artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Թուրքմենահայ պարուհին

Article image Խորհրդային կարգերը արվեստի նոր տեսակներ ունենալու բացառիկ հնարավորություն ընձեռեց որոշ ժողովուրդների և առաջին հերթին՝ միջինասիացիներին։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո կասկածի տակ առնվեց արվեստի այդ տեսակների պիտանիությունը։ Թուրքմենստանի նախկին հանգուցյալ նախագահ Սափարմուրատ Նիյազովը, նույն ինքը՝ նշանավոր Թուրքմենբաշին, հայտարարեց, որ ինքը բալետ չի հասկանում և այն իրեն հարկավոր չէ։ Եվ այդպիսով, Թուրքմենստանի կյանքից վանեցին թուրքմեն ժողովրդին «խորթ» երևույթները՝ բալետը, օպերան, կրկեսը, ֆուտբոլը… իսկ մշակույթի գործիչների հանդեպ սկսվեց տեռոր (օրինակ, 2006-ին սպանվեց թուրքմեն պարուհի Սվետլանա Ջաֆարովան)։ Թեև այսօր Թուրքմենիայի նոր ղեկավարությունը քայլեր է կատարում՝ ինչ-որ չափով վերականգնելու այդ արվեստները, սակայն գործը դեռ բալետին չի հասել։ Մինչդեռ այդ երկրում ժամանակին լավ բալետային արվեստ եղել է։ Եվ նրա ակնառու դեմքերից մեկն էլ եղել է մեր հայրենակցուհի Էդիսա Սարվազյանը…

Նրա անվանն առաջին անգամ հանդիպեցի ռուսական «Բալետ» հանրագիտարանում։ Հետագա որոնումները ցանկալի արդյունք չտվեցին, մինչև որ Համացանցի միջոցով հաջողվեց գտնել նրա դստերը՝ այժմ ամերիկաբնակ Այա Յազկուլիևային, որը ժամանակին հանդես է եկել մոր ղեկավարած «Կարմիր մեխակ» պարախմբում։ Եվ մի առավոտ երևանյան իմ բնակարանում հնչեց հեռախոսազանգ Միացյալ Նահանգներից։ Մի քանի օրից զանգը կրկնվեց։ Երկար հեռախոսազրույցները մատնում էին իր բնակավայրից և միջավայրից արմատահան եղած արվեստագետի դրաման։ Էդիսա Ղազարովնան հուզված և ուրախ էր, որ իրենով հետաքրքրված են, այն էլ ոչ թե Թուրքմենստանից, որտեղ նա ծնվել և որի արվեստին տասնամյակներ շարունակ ծառայել է և կամ ԱՄՆ-ից, որտեղ բնակվում է ներկայումս, այլ իր նախնիների հայրենիքից…

Նրա կյանքի պատմությունը հար և նման է Միջին Ասիայի հայերի ճակատագրին։ Արմատները Զանգեզուրի Ախլաթյան գյուղից են։ Հայրը՝ ակտիվ կոմունիստական գործիչ Ղազար Մանուչարի Սարվազյանը (Սահակյան), 1926-ին ուղարկվել է Թուրքմենստան՝ ճնշելու բասմաչների հակախորհրդային ելույթները։ Նա իր հետ տարել է բաքվեցի դեռատի գեղեցկուհի Վարսենիկին, ծնյալ Աղանովա, որի չափահասությունը լրանալուց հետո ամուսնացել է հետը։ Ղազար Սարվազյանը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել, այնուհետև Աշխաբադում ղեկավարել կաթի գործարան։ Ընտանիքում եղել է յոթ երեխա։ Աղջիկներից մեկը և ինքը՝ Ղազար Սարվազյանը, զոհվել են 1948-ի Աշխաբադի հայտնի երկրաշարժի ժամանակ։ Այրի Վարսենիկը մենակ է մնացել վեց երեխաների հետ, որոնց մեծացրել է մեծ զոհողությունների գնով։ Նրա համար, անշուշտ, բարեբախտություն է եղել, երբ Պետերբուրգից եկած բալետային հանձնախումբն ընտրել է իր Էդիսա դստերը՝ Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանում սովորելու։ Եվ այդպիսով, աղքատ հայ ընտանիքի ութամյա աղջիկը կիսաքանդ Աշխաբադից ասես հրաշքով հայտնվել է Պետերբուրգ-Լենինգրադում։ Թուրքմենստանից սովորելու համար ընտրել են 40 հոգի, Պետերբուրգում մրցույթի վերջնական փուլում անցել են նրանցից ընդամենը ինը, իսկ ուսումնարանն ավարտել են երեքը, որոնց մեջ և՝ Էդիսա Սարվազյանը։

1954–1963 թվականներն էին։ Վագանովայի անվան ուսումնարանը Պետերբուրգի հեղինակավոր հաստատություններից էր, և քաղաք այցելող թագավորներին, օտարերկրյա նախարարներին և պատվավոր հյուրերին տանում էին այնտեղ՝ ցույց տալու և հպարտանալու բալետի ապագա աստղերով։ Իսկ այդ ժամանակ այնտեղ էր սովորում ԽՍՀՄ չվերադարձած բալետային աստղերի հայտնի եռյակը՝ ի դեմս Ռուդոլֆ Նուրիևի, Նատալյա Մակարովայի և Միխայիլ Բարիշնիկովի։ Էդիսա Ղազարովնան ծիծաղով է հիշում, որ Նուրիևին ու իրեն դասավանդում էր դաշնամուրի միևնույն ուսուցչուհին՝ Մարիա Դմիտրիևնա Շոստակովիչը, և երիտասարդ Նուրիևը հաճախ էր Էդիսային վռնդում դաշնամուրի միակ դասարանից, որպեսզի ինքը պարապեր…

1963-ին վերադառնալով ծննդավայր՝ Էդիսա Սարվազյանն անմիջապես աշխատանքի է անցել Աշխաբադի օպերայի և բալետի թատրոնում, հանդես եկել նախ փոքր դերերով, ապա՝ մենաելույթներով։ Գլխավոր դերապարեր է կատարել «Ժիզել», «Բախչիսարայի շատրվանը», «Քարե ծաղիկ», «Կարապի լիճը», «Պեր Գյունտ», «Շոպենիանա», «Բայադերկա», «Լաուրենսիա», «Մարդուկ-Ջարդուկը», «Գայանե», «Սպարտակ» և այլ բալետներում, ինչպես նաև թուրքմենական ազգային բալետներում՝ «Ուսանողները», «Ալդար-Քյոսե», «Սահրա», «Անապատի մեղեդին», «Ավազներում գտած սիրտը» և այլն։

–1967-ին Ուզբեկստանում լինելու էր թուրքմենական մշակույթի տասնօրյակ,– պատմում է Էդիսա Սարվազյանը։ –Մեր օպերային թատրոնի կուսակցական աշխատողը կանչեց իր մոտ և ասաց, որ քանի որ ես մենապարուհի եմ, պետք է ազգանունս փոխեմ և գրվեմ Սարուխանովա։ Ես կտրուկ մերժեցի։ Ես չափազանց շատ էի աշխատում, այնպես որ Թուրքմենիայում հաշտվեցին իմ հայկական ազգանվան հետ։ Իսկ հետագայում խելոք, սուսուփուս ինձ արժանացրին հանրապետության վաստակավոր արտիստուհու կոչման»։

Հրաժեշտ տալով պարուհու կարիերային՝ Էդիսա Ղազարովնան ստանձնել է «Կարմիր մեխակ» պարախմբի ղեկավարությունը (այն, ի դեպ, հիմնադրել էր հայազգի բալետմայստեր Վլադիմիր Ֆարմանովը)։ Խումբը ներկայացրել է դասական պարի բեմադրություններ, սակայն հատկապես վերջին տարիներին՝ թուրքմենական պարերի տարրերով։ Այն համարվել է Թուրքմենստանի լավագույն գեղարվեստական խմբերից մեկը, արժանացել մրցանակների և մշտապես ելույթներ ունեցել կառավարական համերգների ժամանակ։

Իմ հարցին, թե եղե՞լ է արդյոք Հայաստանում, նախկին պարուհին պատասխանեց. «Իհարկե, շատ անգամ, բայց ոչ ելույթներով։ Մի ժամանակ այդտեղ ազգականներ ունեի։ Այցելել եմ Մատենադարան, մի շարք եկեղեցիներ։ Մի անգամ Գոհար Գասպարյանը եկավ Աշխաբադ՝ համերգների։ Հյուրանոցում տեղ չկար, և մեր թատրոնի ղեկավարությունը դիմեց ինձ՝ որպես հայուհու, հարցնելով, թե մեկ գիշեր չե՞մ տրամադրի Հայաստանից եկած դիվային։ Ես, իհարկե, ուրախությամբ համաձայնվեցի, պատրաստեցի բնակարանս և հեռացա։ Ինձ ասացին, որ Գոհար Գասպարյանը եկավ մի երիտասարդ գեղեցիկ տղամարդու հետ։ Հետո միայն իմացա, որ դա եղել է նրա ամուսինը…»։

Հավանաբար Էդիսա Սավազյանը հաջողությամբ շարունակեր իր գործունեությունը Թուրքմենստանում որպես պարադիր և պարուսույց, եթե ամեն ինչ շուռ չգար բալետի դեմ։ «Թուրքմենների գլուխը» հենց սկզբից բարձրաձայն արտահայտեց իր հակակրանքն արվեստի այդ տեսակի հանդեպ։ Հայտնի է, որ մի անգամ, երբ դեռ չէր արգելվել բալետը, նա դիտողություն է արել մի նշանավոր թուրքմեն պարողի, որ նա լավ կաներ, եթե թուրքմենական խալաթ հագներ տրիկոյի վրայից, «այլապես աղջիկները վրադ կծիծաղեն»։ Եվ մի գեղեցիկ օր եկել, ամեն ինչ տակնուվրա են արել Աշխաբադի օպերայի և բալետի թատրոնում։ «Քանի հոգի ուշաթափվեց, քանի հոգի կաթվածահար եղավ այդ օրը», վերհիշում է Էդիսա Ղազարովնան։ Տարիների պարապուրդից հետո նա տեղափոխվեց ԱՄՆ, դստեր մոտ։ «Այստեղ զբաղվում եմ թոռնուհուս դաստիարակությամբ, տանում եմ նրան բալետի ու նկարչության դասերի։ Նկարչության ուսուցիչն, ի դեպ, հայ է..»։

– Որքան էլ տարբեր մշակույթներ սովորեի, որքան էլ տարբեր երկրներում ապրեի, ես միշտ եղել ու մնում եմ հայուհի,– պատմում է Սարվազյանը։ – Ահա, արդեն հինգ տարի է ապրում եմ Ամերիկայում ու շարունակում եմ հայ մնալ։ Երաժշտություն եմ լսում և անմիջապես հասկանում եմ, որ դա հայկական է։ Ես երբեք չեմ ուզել փոխել ազգանունս, նույնիսկ երբ ամուսնացա թուրքմենի հետ։ Այնպես որ ես իմ ազգը չեմ ուրացել, ծնողներս չեն ամաչի ինձ համար։ Ոչինչ, որ հայերեն չգիտեմ, ոչինչ, որ Երևանում ինձ «շուռ տված» էին ասում։ Արմատներիցդ չես փախչի, դրանք մշտապես մնում են մարդու հետ…»։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1359
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott