդոլֆը կրակել էր նրա գլխին, այնուհետև մի քանի ժամ անց համարձակություն գտել ինքնասպան լինել՝ ցրիվ տալով ուղեղը: Սակայն եղել են այլ տարբերակներ ևս: Ռուդոլֆի սպասավոր Յոհան Լոսշեքը պատմել է, որ առավոտյան ժամը 10-ի կողմերը իշխանը ննջասենյակից դուրս է եկել, հրամայել է, որ պատրաստեն Վիեննա մեկնող կառքը: Սենեկապանուհին, երբ կառապանին լուր տալու համար պատրաստվել է դուրս գալ, իշխանի ննջարանից հրազենի ձայներ է լսել: Իշխանի դիակը կիսով չափ անկողնուց վար է ընկել, իսկ Մարիի գլուխը բարձերի տակ էր թաղված: Անկողինը և պատերը ծածկված են եղել արյան հետքերով:

Ինչևէ, սպանությունից երկու օր անց վշտահար Հելեն Վեցերան եղբայրների հետ ժամանել է Մայերլինգ, վերցրել են Մարիի մերկ մարմինը, որի վրա մորթե մուշտակ է գցված եղել, և գաղտնի ծեսով թաղել են մոտակա գերեզմանատանը, Հեյլինգենքրյոց (Սուրբ Խաչ) եկեղեցու մոտ:

Թագավորական դատարանը սկզբում փորձել է ողբերգության ողջ մեղքը բարդել Մարիի վրա, և Վիեննայի հասարակությունն արտաքսել է Վեցերաներին: Հաբսբուրգների համար սա մեծ գայթակղություն էր, քանի որ իշխանն ամուսնացած էր, ուներ դուստր (իշխանուհի Էլիզաբեթ, ծնված 1883-ին) և ասեկոսեներից խուսափելու համար հայտարարվել է, թե իբր «Իշխան Ռուդոլֆը մահացավ սրտի կաթվածից»: Սակայն ճշմարտությունը դժվար էր թաքցնել: Շուտով հայտնի է դարձել Ռուդոլֆի ինքնասպանության սևեռուն գաղափարը, և մարդիկ իրենց համակրանքը դարձրել են դեպի Մարին, որին ի վերջո դարձրին ռոմանտիկ հերոսուհի: Վեցերաները դարձյալ Վիեննա վերադարձան: Սակայն դժբախտ բարոնուհի Հելեն Վեցերան մինչև կյանքի վերջը շշուկներ է լսել դստեր հասցեին՝ որպես արկածախնդրուհու…

Ռուդոլֆի և Մարիի արգելված սերը և խորհրդավոր մահը տասնամյակներ շարունակ նյութ են ապահովել աշխարհի մամուլին: 1935-ին, 46 տարի լուռ մնալուց հետո, Ռուդոլֆի կինը՝ Ստեֆանին, լույս է ընծայել իր հուշերը և պատմել իր ամուսնու՝ Ավստրիայի արքիդուքսի եղերական մահվան մասին: Նա գրել է, թե արքիդուքսն իբր ջղային տկարություն է ունեցել և ցանկացել է մեռնել. չուզենալով մենակ ինքնասպան լինել՝ իր հետ տարել է Մարի Վեցերային՝ օգտվելով վերջինիս մոլեգին սիրուց: Նա նշել է, որ արքիդուքսը նույնիսկ նախապես սպառնացել է սպանել իրեն՝ Ստեֆանիին[1]:

Մինչև օրս Վիեննական անտառում կանգուն է որսորդական կացարանը, իսկ Հեյլինգենքրյուզ եկեղեցու բակում՝ հմայիչ բարոնուհի Մարի Վեցերայի գերեզմանը[2]:

Ֆրանսիացի գրող Կլոդ Անեն այդ ողբերգության թեմայով գրել է «Մայերլինգ» վեպը, որը մի քանի անգամ նկարահանվել է: Մարի Վեցերայի դերը կատարել են ֆրանսիացի հռչակավոր դերասանուհիներ Դանիել Դարիեն (1936), Դոմինիկ Բլանշը (1948) և Կատրին Դընյովը (1969):

Քանի որ Մայերլինգի ողբերգության խորհուրդը մինչ օրս մնում է չբացահայտված, մարդիկ շարունակում են նորանոր վարկածներ առաջադրել: Այս ողբերգական ռոմանտիկ պատմությունը հետագա տասնամյակներում մոռացվել է՝ մի քանի պրոզայիկ բացահայտումների պատճառով: Մայերլինգի ողբերգության վերաբերյալ առաջադրվել են նաև քաղաքական նկատառումներով սպանության վարկածներ: Երբ Առաջին Աշխարհամարտից հետո իր գահը լքած Հաբսբուրգ ազնվական ընտանիքի ամենաավագ անձը և Ավստրո-Հունգարիայի վերջին թագուհի Զիտան հաստատվել է Շվեյցարիայում, տեղի «Քրոնեն ցայթունգ» օրաթերթին հայտնել է հետևյալը. «Իշխան Ռուդոլֆը ոճիրի զոհ գնաց: Սա իրականություն է, և թագավորական ավագանին քաջ գիտեր այդ: Սակայն մոտ ժամանակ այս ոճրի մասին բոլոր իմացածս պիտի հրապարակեմ, և բովանդակ աշխարհը պիտի իմանա, թե ովքեր սպանեցին իշխան Ռուդոլֆին և նրա սիրուհուն»: Զիտան համոզված է եղել, որ Ռուդոլֆը զոհ է գնացել միջազգային քաղաքական ծրագրի, որ հղացել է Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն: Նա չէր կարծում, թե առջևում խոստումնալից կյանք ունեցող Ռուդոլֆն ինքնասպան կլիներ և պնդում էր, որ Կլեմանսոն ցանկացել է ասպարեզից հանել Ֆրանց-Յոզեֆին և նրա փոխարեն գահ բարձրացնել գերմանատյաց Ռուդոլֆին: Այդպիսով Ավստրիան վերջ կտար իր հավատարմությանը Գերմանիային և դաշինք կկազմեր Ֆրանսիայի հետ: Զիտան համոզված էր, որ Ռուդոլֆը մերժել է մասնակցել այդ ծրագրին, որի համար վճարվել է իր կյանքով:

Մարի Վեցերայի ուրվականը անհանգստացնում էր սերունդներին, և ճակատագիրը կարծես նրան հանգիստ չի տվել մահից հետո նույնպես: Մայերլինգի սպանությունից ավելի քան կես դար անց, 1946 թվականին, Վիեննա մտած խորհրդային զորքերը ոսկեղեն գտնելու հույսով պղծել են Մարիի գերեզմանը: Այդ սրբապղծությունը բացահայտվել է միայն 1955-ին, երբ Կարմիր բանակը հեռացել է Ավստրիայից: 1959-ին գերեզմանային պահպանումների մասնագետը մի բժշկի և Վեցերա ընտանիքի անդամի հետ միասին ուսումնասիրել են Մարիի աճյունը: Նրանք բոլորն էլ ցնցվել են՝ հայտնաբերելով, որ երիտասարդ աղջկա մարմնի մնացորդների վրա հրազենից մահվան ոչ մի նշան չկա: Այս փաստը հաստատել է այն պնդումը, որ Մարին չի սպանվել Ռուդոլֆի կողմից, այլ վերացվել է՝ որպես քաղաքական սպանության ակամա վկա: Մյուս կողմից Ռուդոլֆի մարմինը քննարկած մասնագետները գտել են, որ նա երկար ժամանակ պայքարել է, մահից առաջ հավանաբար կռվել մարդասպանի հետ:

1992 թվականին, Ծննդյան տոներից ճիշտ առաջ, հայտնաբերվել է, որ Հեյլինգենքրյոցի գերեզմանոցից խորհրդավոր պայմաններում անհետացել է Մարի Վեցերայի աճյունը: Տեղական ոստիկանությունը շուտով հայտնաբերել է դագաղը և աճյունը, և Վիեննայի բժշկական ինստիտուտը քննել ու հաստատել է, որ այն իսկապես պատկանում է Մարի Վեցերային: Եվ դարձյալ հաստատվել է, որ երիտասարդ աղջկա գանգի վրա փամփուշտի ոչ մի հետք չի եղել: Գանգատուփը բնավ վնասված չի եղել կասկածյալ փամփուշտներից, որոնցով իբր Ռուդոլֆը սպանել էր իր սիրուհուն[3]:

Ոմանք, անշուշտ, իրավունք ունեն պնդելու, որ հավանաբար այլ կերպ կընթանար Եվրոպայի պատմությունը, եթե չլիներ Մայերլինգի ողբերգությունը և Ավստրո-Հունգարիայի գահ բարձրանար Ռուդոլֆ Հաբսբուրգը: Իսկ միգուցե հայ ժողովրդի պատմությունը նույնպես փոքր-ինչ այլ կլիներ, եթե նրա հետ միասին Հաբսբուրգների գահին բազմեր ոչ թե Ստեֆանին, այլ Մարի Վեցերան, որ թերևս փորձեր փոքր-ինչ փոխել մեծ տերությունների անտարբեր վերաբերմունքը քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև բնաջնջվող իր ժողովրդի ճակատագրի հանդեպ…

Zoom Image

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] Տես «Արազ» թերթ, 24.11.1935:

[2] Ականավոր հասարակական գործիչ, իշխանուհի, Մարիամ Թումանյանը, լինելով Վիեննայում, հետագայում իր ինքնակենսագրության մեջ գրել է. «Կայսեր պալատը չհաջողվեց մանրամասն տեսնել, որովհետև շատ էինք հոգնել: Ամենահետաքրքիրը ինձ համար թագաժառանգ Ռուդոլֆի սենյակներն էին, որտեղ նա ինքնասպանություն էր գործել Մարիա Վեցերայի հետ (այստեղ հեղինակը սխալվում է – Ա. Բ.), բայց այդ սենյակները փակ էին, և մուտքը այնտեղ արգելված էր: Պատմում են, որ Ֆրանց Իոսիֆը հաճախ գալիս էր այդ պալատը, մտնում էր իր դժբախտ որդու սենյակները ու ժամերով կողպվում էր այնտեղ: Առհասարակ դժբախտ մարդ էր Ֆրանց Իոսիֆը: Նրա կինը սպանվել էր Շվեյցարիայում անարխիստի ձեռքով, որդին՝ Ռուդոլֆը, ինքնասպանություն էր գործել, իսկ ինքը շատ երկար ապրեց, համարյա 90 տարի» (Մարիամ Թումանյան, Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները, Երևան, 2003, էջ 274):

[3] Այս պատմությունը փոքր-ինչ հիշեցնում է տասնամյակներ անց Լոնդոնում կատարված մեկ այլ դժբախտ հայուհու՝ Սվետլանա Մամուլյանի կյանքի պատմությունը: Նշանավոր բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի գեղեցկուհի քույրը հավանաբար մոր դրդմամբ ամուսնացել է մի շոթլանդացու հետ, սակայն շատ դժբախտ կյանք է ունեցել, վեց տարի անց ապահարզան է պահանջել, սակայն ամուսինը մեքենայի մեջ սպանել է կնոջը, ապա ինքնասպան է եղել: Եվ ինչպես Մարի Վեցերայի պարագայում, լոնդոնյան հասարակությունը փորձել է կատարված ողբերգության մեղքի մի բաժինն էլ բարդել օտարազգի զոհի վրա…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1581
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott