grigor.brutyan
Logo

ԳԻՍԱՒՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐԱՅԱՅՏ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՐ ԱՂԲԻՒՐՆԵՐՈՒՄ

Article image Տպարգվել է Բազմավեպ ամսագրում, 2009թ.:

Հայկական միջնադարեան աղբիւրներում պահպանուած են բազմաթիւ յիշատակութիւններ տարբեր աստղագիտական երեւոյթների (Արեւի, կամ Լուսնի խաւարումների, գիսաւորների յայտնուելու, նոր եւ գերնոր աստղերի բռնկումների եւ այլնի) մասին։ Այդ յիշատակութիւնները հիմնականում մանրամասն հետազօտուած եւ հրատարակուած են1։ Այդուհանդերձ, այդ յիշատակութիւնների ի յայտ բերումն ու հետազօտումը աւարտուած համարել կարելի չէ։ Առկայ են աստղագիտական երեւոյթներին վերաբերող` տակաւին չհետազօտուած յիշատակութիւններ հայ միջնադարեան մատենագիր աղբիւրներում, մինչեւ իսկ` շատ յայտնի եւ համեմատաբար լաւ ուսումնասիրուած հայ հեղինակների երկերում։

Ա. Այդպիսի մի օրինակ է Անանիա Շիրակունու անուամբ հրատարակուած պատմութեան մէջ առկայ յիշատակութիւնը Փրկչ. 467 թ. գիսաւորի մասին։ Ահա այդ տեղին. «Ղեւովն Մեծ ամս ԺԹ(19) ... ի նորին Թ(9)երորդ ամին նշան երեւեցաւ յերկինս, սիւն ամպոյ փողոյ նմանութեամբ երեւեալ յաւուրս Խ(40)»2։

Խնդրոյ առարկայ պատմութիւնը մեզ է հասել Մաշտոցեան Մատենադարանի (Մ.Մ.) թիւ 2679 ձեռագրում (էջ 29ա-71բ)։ Այս նոյնը հէնց միեւնոյն ձեռագրի հիման վրայ հրատարակուած է Անանիա Շիրակունու մատենագրութեան մէջ3։ Նշենք, որ այս պատմութիւնը ունեցել է բազմաթիւ հրատարակութիւններ` իբր անանուն պատմագրի երկ, կամ Անանիա Շիրակունու հեղինակած երկ։ Բազմաթիւ են նաեւ այս պատմութեանը վերաբերող հետազօտութիւնները։ Հիմնականում խնդրայարոյց է եղել այս երկի հեղինակային պատկանելութիւնը։ Անվերապահօրէն Անանիային վերագրուելուց զատ այն համարուել է նաեւ Անանիայի կողմից կատարուած բանաքաղութիւն այլոց երկերից, վերագրուել է նաեւ Փիլոն Տիրակացուն, համարուել է անանուն հեղինակի երկ4։ Իսկ այս երկի վերջին հետազօտող Արտ. Մաթեւոսեանն էլ համարել է, որ այն ստեղծել է հայերէն հնագոյն թղթեայ ձեռագրի ստեղծող Դաւիթ քահանան5։

Չվիճարկելով խնդրոյ առարկայ պատմութեան հեղինակային պատկանելութեան մասին նախորդ հետազօտողների եզրակացութիւնների արժանահաւատութիւնը, փորձենք տեսնել, թէ ինչ երկնային երեւոյթի է վերաբերում պատմութեան վերոբերեալ հատուածում նշուածը։

Նախ նշենք, որ այս նոյնի մասին տեղեկութիւն կայ նաեւ Մխիթար Այրիվանեցու Պատմութեան մէջ։ Քաղկեդոնի ժողովին յաջորդող իրադարձութիւնների շարքում Մ. Այրիվանեցու մօտ կայ. «Մին ամիս օդդ փոշի տեղաց թիզ մի. ի բազում տեղիս հուր վայթեցաւ եւ փողանման ամպ լուսաւոր երեւեցաւ զաւուրս քառասուն»6։ Այստեղ երեւոյթի ժամանակը բաւական անորոշ է տրուած. այն դրուած է Քրիստոսի ծննդեան 452-500 տարիների միջեւ։

Երկնային երեւոյթի նկարագրութիւնից ունենք, որ այն եղել է ամպեղէն, սիւնաձեւ, նման է եղել փողի եւ երեւացել է 40 օր` Լեւոն Ա Մեծ կայսեր 9-րդ տարում։ Սա լիովին համապատասխանում է գիսաւորի նկարագրութեանը։ Ուրեմն, ըստ արտաքին տեսքի նկարագրութեան խնդրոյ առարկայ երեւոյթը եղել է գիսաւորի անցում երկնքով։ Մնում է պարզել, թէ ե՞րբ է յայտնուել այդ գիսաւորը, եւ նշուած աղբիւրներից զատ ի՞նչ այլ աղբիւրներում կան տեղեկութիւններ դրա մասին։

