ՕՐԵՐԸ ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ ՈՒ ԴԱՎԱՃԱՆ
Օրերը խելակորույս ու դավաճան,
ճմռթում են ու պատառոտում հոգու թուղթը ճերմակ…
Թռչունները իմ բառերն են ու այս երամը ՝ աղոթք…
Ես նորից եմ ծնվում ու ամեն օրվա հետ երեխա եմ,
Իմ քույրերը անձրևից են ծնվում, իմ եղբայրները՝ արևից,
Իմ քույրերը լցվում են ծիածանով,
իմ եղբայրները կյանքի ջրհեղեղով,
և ո՞վ է արդարություն փնտրում, երբ ինքն անարդար է իր դեմ,
և ո՞վ է կորցնում իր տունը ու ապրում ՝ տնվորի սնանկությամբ,
և ո՞վ է որոգայթների շղթայով պարուրված,
և ո՞վ մնաց այս երկրում, որ տեր է,
երբ երկինքը փախչում է
դեպի վեր պարզված ձեռքերի ամլությունն ի վեր…
Բ
Հերոստրատ, քո արյունը ապրում է դեռ
Ու չեմ հասկանում հնացած տխրության կոծկոծող լեզուն.
ես հավաքում եմ զենքերը Հիսուսի
և հողը դառնում է շնչառություն
և թշնամիներն էլ ուժ ու հավատ են ներշնչում
և հայրենիքը այն օրենքն է, որի մեջ ապրում ես,
որ Տերը հոգու զորությամբ խառնեց մեր արյան մեջ
և հայրենիքը զինվոր է,
որ զենք է վերցրել քո սրտից ու պապնձվել։
Գ
Եթե հույսը չի արդարացնում, կյանքը փնտրում է,
փնտրում ու գտնում է դուռը, դուռը քավության
ու գտնում է աղբյուրը,
ու գտնում է ճանապարհը,
ու գտնում է զենքը:
Ես երազների ազատության զինվոր եմ…
Դ
Հռոմկլայի պարիսպների տակ և ջրերում Միջերկրականի
ես զմայլվեցի՝ զուլալ ալիքների ակունքի մեջ …
Շուրջս հավաքեցի սև պատիճներով ծովային ոզնիներին,
բայց ծովը, օ, ծովը հեռացավ ինձանից.
ոտքերս մոխիրների մեջ, իսկ երազը դողդողում է խաղաղ
ջրերի վրա.
և երազը դողդողում է բարձունքների վրա,
և երազը կորյուններ է ծնում,
ես ձեռքս դնում եմ պատերազմի ավետարանի վրա
ու կյանքս դնում եմ, Տեր, քո զորության պատգամների վրա
և արդար է այն,
ինչ որ սրբազան կամքից է բխում
և արդար է այն հացը, որ զինվոր է կերակրում…
Օ, արքայական ոստան, վարդը մեր բոլոր անուրջների,
արդարության տներ կառուցելով,
մաքրում,
զտում եմ որդիներիս ապագան…
Մաքրում զտում եմ որդիներիս ապագան՝
ցեղակից դավաճաններիս մոխիրը թաղելով թշնամու
գերեզմանում,
որ թշնամիներս օրհնեն նրան,
որ թշնամիներս ծաղիկներ դնեն նրանց գերեզմաններին…
Ե
Կյանքը սահման չունի,
բայց ազատության և իմ միջև անդունդ է,
որ պետք է լցվի թշնամու ոսկորներով.
ես պատրաստ եմ մահվան դեմ ելնել…
և ընդունելի լինի ուխտը զինվորի,
որ դարձավ զոհողություն …
և… մի բուռ հող։
Եթե ես նշեմ մահվան օրերս իմ շիրմաքարին
Պիտի քարերից մատյաններ շարեմ…
Զ
Ինչպես ալպիական մանուշակների ծփանքը՝
ընդելուզված երկնքին,
արթնանում է իմ մեջ ծովը ու թևաբախում պարիսպների տակ
և սիրտս աստղի պես փողփողում է բարձունքներին:
Թիկունքս ժայռային,
բայց ապշահար անապատի ամեն, ամեն ավազ
մանկան աչքի պես նայում է, նայում է ինձ
և սիրտս փշրվում է փոթորիկների մեջ ջրերի…
վարդեր, վարդեր եմ աճեցնում սահմանին
և լցնում, լցնում եմ ռազմաճակատի պահեստները, սիրտս,
ուղեղս…
և ամեն օտար շունչ դաշունահարում է ինձ,
և ամեն դատարկվող տուն դաշունահարում է ինձ։
Է
Կյանքս դնում եմ մարտական խաղաղության
և թշնամու սիրո վրա, որ քեզ չի դավաճանում,
իսկ հյուծված ցամաքները շարժվում են դեպի քեզ՝ Արև,
և վտանգը նայում է զարմացած աչքերով,
եղբայր իմ, եթե մահը գեղեցիկ չէ,
ես հրաժարվում եմ հավասարվել նրան.
Ախր մեր վերքերը միշտ Քրիստոսին են հիշեցնում
ախր երեսուն արծաթը դարձել է պետական աշխատավարձ,
Իմ զինվորական կյանքը իմ դեսպանն է,
որ ես կթողնեմ այստեղ՝ երկրի վրա…
Ը
Իմ մեջ նստած է սեփական դահիճը
և ինձ դատապարտելը չի ազատում պատվիրաններից.
մի խնայիր,
մի ափսոսա,
մի զղջա
ցավի շապիկը պատառոտելիս…
Իմ երազները խառնվում են ջրերին
ու պտույտ են տալիս երկրի վրա…
Նրանք վերադառնում են զինվորի պես՝ սիրո հրամանով…
և իմ երկիրը ծնվում է ամենուր՝ նրանց հավատարմությունից…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









