ՑԱՄԱՔԱԾ ԲՈՒՌՈՎ ՋՈՒՐ ԵՄ ՀԱՎԱՔՈՒՄ
Ցամաքած բուռով ջուր եմ հավաքում,
պրկված մատներս այնպես են պահում ամեն մի կաթիլ,
ասես հենց դա է արդարությունը՝ փրկության ելքը…
Ես ապրում եմ, Տեր, ջրհեղեղի մեջ
և ծարավ սրտով ես աղոթում եմ հենց նրանց համար,
ով մտածում է, թե ջրհեղեղը ավարտվել, մարել կամ դադարել է։
Ես Քրիստոսի ձեռքը բռնելով
աննկատ անցա եկեղեցու բաց դռների մոտով,
Քանանի խորունկ քարանձավ մտա,
անխռով տեսա ողորկ քարերի խաղաղությունը
և մզկիթներին դեռ չմոտեցած՝
նամազի ձայնը զենքի զորությամբ պատերն էր ցնցում…
Ես քայլեցի լուռ, հեռացա անխոս,
անձայն սահեցի մոխրացած ջրի խաչակիր ու խենթ
փրփուրների մեջ…
Բ
Այս ջրհեղեղի ջրերի նման արթուն պահիր, Տեր,
սիրտս, որ լցվեց
ու հասունացավ հասկերի արդար օրորոցներում,
ուսուցիչ դարձավ կարոտի արթուն առուների մեջ,
և երազներս ցորենի արտի ծփանքների մեջ,
կյանքս դարձրին պայծառ ու սահուն,
օ, հավիտյանս անավարտ կյանքն իմ
որ սկսվել է հիշողությունից ու հիշողության ափերն է գնում…
Ավերակները բնակեցնում եմ, հողերը հանձնում ցնծուն ձեռքերին…
Օրորոցները առաջնորդում են նոր կյանքի համար։
Սիրելի մայրեր, սիրելի քույրեր,
իմ կարոտը հին է սիրուց,
իմ սերը հին է հողից,
և որպես աղքատ դերասան դատապարտում եմ
ապրելու սովահարությունը,
և որպես հարուստ հանդիսատես դատապարտում եմ
աղքատությունը թռիչքների
և որպես հաղթող՝
սիրում եմ պարտվածների խոնարհ աչքերը
և որպես պարտված՝
կյանքս մաքրում եմ եսամոլության համաճարակից
ու լացս զսպած զորացնում եմ բռունցքիս ուժը …
Որպես փաստաբան ՝ կանգնում եմ համառ
այս քստմնելի ապիկար, անդեմ
ու ոգեսպան համաճարակի ընդարձակման դեմ,
կանգնում եմ դավադիր վշտի
կրակե արցունքներով լցված դագաղի առջև
ու, Տեր, քո առջև կանգնում եմ, ահա,
բոլոր ողբագին կործանումների արդար անունով .
ու թեև ոմանք այրում են արդեն հոգիներն իրենց,
լաթի պես նետում քավության մաքուր կրակների մեջ,
սակայն ստության արդարացումը բարգավաճում է
վաշխառու ամեն ընդվզողի մեջ
և մի հարցրու, թե ինչու, ինչպես,
ստվերներն անտես ոնց են կոխկրտում մարմիններն իրենց
և մարմինները, ոնց են խժռում հոգու և սրտի ազատությունը…
Ոչինչ մի հարցրու հույսի գերեզմաններից,
կյանքի թափառումների
ու փնտրտուքի դատարկվող իմաստներից,
ամայացումից, անպատիժ դավաճանությունից
ու դեռ կենդանի դիատներից
ոչինչ մի հարցրու…
Ես կամուրջներ եմ գտել
հեղեղների մեջ,
որ կապում են հավատը նվիրումին՝
վիրահատելով անցյալի փառքը,
պեղելով կենդանի հատիկը մեռյալ ցանքսերի։
Գ
Զինակիցներ,
ինչ օրենքների զորությամբ պիտի ամոքենք սիրտը
խրամատների
և աներևույթ խեղումներն ինչպես, մենք ապաքինենք,
ախր, հեռավոր լույսի մեջ կախված մի ձեռք
իր ափի մեջ է վերցնում թպրտացող սիրտս.
ախր, տիեզերքը գիտակցություն է,
իսկ այս խեղճության սիրահարները ապրում են դեռ՝
Գողգոթայի բարձունքին խաչված Հիսուսի արյունը խմելով…
Ախր Հիսուսն էլ զինվոր է, զինակիցներ…մեզ նման զինվոր…
Դ
Ես ձեր մոտ եկա երկնքի հացով, որ ձեր ձեռքերը լվանաք
սիրով,
դուռը գոցեցի, որ դադար առնեք ձեր հոգու առջև,
հատ–հատ ջոկեցի, որ ամեն մեկդ ճշմարտությունը այնպես
ընդունի,
ինչպես ինքն իրեն կամովին դատող հավատացյալը,
ինչպես ինքն իրեն կամովին պատժող ուխտագնացը։
Ծննդյան օրից զինվորություն է կտակել Տերը…
և օրենքների սրբազան ջրում մկրտված անձի
մարմինը զենք է… զենք է մարմինը,
և հոգիները՝ լույսով ու հացով հղկված զենքեր են,
Երբ ամեն մի քայլ, և ամեն մի ջանք և ամենօրյա տքնության կամքը
հղկում է հոգու սրբազան բեմը…
Եվ սիրտը զենք է… զենք է մեր սիրտը,
երբ զուլալված է օրերի տիղմում…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