Լեւոն Ա Մեծ (բնագրում` Ղեւովն Մեծ) կայսրը գահակալել է Փ. 457-474 թթ.։ Նրա գահակալութեան 9-րդ տարին կը լինի Փ. 465 թ.։ Մ. Բալդէի կազմած` գիսաւորների համահաւաք ամփոփիչ ցուցակում Փրկչական 465 թ. ոեւէ գիսաւորի երեւալու մասին տեղեկութիւն չկայ7։ Միեւնոյն ժամանակ, այդ նոյն ցուցակում յիշատակութիւն կայ Փ. 467 թ. գիսաւորի մասին8, ընդ որում, որպէս այս տեղեկութեան աղբիւր յղուած է Մ. Պինգրէի աշխատութիւնը։ Իսկ Մ. Պինգրէի գիսաւորների ցուցակում էլ Փ. 467 թուականի դիմաց կայ. «Պուֆ էուսի եւ Յովհաննէսի հիւպատոսութեան ժամանակ, ինդիկտիոնի 5-րդին մի քանի օրերի ընթացքում մի մեծ հրաշք է երեւացել երկնքում։ Ոմանց կողմից դա կոչուել է փող, այլոց կողմից` նիզակ եւ վերջապէս ոմանց կողմից էլ` փոքրիկ հեծան։ Այս գիսաւորը դիտուել է երեկոյեան 40 օրերի ընթացքում. թէպէտեւ որոշ տեղերում սրա յայտնուելու տեւողութիւնը սահմանափակուել է 10 օրով»9։ Հեղինակը այս տեղեկութիւնները քաղել է եւրոպական աղբիւրներից։ Իրար համադրելով հայկական եւ եւրոպական աղբիւրների տուեալները այս գիսաւորի մասին, ստանում ենք.

Zoom Image

Ակնառու է այս տուեալների բացառիկ նմանութիւնը. աւելին, որոշ տուեալներ պարզապէս համընկնում են։ Կարելի է մտածել, որ այս երկու խումբ տուեալների աղբիւրը միեւնոյնն է։ Միակ տարբերութիւնը յայտնուելու տարին է։ Մ. Պինգրէի բերած տուեալների մէջ գիսաւորի թուականը տրուած է ինդիկտիոնի տարիներով։ Ինդիկտիոնը 15-ամեայ պարբերաշրջան է, որ սկսուել է ն. Ք. 3 թուականին։ Տարուայ ինդիկտիոնը գտնելու կանոնի համաձայն10 Փ. 465 թիւը ինդիկտիոնի 3-րդ տարին է, իսկ Փ. 467 թուականը իրօք, ինդիկտիոնի 5-րդ տարին է. 467+3=470։ 470=15–31+5։ Ըստ այսմ, Պինգրէի տուած Փ. 467-ը ըստ ինդիկտիոնի լիովին ճիշդ է։ Փաստօրէն, միեւնոյն դէպքի համար ունենք ամենայն հաւանականութեամբ միեւնոյն աղբիւրից բղխող երկու տուեալներ իրարից 2 տարով տարբեր` Լեւոն Մեծի 9-րդ (Թ) տարին եւ ինդիկտիոնի 5-րդը։ Սրանք իրար հետ նոյնացնելու համար հարկ է, որ կամ հայկական աղբիւրում լինէր Լեւոնի 11-րդ (ԺԱ) տարին, կամ էլ եւրոպական աղբիւրներում` ինդիկտիոնի 3-րդը։ Շատ դժուար է պատկերացնել, որ հայերէն ԺԱ(11)-ը աղաւաղուելով դառնար Թ(9)։ Ինդիկտիոնի պարագայում եւս իրարից շատ հեռու են յունական կամ լատինական գրութեամբ 3-ն ու 5-ը11։ Այսպիսով, գիսաւորի համար մեր ունեցած երկու տարեթուերից ճիշդը գտնելու համար մնում է որոնել տեղեկութիւններ այլ աղբիւրներում։

Գ. Կրոնկի կազմած գիսաւորների ամենանոր համահաւաք ցուցակում այս նոյն իրադարձութեան ժամանակի համար կան տեղեկութիւններ չինական աղբիւրներից։ Ըստ Կրոնկի վկայաբերած չինական աղբիւրների Փ. 467 թ. Փետրուարի 6-ին «Ճերմակ գոլորշի» է դիտուել, որ ձգուել է հարաւարեւմուտքից հարաւարեւելք։ Սա մեկնաբանուել է իբրեւ գիսաւոր` մէկ միջուկով եւ երկու գէսով։ Սա դիտուել է երեկոյեան երկնքում12։ Այստեղ վկայակոչուած է նաեւ Թէոփանէս Խոստովանողի երկը, ըստ որի «այդ տարի երկնքում յայտնուել է նշան` մի ամպ շեփորի ձեւով ամէն երեկոյ 40 օրերի ընթացքում», եւ Թէոփանէսը այդ երեւոյթը դրել է Փ. 465-466 թթ.13։ Թէպէտ տարիները տարբեր են, սակայն չինական եւ եւրոպական աղբիւրների տուած այս երկու գիսաւորները Կրոնկի աշխատութիւնում նոյնացուած են։ Այս նոյնացման օգտին կարելի է նկատել եւ այն, որ չինական նկարագրութեան «մէկ գլուխ եւ երկու գէս» ունեցող երեւոյթը իրօք յիշեցնում է եւրոպական աղբիւրների` «շեփորի տեսքով» գիսաւորին։ Այդպիսի գիսաւորներ, իրօք, պատահում են, երբ գէսի միջին մասը բաւական թոյլ է լինում եւ հնարաւոր է դա ընկալել իբրեւ կրկնակի, երկճիւղ գէս, եւ, քանի որ այդ երկու գէսերը պիտի սկիզբ առնեն միեւնոյն տեղից` գիսաւորի գլխից, ապա ընդհանուր պատկերը կը դառնայ հէնց շեփորի նման։ Ընդունելով, որ այս բոլոր աղբիւրներում խօսքը միեւնոյն գիսաւորի մասին է, հարկ է ընդունել նաեւ դրանց ժամանակը ըստ չինական աղբիւրների, իբրեւ առաւել ստոյգ եւ արժանահաւատ14 (առաւել եւս, որ դա համընկնում է վերը բերուած եւրոպական աղբիւրների մի մասի տուեալներին` ինդիկտիոնի 5-րդ տարուան)։ Ըստ այսմ, մեր խնդրոյ առարկայ գիսաւորի ժամանակը ճշդւում է. այն պիտի երեւացած լինի Փ. 467 թ. Փետրուարին15։ Հայկական եւ եւրոպական աղբիւրների տուեալներով էլ յստակւում է դրա երեւալու տեւողութիւնը. այն երեւացել է 40 օր։

Բ. Գիսաւորի մասին մի տեղեկութիւն էլ ունենք Վարդան Արեւելցու տիեզերական պատմութեան մէջ։ «...պատրիարգին Կոստանդեայ, որ ժառանգեաց զաթոռն սուրբ ... ի վեցհարիւր վաթսուն եւ ինն թուին ... նախ քան զձեռնադրիլն նորա միով ամաւ` եղեւ շարժ ահագին, եւ փլաւ պաճուճազարդ եկեղեցին, որ ի Մշակավանս ի մետասանն յունուարի ի ժամ ճաշոյ, եւ չորս պատարագող ընդ մեծ զենմանն նուիրեցան։ Իսկ ի երկինս տեսեալ լինէր ի բոլորից աստղ նիզակաձեւ զամենայն գիշեր. որք երկոքեան ցոյցքն նշանակէին զշարժումն խաղաղութեան աշխարհի ի խռովութիւն նիզակաւոր թշնամեաց. որպէս եւ եղեւ իսկ ի գալ թուականին ի վեցհարիւր վաթսուն եւ ինն»16։ Այստեղ խօսքը Հայոց 669 թուին նախորդող տարուայ մասին է։ Դա Հայոց 668 թիւն է։ Ըստ Վարդանի հէնց այդ տարում են եղել Մշկավանքի (Մշակավանքի) աւերումը երկրաշարժից Յունուարի 11-ին եւ գիսաւորի երեւալը։ Հայոց 668 թիւը պիտի համապատասխանի Փրկչ. 668+551=1219 թուին։ Մ. Բալդէի գիսաւորների ցուցակում Փրկչ. 1219 թ. ոեւէ գիսաւորի երեւալու մասին տեղեկութիւն չկայ17։ Այսինքն, կամ սա վկայութիւն է տակաւին անյայտ մի գիսաւորի մասին, եւ կամ գիսաւորի տարեթիւն է սխալ տրուած Վարդանի պատմութեան մէջ։ Նախ փորձենք ստուգել տարեթիւը։ Վարդանի երկում գիսաւորի ժամանակը տրուած է երկու իրադարձութիւնների ժամանակների համեմատութեամբ. Կոստանդին կաթողիկոսի աթոռակալութեամբ եւ Մշկավանքն աւերած երկրաշարժի միջոցով։

Կոստանդին կաթողիկոսի (խօսքը Կոստանդին Բարձրաբերդցու մասին է) աթոռակալութեան սկիզբը Սամուէլ Անեցու պատմութեան մէջ դրուած է Հայոց ՈԿԹ(669) թուին18։ Նոյնն է տալիս նաեւ Առաքել Դաւրիժեցին19։ Նոյն Հայոց ՈԿԹ թիւն է տալիս նաեւ Դաւիթ Բաղիշեցին20, իսկ Անանուն Սեբաստացին տալիս է նրա մահուան տարին Հայոց ԷՃԺԶ(716) թիւը21. սրանից հանելով նրա աթոռակալման 47 տարիները, դարձեալ կը ստանանք Հայոց 669 թիւը։ Սրան ներդաշնակ են նաեւ Կիրակոս Գանձակեցու տուեալները, որ, թէպէտ չի տալիս ուղղակի թուական տուեալներ Կոստանդին կաթողիկոսի աթոռակալման մասին, սակայն նրա այլ համաժամանակեայ տուեալներից եւս հետեւում է, որ տ. Կոստանդինի կաթողիկոսութեան սկիզբը պիտի լինի Հայոց 669-ին22։ Այսինքն, Կոստանդին Բարձրաբերդցու կաթողի-կոսութեան սկիզբը ըստ քննարկուած բոլոր աղբիւրների Հայոց 669 թիւն է, որով եւ գիսաւորի ժամանակը լինում է դրանից մէկով պակաս՝ Հայոց 668 թիւը։ Սա համապատասխանում է 668+551=Փրկչ. 1219 թուին։

Այս նոյն գիսաւորի մասին է նաեւ Ստեփանոս եպիսկոպոսի տարեգրութեան մէջ եղած նշումը. «ՈԿԹ թուին ագեւոր աստղն ելաւ եւ զթաթարն վրացին կոտորեաց ի Կռոմանու ջրին»23։ Այս վկայութեանն անդրադարձել է Բ. Թումանեանը, որ, սակայն, հիմք ընդունելով սկզբնաղբիւրում տրուած Քրիստոսի ծննդեան 1222 թիւը, սա նոյնացրել է Փ. 1222 թ. Սեպտեմբերի 15-ին երեւացած գիսաւորի հետ24։ Թէպէտ առկայ է տարեթուերի բացարձակ «զուգադիպութիւն», այդուհանդերձ դա թուացեալ է եւ այս նոյնացումը ընդունելի լինել չի կարող։ Բանն այն է, որ այս Փ. 1222-ը ոչ մի կերպ չի ներդաշնակում Հայոց 669 (ՈԿԹ)-ին, որ կարող է լինել Փ. 1220, կամ 1221, բայց ոչ բնաւ՝ 1222։ Եւ, բացի այդ էլ, ինչպէս յայտնի է, հայ մատենագրութեան մէջ կիրառուող Քրիստոսի ծննդեան թուականը երկու-երեք (երբեմն՝ նաեւ աւելի) տարով տարբեր է (մեծ է) ներկայումս կիրառուող Փրկչական թուականից25։ Այսպիսի նոյնացման դէմ է նաեւ ամիսների անհամաձայնութիւնը. Վարդանը նշում է, որ գիսաւորն երեւում էր Յունուարին, իսկ Թումանեանի նոյնացրած գիսաւորը երեւացել է Սեպտեմբերին։

Վարդանի եւ Ստեփանոսի տեղեկութիւնները միեւնոյն գիսաւորին վերաբերելու խնդրում տարակոյսի տեղիք կարող է տալ միայն այն, որ Վարդան Արեւելցու մօտ գիսաւորը Հայոց 668-ին է, իսկ Ստեփանոսի մօտ՝ Հայոց 669-ին։ Այս տարբերութիւնը, սակայն, դիւրաւ յաղթահարելի է։ Բանն այն է, որ Վարդանի երկում պատմւում է, թէ Յունուարի 11-ին երկրաշարժ է եղել եւ ապա ասւում է, որ այդ ժամանակ ամէն գիշեր երեւում էր գիսաւորը։ Այսինքն, նշուած է գիսաւորի դիտուելու ժամանակամիջոցի մի հատուածը միայն. չի տրուած յայտնուելու պահը եւ երեւալու տեւողութիւնը։ Հայոց 669 թիւն էլ պիտի սկսուած լինի կամ Փ. 1220 թ. Յունուարի 26 = Նաւաարդի 1-ով (եթէ Հայոց թուականի տարիները հաշուենք ըստ Աթանաս Տարօնացու սահմանածի), կամ էլ Փ. 1221 թ. Յունուարի 6 = Հրոտից 17-ով (եթէ Հայոց թուականի տարիները հաշուենք ըստ Անանիա Շիրակունու բարեփոխածի)։ Վարդանը համարում է, որ երկրաշարժն ու գիսաւորը «նշանակում էին, որ աշխարհի խաղաղութիւնը խախտուելու է նիզակաւոր թշնամիների կողմից, որը եւ տեղի ունեցաւ 669 թուականի գալով» (ընդգծումը - Գ. Բ.)։ Այսինքն, ըստ նրա, Հայոց 669-ը սկսուել է Յունուարի 11-ից յետոյ։ Ուրեմն, նա Հայոց թուականը հաշուել է ըստ Աթանասի՝ Նաւասարդի 1-ով սկսուող շարժական տարիներով։ Եւ, ըստ այսմ, նրա նշած երկրաշարժն եղել է Փ. 1220 թ. Յունուարի 11-ին, եւ այդ ժամանակ էլ երեւում էր գիսաւորը։ Իսկ դրան յաջորդող Յունուարի 26-ից սկսուել է Հայոց 669 թիւը։ Եւ, բնական է, որ Յունուարի 11-ին երեւացող գիսաւորը կարող էր դիտուել նաեւ դրանից քիչ անց՝ Յունուարի 26-ին (որ, սակայն, արդէն ընկնում է Հայոց թուականի յաջորդ՝ 669 տարուայ մէջ)։

Թերեւս այս նոյն գիսաւորի մասին է նաեւ Մխիթար Այրիվանեցու տեղեկութիւնը. «Աստղ մի նիզակաձեւ երեւեցաւ»26։ Այրիվանեցու երկում սա դրուած է Զաքարէի մահից անմիջապէս յետոյ Քրիստոսի ծննդեան 1211-ից յետոյ եւ 1221-ից առաջ։ Զաքարէն մահացել է Փ. 1212-ին, որով այս գիսաւորը պիտի եղած լինի 1212-ից յետոյ։

Այսպիսով, ըստ մեր մատենագիրների տեղեկութիւնների վերլուծութեան, խնդրոյ առարկայ գիսաւորը դիտուել է Փ. 1220 թ. Յունուարին (գուցէ եւ դրանից առաջ եւ յետոյ)։ Վստահաբար այն յայտնուել է Յունուարի 11-ից ոչ ուշ եւ անյայտացել է Յունուարի 26-ից ոչ շուտ։

Ըստ Գ. Կրոնկի կազմած գիսաւորների ամենանոր համա-հաւաք ցուցակի Փ. 1220 թ. իրօք, դիտուել է գիսաւոր։ Ըստ ճապոնական աղբիւրների 1220 թ. Յունուարի 25-ին երեւացել է կարմիր «աւելի նման աստղ» հիւսիս-արեւմուտքում ( Image եւ 7 Անդրոմեդայի եւ Image եւ 11 Մողէսի տարածքում)։ Ըստ կորեական աղբիւրների «աւելի նման աստղը» երեւացել է 1220 թ. Փետրուարի 6-ին երկնքի հիւսիսային կողմում Image Image եւ 26 Կեփեոսի աստղերի տարածքում)։ Գէսը ձգուել է 3 աստիճան դէպի հիւսիսարեւմուտք27։ Ըստ ժամանակի, այս տեղեկութիւններից առաջինը լրիւ համընկնում է մեր խնդրոյ առարկայ գիսաւորին։ (Ինչպէս նշում է Գ. Կրոնկը, չի բացառւում, որ սրա հետ նոյնական լինի նաեւ այդ նոյն տարուայ Փետրուարին Կեփէոսում դիտուած գիսաւորը)։ Այսպէս թէ այնպէս, հայկական աղբիւրների տեղեկութիւններով յայտնի այս գիսաւորը ժամանակով նոյնական է 1220 թ. Յունուարի 25-ին Ճապոնացիների դիտածի հետ։ Հայկական աղբիւրները լրացուցիչ, այլուստ անյայտ տեղեկութիւն են պարունակում այս գիսաւորի մասին։ Հայկական աղբիւրների տեղեկութիւններով ճշգրտւում է այս գիսաւորի երեւալու տեւողութիւնը։ Այն երեւացել է 1220 թ. Յունուարի 11-ից ոչ ուշ եւ անյայտացել է Յունուարի 26-ից ոչ շուտ, այսինքն, Հայաստանի տարածքից դիտելի է եղել առնուազն 16 օր28։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Տե՛ս Բ. Ե. ԹՈՒՄԱՆԵԱՆ, Հայ աստղագիտութեան պատմութիւն (XIX դ. սկզբից մինչեւ 1920 թ.), «Միտք», Երեւան, 1968, էջ 120-243, Բ. Ե. Թումանեան, Բանբեր Երեւանի Համալսարանի, 1(10), 1970, էջ 212-217, С. К. Всехсвятский, Б. Е. Туманян, Ученые записки ЕрГу, Естественные науки, 3, 1970, ст. 52-71, Г. А. Брутян, Сообщения Бюраканской обсерватории, LX, 1989, ст. 138-144, А. Ж. Барсегян, Р. А. Епремян, Э. С. Парсамян, Доклады Национальной Академии Наук Армении, т. 103, № 2, 2003, ст. 126-130.
2 Մաշտոցեան Մատենադարան, ձեռ. 2679, էջ 65բ, նոյնը` Մատեան գիտութեան եւ հաւատոյ Դաւթի քահանայի, նմանահանութիւն, աշխատասիր. ԱՐՏ. ՄԱԹԵՒՈՍԵԱՆ, էջ 65բ, «Նաիրի», Երեւան, 1995, նաեւ` նոյնի նմանատպութիւնը, «Նաիրի», Երեւան, 1997։
3 Անանիայի Շիրակայնոյ համարողի մատենագրութիւնք, աշխատասիր. ԱՇ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, ՀՍՍՌ Մատենադարանի հրատ., Երեւան, 1944, էջ 357-399։ Ի դէպ, ձեռագրագէտ Արտաշէս Մաթեւոսեանը, մանրամասն համեմատելով հրատարակուածը ձեռագրի հետ, եզրակացնում է, որ հրատարակուածը ոչ թէ ուղղակի նշուած ձեռագրից է վերցուած, այլ Վենետիկում պահուող` այդ նոյն ձեռագրից արտագրուած ձեռագրի հիման վրայ հրատարակուած օրինակից (տե՛ս ԱՐՏ. ՄԱԹԵՒՈՍԵԱՆ, Անանիա Շիրակացու «Քննիկոնը», Լրաբեր հաս. գիտ., 1974, № 7, էջ 76, նաեւ` նոյնի Մատեան գիտութեան եւ հաւատոյ, նմանատպութիւն, էջ 538)։
4 ՀՐ. ԲԱՐԹԻԿԵԱՆ, Բանբեր Մատենադարանի, 8, 1967, էջ 57-77։ Տե՛ս նաեւ անդ եղած մատենագրութիւնը։
5 Այս մասին մանրամասն տե՛ս ԱՐՏ. ՄԱԹԵՒՈՍԵԱՆ, Անանիա Շիրակացու «Քննիկոնը», Լրաբեր հաս. գիտ., 1974, № 7, էջ 66-81, նաեւ` նոյնի ծանօթագրութիւնը Մատեան գիտութեան եւ հաւատոյ, նմանատպութիւն գըրքում, էջ 538)։
6 Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն Հայոց, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1860, էջ 47։
7 M. F. Baldet, Liste Gռnռrale des ComՌtes de L’Origine Ո, 1948, annuaire de Bureau de Longitudes, Paris, 1950, p. B24.
8 Տե՛ս նոյն տեղում։
9 M. Pingrռ, Comռtographie ou Traitռ historique et thռorique des ComՌtes, v. 1, Paris, 1783, p. 314. բնագրում. ,Sous le consulat de Pufռus & de Jean, indiction cinquiՌme, on vit durant quelques jours un grand prodige dans le Ciel: il sut nomme par les uns, la trompette; par les autres, la pique; par d'autres enfin, la petite poutre. Cette ComՌte fut observռe le soir durant quarante jours : en quelques lieux cependant son apparition fut bornռe Ո dix joursե.
10 Ինդիկտիոնի տարին գտնելու համար հարկ է Փրկչ. տարեթուին գումարել 3 եւ ապա ստացուած գումարը բաժանել 15-ի։ Քանորդը ցոյց կը տայ ինդիկտիոնի անցած պարբերաշրջանների թիւը, որ տուեալ պարագայում մեզ պէտք չէ, իսկ մնացորդը կը լինի ինդիկտիոնի պարբերաշրջանում տուեալ տարուայ հերթական համարը` այն, ինչ տուեալ պարագայում մեզ հետաքրքրում է։ Մանրամասն այս մասին տե՛ս, օր., ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊ. ՍԷՐԱՅ-ԴԱՐԵԱՆ, Եկեղեցական տոմարագիտութիւն, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2003, էջ 73-74։
11 Քանի որ մեզ յայտնի չէ, թէ Մ. Պինգրէի աղբիւրները նախապէս ինչ լե-զուով են եղել, մնում է ընդունել երկու հնարաւոր տարբերակներից մէկը` կամ յունարէն, եւ կամ լատիներէն։ Յունական գրութեամբ 3-ը գրուել է γ տառով, իսկ 5-ը` ε-ով։ Լատինական գրութեան պարագայում էլ հարկ է III-ը դարձնել V։ Երկու դէպքում էլ այս անցումները դժուար պատկերացնելի են։
12 G. W. Kronk, Cometography. A Catalog of Comets, vol. 1, Ancient – 1799, Cambridge University Press, 1999, p. 83-84.
13 Անդ, էջ 84։
14 Չինական աղբիւրների տեղեկութիւնները միւսներից առաւել արժանահաւատ համարելու համար հիմք է այն, որ այդ աղբիւրները տալիս են նաեւ երեւոյթի ճշգրիտ օրը` Փետրուարի 6-ը։ Սա նշանակում է, որ նրանց տեղեկոյթը առաւել ամբողջական է, եւ, ըստ այսմ, հարկ է առաւել արժանահաւատ սեպել նաեւ նրանց տուած տարեթիւը։
15 Ըստ այսմ, հայկական աղբիւրներում տրուած ժամանակը` Փ. 465 թ. պիտի համարել աղաւաղում։ Հնարաւոր է այս աղաւաղման պատճառը հայ հեղինակի ունեցած տուեալներն են ոչ թէ գիսաւորի յայտնուելու, այլ Լեւոն կայսեր գահակալութեան տարիների մասին։ Ուրեմն, կարելի է մտածել, որ վերոբերեալ ժամանակագրութեան կազմողի ունեցած կանոնի համաձայն Լեւոն Մեծ կայսեր գահակալումն սկսուել է ոչ թէ Փ. 457 թ. ինչպէս այսօր ընդունուած է, այլ Փ. 459 թ.։
16 ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑԻ, Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Երեւանի Համալսարանի հրատ., Երեւան, 2001, ՁԴ, էջ 144։
17 M. F. Baldet, Liste Gռnռrale des ComՌtes de L’Origine Ո, 1948, annuaire de Bureau de Longitudes, Paris, 1950, p. B.
18 Սամուէլի Քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, յառաջաբանով, համեմատութեամբ, յաւելուածներով եւ ծանօթութիւններով Արշակ Տէր-Միքելեանի, Վաղարշապատ, Ս. Էջմիածնի Տպարան, 1893, էջ 148։
19 ԱՌԱՔԵԼ ԴԱՒՐԻԺԵՑԻ, Գիրք պատմութեանց, ՀԽՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1980, էջ 341։
20 Տե՛ս Մանր ժամանակագրութիւններ, կազմեց Վ. Ա. ՅԱԿՈԲԵԱՆ, հ. 2, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1956, էջ 344։
21 Անդ, էջ 145։
22 ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ, Պատմութիւն Հայոց, աշխատասիր. Կ. Ա. Մելիք-Օհանջանեանի, ՀՍՍԳ ԳԱ հրատ., Երեւան, 1961, էջ 187-191։
23 Մանր ժամանակագրութիւններ, կազմեց Վ. Ա. ՅԱԿՈԲԵԱՆ, հ. 1, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1951, էջ 38։
24 Բ. Ե. ԹՈՒՄԱՆԵԱՆ, Հայ աստղագիտութեան պատմութիւն (XIX դ. սկզբից մինչեւ 1920 թ.), «Միտք», Երեւան, 1968, էջ 216։
25 Հայկական աղբիւրներում Քրիստոսի ծնունդը համարուել է Փրկչական թուականի սկզբից առաջ։ Տե՛ս ԳՐ. ԲՐՈՒՏԵԱՆ, Քրիստոսի ծննդեան թուականը ըստ Հայ մատենագրական աւանդոյթի, «Էջմիածին», Ե, 1998, էջ 73-88։
26 ՄԽԻԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ, էջ 65։ Այրիվանեցու այս տեղեկութիւնը քննարկել է եւ Բ. Ե. Թումանեանը (Հայ աստղագիտութեան պատմութիւն, XIX դ. սկզբից մինչեւ 1920 թ., «Միտք», Երեւան, 1968, էջ 215)։ Սակայն, հիմք ընդունելով սրանից վեր Այրիվանեցու երկում գրուած 1211-ը Թումանեանը սա նոյնացրել է Փ. 1211 թ. Մայիսին երեւացած գիսաւորի հետ։ Միեւնոյն ժամանակ, այս նոյնացումը դժուար է ճիշդ համարել, քանի որ այս գիսաւորի մասին յիշատակութիւնից առաջ Այրիվանեցու երկում նշուած է Զաքարէի մահը, որ եղել է Փ. 1212-ին, այսինքն, սոյն գիսաւորը պիտի եղած լինի Փ. 1212-ից ոչ շուտ։ Ի դէպ, Բ. Թումանեանը եւս նկատել է, որ գիսաւորի իր այս նոյնացումը այնքան էլ յուսալի չէ, եւ նշել է, որ հայկական հաշուով Քրիստոսի 1211-ը պիտի լինէր Փրկչ. 1209 թ.։
27 G. W. Kronk, Cometography. A Catalog of Comets, vol. 1, Ancient – 1799, Cambridge University Press, 1999, p. 208-209.
28 Յատուկ շնորհակալութիւնս եմ յայտնում Անահիտ Շիրինեանին, որ ձեռք բերեց եւ ինձ նուիրեց այս աշխատանքիս համար անհրաժեշտ մեծարժէք գրականութիւնը. առանց դրանց աշխատանքս էապէս թերի կը լինէր։
* ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումեանի Տուն-Թանգարան, գ. Բիւրական, Արագածոտնի մարզ, 0213, ՀՀ, էլ. հասցէ` gbrout@mail.ru

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1118
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
02
Հուլ
»10:41
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿ ...
Article image Շարքիս նախորդ յօդուածում[1] քննութեան առանք Սինամ թագաւորի հրաշապատում պատմութիւնը, որ առկայ է «Սինամ թագաւորի հէքեաթը», «Սըմաւոն թագաւոր եւ Գիւլ» խորագրով[2] հէքեաթներում: Այս առանձին պատմութեան քննութիւնը ցոյց տուաւ, որ ի դէմս հէքեաթի այս մասի գործող անձանց՝ Սինամի, նրա կնոջ, ձիապանների, թռչունի եւն ունենք որոշակի աստեղային – օրացուցային կերպարներ: Տեսանք նաեւ, որ այս կերպարների «գործողութեան վայրը» ամբողջ երկնակամարն է, իսկ նրանց գործողութիւններն էլ տարեշրջանի արտայայտութիւնն են` ներդաշնակեցո...
Կարդալ
2012
24
Դեկտ
»16:53
ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՇԱՊԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑ ...
Article image Միջնադարից մեզ են հասել ոչ սակաւ գրաւոր վկայութիւններ այն մասին, թէ ի՞նչ կերպ են հնում Հայերը մեկնաբանել Արեւի եւ Լուսնի խաւարումները: Նախ յստակ նշենք, որ խօսքն այստեղ խնդրի գիտական մեկնաբանութեան մասին չէ, այլ այն մասին, թէ ինչպէ՞ս են դրանք բացատրուել, այսպէս ասած, «ժողովրդական» ընկալմամաբ: Հարցիս տրուած գիտական պատասխանի փայլուն օրինակ է Է դարի մեծագոյն գիտնական Անանիա Շիրակունու բացատրութիւնը...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:35
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ (ՆՎԻՐՎՈՒՄ ...
Article image Գիտութեան ամեն բնագաւառի մէջ կան բազմաթիւ մեծանուն գիտնականներ, որոնց անունները յայտնի են ամբողջ աշխարհում, որոնք մեծ աւանդ ունեն մարդկութեան ընդհանուր առաջընթացի մէջ։ Միեւնոյն ժամանակ, գիտութեան ամեն մի բնագաւառի մէջ կան ընդամենը մի՛ քանի մեծերի անուններ, որոնք յատուկ առանձնանում են իբրեւ տուեալ բնագաւառի սիւներ, իբրեւ այն հսկաները, որոնց ուսերին է կանգնած գիտութեան տուեալ բնագաւառը։ Սրանք ա՛յն մեծերն են, որոնք ստեղծել են տուեալ բնագաւառի գիտական աշխարհայեացքը։ Հէնց ա՛յս մեծերն են, որ շտկել, որ...
Կարդալ
2012
21
Հոկտ
»11:18
ՈՐՈՇ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ...
Article image Որպէս բացառիկ խոր անցեալից մեզ հասած մշակութային իրողութիւններ, ժողովրդական հէքեաթները, յատկապէս՝ հրաշապատում հէքեաթները, կարող են ծառայել իբրեւ այլ աղբիւրներում բացակայող յոյժ արժէքաւոր տեղեկոյթի եզակի աղբիւր իրենց ակունքներին ժամանակակից մշակութային իրողութիւնների մասին: Թէպէտ շատ հետազօտողներ տարբեր առիթներով անդրադարձել են հայկական ժողովրդական հէքեաթներին, այդուհանդերձ, դրանք հարկ եղած չափով ուշադրութեան չեն արժանացել հայկական...
Կարդալ
2012
06
Հոկտ
»13:52
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՅՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ Պ ...
Article image Հայկական օրացոյցի ամենավաղ անցեալի պատմութեան համար տեղեկոյթի բացառիկ աղբիւր կարող են լինել հնագիտ ական գտածոները: Այսպիսի մի եզակի նմոյշ է Շէնգաւիթեան (Կուր-Արաքսեան) մշակոյթին պատկանող քրեղաններից մէկը: Խօսքը 1974 թ. Շիրակում Քեթիի դամբարանադաշտի թիւ 8 դամբարանից գտնուած քրեղաններից մէկի մասին է: Այն ունի 14.5 սմ բարձրութիւն« սեւ փայլեցուած խեցիից է, մոխրագոյն, վարդագոյն աստառով, պատկանում է Կուր-Արաքսեան մըշակոյթին: ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott