ՋՐԲԱԺԱՆ
Գիշերվա խավար սիրտն եմ նորոգում անթիվ մոմերով
և եկեղեցու ծածուկ գործերի վարագույրներն եմ
քարշ տալիս այնտեղ, որտեղ թաղում են այրելու համար
վարակատարած դիակերպներին։
Հին ոսկորները կրկին թաղելու ժամանակներում
խիղճը աննկատ կարող է կորչել հենց եկեղեցում.
ում չեն հավատում ՝ նա մահանում է…
և հայտնվում են արհեստանոցներ,
որտեղ առանց ցավ,
առանց վճարի կարող են հանել և ատամ, և խիղճ։
Երբ զանգակատան աղավնիները
երգեցիկ պարով իջան խաչքարի ծաղկուն ուսերին,
օրորոցները ներս էին մտնում Մայրավանքի ջերմ կամարներից ներս…
Ես աղ ու հացով դիմավորում եմ նրանց այն բոլոր
երազանքները,
որ մեղրի նման ծորում են ուղիղ երակներիս մեջ…
Եվ երկոտասան այրվող ջահերով
սիրտս դնում եմ մաշտոցի առջև,
որ արիությամբ տնտղի իր մեջ ապրող վախերը
ու կամքը, որով կսանձահարի նրանց ավերը,
սիրտս դնում եմ երկնքի առջև,
որ կայծակներով ստուգեմ իմ խոսքի ճշմարտությունը,
սիրտս դնում եմ ձեր ոտքի առջև,
որ ճշտեմ նաև հավատարմության, սիրո նժարս…
Ճշմարտությունն է ինձ ճառագայթում
և խոցելի եմ ես բազմապատիկ,
առավելևս երբ իմ թիկունքի բարեկամներից ես չեմ
պաշտպանվել։
Բ
Օվկիանոսների աղն եմ հավաքում
Արագած լեռան և Արա լեռան սրտի խորքերից,
և Արարատի տապանախորշից և Նեմրութ լեռան
վիրակապերից
ու աչքերիս եմ քսում շարունակ,
որ վերականգնեմ ժամանակների կենդանի շղթան
և հիշողության կրակը բորբոք պահելու համար՝
աղը ցանում եմ վերքերիս վրա…
Իմ արցունքների համից է, անշուշտ,
որ ճայերը միշտ թռչում են սրտիս կարծր ափերով։
Գ
Ես մեղանչել եմ Արդարության դեմ
և Տերն ինձ բազում պատիժներ տվեց,
որ գիտակցության դռներս բացեմ
և իր զենքերով բանակ դառնալու պատգամին լծված
պահեմ–պահպանեմ իմ արդարության սրբազան աղը..
Լուռ հավաքելով հացատներում, եկեղեցու մեջ,
հրապարակում կոխկրտված բազում արցունքներն
հույսի դուռը կորցրած մենակյացների,
պատարագի եմ տանում ջրվեժի
փխրուն ոտքերի առջև նետելով…
Այստեղ ամպերի կայծակներն ընկնող կաթիլների մեջ
աննկատ են, Տեր,
և հավաքվում են ջրերն համարձակ
ու լցվում կյանքի երակների մեջ,
որ ուժ է տալիս հաղթահարելու վախվորածներին,
հուսահատներին,
նրանց, որ տունը կարող են լքել
և ուրանալու ճամփով հեռանալ,
նրանց, որ արդեն դավաճանության սահմանն են անցել
աննկատորեն
ու դատի կանգնել
գիտակցության մեջ արմատավորված հավատի առջև…
Դ
Երկինքն ապրում է
ու թռչունները երամներ կազմած
սիրո ամպերի մեջ մխրճվելով
անձրևի ծաղկած դաշտերի միջով
վերադառնում են երազների դաշտ՝
սեր կրողներին երկրպագելու,
որովհետև ով երազն իր պահեց անխաթար ու ջինջ,
նրան չի կարող վտանգել ոչինչ,
ոչինչ չի կարող վտանգել նրան։
Բայց ով կորցրեց Տիրոջ մատանին՝
թաղվել է հիմա իր ստվերի մեջ.
մեղքից խուսափել ՝ ինչպես փլված տան,
բայց հայտնվել է փլատակներում…
Անթիվ են նրանք, ովքեր մատնված
մարմինն են այրում մեղքերից ծնված վերքերի վրա.
նրանք դեռ կյանքի համար չեն ծնվել,
քանզի ինչ վեհ է՝ ծնվում է վախը հաղթահարելուց,
չէ որ հենց մահն է շրջում կյանքի մեջ
ու խթանում է ազնիվ ապրելուն։
Առաքինության ծաղկած ափերով
մահն աննկատ է սահելով անցնում,
մահն հայելու պես հետևում է ինձ,
ուր արդեն,երբեք, ինքդ քեզ խաբել չես կարողանա.
ես և իմ մահը
հիշողության տան լուսամուտներն ենք ապակեպատում…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









