grigor.brutyan
Logo

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ՀԷՔԵԱԹՆԵՐՈՒՄ. մաս Բ

Article image

Շարքիս նախորդ յօդուածում[1] քննութեան առանք Սինամ թագաւորի հրաշապատում պատմութիւնը, որ առկայ է «Սինամ թագաւորի հէքեաթը», «Սըմաւոն թագաւոր եւ Գիւլ» խորագրով[2] հէքեաթներում: Այս առանձին պատմութեան քննութիւնը ցոյց տուաւ, որ ի դէմս հէքեաթի այս մասի գործող անձանց՝ Սինամի, նրա կնոջ, ձիապանների, թռչունի եւն ունենք որոշակի աստեղային – օրացուցային կերպարներ: Տեսանք նաեւ, որ այս կերպարների «գործողութեան վայրը» ամբողջ երկնակամարն է, իսկ նրանց գործողութիւններն էլ տարեշրջանի արտայայտութիւնն են` ներդաշնակեցուած տարեշրջանին եւ դրա մասին եղած հնագոյն պատկերացումներին:

Բնական է ակնկալել, որ աստեղային – օրացուցային իմաստներ զուգահեռներ ունենան նաեւ վերոնշեալ հէքեաթների միւս մասերի «գործող անձինք» եւ նրանց գործողութիւնները: Ուստի, փորձենք այս նոյն մօտեցմամբ քննել նաեւ այս հէքեաթների մնացեալ դրուագները:

Խնդրոյ առարկայ հէքեաթների որոշ դրուագներ առկայ են նաեւ «Հազարան բլբուլ» եւ այլ հէքեաթներում: Այս հէքեաթը որոշ դրուագներով շատ սերտ աղերսներ ունի նաեւ Սասնայ Ծռեր դիցավէպի (յատկապէս սրա առաջին ճիւղի) հետ: Սասնայ Ծռերի առաջին ճիւղի որոշ տարբերակներ մեծ հարազատութիւն են ի յայտ բերում հայկական հրաշապատում հէքեաթների որոշ դրուագների հետ3: Ըստ այսմ, հէքեաթի մեզ հետաքրքրող դրուագների հետ միասին կը քննենք նաեւ Սասնայ Ծռերի համապատասխան դրուագները:

Ահա մեզ հետաքրքրող հէքեաթների անունները, աղբիւրները եւ դրանց մեր տըւած համարները:

Zoom Image

Սինամի պատմութիւնը մեզ հասած տարբեր հէքեաթներում համարեա միեւնոյն բովանդակութիւնն ունէր: Սրան ի տարբերութիւն, հէքեաթի մնացեալ մասի բովանդակութիւնը տարբեր հէքեաթներում ունի զգալի տարբերութիւններ: Ուստի, կարիք կայ հիմնական տարբերակները այստեղ վերաշարադրելու:
Արդ, նախ համառօտ վերաշարադրենք հէքեաթի՝ մեզ հետաքրքրող մասը ըստ a եւ b տարբերակների:

Տղան ու աղջիկը գիշերով ճանապարհը կորցնում են, մնում գիշերելու մի սարի գլխին: Առաւօտեան զարթնում–տեսնում են, որ մի վիշապ շուրջբոլորը պատել է, գլուխը դրել պոչի վրայ: Տղան ուզում է թրով կռուել վիշապի հետ, սակայն վիշապը բացատրում է, որ իր դէմ անզօր են թէ՛ տղան եւ թէ՛ իր զէնքը: Պահանջում է որպէս «փրկագին» գնալ–բերել իր համար Սինամ4 թագաւորի եւ իր կնոջ՝ Գիւլի պատմու թիւնը: Եւ իբրեւ առաջադրանքի կատարման երաշխիք՝ տղայի նշանածին պահում է իր մօտ «պատանդ»:

Տղան իմանում է, որ Սինամը 60000 տարի առաջ գնացել է 40 ծովի կղզին:

Տղան գնում է, հասնում մի անջուր քաղաք: Մի պառաւից ջուր է ուզում, վերջինս իր մէզն է տալիս ջրի տեղ: Տղան խմում է եւ հարցնում ջրի փոխարէն մէզ տալու պատճառը: Պառաւը բացատրում է, որ մի վիշապ փակել է քաղաքի միակ աղբիւրը, եւ օրական մի տղայ կամ աղջիկ են զոհ տալիս վիշապին, որ ջուր թողնի: Այդ ժամանակ էլ թագաւորի աղջկայ հերթն է եղել, եւ սա հինգ օր է, չի գնում, ուշացնում է, եւ այդ պատճառով էլ ահա հինգերորդ օրն է՝ ջուր չունեն: Տղան քնում է մինչեւ աղջըկան տանելու ժամանակը: Ապա պառաւն արթնացնում է նրան, եւ նա աղջկայ հետ գնում է վիշապի մօտ: Աղջկայ հետ վիշապին նուէր են տանում նաեւ մէկական աման փլաւ ու խորոված գառ: Տղան վիշապի համար նախատեսուած փլաւն ուտում է, գառը թողնում յաջորդ օրուան, ապա (գլուխը դնում աղջկայ գոգն ու) քնում: Վիշապը դուրս է գալիս աղբիւրի ակից: Աղջիկն ահից կարկամում է, չի կարողանում տղային ձայն տալ – արթնացնել: Սկսում է արտասուել, եւ մի կաթիլ արցունք ընկնում է տղայի երեսին, տղան զարթնում է: Վիշապը ասում է, որ չորս օր5 է` իրեն հասանելիք զոհը չեն բերել եւ դրան ի պատիժ ինքը հիմա պիտի ուտի աղջկան ու տղային, ջուր բաց չթողնի եւ ապա ելնի՝ քաղաքն աւերի, «էգ ու որձ չթողնի»: Տղան կռւում է վիշապի հետ կէսօրից (ճաշից) մինչ մայրամուտ: Իրիկուայ կողմ յոգնում է, զգում, որ պարտւում է: Վիշապը կուլ է տալիս տղային, սակայն տղան, թուրը ամուր բռնած, պատռում – կիսում է վիշապին բերանից մինչեւ պոչը եւ դուրս է գալիս միջից: Վիշապը սատկում է: Աղջիկը վիշապի արիւնով նշան է դնում տղայի թիկունքին: Տղան գնում է պառաւի մօտ, աղջիկը՝ իր հօր մօտ: Ջուրը հասնում է քաղաք նախ պղտոր, արիւնոտ, ապա՝ զուլալ: Թագաւորը տղային խոստանում է տալ իր աղջիկը, թագաւորութիւնը եւն: Տղան խնդրում է օգնել իրեն՝ գտնել Սինամ թագաւորի քաղաքը: Գտնում են մի ծերունու՝ 300 տարեկան: Ծերունին յայտնում է, որ անտառում կայ երկաթէ ոտներով մի թռչուն՝ Քաչալ Քերքերտան անուն6, որ իր տարեկիցն է. նա գիտի Սինամի տեղը: Թռչունը յայտնում է, որ ինքը 300 տարեկան է, 150 տարեկանում մի անգամ գնացել է Սինամ թագաւորի քաղաքը, 12 անգամ թխսել-ճուտ է հանել, ճտերը չեն մնացել, հիմա վերջին անգամն է փորձում. եթէ դարձեալ ճտերը չմնան, ինքն իրեն պիտի սպանի: Տղան գնում է անտառ, գտնում թռչունի բոյնը, սպանում ճտերին ուտելու եկած վիշապին, կտրատում ու մի երկու կտոր էլ տալիս ճտերին կեր, ինքը քնում ծառի տակ: Թռչունը գալիս – տեսնում է ծառի տակ քնած տղային, կարծում, թէ սա է իր ճտերին սպանողը, ուզում է սպանել, սակայն ճտերը պատմում են եղելութիւնը: Թռչունը կանգնում է տղայի գլխավերեւը, թեւերը բացում, հով անում մինչ տղան կը զարթնի7: Ապա խոստանում է կատարել նրա ցանկութիւնը: Տղան խնդրում է իրեն տանել Սինամ թագաւորի քաղաքը: Թռչունը 40 օր ժամանակ է ուզում եւ օրական՝ 10 ոչխար եւ 10 լիտր գինի, որ հասցնի ճտերին թռցնել եւ ինքն էլ կազդուրուել: 40 օր անց ճտերը դեռ ի զօրու չեն լինում թռչել, թռչունը եւս 10 օր հետաձգում է մեկնումը: Դրանից յետոյ եւս հինգ օր ուշացնում է մեկնումը (այլ տարբերակում տղան թռչունին 1 տարի լաւ պահում է, որ սա երիտասարդանայ եւ կարողանայ տեղ հասցնել տղային): Ապա վերցնում են 40 դմակ եւ 40 լիտր գինի եւ թռչունը տղային դնում է թեւերին ու ելնում օդ: Սկզբում վերեւից աշխարհը երեւում է մի կալի չափ, ապա մի մաղի չափ եւ այդ մաղի մէջ՝ մի ձուի նման բան, որը հէնց Սինամ թագաւորի քաղաքն է: Տեղ հասնելուց յետոյ տղան ծանօթանում է Սինամ թագաւորի հետ եւ իմանում վերջինիս պատմութիւնը8:
Տղան պատմութիւնն իմանալուց յետոյ նոյն թռչունի օգնութեամբ փախչում է. Սինամը, տեսնելով, որ իր գաղտնիքը պիտի տարածուի, իրեն ծովն է գցում՝ մեռնում: Տղան գալիս է, պատմում այս ամենը վիշապին, սա պատռում է կաշին, միջից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ: Վերջում տղան ամուսնանում է իր նշանածի հետ9:
«Ոսկէ խնձորը» եւ «Լուս ու մութ աշխարք» հէքեաթներում10 մեզ հետաքըրքրող իրադարձութիւնների ընթացքը համառօտ հետեւեալն է: Երեք եղբայրներ հերթով պահպանում են այգին, միայն փոքրն է կարողանում վիրաւորել այգին աւերող դեւին: Երեքով գնում են դեւի հետքով, փոքրը մտնում է հորը, այնտեղ սպանում է մեծ, միջնեկ ու փոքր դեւերին, ազատում երեք աղջիկներին, դեւերի հարստութիւնն ու աղջիկներին հորից պարանով դուրս ուղարկում: Եղբայրները իրենց փոքր եղբօրը թողնում են հորում՝ հրապուրուելով նրա հարսնացուի գեղեցկութեամբ: Տղան իր հարսնացուի ասածի համաձայն գնում է գուռի մօտ, գտնում ջուր խմող ձիերին:

Բայց սեւի փոխարէն իրեն նետում է սպիտակի վրայ, սա էլ՝ կարմիրի, իսկ կարմիրը` սեւի վրայ: Սեւ ձին նրան իջեցնում է անդունդք: Այստեղ բացարձակ խաւար է:
Տղան մնում է պառաւի մօտ: Երբ ծարաւում է, պառաւը ջրի տեղ իր մէզն է տալիս, ապա բացատրում պատճառը. եօթ գլխանի ջրարգել վիշապին ամեն կիրակի մի աղջիկ ու մի շալակ գաթա են տալիս, որ ջուր թողնի: Տղան գնում է աղբիւրի մօտ աղջկայ հետ, քնում մինչ վիշապի գալը, զարթնում է աղջկայ արցունքից, մի զարկով կտրում վիշապի եօթ գլուխները, ազատում աղջկան: Ապա թագաւորից ուզում է, որ իրեն հանեն Լոյս Աշխարհ: Թագաւորը խոստովանում է, որ դա իր զօրութիւնից դուրս է, ինքը չի կարող, բայց պատմում է արծուի մասին: Տղան գտնում է ծառը, որի վրայ արծուի բոյնն է, սպանում ձագերին ուտելու եկած վիշապին ու քնում: Վերադառնալով` արծիւը նախ ուզում է սպանել տղային, բայց ձագերն ամեն ինչ պատմում են նրան, եւ նա խոստանում է կատարել տղայի խնդրանքը: Տղան խնդրում է իրեն հանել Լոյս աշխարհ: Թագաւորից ուզում են եօթ խոյի դմակ եւ եօթ տիկ գինի: Թռչում են վեր. աշխարհը նախ երեւում է մի աստղի չափ, ապա մի կալի չափ եւ ապա՝ մեծ, եւ հասնում են տեղ: Արծիւը երկու փետուր է տալիս ու գնում ետ: Տղան գալիս է հօր քաղաքի մօտ, մի փետուրը վառում. սա դառնում է հրեղէն ձի: Հալիւորից իմանում է, որ 20 օր է, ինչ կորել է թագաւորի փոքր տղան, մեծն ուզում է ամուսնանալ նրա հարսնացուի հետ, վերջինս էլ սպառնում է թոյն խմել: Մի պառաւի միջոցով իր մատանին ուղարկում է աղջկան, սա պատուիրում է, որ եօթ օր ու գիշեր ոչ ոք տնից չելնի, տղան ու աղջիկը հանդիպում են պարտէզում ու միասին փախչում: Եղբայրները զօրքով ընկնում են նրանց ետեւից: Տղան կոտորում է բոլորին ու մեծ եղբօրը, խնայում միջնեկին: Թագաւորն իմանում է բուն եղելութիւնը, գալիս է, տղային ամուսնացնում իր հարսնացուի հետ:
Սասնայ Ծռերի որոշ պատումներում կան սրան լրացնող որոշ դրուագներ եւ մանրամասներ: Այսպէս, նոր պատումներից մէկում Սանասարը կախարդական քաղաքում կռւում է 40 փահլեւանների հետ, նրանցից 30-ին սպանում, մնացեալ 10- ին էլ Բաղդասարն է սպանում: Ապա աղջկայ պատուէրով գնում է դէպի արեւմուտք՝ Օձ քաղաք: Այստեղ նետահարում, սպանում է թեւաւոր վիշապին, որ ծածկել էր երկինքը եւ օրը մի անգամ էր լոյս թողնում: Սրա հետեւանքով անձրեւ – հեղեղ է գալիս, կայծակ-փայլակ է շամփրում, դղրդոց – գոռոց է ընկնում աշխարհը, եւ ի վերջոյ արեւ-լոյս է ելնում: Ապա, ջրարգել վիշապին սպանելուց յետոյ, ի պատասխան թագաւորի առաջարկներին, Սանասարը խնդրում է, որ իրեն այդ երկրից դուրս հանեն: Թագաւորն ասում է, որ դա դժուար է, եւ ինքը չի կարող: Ապա խորհուրդ է տալիս անտառում բնակուող արծուին դիմել: Միայն նա՛ կարող է դա անել: Սա էլ ամեն տարի ձագ է հանում, բայց մի վիշապ ուտում է ձագերին: Սանասարն սպանում է այդ վիշապին էլ, ազատում արծուի ձագերին: Արծիւը Սանասարին ետ է տանում իր ուզած տեղը: Ընդ որում, երկնքից աշխարհը նախ երեւում է մի մաղի չափ, հետո` կալի չափ, ապա՝ շատ մեծ: Այստեղ էլ իջնում են11:

Սանասարի որդի Մհերն էլ մեծանում է օրերով՝ ի տարբերութիւն այլ երեխաների, որ տարիով են մեծանում12:
Սասնայ Ծռերի որոշ այլ պատումներում եւ համահաւաք բնագրում Սանասարը հարսնացու տանելու համար կռւում է ոչ թէ 40, այլ 60 փահլեւանների հետ, ընդ որում, թագաւորն իրեն առաջարկում է կռուել օրական մի-մի փահլեւանի հետ, սակայն ինքը շտապելու պատճառով նախընտրում է կռուել բոլորի հետ միաժամանակ: Նրանցից 20-ին սպանում է առաջին օրուայ ցերեկը, 10-ին՝ դրան յաջորդող գիշերը եւ եւս 10-ին՝ յաջորդ ցերեկը: Մնացեալ 20-ին սպանում է օգնութեան հասած եղբայրը՝ Բաղդասարը13:
Արդ անցնենք այս ամենի քննութեանը օրացուցային առումով:
Այս հէքեաթների եւ Սասնայ Ծռերի համապատասխան դրուագներում հանդէս եկող կերպարները եւս, ինչպէս Սինամ թագաւորն ու նրան առնչուող կերպարները, աստեղային – երկնային կերպարներ են: Սրա լաւագոյն օրինակը, թերեւս, Սանասարի կրստեր որդի Մեծ Մհերն է, որ որոշակիօրէն երկնային կերպար է: Մհերի մասին վկայուած է, որ նա մեծանում է «օրերով»: Իսկ «օրերով», ինչպէս գիտենք, մեծանում է միայն Լուսինը, որի հասակը` տարիքը, հիմա անգամ ընդունուած է չափել-ներկայացնել հէնց օրերով (լուսնացոյցներում տրւում է, թէ Լուսինը քանի «օրական» է): Բացի այդ, ինչպէս դիցավէպում վկայուած է, Մհերի կեանքը տրոհուած է հատուածների` ըստ Լուսնի հիմնական փուլերի: Այսպէս, նա եօթ տարեկանում (Լուսնի առաջին քառորդ) մարդամէջ է մտնում, վարժատուն գնում, որս անում, եօթ տարի Սասունը պահում է որս անելով, 15 տարեկանում (լիալուսին) առիւծ է սպանում, յաղթում Սպիտակ Դեւին, ամուսնանում, իսկ կեանքի վերջում (վերջին քառորդից մինչեւ Լուսնի անտես դառնալը` մահանալը) եօթ տարի հարբած մնում է Մըսըրում` Իսմիլ Խաթունի մօտ, որից յետոյ Սասուն գալով՝ զաւակ է ունենում եւ մահանում14: Այս 7ական «տարիները» պարզապէս Լուսնի հիմնական փուլերի միջեւ եղած 7ական օրերն են15։
Բնական է, որ աստեղային զուգահեռներ ունենան Սասնայ Ծռերի միւս կերպարները եւս, ինչպէս նաեւ դրանց համանման կերպարները հէքեաթներից:
Աշխատանքի դիւրութեան նկատառումով նպատակայարմար է այս պատմութիւնները տրոհել առանձին դրուագների եւ ապա դիտարկել այդ դրուագների տարբերակներն ու առնչութիւններն իրար հետ:
Ահա մեզ հետաքրքրող դրուագները:

Zoom Image

Այս բոլոր հէքեաթներում էլ ունենք որոշակի վկայութիւն եռաստիճան (եռամաս) աշխարհի մասին. այն է՝ Լոյս աշխարհը, ուր ընթանում է սովորական կեանքը, ապրում են հերոսները, ապա՝ Կախարդական աշխարհը, ուր տիրում են դեւերը, կան հսկաներ եւն, եւ Մութ (Սեւ) աշխարհը՝ Անդունդքը, ուր վիշապներն են: Այս նոյնը փոքր-ինչ այլ տարբերակով ունենք Սասնայ Ծռերում: Այստեղ երկուորեակ եղբայրները իրենց երկրից նախ գնում են Պղնձէ քաղաք (Քաջանց աշխարհ), որ կախարդական աշխարհ է. այստեղ դիւթանքներ են գործում (աղջկան ուզելու եկած կտրիճները ծերացել են, կամ քար են դարձել), հմայքի ակ եւ հմայական զօրութիւն ունի Սանասարի հարսնացուն` Դեղձունը, կան հսկաներ, դեւեր եւն: Ապա նրանք գնում են այլ տեղ՝ Կանաչ քաղաք, կամ Օձ (որ է՝ վիշապ, վիշապների) քաղաք, ուր սպանում են տարբեր վիշապների: Այսինքն, մենք ունենք արտաքուստ տարբեր թըւացող, սակայն ըստ էութեան նոյնական իրողութիւններ: Այս նոյնը առկայ է նաեւ Արծուի օգնութեամբ Սինամ թագաւորի մօտ՝ 40 ծովի կղզին գնալ-գալու դրուագի պարագայում: Ըստ էութեան սա եւս համընկնում է թռչունով հազարան հաւքը բերելու գնալ-գալուն: Աշխարհի եռամաս կառուցուածքի արտայայտութիւնն է եւ այն, որ հրաշք թռչունի վրայ նստած մի աշխարհից միւսը տեղափոխուելիս տղան աշխարհը տեսնում է հէնց եռաստիճան. այն երեւում է նախ կալի չափ, ապա՝ մաղի չափ եւ ի վերջոյ՝ ձուի չափ16:
Արդ նայենք, թէ ինչ ունենք այս երեք աշխարհներում:
Այս երեք աշխարհներում էլ արեգակնային հերոսը (տղան) գործում է միեւնոյն որակի արարքներ` յաղթում է չար ուժերին, ազատում աշխարհները չարիքից, հաստատում բնականոն կարգ:
Այս երեք աշխարհներում էլ գործում են երեքական զօրաւոր ուժեր. Լոյս աշխարհում թագաւորի երեք որդիներն են (տղան եւ իր երկու եղբայրները, որոշ տարբերակներում՝ ընկերները), Կախարդական աշխարհում երեք եղբայր դեւերն են, իսկ Մութ աշխարհում երեք17 վիշապներն են (երկինքը փակող18, ջրարգել եւ թռչունի ձագերին ուտող):
Իրար համանման – իրար զուգահեռ են նաեւ տղայի գործողութիւնները այս երեք աշխարհներում:
Աղիւսակի տեսքով ներկայացնենք երեք աշխարհներում գործող ուժերն ու տղայի գործողութիւնները:

Zoom Image

Ինչպէս երեւում է աղիւսակից, այստեղ ունենք ե՛ւ առարկաների, ե՛ւ գործողութիւնների, ե՛ւ արդիւնքների զուգահեռութիւն: Այսպէս. գործողութեան առարկան տարբեր աշխարհներում անմահական (երեք) խնձորները, երեք աղջիկները եւ Արեւ, ջուր, թռչուն երրեակն են. այս երրեակի երրորդ անդամը՝ թռչունը եւս եռամաս է՝ ունի երեք ձագեր19: Միւս կողմից էլ գիտենք, որ խնձորը հէնց աղջկայ նշանակն է (աղջկան առնելուն նախորդում է նրա խնձորը ձեռք բերելը եւ աղջիկը տրւում է (մարդու է գնում) նրան, ում որ տրւում է աղջկայ խնձորը): Արեւն ինքը մեր քննած հէքեաթներում իգական է, համապատասխանում է Սինամ թագաւորի կնոջը՝ Գիւլ թագուհուն20։ Թռչունի ձագերը եւս պիտի լինեն իգական, քանի որ այդ թռչունը իգական է (ճտեր է հանել), եւ ձագերն էլ նրա փոխարինողներն են (մի տարբերակում ճանապարհւելուց առաջ թռչունը ձագերին յայտնում է, որ ինքը կարող է նաեւ չվերադառնալ, այսինքն, նրանց է յանձնում իր գործի շարունակութիւնը): Զուգահեռ են նաեւ գործող անձանց, կենդանիների եւ առարկաների հարազատութեան աստիճանները: Այսպէս, Լոյս աշխարհի երեք տղաները եղբայրներ են, Կախարդական աշխարհի երեք աղջիկները քոյրեր են, անմահական խնձորները եւս նոյն կարգի «հարազատ» են իրար. բոլորն էլ նոյն ծառի պտուղներն են: «Քոյրեր» են նաեւ թռչունի երեք ճտերը: Եղբայրներ են Կախարդական աշխարհի երեք դեւերը։ Նոյնական է նաեւ երեք աշխարհներում գործող անձանց վերաբերմունքը իրար նկատմամբ. նրանք բոլորն էլ գործում են միեւնոյն ուղղութեամբ եւ իրար օժանդակում – օգնում են: Միակ «բացառութիւնը» Լոյս աշխարհում գործող անձինք՝ թագաւորի երեք որդիներն են` փոքր որդին` բուն հերոսը եւ իր երկու եղբայրները, որ ամեն կերպ խոչընդոտում – վնասում են իրենց կրտսեր եղբօրը21: Նկատենք, սակայն, որ այս «տարբերութիւնը» յատուկ է, ընդհանրապէս, Լոյս աշխարհին, ուր շատ յաճախ հերոսների միջեւ ի յայտ է գալիս հակառակութիւն: Հէքեաթի բազմաթիւ տարբերակներում, ի հակադրութիւն Կախարդական եւ Մութ աշխարհների, ուր դեւերն ու վիշապները գործում են նոյն ուղղութեամբ, իրար ներդաշնակ, Լոյս աշխարհի հերոսներից մէկը դրական է, միւս երկուսը` նրան հակառակ` բացասական: Ի դէպ, հարազատների միջեւ այս հակառակութիւնը առկայ է նաեւ հայկական հէքեաթների եօթ (երեք) քոյրերի պարագայում: Այստեղ էլ քոյրերից մէկը լինում է դրական (չի ստում, ծնում է հրաշք զաւակներ, տառապում է աւագ քոյրերի դաւերից), իսկ միւսները` բացասական: Այս հակառակութիւնը առանձին քննութեան նիւթ է եւ դուրս է սոյն յօդուածի խնդրի շրջանակից, ուստի դրան այստեղ չենք անդրադառնայ` թողնելով դա այլ առիթի:
Վերը նշուած զուգահեռները հիմք են տալիս նոյն կարգի հարազատներ համարել նաեւ Անդունդքում գործող երեք վիշապներին, այսինքն, այս վիշապներն էլ պիտի լինեն կա’մ քոյրեր, կա’մ եղբայրներ22:
Շատ կարեւոր մի հանգամանք է այն, որ այս եռամաս աշխարհում հերոսի շարժումը, ընթացքը մի աշխարհից դէպի միւսը միշտ կատարւում է մէկ ուղղութեամբ։ Այս մի ուղղութեամբ շարժման մասին ակնարկ է եւ այն, որ հէքեաթի որոշ տարբերակներում արեգակնային հերոսը ճակատագրական խաչմերուկում ընտրում է երեք ճանապարհներից ա՛յն մէկը, որ կոչւում է «Գնացողը ետ չի գայ»23 կամ նման մի այլ անունով։ Սա ուղղակի ակնարկ է այն մասին, որ դա Անդրաշխարհ տանող ճանապարհն է։ Սրան լրիւ համահունչ է շումերական դիցավէպում Ինաննա դիցուհու Անդրաշխարհ մեկնելը. այստեղ էլ Անդրաշխարհը կոչւում է «անվերադարձ երկիր», իսկ այդտեղ տանող ճանապարհի մասին ասւում է. «մի ուղի, որով չկայ վերադարձ»24։

Zoom Image

Երեք աշխարհներից ամեն մէկից դեպի միւսը հերոսն անցնում է յատուկ միջոցներով (հորի միջով՝ պարանով, տարագոյն ձիերով, կամ խոյերով), իսկ հակառակ ուղղութեամբ տեղաշարժուել՝ վերադառնալ նա չի կարողանում25։ Այդ է պատճառը, որ նա թագաւորից իբրեւ մեծագոյն պարգեւ խնդրում է իրեն հանել Լոյս աշխարհ: Աւելին, համարեա բոլոր տարբերակներում, երբ հերոսը Մութ աշխարհի թագաւորին խնդրում է իրեն Լոյս աշխարհ հանել, թագաւորը խոստովանում է, որ դա իր ուժերից վեր է, ինքը դա չի կարող անել։ Սա տարօրինակ է այն առումով, որ ըստ հէքեաթների տրամաբանութեան՝ թագաւորը պիտի լինի ամենազօր, սակայն պարզւում է, որ այնուամենայնիւ կայ բան, որ դուրս է նրա կարողութիւնից։ Եւ դա Մութ աշխարհից Լոյս աշխարհ հերոսին տեղափոխելն է։ Այսինքն, Մութ աշխարհից ետ՝ դէպի Կախարդական, ապա նաեւ՝ դէպի Լոյս աշխարհ ուղղութեամբ շարժումը, տեղափոխութիւնը անհնար է (եթէ նոյնիսկ թագաւորը չի կարող դա իրագործել)։ Մութ աշխարհից տղան բոլորովին տարբեր ուղիով (ոչ իր եկած ճանապարհով) մի անգամից տեղափոխւում է Լոյս աշխարհ (թռչունի օգնութեամբ)։ Նա ոչ թէ ետ է գալիս իր եկած ճանապարհով, այլ իր ընթացքը շարունակում է բոլորովին այլ կերպ: Նա դուրս է գալիս (թռչում) Մութ աշխարհից եւ յայտնւում է (վայրէջք է կատարում) Լոյս աշխարհում:
Գիտենք, որ մարդն իր ընկալած եռաչափ տարածութեան մէջ ազատ կարող է տեղաշարժուել բոլոր ուղղութիւններով։ Եւ միայն ժամանակն է, որ իբրեւ հետեւանք մարդու իւրօրինակ ընկալման, մեզ համար միաչափ է (մենք գիտենք միայն մէկ ժամանակային առանցք), եւ այդ միաչափ ժամանակային առանցքով էլ մարդ «կարող է» շարժուել միայն մէկ ուղղութեամբ՝ անցեալից դէպի ապագան։ Հակառակ շարժումը՝ ներկայից (ապագայից) ետ դէպի անցեալը մարդու համար (սովորական պայմաններում) կարելի չէ։ Այսինքն, մեր խնդրոյ առարկայ երեք աշխարհները, մէ կից միւսը թոյլատրելի «միակողմանի» շարժմամբ յիշեցնում են մարդու ժամանակային «միակողմանի» ընկալումը։
Այս երեք աշխարհների «ժամանակային» ընկալման օգտին է վկայում նաեւ հետեւեալ հանգամանքը։ Կախարդական աշխարհից հերոսը աղջկայ խորհրդով փորձում է Լոյս աշխարհ վերադառնալ հրաշքձիերի (որոշ տարբերակներում՝ խոյերի) օգնութեամբ։ Աղջիկը (Կախարդական աշխարհում) նրան պատուիրում է ցատկել սեւ ձիու վրայ, որ սա էլ գցի կարմիրի վրայ, կարմիրն էլ՝ սպիտակի վրայ եւ սպիտակն էլ հանի Լոյս աշխարհ։ Սակայն տղան ցատկում է ճերմակ ձիու վրայ, սա էլ նրան գցում է կարմիր ձիու վրայ, կարմիրն էլ գցում է սեւ ձիու վրայ եւ վերջինս նրան տանում է Անդունդք։ Ի՞նչ է այստեղ կատարւում ըստ էութեան։
Աղջիկը, որ Մութ (Կախարդական) աշխարհի գործող անձ է, տղային գործողութիւն կատարելու խորհուրդ է տալիս, ելնելով հէնց Մութ աշխարհի դրուածքից, այնտեղ տիրող իրողութիւններից։ Իսկ տղան, լինելով Լոյս աշխարհից եկած անձ (Լոյս աշխարհի անձ), գործում է իր՝ Լոյս աշխարհի դրուածքին համապատասխան։ Իսկ այդ աշխարհների դրուածքները իրար հակառակ են. բացի լոյս ու մութ լինելուց այդ աշխարհներում հակառակ են նաեւ շարժումների, գործողութիւնների ուղղութիւնները։ Այս է պատճառը, որ տղան չի կատարում աղջկայ պատուէրը, սեւի փոխարէն ցատկում է սպիտակ ձիու վրայ26 եւ յայտնւում է ամենամութ աշխարհում՝ Անդունդքում:
Լոյս եւ Մութ աշխարհների էական տարբերութիւնը լաւ երեւում է երկնային լուսատուների շարժումը դիտարկելիս։ Այսպէս. Լոյս աշխարհում լուսատուները օրուայ ընթացքում շարժւում են արեւելքից դէպի արեւմուտք։ Այդպէս բոլոր լուսատուները՝ Արեւը, Լուսինը, աստղերն ու մոլորակները արեւելքում ծագում են, ապա երկնքով տեղափոխւում դէպի արեւմուտք եւ, ի վերջոյ, մայր են մտնում արեւմուտքում։ Իսկ ի՞նչ պիտի լինի այդ լուսատուների մայր մտնելուց յետոյ։ Որպէսզի յաջորդ օրը դրանք վերստին կարողանան ծագել արեւելքում եւ կրկնել իրենց սովորական ընթացքը, հարկ է, որ մայր մտնելուց յետոյ դրանք գիշերուայ ընթացքում (արդէն գետնի տակով, այսինքն՝ Մութ աշխարհով) շարժուեն հակառակ ուղղութեամբ։ Ուրեմն, Մութ աշխարհում լուսատուների (այդ թւում՝ նաեւ Արեւի, Լուսնի) շարժումը պիտի լինի սովորականի հակառակ ուղղութեամբ՝ արեւմուտքից արեւելք27։ Ահա ա՛յս է պատճառը, որ Մութ աշխարհում տղան (որ արեգակնային հերոս է), գործելով Լոյս աշխարհին յատուկ ձեւով, սխալ է գործած լինում։ Մութ աշխարհում շարժումները կատարւում են հակառակ ուղղութեամբ, ուստի, սպիտակ ձին, որ Լոյս աշխարհի տրամաբանութեամբ բնականօրէն պիտի շարժուէր մութից դէպի լոյսը, այստեղ շարժւում է հակառակ ուղղութեամբ՝ լոյսից դէպի մութը եւ այդ պատճառով էլ հերոսին չի տանում Լոյս աշխարհ, այլ նրա միջոցով հերոսն ի վերջոյ ընկնում է Անդունդք՝ ամենամութ աշխարհը։ Այստեղ (Մութ աշխարհում) սեւ ձին է, որ կարող է տղային հասցնել Լոյս աշխարհ28։
Լոյս ու Մութ աշխարհների միջեւ հակադարձ առնչութիւնների մի այլ օրինակ է այն, որ, իբրեւ կանոն, Լոյս աշխարհի հերոսները իրենց համար կին (կողակից) են բերում Մութ աշխարհից, իսկ Կախարդական (որոշ տարբերակներում՝ նաեւ Մութ) աշխարհի հերոսները (դեւերը) կին են առնում Լոյս աշխարհից: Եւ սա բնական պէտք է նկատել, քանի որ ամուսինները սեռով իրար հակառակ են, ուրեմն, հակադիր աշխարհների տրամաբանութեան համաձայն հակառակ պիտի լինեն նաեւ նրանց հայրենի աշխարհները29:
Տեսնում ենք, որ Լոյս ու Մութ աշխարհների միջեւ եղած առնչութիւնը ըստ էութեան երկնային մարմինների շարժումների, այդ շարժումների ուղղութիւնների առնչութիւնն է։ Ուրեմն, դա պիտի լինի նաեւ այդ լուսատուների շարժումների հետ կապուած ժամանակների առնչութիւն, այսինքն՝ ժամանակային առնչութիւն։
Ստացւում է, որ մի կողմից ունենք աշխարհի եռամաս կառուցուածք՝ Լոյս աշխարհ, Կախարդական աշխարհ եւ Անդունդք կամ Մութ աշխարհ։ Միւս կողմից էլ ունենք, որ այս աշխարհների միջեւ առնչութիւնը ժամանակային է, կառուցուած է ըստ երկնային լուսատուների շարժման եւ դրանց համապատասխան ժամանակների օրինաչափութեան։ Սա հիմք է տալիս համարելու, որ աշխարհի եռամաս կառուտղ ցուածքին զուգահեռ սպասելի է ունենալ նաեւ ժամանակի եռամաս կառուցուածք: Իսկ ինչպէ՞ս կարելի է պատկերացնել ժամանակի եռամաս կառուցուածքը։
Ժամանակի հիմնական միաւորը` ժամանակային մէկ ամբողջութիւնը տարեշրջանն է` եղանակների կրկնման պարբերութիւնը, որ նոյնն է, ինչ երկնքում անշարժ աստղերի նկատմամբ Արեգակի շարժման պարբերութիւնը: Ուրեմն, եռամաս աշխարհին զուգահեռ՝ տարեշրջանը եւս պիտի լինի եռամաս: Ինչպէ՞ս պատկերացնենք սա:
Հէքեաթում տղայի գործողութիւնները սկսւում են Լոյս աշխարհում, ապա նա տեղափոխւում է Կախարդական աշխարհ, իսկ յետոյ` Մութ աշխարհ եւ հէնց Մութ աշխարհից յետոյ վերստին յայտնւում է Լոյս աշխարհում (թռչունի օգնութեամբ): Այսինքն, Մութ աշխարհի (Անդունդքի) վերջում խզւում է ժամանակի ընթացքը եւ տեղի է ունենում «ժամանակային ցատկ, թռիչք»: Բնական է, որ սրան զուգահեռ լինեն եւ ժամանակի յաջորդական հատուածները: Այսինքն, լինեն երեք ժամանակային հատուածներ (տարեմասեր), որոնց աւարտից յետոյ վերստին սկսուի նոր տարեշրջանը։
Արեգակնային հերոսի ճամփորդութիւնը երեք աշխարհներով, ըստ էութեան, հէնց Արեգակի անցումն է այդ աշխարհներով, այսինքն՝ դրանց համապատասխան ժամանակային հատուածներով։ Սա էլ Արեգակի անցումն է ամբողջ երկնակամարով՝ կենդանաշրջանով։
Բնական է ակնկալել, որ տարեշրջանի երեք մասերը ձօնուած լինեն այն կերպարներին, որոնք երեք տարբեր աշխարհների հիմնական գործողութիւն կատարողներն են30։ Ըստ այսմ, պիտի ունենանք թագաւորի երեք որդիներին (տղային եւ իր երկու եղբայրներին) ձօնուած տարեմաս, դրանից յետոյ պիտի լինի երեք դեւերին եւ նրանց գերած երեք քոյրերին31 ձօնուած տարեմաս եւ վերջում՝ երեք վիշապներին ձօնուած տարեմաս։ Եթէ պարզ տրամաբանութեամբ առաջնորդուենք, ապա այսպիսի տարեշրջանը պիտի պարունակի երեք ամիս` ձօնուած թագաւորի երեք որդիներին, յետոյ վեց ամիս՝ ձօնուած դեւերին եւ նրանց գերած (նրանց հետ ամուսնացած) երեք քոյրերին եւ վերջում պիտի լինեն երեք ամիսներ՝ ձօնուած երեք վիշապներին։ Բոլորը միասին կը լինեն 3 + 6 + 3 = 12 ամիս։ Բնականաբար, ակնկալելի է, որ այս 12 ամիսներն էլ համապատասխանեն կենդանաշրջանի 12 համաստեղութիւններին։ Միեւնոյն ժամանակ, հէքեաթի որոշ տարբերակներում եւ դիցավէպում ունենք, որ Կախարդական աշխարհի եւ Մութ աշխարհի (Անդունդքի) որոշ կերպարներ իրար կրկնում են կամ նոյնական են։ Այսպէս, դիցավէպում վիշապների աշխարհի (Օձ քաղաքի) վիշապին զոհ տարուած աղջիկը Պղնձէ քաղաքի (Քաջանց, Կախարդական աշխարհի) աղջկայ՝ Դեղձունի քոյրն է։ Եթէ երկւորեակ եղբայրներին (Սանասարին ու Բաղդասարին) դիտում ենք իբրեւ մէկ կիսուած միաւորի մասեր (այսինքն՝ երկուսին միասին՝ իբրեւ մէկ միաւոր), բնական է, որ նրանց հարսնացուներն էլ նոյն կերպ նոյնանան իրար։ Այսինքն, այստեղ ունենք օրինակ, ուր Կախարդական եւ Մութ աշխարհների գործող անձինք նոյնական են։
Էական է, որ Մութ աշխարհի վիշապների երեք հատ լինելը պահպանուած է դիցավէպի միայն մէ՛կ պատումի մէջ։ Միւս բոլոր տեղերում ունենք միայն երկու վիշապ։ Միեւնոյն ժամանակ, դիցավէպի բազմաթիւ պատումներում էլ ունենք, որ Քաջանց (Կախարդական) աշխարհում Դեղձունը սերտ առնչութիւն ունի վիշապի հետ, այսինքն, նա «վիշապային» յատկանիշներ ունի։ Ստացւում է, որ ի դէմս Դեղձունի եւ նրա վիշապի ունենք մի վիշապ, որ հանդէս է գալիս ոչ թէ Մութ աշխարհում, այլ Կախարդական աշխարհում։ Եւ, եթէ ի նկատի ունենանք, որ Դեղձունը արեգակնային կերպար է (նրա խնձորը սեան գլխին փայլփլում է Արեւի պէս), ապա այս (Դեղձունի) վիշապին կարելի է նոյնացնել հէնց Մութ աշխարհի (Օձ քաղաքի) երկինքը փակող վիշապի հետ։ Այս կերպ նաեւ հասկանալի կը դառնայ, թէ ինչու այս վիշապը մեզ է հասել միայն դիցավէպի մէկ պատումի մէջ. դիցավէպի ու հէքեաթների միւս բոլոր տարբերակներից այն «խմբագրուել» – դուրս է մնացել, քանի որ կապուած է աւելի շատ Կախարդական աշխարհի, քան թէ Մութ աշխարհի հետ։
Արդ, եթէ տարեշրջանի եռամաս կառուցուածքի մասին վերը մեր գտած պատկերը շտկենք այս մէկ վիշապի երկակի բնոյթը հաշուի առնելով, ապա կը ստանանք, որ տարեշրջանը պիտի ունենայ հետեւեալ կազմութիւնը։ Երեք ամիս՝ ձօնւած Լոյս աշխարհի թագաւորի երեք որդիներին, յետոյ վեց ամիս՝ ձօնուած Կախարդական աշխարհի դեւերին եւ նրանց գերած երեք քոյրերին եւ եւս մէկ ամիս ձօնուած արեգակնային վիշապին, վերջում էլ պիտի լինեն երկու ամիսներ՝ ձօնուած Մութ աշխարհի երկու վիշապներին։ Բոլորը միասին կը լինեն 3 + (6 + 1) + 2 = 12 ամիս։ Այսպիսով, ելնելով միայն մեր քննած հէքեաթներում առկայ աշխարհի, ուրեմն նաեւ՝ ժամանակի եռամաս կառուցուածքից եւ այդ կառուցուածքի մի քանի սկզբունքային մանրամասներից, ստանում ենք դրան համապատասխան տարեշրջանի սկզբունքային կառուցուածքը։
Նկատենք, որ աստ վերականգնուող օրացոյցի տարեշրջանի մէջ վերջին երկու ամիսները Մութ աշխարհին վերաբերելը եզակի իրողութիւն չէ. մեզ յայտնի է դրա զուգահեռը յունական դիցաբանութեան մէջ, որտեղ առկայ են դրա տարբեր դրսեւորումները: Նայենք միայն մէկ օրինակ:
Հերակլէսը յունական դիցաբանութեան մէջ արեգակնային կերպարին բնորոշ յատկանիշներ ունի: Սրա ամենացայտուն դրսեւորումներն են նրա 12 սխրանքները, որ յիշեցնում են տարուայ 12 ամիսների ընթացքում Արեգակի անցումը կենդանաշըրջանի 12 աստեղատներով: Նրա առանձին սխրանքները եւս կապուած են Արեգակի եւ Լուսնի շարժումների հետ: Հերակլէսի վեցերորդ սխրանքը Աւգիասի ախոռները մաքրելն է: Աւգիասը Արեւի աստուած Հելիոսի որդին է, եւ նրա ախոռները մաքրուած չեն 30 տարի: Հէրակլեսը դրանք մաքրում է մէկ օրում: Այս 30ը արեգակնային ամսի օրերի քանակն է: Այսինքն, սա կարելի է հասկանալ այսպէս. Արեգակնային հերոս Հերակլեսի այս մէկ սխրանքը համարժէք է արեգակնային տարուայ մէկ ամիսին: Ըստ այսմ, բնական է, որ միւս սխրանքները եւս լինեն մէկական ամիսների համարժէք: Այսինքն, իր 12 սխրանքներով Հերակլէսը լրիւ արեգակնային տարուայ պատկերն է իրագործում:
Հէրակլէսի 11-րդ սխրանքն էլ Հադէս՝ Անդրաշխարհ իջնելն է, իսկ 12-րդը` Հեսպերուհիների այգուց (այսինքն` Դրախտից) 3 ոսկէ խնձոր բերելը: Այսինքն, 12 սըխրանքներից վերջին երկուսը կապուած են Անդրաշխարհի եւ Դրախտի հետ: Սա յիշեցնում է Նախահայկեան օրացոյցի կառուցուածքը, որում տարուայ 10 ամիսներից յետոյ կայ մօտ երկամսեայ արտատարեկան մի ժամանակամիջոց` կապուած Անդրաշխարհի հետ: Ընդ որում, այս արտատարեկան ժամանակամիջոցը տրոհւած է երկու հատուածի, որոնցից մէկը կից է տարեվերջին, իսկ միւսը կից է յաջորդ տարեսկզբին: Բնական է, այս երկու արտատարեկան ժամանակամիջոցները պիտի համապատասխանեն սովորական աշխարհից դուրս եղած երկու այլ աշխարհների. իսկ այդպիսիք են Անդրաշխարհը եւ Դրախտը: Եւ բնական է, որ Դրախտին համապատասխանող արտատարեկան օրերը կից լինեն տարեսկզբին, իսկ Անդրաշխարհին համապատասխանող օրերը կից լինեն տարեվերջին: Այսինքն, տարեշրջանի նախավերջին՝ 11-րդ «ամիսը» պիտի ինչ-որ իմաստով «ձօնուած» լինի Անդրաշխարհին, իսկ վերջին՝ 12-րդ ամիսը պիտի «ձօնուած» լինի Դրախտին32: Հէնց այսպիսի առնչութիւններ էլ տեսնում ենք Հերակլէսի 11-րդ եւ 12-րդ սխրանքների եւ դրանց կատարման վայրերի (Հադէսի եւ Հեսպերուհիների այգու) միջեւ:
Արդ փորձենք գտնել, թէ արեւադարձային տարուայ ո՞ր մասերում պիտի լինեն մեր վերականգնած տարեշրջանի մասերը։ Սկսենք ամենադիւրինից։ Ունենք, որ շուրջ երկամսեայ մի տարեմաս ձօնուած է Մութ աշխարհի վիշապներին։ Սրա հետ մէկտեղ, ինչպէս վերը նշուեց, մեր վերականգնած տարեշրջանի ամիսներից իւրաքանչիւրը պիտի համապատասխանի կենդանշրջանի մէկ համաստեղութեան։ Միեւնոյն ժամանակ, ինչպէս այլ առիթով ցոյց է տրուել, հնում կենդանաշրջանի մի հատուածը համարուել է երկնային վիշապ33։ Բնական է, որ վիշապներին ձօնւած երկամսեայ տարեմասը համապատասխանի կենդանաշրջանի հէնց «վիշապ» համարուած հատուածին։ Իսկ Կենդանաշրջանի «վիշապային» հատուածը Ցուլից Առիւծ մասն է։ Սրա մէջ մտնում են չորս համաստեղութիւն՝ Ցուլ, Երկուորեակներ, Խեցգետին (հնում՝ Էշ կամ Իշուկներ) եւ Առիւծ։ Այս չորս համաստեղութիւնները միասին կը համապատասխանեն չորս ամիսների։ Այսինքն, երկամսեայ տարեմա սի դիմաց ունենք քառամսեայ ժամանակամիջոց։ Ինչպէ՞ս ներդաշնակեցնել սրանք։ Նկատենք, որ կենդանաշրջանում առկայ երկնային վիշապի մասին մեր վերականգնած պատկերի համաձայն Վիշապ է համարուել նշեալ չորս համաստեղութիւնների ամբողջութիւնը, սակայն այստեղ բաց է մնացած այն հարցը, թէ որո՞նք են այդ վիշապի ստոյգ սահմանները։ Չէ՞ որ այդ վիշապը կարող էր սկսուել Ցուլ համաստեղութեան ոչ թէ արեւմտեան ծայրից, այլ ինչ-որ մի այլ մասից, ասենք՝ արեւելեան ծայրից։ Նոյն կերպ երկնային վիշապը աւարտւում է Առիւծ համաստեղութիւնով, սակայն յստակ չէ՝ Առիւծի ո՞ր մասում է աւարտւում վիշապը։ Այն կարող էր աւարտուել Առիւծի արեւելեան մասում ու նաեւ՝ արեւմտեան մասում։ Երկնային վիշապին համապատասխանող տեւողութիւնը կը լինի չորս ամիս միայն ա՛յն դէպքում, եթէ նշեալ չորս աստեղատները ամբողջութեամբ ընդգրկուած լինեն վիշապի կերպարի մէջ: Իսկ եթէ եզրային աստեղատները վիշապի կերպարի մէջ լինեն հատուածաբար, ապա ա՛յս պարագայում վիշապին համապատասխան տեւողութիւնը կը լինի չորս ամսից պակաս: Նուազագոյն տեւողութիւնը կը լինի, երբ եզրային աստեղատները վիշապի մէջ ընդգրկուած լինեն միայն իրենց «ծայրակէտերով»: Արդ, եթէ իբրեւ երկնային վիշապի սահմաններ ընդունենք Ցուլի արեւելեան եզրից մինչեւ Առիւծի արեւմտեան եզրը (այսինքն՝ Ցուլի վերջից մինչեւ Առիւծի սկիզբը)34, ապա այդ երկնային վիշապը կը համապատասխանի ժամանակային առումով հէնց երկու ամսուայ, կամ մի փոքր աւելի35 տեւողութեան։ Սա բնաւ չի հակասում երկնային վիշապը նշեալ չորս համաստեղութիւնների հետ նոյնացնելուն։ Իրօք, եթէ նշեալ համաստեղութիւններից ոեւէ մէկի մի փոքր հատուածն իսկ «մասնակցէր» երկնային վիշապի կերպարին, ապա մասը ամբողջի հետ նոյնացնելու տրամաբանութեամբ այդ համաստեղութիւնը պիտի համարուէր «վիշապային»36։
Այս կերպ կարող ենք նոյնացնել մեր վերականգնած տարեշրջանի՝ Անդրաշխարհին (Մութ աշխարհին) վերաբերող տարեմասը կենդանաշրջանի երկու (չորս) համաստեղութիւնների հետ: Սակայն համաստեղութիւնների հետ նոյնացնելը տակաւին բաւարար չէ այդ տարեմասի ստոյգ ժամանակային դիրքը որոշելու համար: Բանն այն է, որ արեւադարձային տարուայ մէջ այդ տարեմասի (նաեւ դրան համապատասխան համաստեղութիւնների) դիրքը գտնելու համար հարկ է նախ եւ առաջ ճշտել, թէ ո՞ր ժամանակաշրջանին է վերաբերում մեր խնդրոյ առարկայ օրացոյցը: Սրա պատճառն էլ այն է, որ ի հետեւանք Երկրի պտտման առանցքի դարաւոր գալարապտոյտի37, տարբեր դարաշրջաններում Արեգակի միեւնոյն դիրքին համապատասխանում են կենդանաշրջանի տարբեր համաստեղութիւններ: Օրինակ, գիտենք, որ ներկայումս գարնանամուտի կէտը Ջրհոս կենդանակերպում է38, շուրջ երկու հազար տարի առաջ այդ նոյն կէտը եղել է Ձկներում, եւս երկու հազար տարի առաջ դա եղել է Խոյ կենդանակերպում եւ այլն:
Խնդրոյ առարկայ օրացոյցի ժամանակաշրջանը մեր հէքեաթների գրանցման ժամանակի միջոցով որոշել չենք կարող, քանի որ հէքեաթները գրի են առնուել ԺԹ-Ի դարերում, սակայն նրանց պարունակած տեղեկոյթը անհամեմատ աւելի հին է: Սրա հետ մէկտեղ, արդէն իսկ մասամբ վերականգնուած օրացոյցը հնարաւորութիւն է տալիս իր ժամանակաշրջանի համար գոնէ գնահատական տալու:
Մեր խնդրոյ առարկայ հէքեաթները աւարտւում են միակերպ. տղան իր բոլոր սխրանքներից յետոյ ամուսնանում է իր նշանածի (եւ իր փրկած գեղեցկուհիների) հետ: Այսինքն, հէքեաթի վերջում ունենք ամուսնութիւն: Սրան զուգահեռ է այն, որ ինչպէս գիտենք, Հայոց Նաւասարդեան տօնաշարքի մէջ կենտրոնական դիրք է ունեցել ծիսական ամուսնութիւնը: Իսկ այս տօնաշարքը եղել է հին եւ նոր տարիների սահմանին, այսինքն, Նաւասարդեան ծիսական ամուսնութիւնը կարելի է դիտել թէ՛ իբրեւ հին տարուայ վերջում եւ թէ՛ իբրեւ նոր տարուայ սկզբում կատարուող գործողութիւն: Նախահայկեան օրացոյցում էլ Նաւասարդեան տօնաշարքին նախորդել է շուրջ երկամսեայ արտատարեկան ժամանակամիջոցը, որ եղել է արգելքների, մասնաւորաբար՝ կանացի սկզբի հետ առնչուող արգելքների շրջան: Սրան համանման էլ՝ հէքեաթում տղայի ամուսնութեանը նախորդում են իր փորձութիւնները եւ սխրանքները Կախարդական եւ Մութ աշխարհներում:
Հէքեաթների այս պարտադիր միակերպ վերջաւորութիւնը թոյլ է տալիս մօտաւոր ճշտութեամբ որոշել այդ հէքեաթներում արտայայտուած տարեշրջանի առանձին տարեմասերի տեղերը: Այսպէս. Հայերը մինչեւ այժմ սովորութիւն ունեն, որ Մայիս ամսին չեն ամուսնանում: Այսինքն, կայ Մայիս ամսին ամուսնութեան վրայ դրուած արգելք: Որպէս կանոն, մի բանի վրայ եղած արգելքը նախորդում է այդ նոյն բանի յատուկ շեշտուած կատարմանը: Օրինակ, հիմա էլ Մեծ պահքի եօթ շաբաթների ընթացքում արգելք է դրուած կենդանական ծագման ուտեստների վրայ. իսկ Մեծ պահքին յաջորդում է Ս. Զատիկը, որի բոլոր ուտեստները յատուկ պարունակում են կենդանական ծագման բաղադրիչներ՝ ձու, իւղով փլաւ, ձուով, կաթով եւ իւղով պատրաստուած զատկական յատուկ հաց եւ այլն: Այստեղից կարելի է հետեւեցնել, որ Մայիսին եղած ամուսնութեան արգելքին պիտի յաջորդէր դրա յաջորդ ամսում ամուսնութեան պարտադիր կատարումը: Այսինքն, հէնց Յունիսը պիտի լինի ամուսնութեան ժամանակը39: Միւս կողմից էլ գիտենք, որ Յունիսի 21–22-ին ամառային արեւադարձի օրն է: Այսինքն, մեր հէքեաթներում արտայայտուած տարեշրջանի եզակի կէտը՝ սկիզբը (եւ վերջը) ամառնամուտի շրջանում է: Այս նոյն եզրակացութեան օգտին է եւ այն, որ տոմարագիտական եւ աստղագիտական տարբեր իրողութիւնների համադրմամբ ստացուած Հայոց հնագոյն Ամանորի–Նաւասարդի տօնի նախնական դիրքը եղել է ամառնամուտից 8 օր առաջ, որ մեր կիրառած արդի Գրիգորեան օրացոյցով համապատասխանում է Յունիսի 14-ին40:
Մեր՝ հէքեաթներում արտայայտուած օրացոյցի տարեմասերի դիրքը որոշելու մի այլ հնարաւորութիւն էլ դրան համանման այլ յայտնի օրացոյցի ժամանակաշըրջանի մէջ այն տեղադրելն է: Իսկ դարաշրջանն իմանալով, արդէն կը կարողանանք դրա տարեմասերի դիրքերը յստակեցնել:
Այս առումով օգտակար կարող է լինել համեմատութիւնը Նախահայկեան օրացոյցի հետ: Մեր գտած տարեշրջանի պատկերը ընդհանուր գծերով էապէս ներդաշնակ է Նախահայկեան օրացոյցի կառուցուածքին (կարելի է ասել՝ հիմնականում համընկնում է դրան): Քանի որ Նախահայկեան օրացոյցի մասին հանգամանօրէն խօսուած է այլ տեղերում41, այստեղ միայն սեղմ նկարագրենք այն մեզ հետաքրքրող չափով: Այս օրացոյցում տարի է համարուել տարեշրջանի միայն այն (շուրջ 300-օրեայ) մասը, որի ընթացքում երկնքում դիտելի է եղել Հայկն համաստեղութեան գլխաւոր աստղը՝ Բետելգեյզէն: Այդ աստղի արեգակնային ամբարձումով սկսուել է տարուայ գլխաւոր՝ Ամանորի տօնը, իսկ աստղի չերեւալու (60–70օրեայ) շրջանը համարուել է տարուց դուրս: Տարուայ առաջին երեք ամիսները ձօնուած են եղել Հայր աստուծոյ երեք որդիներին, յաջորդ եօթն ամիսներն էլ նրա եօթ դուստրերին, իսկ արտատարեկան ժամանակը կապուած է եղել Անդրաշխարհի պաշտամունքի հետ:
Ինչպէս տեսնում ենք, այստեղ մեր վերականգնած տարեշրջանի պատկերը հիմնականում համընկնում է այս Նախահայկեան օրացոյցի հետ: Ուստի, էապէս սխալուած չենք լինի, եթէ մեր վերականգնած օրացոյցի համար իբրեւ դարաշրջան ընդունենք հէնց Նախահայկեան օրացոյցի ժամանակը: Նախահայկեան օրացոյցի մասին գիտենք, որ այն պիտի կիրառուած լինի ն. Ք. ԻԴ դարում եւ դրանից առաջ: Ուրեմն, մեր հէքեաթներով վերականգնուած օրացոյցի համար էլ կը վերցնենք այդ նոյն ժամանակշրջանը: Ն. Ք. ԻԴ դարի համար գիտենք, որ արտատարեկան 60 – 70 օրերին համապատասխանել է Արեգակի անցումը Ցուլ կենդանակերպից Առիւծ: Եւ դրան էլ մեր արդի (Գրիգորեան) օրացոյցով համապատասխանում է Ապրիլի 5ից Յունիսի 14 ժամանակահատուածը: Այսինքն, մեր հէքեաթներով վերականգնուած օրացոյցի՝ Մութ աշխարհին վերաբերող տարեմասը կը նոյնացուի մեր արդի (Գրիգորեան) օրացոյցով Ապրիլի սկիզբ – Յունիսի կէսեր ժամանակամիջոցին:
Մութ աշխարհին վերաբերող տարեմասի դիրքի յստակեցումից յետոյ միւս տարեմասերի դիրքերը որոշւում են ինքնաբերաբար: Լոյս աշխարհին վերաբերող տարեմասը կը համապատասխանի մօտաւորապէս ամառուան, Կախարդական աշխարհին վերաբերող տարեմասը կը համապատասխանի աշնանն ու ձմռանը միասին, իսկ Մութ աշխարհի տարեմասն արդէն նոյնացուեց:
Օրացոյցի առումով հետաքրքիր է նաեւ նայել, թէ ըստ խնդրոյ առարկայ հէքեաթների ե՞րբ են տեղի ունենում անդ նկարագրուած հրաշապատում անցքերը: Ուղղակի տեղեկութիւն այդ մասին մեր հէքեաթներում չկայ: Սակայն դա յստակ տրուած է անուղղակի տեսքով: Նայենք մեր ունեցած տուեալները:
Ուշագրաւ է, որ ե՛ւ Կախարդական աշխարհում, ե՛ւ Մութ աշխարհում տղան անընդհատ քնում է, երբ որոշակի անելիք չկայ: Նա պառաւի մօտ քնում է մինչեւ թագաւորի աղջկան վիշապի մօտ տանելը, եւ նրան արթնացնում է պառաւը: Աղբիւրի մօտ եւս տղան քնում է գլուխն աղջկայ գոգը դրած մինչեւ վիշապի յայտնուելը եւ զարթնում է աղջկայ արցունքից: Թռչունի բնի տակ քնում է մինչեւ ճտերին ուտելու եկած վիշապի գալը, զարթնում է ճտերի աղմուկից, ապա, վիշապին սպանելուց յետոյ դարձեալ քնում է այնքան երկար, որ թռչունը իր թեւով հով է անում նրան: Սրա բացատրութիւնը տղան ինքն է տալիս պառաւին: Նա ասում է. «Ես քնահարամ եմ...»42: Տղայի այս արտառոց «քնկոտութիւնը» հասկանալի կը դառնայ, եթէ ի նկատի առնենք, որ Լոյս աշխարհի հերոսը յայտնուել է Մութ աշխարհում: Հէնց սա՛ է նշանակում «Ես քնահարամ եմ...» խօսքը: «Քնահարամ» լինում են, երբ քունն ընդհատւում, խանգարւում է: Ուրեմն, տղայի քունն ընդհատուել է, եւ նա իր գործողութիւնները տարբեր աշխարհներում կատարում է քունն ընդհատուած միջոցին: Այսինքն, այս ամենը գիշերուայ մէջ է տեղի ունենում: Գիշերը սովորական մարդիկ քնում են: Ուրեմն, այս ամենը տեղի է ունենում տղայի քուն եղած ժամանակ: Եւ այս ամենը սկսուած է եւս քնելուց (սարի գլխին, կամ մի այլ արգելւած տեղ): Այսինքն, սարի գլխին քնելուց սկսեալ մինչեւ տղայի ետդարձը վիշապի մօտ Սինամի գաղտնիքով, բոլորը գիշերային իրադարձութիւններ են: Ընդ որում, այդ ամենը կատարւում են մէ՛կ գիշերուայ ընթացքում։ Այսինքն, այստեղ ունենք մի ոչ սովորական եզակի գիշեր: Միւս կողմից՝ տարեշրջանի մէջ իր խորհուրդներով եւ «յատկութիւններով» եզակի է հէնց Ամանորի գիշերը: Բնական է, ուրեմն, որ մեր քննարկած հէքեաթային իրադարձութիւնների եզակի գիշերը պիտի լինի հէնց Ամանորի, տարեմուտի գիշերը։ Ամանորի գիշերուան վերաբերող հայկական ժողովըրդական հաւատալիքի ու պատկերացումների մասին պահպանուել են շատ կարեւոր տուեալներ։ Ըստ այդ պատկերացումների, Ամանորի գիշերը մի պահ կանգ են առնում բոլոր ջրերը, դառնում հրաշագործ, աղբիւրները ոսկի են բղխում, կանգ է առնում ժամանակը, երկինք ու երկիր իրար են գալիս, համբուրւում43 եւ այլն։ Ժամանակը կանգ առնելը նշանակում է, որ այդ եզակի պահի մէջ ունենք մի ամբողջ յաւերժութիւն, որի ընթացքում հնարաւոր է ամեն ինչ:
Սրան զուգահեռ է մի քանի այլ հէքեաթներում այն, որ տղան իր ուղեւորութեան սկզբնամասում պատահում է ժամանակը մարմնաւորող մի կերպարի՝ Ժուկ ու Ժամանակին, որ սեւ ու սպիտակ թելեր է կծկում: Իր անելիքը հասցնելու համար տղան սեւ թելի կծիկը գլորում է սարից վար, որ գիշերը երկարի44: Սա եւս վկայութիւն է առ այն, որ տղայի գործողութիւնները լինում են գիշեր ժամանակ: Աւելին, կայ հէքեաթի տարբերակ, որտեղ, երբ տղան փորձում է համոզել ժամանակը մարմնաւորող ծերունուն, որ վերջինս մի փոքր յապաղի, դանդաղեցնի սեւ թելը կծկելու ընթացքը, մինչ ինքը կը հասցնի իր գործերն անել, ծերունին առարկում է՝ պատճառաբանելով, թէ դա մի տարի կը տեւի, եւ, ուրեմն, աշխարհի մարդիկ պիտի մի տարի քնած մնան45: Սա ուղղակի ակնարկ է այն մասին, որ տղայի գործողութիւնների ամբողջութիւնը տարբեր աշխարհներում պիտի տեւի հէնց մէկ տարի, պիտի համարժէք լինի մէկ ամբողջ տարուան:
Այս ամենին զուգահեռ է այն, որ հիմա էլ տարեմուտը լինում է անպայման գիշերը, եւ հիմա անգամ ընդունուած կարգ է տարեմուտ կէսգիշերին18 նշելը: Այսինքն, հէնց այդ պահին են իրար հանդիպում հին տարուայ վերջն ու նոր տարուայ սկիզբը: Դա միակ պահն է, երբ խզւում է ժամանակի անընդհատ ընթացքը. աւարտւում է հին ժամանակը եւ պիտի սկսուի նոր ժամանակը։ Հէնց այս պատճառով սա միակ պահն է, երբ հնարաւոր է կտրել տարեշրջանը՝ մտնել այդ շրջանի մէջ եւ դուրս գալ դրանից: Ըստ էութեան տարեշրջանն այստեղ կտրւում է ինքնաբերաբար:
Այս առումով էական է, որ հէքեաթի որոշ տարբերակներում տղան (եւ միւս հերոսները) յայտնւում է վիշապի շրջափակած տարածքում երեք եղբայրների համար հարս բերելիս, այսինքն՝ հարսանիքի ընթացքում (դա, փաստօրէն, հարսի տնից փեսայի տուն գնալու ճանապարհին է): Իսկ հարսանիքն էլ, ի մասնաւորի՝ ծիսական ամուսնութիւնը, ինչպէս նշուեց, մասն է Նաւասարդեան տօնակատարութեան, այսինքն՝ պիտի կատարուի հէնց Ամանորին: Սա եւս ներդաշնակ է վերը շարադըրւածին, որ շուրջանակի պատող վիշապը ըստ էութեան տարեշրջանն է եւ նրա մէջ մտնել ու նրա միջից դուրս ելնել հնարաւոր է միայն տարեմուտի խորհրդաւոր պահին: Գիտենք նաեւ, որ հէնց տարեմուտի պահին է, երբ ժամանակը կանգ է առնում: Այդ է պատճառը, որ վիշապը տղային ուղարկում է Սինամի գաղտնիքը (այսինքն՝ տարեշրջանի գաղտնիքը) բերելու:
Այս ամենը ցոյց են տալիս, որ նշեալ հէքեաթների հրաշապատում իրադարձութիւնները տեղի են ունենում Ամանորի գիշերը եւ գիշերուայ հէնց ա՛յն հրաշալի պահին, երբ աւարտւում է հին տարեշրջանը եւ սկսւում է նորը, երբ կանգ է առնում ժամանակը, եւ տեղի են ունենում անհնարին հրաշքներ:


- - -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Տե՛ս «Էջմիածին», 2008, Բ, էջ 47 – 70:
2 »Հայ ժողովրդական հէքեաթներ» (այսույետ՝ ՀԺՀ), հ. 3, Երեւան, 1962, էջ 80 – 94, նաեւ էջ 274 – 282: Այս նոյն պատմութեան տարբերակները առկայ են նաեւ որոշ այլ հէքեաթներում:
3 Այս ընդհանրութիւնը նկատել է դիցավէպի նախորդ հետազօտողներից Ա. Սահակեանը, որ եւ նշել է այդ մասին. «Եղբայրների ամուսնութիւնն ընդարձակ պատմութեամբ առկայ է միայն Մոկաց թեւի պատումներում: Այն ներառում է առասպելական ու հէքեաթային մոտիւներ»: Տե՛ս Արուսեակ Սահակեան, «Սասնայ Ծռերի» պատումների քննական համեմատութիւն, Երեւան, 1975, էջ 101:
4. Որոշ տարբերակներում թագաւորի անունը այլ է (Սըմաւոն, Սինան), սակայն հիմք ընդունելով նոյն բովանդակութեամբ տարբեր հէքեաթների տուեալները եւ այս կերպարի իմաստը (տե՛ս շարքիս նախորդ յօդուածը)` թագաւորի անուան առաւել ճիշդ տարբերակ եմ համարել Սինամը (հնարաւոր է` նախնականը եղած լինի Սինան):
5. Հակասութիւն չկայ այս չորս օրուայ եւ վերը տրուած՝ հինգ օր թագաւորի աղջկայ վիշապի մօտ չգնալու մէջ: Սա նշանակում է, որ անցել է չորս օր եւ նկարագրուող դէպքը տեղի է ունենում հինգերորդ օրը:
6 Այս թռչունի անունը համարեա նոյնական է մեզ հասած հայկական համաստեղութիւնների ցուցակներում առկայ Քէրքէզն, կամ Քերքէզ անունին, որը յստակ նոյնացում չունի. տե՛ս Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք Հայոց, Վենետիկ, Ս. Ղազար, 1895, էջ 130: Միեւնոյն ժամանակ, Աճառեանն էլ այս անուան համար ընդունելի ստուգաբանութիւն չտալով հանդերձ նշում է, որ «Կայ պարսկ. ... karkas (kerkes) «անգղ». Հր. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, հ. Դ, Երեւան, 1979, էջ 574: Եթէ հիմք ընդունենք Աճառեանի տուած kerkes «անգղ» զուգահեռը, ապա այս թռչունը հարկ է նոյնացնել հէնց անգղ թռչունի հետ. սրա օգտին է նաեւ թռչունի մակդիրը՝ «քաչալ», որ շատ յարմար է անգղի ճաղատ փետրազուրկ պարանոցին ու գլխին: Այսինքն, այս թռչունը եւս երկնային կերպար է եւ ամենայն հաւանականութեամբ համապատասխանում է Անգղ աստուածութեանը եւ նոյնանուն համաստեղութեանը, որ ներկայումս յայտնի է Կարապ (Cygnus) անունով:
7 Ուշագրաւ է, որ այս դրուագի մասին ուղղակի ակնարկութիւն կայ Մովսես Խորենացու Պատմութեան մէջ։ Այստեղ Արծրունիների ծագման մասին խօսելիս Խորենացին յիշատակում է իր ժամանակ Ադամակերտում ժողովրդի մէջ եղած մի պատմութիւն, թէ ինչպէս արծիւը իր թեւերով հովանի է արել մի քնած պատանու վրայ, պաշտպանել նրան Արեւից ու անձրեւից։ (Ի դէպ, յիշատակւում է նաեւ Արեւի եւ անձրեւի ինչոր հակամարտութեան մասին, որ կարող է ամպրոպային կռուի ակնարկ լինել): Սա նշանակում է, որ մեր խնդրոյ առարկայ հէքեաթի ա՛յս դրուագը գոնէ Խորենացու ժամանակներում գոյութիւն ունեցել է։ Ուրեմն, հիմք ունենք համարելու, որ ե՛ւ այս, ե՛ւ հէքեաթի մնացեալ դրուագները եւս պիտի մեզ հասած լինեն Խորենացուն նախորդած դարերից, այսինքն՝ պիտի ունենան պատկառելի վաղեմութիւն։ Տե՛ս Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, աշխատութեամբ Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, գիրք Բ, գլ. Է, Տփղիս, 1913, էջ 111:
8 Սինամի պատմութեան մասին մանրամասն տե՛ս շարքիս նախորդ յօդուածը՝ «Էջմիածին», Բ, 2008, էջ 47 – 70
9 Որոշ տարբերակներում տղան ամուսնանում է այս աղջկայ հետ։
10 ՀԺՀ, հ. 5, Երեւան, 1966, էջ 15 – 27, եւ հ. 13, 1985, էջ 9 – 13:
11 »Սասունցի Դաւիթ». նոր պատումներ, հաւաքեցին եւ հրատարակութեան պատրաստեցին Գր. եւ Վ. Գրիգորեանները,. Երեւան, 1977, էջ 333 – 341:
12 Անդ, էջ 72 – 79:
13 Սասնայ Ծռերի համահաւաք բնագրից քաղուած տեղեկութիւնները այստեղ եւ յետոյ կը տրուեն առանց համապատասխան յղումների՝ ի նկատի ունենալով դրա բազմաթիւ հրատարակութիւններն ու մատչելիութիւնը: Օրինակի համար տե՛ս »Սասունցի Դաւիթ», հայկական ժողովրդական էպոս, նախաբանը՝ ակադ. Յ. Օրբէլու, Երեւան, 1961:
14 Տե՛ս Գր. Բրուտեան, Օրացոյց Հայոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997, էջ 460 – 461:
15 Ինչպէս շարքիս նախորդ յօդուածում նշել եմ, այսպիսի տեղերում էականը ոչ թէ չափման միաւորներն են (տուեալ դէպքում՝ տարիներ, թէ օրեր), այլ թուերը, տե՛ս «Էջմիածին», 2008, Բ, էջ 47 – 70:
16 Սա այն դէպքում է, երբ թռչում են դէպի Սինամի կղզին կամ մի այլ կախարդական աշխարհ, իսկ երբ թռչում են Մութ աշխարհից (կամ Սինամի կղզուց, կամ մի այլ նման տեղից) դէպի Լոյս աշխարհ, պատկերները երեւում են հակառակ հերթականութեամբ՝ նախ ձուի (կամ աստղի) չափ, ապա՝ մաղի չափ եւ ի վերջոյ՝ կալիչափ: Նկատենք նաեւ, որ որոշ հէքեաթներում պատահում են նաեւ այլ տարբերակներ: Սա նաեւ վկայութիւն է այն մասին, որ այս հէքեաթներում աշխարհի տարբեր մասերը պատկերացուած են իրար նկատմամբ ուղղաձիգ դասաւորուած: Այդ պատճառով են հերոսները մի աշխարհից միւսը «ելնում» եւ «իջնում»: Սրա տարբերակն է նաեւ հրաշալի բոյսի (ծառի, բակլայի եւ այլնի) ցողունով մի աշխարհից միւսը գնալգալը: Այս առումով, կարելի է այստեղ աշխարհի պատկերումը համարել «եռայարկ»:
17 Վիշապների երկու, թէ երեք հատ լինելու մասին աւելի հանգամանօրէն կը խօսուի ստորեւ ըստ կարգի։
18 Այս արեգակնամարտ վիշապը առկայ է միայն «Սասնայ Ծռեր» դիցավէպի մեզ հասած պատումներից մէկում. միւս տեղերում դա բացակայում է, եւ, ըստ այսմ, ստացւում է միայն երկու վիշապ: Սակայն ե՛ւ ընդհանուր զուգահեռութիւնը, ե՛ւ (թէկուզ միայն մէկ տարբերակում) այս երրորրդ վիշապի առկայութիւնը վկայում են, որ այս պատմութեան նախնական տարբերակում պիտի եղած լինեն հէնց երեք վիշապներ: Ընդհանրապէս, այս արեգակնամարտ վիշապը իր վարքով եւ իր մասին հէքեաթում պահպանուած սուղ տեղեկութեամբ յիշեցնում է միջնադարեան հայկական աղբիւրներից (Վանական վարդապետ, Վարդան Արեւելցի) յայտնի արեգակնակուլ վիշապը, որի գործողութեան հետեւանք են համարուել Արեւի խաւարումները: Ըստ այսմ, քանի որ ըստ հէքեաթի տեղեկութեան այս վիշապը միշտ փակ է պահում երկինքը եւ միայն օրը մի անգամ է Արեւի լոյսը թողնում, կարելի է մտածել, որ այս Մութ աշխարհում ընթացող իրադարձութիւնները տեղի են ունենում Լուսնի չերեւալու՝ նորալուսնի ժամանակ: Սա շատ ուշագրաւ է հետեւեալ առումով: Մեր նշած երեք աշխարհներից երկրորդը` Կախարդական աշխարհը, ըստ էութեան մութ աշխարհ է, զի դա գետնի տակ է, եւ այդտեղ հասնում են անանցանելի հորի միջով: Միեւնոյն ժամանակ, այստեղ բացարձակ մութ լինելու մասին խօսք չկայ, այսինքն, այստեղ դեռ ինչոր լուսաւորութիւն կայ։ Ուրեմն, սա կարող է լինել լուսնային գիշերը։ Ի տարբերութիւն սրան, Անդունդքը, որ կոչւում է նաեւ Մութ աշխարհ, բացարձակ մութ է (տղան այստեղ ճանապարհը գտնում է խարխափելով-շոշափելով): Այսինքն, ունենք լուսաւոր աշխարհ, մութ աշխարհ եւ բացարձակ մութ աշխարհ: Եթէ սա զուգադրենք Երկրի մակերեւոյթի բնական լուսաւորուածութեան աստիճանի մասին մեր արդի պատկերացումներին, կը ստանանք, որ մութ (Կախարդական) աշխարհը պիտի համապատասխանի պարզապէս Լուսնով լուսաւորուած գիշերային ժամանակին, իսկ Անդունդքը (Մութ աշխարհը) պիտի համապատասխանի այն ժամանակին, երբ Լուսինը բնաւ գոյութիւն չունի: Այսինքն, մեր երեք աշխարհները պիտի համապատասխանեն ըստ ժամանակի` ցերեկին, գիշերուան եւ անլուսին գիշերուան:
19 Ի դէպ, թէպէտ մեզ ուղղակի չեն աւանդուել անմահական խնձորների եւ թռչունի ձագերի քանակները, սակայն դատելով որոշ տուեալներից, դրանք եւս պիտի լինեն երեքական: Այսպէս, յունական դիցաբանութեան մէջ Հերակլէսը Հեսպերուհիների այգուց, որ ըստ էութեան նոյն դրախտային այգին է, բերում է հէնց երեք ոսկէ խնձոր, իսկ թռչունի ձագերի թիւը յստակ երեւում է միջնադարեան հայկական մանրանկարներում առկայ համապատասխան պատկերներում (տե՛ս նկարը՝ ըստ Աս. Շ. Մնացականեան, Հայկական զարդարուեստ, Երեւան, 1955, էջ 527:):
20 Տե՛ս շարքիս նախորդ յօդուածը. «Էջմիածին», 2008, Բ, էջ 47 – 70:
21 Որոշ հէքեաթներում Լոյս աշխարհում տղան ունի իրեն օգնող, օժանդակող եղբայրներ կամ ընկերներ։ Տե՛ս, օրինակ, ՀԺՀ, հ. 13, էջ 58 – 73։ Եթէ դատենք, հիմք ընդունելով զուգահեռութիւնը Կախարդական աշխարհի եւ Անդունդքի համապատասխան իրողութիւնների հետ, ապա հարկ է համարել, որ Լոյս աշխարհում եւս, միւս աշխարհների պէս պիտի լինեն իրար հետ ներդաշնակ գործող երեք կերպարներ։ Ըստ այսմ, հնարաւոր է հէքեաթի բուն նախնական տարբերակ համարել իրար օգնող եղբայրներով տարբերակը։
22 Լուրջ հիմք ունենք համարելու, որ այս երեք վիշապները քոյրեր են: Սրա օգտին ակնարկ է այն, որ կայ այս պատմութեան տարբերակ, ուր կան երեք փերի քոյրեր, որ կերպարանափոխուելով տարբեր (վնասակար – չար) գործեր են անում, եւ նրանցից մէկի արածն էլ այն է, որ դառնում է վիշապ եւ ծովի մէջ արգելակում հաց տանող նաւի ընթացքը. տե՛ս ՀԺՀ, հ. 3, էջ 125 – 130:
23 Տես՛, օրինակ, ՀԺՀ, հ. 8, էջ 555 560։ Որոշ հէքեաթներում պատահում են նաեւ այս նոյն անուան տարալեզու թարգմանութիւնները:
24 Տե՛ս «Հին Արեւելքի պօէզիա», Երեւան, 1982, էջ 69։
25 Ըստ այսմ, տղան այսպէս թէ այնպէս չպիտի կարողանար հորից դուրս ելնել, անկախ իր եղբայրների «դաւաճանութիւնից»: Հորը մտնելով` նա սկսել էր իր միակողմանի շարժումը, եւ եղբայրները, եթէ նոյնիսկ շատ ուզէին, չպիտի կարողանային նրան դուրս հանել: Այսինքն, այս պարագայում ըստ էութեան հակասութիւն չկայ տղայի եւ իր եղբայրների միջեւ, ուրեմն, նրանք գործում են իրար ներդաշնակ, «միեւնոյն ուղղութեամբ»: Սա եւս կարելի է դիտել իբրեւ ակնարկ այն մասին, որ հէքեաթի նախնական տարբերակում Լոյս աշխարհի հերոսները եւս պիտի լինէին իրար օժանդակող, այլ ոչ՝ իրար հակառակ:
26 Անշուշտ, հէքեաթներում տղայի այս արարքին տրուած է բոլորովին այլ բացատրութիւն. իբր նա շփոթւում է, չի կարողանում ճիշդ ցատկել եւն: Սակայն սա, մեղմ ասած, ընդունելի լինել չի կարող: Բանն այն է, որ այդ նոյն հէքեաթներում այդ նոյն տղան ոչ մի տեղ չի շփոթւում, չի վրիպում այն հարցերում, որ վերաբերում են նրա զինուորական յատկանիշներին, եւ միայն այս մի կէտում ենք տեսնում նրա վրիպումը: Այսինքն, այս դրուագում առկայ է ոչ թէ վրիպում սովորական իմաստով, այլ գիտակցուած գործողութիւն, որ տղան կատարում է իր աշխարհի կանոններին ներդաշնակ:
27 Սա միակ հակադրութիւնը չէ Լոյս ու Մութ աշխարհների միջեւ: Այս հակառակ աշխարհներում հակառակ են նաեւ համարեա բոլոր էական-սկզբունքային յատկանիշները: Դրա օրինակ է ե’ւ դռների պահապան առիւծի (գայլի), ե’ւ ցուլի դիմաց միսն ու խոտը հակառակ կարգով դրուած լինելը: Նոյնը վերաբերում է նաեւ հերոսների սեռին: Կան տարբերակներ, ուր այս աշխարհների սահմանն անցնելիս (դեւի կամ վիշապի անէծքով) փոխւում է հերոս(ներ)ի սեռը՝ աղջիկը դառնում է տղայ, փոխւում է նաեւ ռուտղայի ձիու սեռը, եւ այլն. տե՛ս, օր., ՀԺՀ, հ 3, էջ 210 – 218: Այս նոյնին պիտի վերաբերի նաեւ Արեւի ու Լուսնի՝ հակառակ սեռեր ունենալը իբր հակառակ աշխարհների արեւներ:
28 Սրան լրիւ համահունչ է «Սասնայ Ծռեր» դիցավէպում Ձենով Օհանի՝ 40 գազ հորի մէջ ընկած Դաւիթին օգնութեան հասնելու դրուագը։ Օհանին սպիտակ ու կարմիր ձիերը չեն կարողանում հասցնել Դաւիթի մօտ. միայն սեւ ձին է կարողանում դա անել։ Դաւիթը հորի մէջ է, այսինքն՝ Մութ աշխարհում է։ Իսկ Օհանը իր տանն է՝ Սասունում, այսինքն՝ Լոյս աշխարհում է։ Այսինքն, հակառակ մեր քննարկած հէքեաթների, այստեղ շարժումը սկսւում է ոչ թէ Մութ աշխարհից, այլ Լոյս աշխարհից։ Եւ, բնականաբար, Լոյս աշխարհից սկսուող շարժումը պիտի լինի հէնց Լոյս աշխարհի կանոններին ներդաշնակ։ Այս պատճառով էլ Օհանին Լոյս աշխարհից Մութ աշխարհ (Սասունից Մելիքի փորած հորի մէջ գտնուող Դաւիթին օգնութեան) կարող է տանել միայն սեւ ձին։ Փաստօրէն, ի դէմս «Սասնայ Ծռերի» եւ մեր քննած հէքեաթների խնդրոյ առարկայ դրուագների ունենք, որ հերոսների շարժումը սկսւում է տարբեր (Լոյս եւ Մութ) աշխարհներից եւ դրան ներդաշնակ էլ՝ տարբեր (հակառակ) ուղղութիւններով են այդ շարժումները կատարւում եւ հակառակ գոյներ ունեն դրանց կատարողները։
29 Այս նոյնը տեսնում ենք նաեւ «Սասնայ Ծռերի» մէջ: Այստեղ Սանասարն ու Բաղդասարը կին են բերում որոշակիօրէն Մութ աշխարհից: Մեծ Մհերը Արմաղանին բերում է Սպիտակ դեւի գերութիւնից: Սրանից էապէս չի տարբերւում նաեւ Դաւիթի ամուսնութիւնը: Խանդութին բերելու համար Դաւիթը կռւում է տարբեր հակառակորդների հետ, որ, ըստ էութեան, նոյն՝ Մութ աշխարհին յատուկ վիշապամարտի դրսեւորումն է: Բացի այդ, ունենք նաեւ Դաւիթի (չկայացած) ամուսնութիւնը Չմշկիկի հետ, իսկ վերջինիս տեղն էլ, ըստ դիցավէպի, Խլաթն է, որ Նեմրութի ստորոտում է եւ իր բազմաթիւ յատկանիշներով նոյնացած է չարի տեղի հետ (Նեմրութի գագաթին Բէլի դին է): Եւ հէնց այնտեղ էլ սպանւում է Դաւիթը:
30 Բնականաբար, այս պարագայում խօսքը չի վերաբերում բուն հերոսին, որ գլխաւոր գործող անձն է բոլոր աշխարհների մէջ։ Խօսքը տուեալ աշխարհների «բնիկ» գործող անձերի մասին է։
31 Կան հէքեաթի տարբերակներ, ուր այս դեւերը երեք քոյրերին ոչ թէ գերել են, այլ նրանց հետ ամուսնացել են օրինական–իրաւական ճանապարհով։ Եւ այս տարբերակներում հակամարտութիւն չկայ դեւերի ու տղայի միջեւ, ընդհակառակը, նրանք օգնում են տղային. տե՛ս, օրինակ, ՀԺՀ, հ. 13, էջ 29 – 39։
32 Ի դէպ, Հեսպերուհիների անունը՝ :Esperidev յուշում է, որ ի դէմս այս յոգնակի կերպարի ունենք գիշերուայ, այսինքն՝ Անդրաշխարհի հետ կապուած կերպար. հին յունարէն e;spera նշանակում է «երեկոյ», նաեւ՝ փոխաբերաբար՝ «մայրամուտ, արեւմուտք», տե՛ս И. Х. Дворецкий, Древнегреческо-русский словарь, Гос. изд. иностранных и национальных словарей, т. 1, Москва, 1958, էջ 672: Յունական դիցաբանութեան մէջ Հեսպերուհիները հէնց Գիշերուայ դուստրերն են. տե՛ս "Мифы народов мира", т. 1, Советская Энциклопедия, Москва, 1991, էջ 298 – 299:
33 Տե՛ս Գր. Բրուտեան, Երկնային վիշապի մասին պատկերացումները հին Հայոց տիեզերաբանական համակարգում, «Էջմիածին», 2009, Գ, էջ 98 – 114:
34 Այս առումով ուշագրաւ է, որ Առիւծ համաստեղութեան նշանակը՝ E կրկնում է այդ աստեղատան հէնց արեւմտեան, այսինքն՝ սկզբի մասի աստղերի դասաւորութիւնը. տե՛ս Գր. Բրուտեան, նշ. աշխ.։
35 Այս առիթով արժէ յիշել, որ Նախահայկեան օրացոյցի մեր վերականգնած տարբերակում տարեշրջանի արտատարեկան հատուածը, որ համապատասխանում է Հայկն համաստեղութեան գլխաւոր աստղի չերեւալու շրջանին, տեւում է հէնց 70 օր: Այս 70-օրեայ տեւողութիւնը շատ լաւ ներդաշնակում է Արեւի անցմանը Ցուլ կենդանակերպի վերջից մինչեւ Առիւծ կենդանակերպի սկիզբը:
36 Ասուածի վառ օրինակ է այն, որ ներկայումս գարնանամուտը Մարտի 21ին լինելու հետեւանքով Մարտը ամբողջովին համարւում է գարնանային ամիս, թէպէտ գարնանային է Մարտի միայն վերջին տասնօրեակը։ Նոյն կերպ եւ համարւում են Յունիսը ամառնային, Սեպտեմբերը աշնանային եւ Դեկտեմբերն էլ ձմեռնային ամիսներ, թէպէտ դրանք միայն մէկ երրորդական մասերով են համընկնում իրենց վերագրուող տարուայ եղանակներին։
37 Այս երեւոյթը, որ առաջին անգամ նկարագրել է Հիպարքոսը (ն.Ք. Բ դար), ներկայումս յայտնի է նաեւ պրեցեսիա անունով (յուն. praecessio-կանխադիտում բառից): Սրա էութիւնն այն է, որ Երկրի պտտման առանցքը շուրջ 26.000 տարի պարբերութեամբ պտտւում է խաւարածրի առանցքի շուրջը` գծելով մօտ 47 աստիճան գագաթի անկիւնով մի կոն: Այստեղից էլ գալիս է այն, որ արեւադարձերի եւ գիշերահաւասարների կէտերը կենդանաշրջանի իւրաքանչիւր համաստեղութեան մէջ մնում են շուրջ երկու հազարական տարի (26,000 : 12 = 2,167):
38 Գարնանամուտի կէտը ո՛ր համաստեղութեան մէջ լինելը ներկայումս որոշւում է՝ հիմք ընդունելով կենդանաշրջանի աստեղատների արդի միջազգայնօրէն ընդունուած սահմանները: Սակայն ակնյայտ է, որ այդ սահմանները որոշ չափով տարբեր են նոյն աստեղատների պատմական աւանդական սահմաններից: Այս վերջիններս էլ այսօր մեզ յայտնի են բաւական անորոշ: Ուստի, ներկայումս արուող բոլոր դատողութիւնները եւ հաշուարկները այն մասին, թէ ե՛րբ գարնանամուտի, կամ ամառնամուտի, կամ այլ կէտերը կը մտնեն այս կամ այն համաստեղութեան մէջ, ունեն զգալի անորոշութիւն: Նոյնը վերաբերում է նաեւ անցեալի վիճակների մասին ներկայումս արուող պնդումներին, թէ ո՛ր դարերում ո՛րտեղ են եղել այդ կէտերը:
39
Ի դէպ, սրա օգտին է վկայում նաեւ այն, որ Նախահայկեան օրացոյցի հետ էական ընդհանրութիւններ ունեցող Հռոմէական օրացոյցի մէջ Յունիս ամիսը ձօնուած է եղել Եունոն (Juno) դիցուհուն, որ համարուել է ամուսնութեան եւ ընտանեկան օջախի հովանաւորը: Տե՛ս այս մասին Գր. Բրուտեան, Օրացոյց Հայոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997, էջ 407, նաեւ՝ "Мифы народов мира", т. 2, Советская Энциклопедия, Москва, 1992, էջ 679.
40 Տե՛ս Գր. Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց Բուն թուական, «Էջմիածին», 1985 Ա, էջ 51 – 57, Բ - Գ, էջ 72 – 80, նաեւ նոյնի՝ «Օրացոյց Հայոց», էջ 351 – 356:
41 Նախահայկեան օրացոյցի մասին մանրամասն տե՛ս. Գրիգոր Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Նախահայկեան օրացոյցի կառուցուածքը, «Էջմիածին», 1996, ԺԲ, էջ 135 164, նաեւ՝ նոյնի՝ «Օրացոյց Հայոց», էջ 385 430։ Այդ օրացոյցի մասին նիւթական վկայութիւն կարելի է դիտել Շիրակում գտնուած (ըստ նորագոյն տուեալների՝ ն.Ք. ԼԲ Լ դարի) քրեղանի զարդապատկերների հիման վրայ վերականգնուած օրացոյցը. տե՛ս Գր. Բրուտեան, Հայկական հնագոյն օրացուցային պատկերացումները ըստ ն.Ք. 28 – 27-րդ դարի քրեղանի զարդապատկերի վերլուծութեան, «Բազմավէպ», 2007, էջ 149 - 163:
42 Տե՛ս ՀԺՀ, հ. 3, էջ 85:
43 Եփրեմ վ. Պօղոսեան, Համբարձման տօնը եւ Հայ ժողովրդի վիճակախաղը, Վիեննա, 1956, էջ 10, 54։
44 Որոշ այլ տարբերակներում նա երկու թելերի կծիկներն էլ գլորում է սարից վար եւ պոկոտում է թելերը (օր.՝ ՀԺՀ, հ. 5, էջ 29 – 30):
45 Տե՛ս անդ:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3350
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
24
Դեկտ
»16:53
ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՇԱՊԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑ ...
Article image Միջնադարից մեզ են հասել ոչ սակաւ գրաւոր վկայութիւններ այն մասին, թէ ի՞նչ կերպ են հնում Հայերը մեկնաբանել Արեւի եւ Լուսնի խաւարումները: Նախ յստակ նշենք, որ խօսքն այստեղ խնդրի գիտական մեկնաբանութեան մասին չէ, այլ այն մասին, թէ ինչպէ՞ս են դրանք բացատրուել, այսպէս ասած, «ժողովրդական» ընկալմամաբ: Հարցիս տրուած գիտական պատասխանի փայլուն օրինակ է Է դարի մեծագոյն գիտնական Անանիա Շիրակունու բացատրութիւնը...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:35
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ (ՆՎԻՐՎՈՒՄ ...
Article image Գիտութեան ամեն բնագաւառի մէջ կան բազմաթիւ մեծանուն գիտնականներ, որոնց անունները յայտնի են ամբողջ աշխարհում, որոնք մեծ աւանդ ունեն մարդկութեան ընդհանուր առաջընթացի մէջ։ Միեւնոյն ժամանակ, գիտութեան ամեն մի բնագաւառի մէջ կան ընդամենը մի՛ քանի մեծերի անուններ, որոնք յատուկ առանձնանում են իբրեւ տուեալ բնագաւառի սիւներ, իբրեւ այն հսկաները, որոնց ուսերին է կանգնած գիտութեան տուեալ բնագաւառը։ Սրանք ա՛յն մեծերն են, որոնք ստեղծել են տուեալ բնագաւառի գիտական աշխարհայեացքը։ Հէնց ա՛յս մեծերն են, որ շտկել, որ...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:08
ԳԻՍԱՒՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐԱՅԱՅՏ ՅԻՇ ...
Article image Հայկական միջնադարեան աղբիւրներում պահպանուած են բազմաթիւ յիշատակութիւններ տարբեր աստղագիտական երեւոյթների (Արեւի, կամ Լուսնի խաւարումների, գիսաւորների յայտնուելու, նոր եւ գերնոր աստղերի բռնկումների եւ այլնի) մասին։ Այդ յիշատակութիւնները հիմնականում մանրամասն հետազօտուած եւ հրատարակուած են1։ Այդուհանդերձ, այդ յիշատակութիւնների ի յայտ բերումն ու հետազօտումը աւարտուած համարել կարելի չէ։ Առկայ են աստղագիտական երեւոյթներին վերաբերող` տակաւին չհետազօտուած յիշատակութիւններ հայ միջնադարեան մատենագիր աղբ...
Կարդալ
2012
21
Հոկտ
»11:18
ՈՐՈՇ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ...
Article image Որպէս բացառիկ խոր անցեալից մեզ հասած մշակութային իրողութիւններ, ժողովրդական հէքեաթները, յատկապէս՝ հրաշապատում հէքեաթները, կարող են ծառայել իբրեւ այլ աղբիւրներում բացակայող յոյժ արժէքաւոր տեղեկոյթի եզակի աղբիւր իրենց ակունքներին ժամանակակից մշակութային իրողութիւնների մասին: Թէպէտ շատ հետազօտողներ տարբեր առիթներով անդրադարձել են հայկական ժողովրդական հէքեաթներին, այդուհանդերձ, դրանք հարկ եղած չափով ուշադրութեան չեն արժանացել հայկական...
Կարդալ
2012
06
Հոկտ
»13:52
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՅՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ Պ ...
Article image Հայկական օրացոյցի ամենավաղ անցեալի պատմութեան համար տեղեկոյթի բացառիկ աղբիւր կարող են լինել հնագիտ ական գտածոները: Այսպիսի մի եզակի նմոյշ է Շէնգաւիթեան (Կուր-Արաքսեան) մշակոյթին պատկանող քրեղաններից մէկը: Խօսքը 1974 թ. Շիրակում Քեթիի դամբարանադաշտի թիւ 8 դամբարանից գտնուած քրեղաններից մէկի մասին է: Այն ունի 14.5 սմ բարձրութիւն« սեւ փայլեցուած խեցիից է, մոխրագոյն, վարդագոյն աստառով, պատկանում է Կուր-Արաքսեան մըշակոյթին: ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott