artsvi.bakhchinyan
Logo

ԲՆԱՏՈՒՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ - Լեւ Կարախան

Article image Խորհրդային դիվանագիտության ամենախոշոր դեմքերից է մեր հայրենակից Լև Միխայիլի Կարախանը (Լևոն Միքայելի Կարախանյան, 1889–1937), որը եղել է Ռուսաստանի Խորհրդային դաշնության շահերի նվիրյալ պաշտպանը հատկապես Արևելքի երկրներում՝ ժամանակին մեծ համբավ ունեցող և ապա հանիրավի մոռացված մի անուն…

Նրա աստանդական կյանքը սկիզբ է առել տակավին վաղ տարիներին։ Տակավին երեխա է եղել, երբ ընտանիքը Թիֆլիսից տեղափոխվել է Հեռավոր Արևելք՝ Վլադիվոստոկ և Խարբին: Այդ քաղաքներում էլ պատանի Լեւոնը ներգրավվել է սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների մեջ, աշխատակցել տեղի ձախակողմյան մամուլին: 15 տարեկանում նա մտել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկտրատական բանվորական կուսակցության շարքերը։ 1910-ին ձերբակալվել է Խարբինում, սակայն մոտն ապացույցներ չգտնելով՝ չինական ոստիկանությունը շուտով ազատ է արձակել նրան: Հետագայում Կարախանը գործուն մասնակցություն է ունեցել Սիբիրում ցարական իշխանության տապալման գործում: Ավարտել Պետրոգրադի համալսարանը՝ իրավաբանի մասնագիտությամբ։ 1917-ին Կարախանը եղել է Պետրոգրադի խորհրդի քարտուղարը, որը ղեկավարել է Լև Տրոցկին, այնուհետև նշանակվել նույն խորհրդի ռազմա-հեղափոխական կոմիտեի քարտուղար։ Իշխանությունը բոլշևիկների գրավումից հետո հեղափոխական Կարախանն իր համար իսկ անսպասելի կերպով դարձել է դիվանագիտական գործիչ՝ դառնալով ԽՍՀՄ արտասահմանյան գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինի տեղակալը։ 1920-ին Չիչերինը Լենինին գրած նամակում դրվատել է Կարախանի ձիրքերը, նշել նրա «գործերի մեջ արագ և հեշտ կողմնորոշվելու հիանալի կարողության» մասին։ Ամեն անգամ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինի բացակայության ընթացքում վարել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։

Կարախանը եղել է առաջին խորհրդային ներկայացուցիչը Լեհաստանում։ Սակայն նա մասնավորապես զբաղվել է Ծայրագույն Արևելքի գործերով: Երբ Մոսկվան 1918-ին որոշել է վստահելի, փորձառու, կորովի և միաժամանակ կարող մի ներկայացուցիչ ունենալ Չինաստանում, ողջ ԽՍՀՄ-ում անկարելի է եղել գտնել Կարախանից լավագույնը: 1919 թվականին Կարախանն է ստորագրել ՌՍՖՍՀ կառավարության դիմումը՝ ուղղված չին ժողովրդին և Հարավային ու Հյուսիսային Չինաստանի կառավարություններին: Այն չինական մամուլում հրատարակվել է 1920-ի ապրիլին: 1923-ին Կարախանն ուղարկվել է Չինաստան։ Կարախանի նշանակման առթիվ դաշնակցական մամուլը գրել է. «Մենք կþուզէինք, որ հայ դեսպան մը ներկայացնէր միայն Հայաստանը՝ Չինաստանի մէջ եւ իր առաջին դեսպանական ճառին մէջ յիշատակէր Մամիկոնեանները, որոնք Չինացի էին եւ պարիսպներէն դուրս փախելով, եկեր ապաստաներ էին Հայաստան: Հայ դեսպանը պիտի ըսէր Չինացիներուն, թէ հին հայերը նկատած են զիրենք «Աշխարհի ամենախաղաղասէր ժողովուրդ», այդ պատճառով մեծ յարգ ու պատիւ տուած են Մամիկոնեաններուն…. Չինացիք, ուրեմն, յանձին Մամիկոնէից, մեծ ծառայութիւն մատուցին Հայաստանի զինուորական գետնի վրայ, թո՛ղ Գարախանն ալ փոքր ծառայութեամբ մը փոխադարձած լինի պատմութեան մեր պարտքը յանդէպ «Ճենաց աշխարհին» քաղաքական գետնի վրայ» («Հայրենիք», 5.08.1924):

Zoom Image

Նա երեք տարի բնակվել է Պեկինում, կնոջ՝ Վերայի և զավակների՝ Յուրիի և Վերայի հետ (ունեցել է նաև մեկ այլ դուստր՝ Իրինա)։ Չինաստանում Կարախանն ակտիվորեն բանակցել է կառավարության հետ, աչքի ընկնող դեր կատարել չին-խորհրդային միջպետական բարենպաստ հարաբերությունների զարգացման գործում: Պետք է հաշվի առնել, որ Չինաստանի կառավարությունը հրաժարվել է պաշտոնապես ճանաչել ԽՍՀՄ-ը, բայց այնուամենայնիվ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նրա հետ։ Պեկինում Կարախանը պաշտոնավարել է երկրի համար դժվարին ժամանակներում, երբ Չինաստանում իրենց ազդեցություն էին փորձել հաստատել Անգլիան, Ռուսաստանը և Ճապոնիան: Կարախանին հաջողվել է տարածել համայնավարական գաղափարներ և առաջ բերել հակաեվրոպական շարժում: Նա կարողացել է շահել չինացի հեղափոխականների, հատկապես Սուն Յաթ-սենի հիմնած «Կուո-Մին-Տանգ» կես-ազգայնական, կես-համայնավարական կուսակցության անմիջական գործակցությունը: Պեկինին կատարած նրա մի շարք առաջարկները պատմության մեջ մտել են «կարախանյան դեկլարացիա» անունով: Չինական և Չինաստանի ռուսալեզու մամուլը գրեթե ամեն օր անդրադարձել է Կարախանին, այդ ժամանակաշրջանի մամուլը եղել է «կարախանյան», լույս են տեսել բազմաթիվ հարցազրույցներ, նրա մասին գրվել հոդվածներ, ժամանակագրություններ, անգամ՝ ֆելիետոններ: Երբ 1925-ին չինացիները խռովություններ են բարձրացրել ընդդեմ Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի, անգլիական մամուլը Կարախանին է մեղադրել դրանց հրահրման մեջ և սրել է երկու տարի ընթացող արշավը Կարախանի դեմ՝ երբեմն հիշելով նրա հայ ծագումը (օրինակ, «Մորնինգ փոսթ» օրաթերթը Կարախանի մասին արտահայտվել է, ցավոք, որպես «գռեհիկ և ինտրիգան հայի»): Նրան հորջորջել են նաև «հայկական աղվես» և բնորոշել որպես «Ասիայում բրիտանական հետաքրքրությունների գլխավոր թշնամին»: 1926-ին իտալական «Պոպոլո դþիտալիանո» թերթի թղթակիցը նրա մասին գրել է, որ Կարախանին ճանաչողները նրան համարում են արտակարգ հանճարի տեր մեկը, Եվրոպայի ուխտյալ թշնամին, մի բնատուր դիվանագետ, նրբամիտ ինտրիգների մեջ թրծված և անողոք: Այդ հատկությունների պատճառով Կարախանի՝ Չինաստանի բոլշևիկյան գործունեությունը կրել է ծայրահեղ պայքարի բնույթ: Պեկինում նրա ազդեցությունը հակակշռող ոչ մի ուժ չի եղել: Կարախանի հեղինակությունը մեծ է եղել Պեկինում գործող օտարերկրյա դիվանագիտական շրջաններում, նա ազատ մուտք է ունեցել Չինաստանի նախագահի մոտ, միջամտել երկրի ներքին գործերին և իր վետոն է դրել նախարարների և կառավարիչների գործերում։ 1926-ին վերադարձել է Մոսկվա, ղեկավարել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հեռավոր Արևելքի գործերի վարչությունը, ինչպես նաև դարձյալ աշխատել որպես արտասահմանյան գործերի ժողկոմի (Լիտվինովի) տեղակալ:

1933-ին Կարախանը հրաժարվել է իր պաշտոնից, որի պատճառը, ենթադրվում է, եղել է նրա բուռն ընդդիմությունը Չինական արևելյան երկաթուղու վաճառքի: Այնուհետև Կարախանը նշանակվել է ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում: 1935-ին հանդիպել է Մուստաֆա Քեմալի հետ։ Նա բացառիկ հեղինակություն է եղել ոչ միայն Չինաստանում և Թուրքիայում, այլև Մոնղոլիայում, Ճապոնիայում, Իրանում, Աֆղանստանում։

Կարախանը մշտապես հետաքրքրվել է Հայաստանով և իր հայրենակիցներով: Հայաստանի առաջին հանրապետության տարիներին բազմիցս ընդունել է Լևոն Շանթի և այլոց գլխավորած պատվիրակությունները՝ բանակցելով հայկական հողերի հետ կապված հարցերի շուրջ։ Հայտնի է, որ Լենինը հատուկ պատվիրակներ է ուղարկել Կարախանին, որպեսզի նրա միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանի մարմնին խնդրեին ընդունել իր առաջարկած 14 սահմանները և իրեն թողնեին մնացյալ հողերն ապահովելու հարցը։ Այս գործի առնչությամբ Երևան ուղարկած հեռագրերը, սակայն, մնացած են անպատասխան։ Բանակցությունների այսօրինակ ձախողումից հետո վշտացած Կարախանն ասել է. «Ահավասիկ կորցրինք այն հազվագյուտ առիթներից մեկը, որը չի կրկնվի ժողովուրդների պատմության մեջ»։ 1923-ին Կարախանը Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ զբաղվել է արտասահմանից հայ գաղթականներին ԽՍՀՄ տեղափոխելու գործով: Երբ 1925-ին Հեռավոր Արևելք այցելած հայ կաթողիկոսի ներկայացուցիչ Սուրեն ծայրագույն վարդապետ Մանուկյանը Պեկինում ներկայացել է խորհրդային դեսպանատուն, Կարախանը սիրալիր ընդունելություն է ցույց տվել նրան և ամեն կերպ դյուրացրել նրա վերադարձը դեպի Հայաստան: Չինաստանում ծնված Երվանդ Մարգարյանն իր անգլերեն հուշերում վկայել է, որ Կարախանը (որին նա անվանել է Ստալինի աջ ձեռքը) օգնել է իր աներոջը՝ Մամիկոն Քարտաշյանցին, Մոսկվայից Չինաստան տեղափոխել մի խումբ հայերի, հույների և հրեաների: 1935-ի հունիսի 14-ին Վենետիկում Կարախանը երկրորդ կնոջ՝ ռուս մեծանուն պարուհի Մարինա Սեմյոնովայի հետ այցելել է Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբաններին, հետաքրքրությամբ և գոհունակությամբ դիտել վանքի մատենադարանը, տպարանը, հյուրասիրվել է միաբանների կողմից:

Կարախանը եղել է չափազանց աշխատասեր, գրասեղանի մոտ ինքնամոռաց աշխատել մինչև ուշ գիշեր։ Նա տիրապետել է ութ արևելյան լեզվի, այդ թվում խոսել և գրել է չինարեն: Լիցքաթափվել է՝ արագընթաց մեքենա վարելով ամայի խճուղիներում։ Պրոֆեսիոնալ կերպով թենիս է խաղացել, ձի քշել։ Սիրել է պոեզիան, ունեցել դասական երաժշտության ձայնապնակների հարուստ հավաքածու։ Պաշտել է երեխաներին։ Ոչ մի անգամ չի կորցրել հումորի զգացումը, երբեք չի բարձրացրել ձայնը…

Արևելքի խնդիրների մեջ ամենամեծ հեղինակությունը համարվող այս խորհրդային ականավոր դիվանագետը 1937-ին հետ է կանչվել Մոսկվա և կայարանում իսկ ձերբակալվել ու դարձել ստալինյան անհատի պաշտամունքի զոհ՝ գնդակահարվելով 1937-ի դեկտեմբերի 19-ին: Այս տարի լրացավ Կարախանի այրիի՝ Մարինա Սեմյոնովայի ծննդյան 100-ամյակը, նախկին պարուհին դեռ ողջ է, մինչդեռ նրա ամուսինն անարդարացիորեն սպանվեց ավելի քան յոթանասուն տարի առաջ…

Թեև Կարախանը հետմահու լիովին արդարացվել է 1956-ին, տասնամյակներ շարունակ նրա անվան շուրջ լռություն է պահպանվել, նրա անունը չի հիշատակվել ռուսալեզու դասագրքերում, աշխատություններում, հանրագիտարաններում։

Zoom Image

Եվ չնայած Կարախանի մասին հրատարակված է հայերեն առանձին մենագրություն (Հ. Լիլոյանի «Սովետական ականավոր դիվանագետը», Երևան, 1978), սակայն այն գրվել է խորհրդային տարիներին, ուստիև՝ խիստ միակողմանի, այնպես որ այս երևելի քաղաքական դեմքի կյանքը և գործունեությունն արժանի են համակողմանի ուսումնասիրության:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2334
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott