artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Սենսեյ ՋԱՆՆԱ. Երազում եմ այն օրվա մասին, երբ երիտասարդությունը Հայաստանից չի հեռանա

Article image Բալետի հայ ուսուցչուհին՝ Ճապոնիայում
Ընկերներս հաճախ կատակում են, որ ինչ երկրում էլ ճամփորդեմ՝ պարտադիր գտնում եմ արվեստի իմ ամենասիրած տեսակների՝ կինոյի և պարարվեստի հայազգի որևէ գործչի… Բացառություն չեղավ նաև Ճապոնիան… Իմ գործընկեր, պատմաբան Տակայուկի Յոշիմուրայի հետ այցելեցինք Օկուբո թաղամասում գտնվող «Տոկիո բալետ» դպրոց՝ ծանոթանալու այնտեղ աշխատող մեր հայրենակցուհու հետ… Օկուբոն հին թաղամաս է, որտեղ շատ օտարերկրացիներ են ապրում և որտեղ չես զգում Ճապոնիայի գերժամանակակից շունչը… Նույնիսկ մեր այնտեղ եղած ժամանակ բջջային հեռախոսակապը կտրված էր… Բալետի դպրոցի եռահարկ փայտաշեն շենքում հանդիպեցինք տնօրենի հետ (նա, ի դեպ, անմիջական կապ չուներ բալետի հետ), ապա եկավ ուսուցչուհին՝ Եր բալետի թատրոնի երբեմնի մենապարուհի Ժաննա Մուրադյանը… Անգամ գաղափար չունենալով նրա մասնագիտության մասին՝ կեցվածքից, շարժուձևից, սանրվածքից, ողջ աուրայից կարելի էր ենթադրել, որ այդ նրբագեղ տիկինը կապ ունի պարարվեստի հետ… Ինձ զարմացրեց, որ տիկին Ժաննայի հայկական և սլավոնական դիմագծերին կարծես ավելացել էր նաև ճապոնականը. նա Ճապոնիայում աշխատում է արդեն հինգ տարի…
Մեր զրույցն սկսվեց բալետի դպրոցի փոքրիկ «ուսուցչանոցում», հետո դասի ժամը եկավ… Ավելի ուշ տիկին Ժաննան մեզ միացավ թայվանական ռեստորանում, որտեղ իմ ճապոնացի և հայ ընկերները հավաքվել էին հրաժեշտի ընթրիքի: Նստած հատակին (ոչ այնքան հարմարավետ)՝ մենք շարունակեցինք ընդհատված զրույցը…

— Հարգելի տիկին Ժաննա, գիտեմ, որ դուք արվեստագետների ընտանիքից եք…

— Ճիշտ է… Ծնվել եմ բալետի արտիստների ընտանիքում… Հայրս՝ Զարեհ Մուրադյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ և արվեստի վաստակավոր գործիչ էր, բալետի պարող և բալետմայստեր, մայրս՝ Մարիա Գրիգորևնա Սլիզչենկոն, բալետի պարուհի և մանկավարժ… Տանը մշտապես խոսում էինք արվեստից… Մեր տանը հյուրընկալվել են ռուսական բալետի ականավոր գործիչները՝ Ալեքսեյ Երմոլաևը, Լեոնիդ Լավրովսկին, Ռաիսա Ստրուչկովան, Ալեքսանդր Լապաուրին, Բորիս Խոխլովը… Հայրս հատկապես մտերիմ էր Լավրովսկու հետ, նա կապված էր Հայաստանին, քանի որ պատերազմի տարիներին աշխատել էր մեր օպերայի և բալետի թատրոնում… Մեր երևանյան բնակարանում մինչև հիմա կա նրա նվերը՝ մի շիշ և երկու կապույտ ըմպանակ…

— Մանրամասնորեն պատմեք ձեր ծնողների մասին, խնդրեմ…

— Հայրս ծնվել է Խարբերդում, 1913 թվականին… Ցեղասպանությունից հետո նրա ընտանիքը երկար փորձություններից հետո հաստատվել է Հալեպում, իսկ 1925-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան… Հայրս սկսել է ուսանել Երևանի պարարվեստի ստուդիայում… 1930-ին Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հորս գործուղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնին կից մոսկովյան պարարվեստի ակադեմիա… Այնտեղ գեղարվեստական ղեկավարը եղել է հայտնի բալետմայստեր Վիկտոր Սեմյոնովը, իսկ հորս հետ սովորել է նշանավոր պարուհի Օլգա Լեպեշինսկայան… 1935 թվականին Զարեհ Մուրադյանն ավարտել է ուսումը և երեք տարի աշխատել Մեծ թատրոնում, սկզբում որպես պարող, ապա՝ մենակատար… Հանդես է եկել «Մարդուկ-Ջարդուկը» բալետում, կատարել Նուրալիի դերը «Բախչիսարայի շատրվանում», դրամատիկական թատրոններում բեմադրել պարային համարներ… Ի դեպ Ռաիսա Ստրուչկովայի համար բեմադրված առաջին պարային համարն իրականացրել է հայրս… Իհարկե ավելի շատ բեմադրություններ հայրս կատարել է Երևանում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Նա գեղարվեստաթատերական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի վարիչն էր, նրան աշակերտել են շատ հայ դերասաններ, օրինակ` Խորեն Աբրահամյանը…

— Իսկ ձեր մա՞յրը…

— Մայրս պետերբուրգցի էր, ուկրաինա-ռուսական ծագումով. հայրը սպա էր, որը ծառայում էր զինվորական նվագախմբում, ֆլեյտա էր նվագում… Մայրս սովորել է Պետերբուրգի պարարվեստի ուսումնարանում, նրա ուսուցիչներն են եղել Լեոնիդ Լավրովսկին, Եկատերինա Գեյդենրեյխը, Գալինա Ուլանովայի մայրը՝ Մարիա Ռոմանովան… 1930-ականներին նա հրավիրվել է աշխատելու Երևանի նորաբաց օպերայի և բալետի թատրոնում… Երկու եղբայր ունեի, բայց ես գնացի ծնողներիս հետքերով…

— Ո՞րն է ձեր «ալմա մատերը»՝ Երևանի պարարվեստի ուսումնարա՞նը:

— Ճիշտ է, ինչպես նաև Պետերբուրգի Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանը, որտեղ մայրս է սովորել… Երևանում ինձ դասավանդել է Դինա Նիկոլաևնա Գացինան, բացառիկ մի մանկավարժ, նույնպես Պետերբուրգից… Ինձ հետ պարապել է նաև Նատալյա Դուդինսկայան, երբ գալիս էր Երևան… Իհարկե, իմ ստեղծագործական առաջընթացում հսկայական դեր են խաղացել ծնողներս իրենց խորհուրդներով, երբեմն էլ պարապել են հետս… Քսան տարի ես աշխատել եմ մեր թատրոնում, հիմնականում կատարել երկրորդական դերեր ՘պա-դե-դե՝ «Ժիզելում», պա-դե-տրուա՝ «Կարապի լճում», գլխավոր դեր՝ «Վալպուրգյան գիշերում»՗… Վնասվածք ստանալուց հետո սկսեցի հանդես գալ խաղարկային դերերով…

— Ժաննա Զարեհովնա, արդեն երկար տարիներ ապրում և աշխատում եք Հայաստանից դուրս…

— Սկզբում Ուկրաինայում… Այդ ժամանակ որդիս արդեն բալետի մենապարող էր, նրան հրավիրեցին հանդես գալ Խարկովում… Դուստրս պետք է բալետային կրթություն ստանար, իսկ Հայաստանում արդեն սկսվել էին պատերազմի և շրջափակման դաժան տարիները… Այնպես որ ամբողջ ընտանիքով Երևանից տեղափոխվեցինք Ուկրաինա… 12 տարի աշխատեցի Խարկովում՝ որպես պարուսույց, շատ աշակերտներ եմ ունեցել… Ի դեպ նրանցից է՝ Սյուզաննա Մկրտչյանը, որը հիմա հանդես է գալիս Ամստերդամում և Կարինա Շատկովսկայան (Մինասյան), որը Խարկովի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի է…

— Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Ճապոնիայում…

— Պատահաբար… Հինգ տարի առաջ Խարկովի ուսումնարանում «Տոկիո բալետ» դպրոցի հետ բեմադրում էին «Մոխրոտիկը» ներկայացումը… Ես եկա այստեղ՝ պարապելու երեխաների հետ… Մի քանի ներկայացում ցուցադրվեց, որից հետո դպրոցի տնօրենն ինձ խնդրեց մնալ և աշխատել…

— Ճապոներեն խոսո՞ւմ եք…

— Մի քիչ… Աշխատում եմ թարգմանչի հետ… Երեխաների հետ ինքս եմ հաղորդակցվում, իսկ ղեկավարության հետ՝ թարգմանչի միջոցով…

— Ինչպե՞ս են ձեզ դիմում, սենսեյ Ժա՞ննա…

— Սենսեյ Ջաննա…

— Ջաննա… ջանա, համարյա հայերեն է… Իսկ բալետ սովորող ճապոնացի երեխաները մերոնցից ինչո՞վ են տարբերվում…

— Նրանք շատ աշխատասեր են… Բայց ռուսների կազմվածքը բալետի համար հիմնականում ավելի լավն է… Այստեղ պարապում են ոչ թե հանուն մասնագիտության, այլ հանուն հետաքրքրության… Բալետով զբաղվում է ամեն ոք՝ ընդունակները, անընդունակները…

— Այստեղ նո՞ւյնպես ավելի շատ աղջիկներն են բալետ սովորում, ինչպես Երևանում…

— Այո, ես տղա աշակերտ չունեմ… Ճապոնացի տղաների համար, ինչպես մերոնցից շատերի, բալետով զբաղվելը պատվաբեր չէ…

— Եվ ի՞նչ եք անում այս անուշիկ ճապոնացի երեխաների հետ…

— Բեմադրում եմ առանձին պարեր՝ դասական և բնութագրական… Հատվածներ եմ բեմադրել դասական երկացանկից՝ «Կարապի լճից», «Կոպելիայից», «Պախիտայից», «Դիվերտիսմենտից», ինչպես նաև համերգային համարներ… Կազմակերպում եմ դասարանական համերգներ…
Սեղանին «Կոդոմոնո օկեիկո» («Երեխայի ուսումը») ամսագրի 12-րդ համարն է, որտեղ երկու էջերի վրա սենսեյ Ժաննայի լուսանկարներն են իր աշակերտուհիների հետ, ինչպես նաև տեղեկություններ նրա և բալետի դպրոցի մասին… Այնտեղ նշված է, որ այդ դպրոցում արտասահմանյան բալետային խմբերի հետ հաճախ են համատեղ ներկայացումներ ստեղծվում… Այս դպրոցից բացի Ժաննա Մուրադյանը դասավանդում է նաև մեկ այլ բալետի դպրոցում Տոկիոյի Մաբաշի շրջանում…

— Ինչպե՞ս եք ապրում Ճապոնիայում…

— Լավ եմ ապրում… Երկսենյականոց բնակարանում… Շատ բարեկամներ ունեմ… Միասին զբոսնում ենք… Ներկա եմ եղել սումոյի մրցույթի, կաբուկի թատրոնի ներկայացմանը… Կյանքն այստեղ յուրահատուկ է. սա Եվրոպա չէ…

— Պատմեք ձեր զավակների մասին…

— Նախ՝ ամուսնուս մասին… Նա՝ Էդվարդ Անանյանը, նույնպես երևանյան բալետի մենակատար էր, պարել է «Կարմեն-սյուիտում» ՘Տորեադոր՗, «Վալպուրգյան գիշերում» ՘Պատանի՗, «Լորկիանայում» ՘Տոռերո՗… Նա նույնպես դասավանդել է Խարկովի պարարվեստի ուսումնարանում… Հիմա չի աշխատում… Որդիս՝ Էդգարը, ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, 18 տարի է՝ պարում է Խարկովի օպերայի և բալետի թատրոնում, կատարել է գլխավոր դերեր, Խոսե՝ «Կարմեն սյուիտում», Զիգֆրիդ՝ «Կարապի լճում», Ալբերտ՝ «Ժիզելում», Սոլոր՝ «Բայադերկայում»… Որդիս նաև բեմադրում է, մասնագիտական կրթություն է ստացել… Նրա վերջին բեմադրությունը «Ջրահարսը» բալետն է… Ինչ վերաբերվում է աղջկաս՝ Վիկտորյային, նա Ամստերդամում մենապարուհի է… Նա իմ մանկավարժական հպարտությունն է…

— Ինչպիսի՞ն եք հիշում Երևանը…

— Ես ծնվել եմ Երևանում, ապրել ենք Կասկադում… Մանկությանս ամենավառ հիշողությունն այն է, որ ամեն ինչ վառ էր, անամպ… Վերջին անգամ հայրենի քաղաքում եղել եմ 2005 թվականին… Մինչև հիմա ես հայաստանյան քաղաքացիություն ունեմ… Գիտեմ, որ Երևանում բալետի արտիստների համար դժվար է, պետք է նրանց ինչ-որ կերպ օգնել, մանավանդ որ դա այնքան դժվարին և գեղեցիկ մասնագիտություն է… Երազում եմ, որ իմ Երևանը ծաղկի, որ մշակութային զարթոնք լինի, ինչպիսին որ եղավ 1970-ականներին՝ շատ հյուրախաղեր, մշակութային փոխանակություն… Երազում եմ այն օրվա մասին, երբ երիտասարդությունը Հայաստանից չի հեռանա և իր արվեստը կպարգևի ոչ թե ուրիշներին, այլ սեփական ժողովրդին…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1552
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott