ՊԱՏԱՐԱԳ Է ԴԵՌ ՄՈՒԹ ՏԱՃԱՐԻ ՄԵՋ
Իմ աղոթքը
այս անձրևի տեսքով եթե ընդունես, Տեր,
իմ երկրային ճամփաներում պղտորվելով՝
պիտի նորից երկրի վրա
իմ մեղքերով հենց մաքրվեմ...
Զույգ ձեռքերիս ծործորներով
աղոթքներս պիտի հոսեն,
սիրտս ճեղքեն
բաղեղների համառությամբ…
Պապանձվել եմ
անձրևների մաքրությունը
կյանքի կոչող օրենքների զորության դեմ։
Մեղքի լույսով բարձրանում եմ՝
արարչության հենց սկզբից ...
ես թաղվում եմ մահից այն կողմ,
ես ձգվում եմ թռիչքից վեր՝
զարկերակս մատուցելով
օրհասական ճամփաներին։
Բ
Բազմության համար
բազմության առաջ ողջակիզվողի
ճակատագիրն եմ կրկնում հիմա
և ոչ ոք, ոչ ոք
չի համարձակվի դատս պաշտպանել
սուրբ ճամփաների զոհերից բացի…
Ամեն մեկն իր սրտի չափով
հորինեց հույս, հավատ և սեր։
Ամեն մեկը կարկատում ու
կարկատում է իր հավատը,
տունը, հացը, ճանապարհը...
Գ
Պատարագ է դեռ մութ տաճարի մեջ՝
ժամկոչը համր, ժողովուրդը խուլ,
իսկ տեր հայրը՝ կույր։
Ինչ–որ մեկը մոտենում է,
որ խոսք ասի.
նա անցել էր
Քրիստոսի կյանքի ճամփան
ու քարացել լռությունից։
Մեկը խոսում է և չորանում են դաշտերը։
Մեկը խոսում է
և լույսը դառնում է խավար,
և խավարում երազներից
արյուն է կաթում։
Մեկը խոսում է, խոսում
և մարդիկ դառնում են
հայրենիք ունեցող ՕՏԱՐներ։
Մեկը զանգեր է հնչեցնում կանչի,
բայց ինքը խուլ է։
ԵՎ կեղծ աբեղան ծանր հագուստով
կործանումների ընթացքն է սանձում՝
դիվահար կառչած զուր տեսիլքներից։
Մեկի աղոթքից օճորքն է փլվում
և անդունդներ են բացվում ոտքի տակ։
ԵՎ ինչ որ մեկը ծարավից անսանձ
փշրել է արդեն բաժակն օրենքի,
բայց արդարության ջուր է աղերսում
ակունքից ցամաք …
Մեկը իր երկրի քարերն է կրծում
և բռունցքներով, սիրով ու մահով
կառչել է հողին։
Մեկը փախչում է իրենից,
ճակատագրից,անցյալից,
դավաճանության երախից,
բայց հայտնվում է թշնամու բանակում։
Մեկը չարաղետ հիվանդությամբ էլ
հեռացավ երկինք՝
իր որդու որդուն ժառանգած արդեն
հացն օտարության.
նրանց չի տրվի
դժվար օրերի երջանկությունը
սեփական երկրի։
Իմ մոմի լույսով
խավարն եմ քերում հուսահատության
ու սիրտս հանկարծ
ճչում է ցավից
և տաճարներիս ըմբոստության մեջ
լուռ խոնարհությամբ
ճանապարհներ եմ փնտրում ես նորից
բանակ հավաքող զորավարության,
հոտն հավաք պահող փարոսը ձեռքիս…
Եվ այս աշխարհում
Իմ դեմ հանցավոր մեծ ու փոքրի հետ
հաշիվ մաքրելիս,
դավադրության հանցակիցներին
անմեղ զոհերի տված օրենքով
դատի կկանչեմ…
Դ
Դատախազներիս վարդապետության
հագուստ տվեցի,
որ սեպագրեն մեղադրանքս
վրեժի բոլոր զենքերի վրա։
Պատվիրանների հատուկ քննությամբ
վարագույրները երբ որ այրվեցին –
անցյալը մերկ էր,
և հատված հատված
բանակները իմ չապաքինեցին
վերքերը հոգուս։
Իմ կորուստները
ակոսված էին պարտություններիս
դիմապատկերին…
ու կնճիռներից պարքի հատուցման քրտինք էր ծորում։
Հաղթանակներս տրվեցին
որպես պատժակալ ծուղակ,
կոտորակման վախ,
թիկունքից բերված հարվածի նշան…
քանի դեռ կյանքս չեմ մաքրել
մանր մժղուկավարակ ախտահարումից…
ԵՎ այս անմարմին գերեզմանների
հորձանուտում եմ լուսամուտ փնտրում…
Ջրերի հետ եմ ՝ խորխորատներում՝
հոսող վերքերի ճահիճում խրված…
Սահմանախեղված լեռնաշղթա եմ
իմ հիշողության մերկ պարանոցին։
Ես գագաթների տատասկ ու հաց եմ
երազանքների հրե ցոլքերում …
Փորձությունների տեղատարափ եմ.
ու սիրտս սակայն
գերի է դարձել խլածաղիկի
թանձր բուրմունքին։
Հավատուրացի ճամփան՝ սպանված,
տուն վաճառողի երկինքը՝ խավար…
և մերձավորի հացին ակնդետ
իշխանավորի օրը՝ մուրացկան
Դավաճանության ծածուկ որջերում
հաց որոնողին խաղի կանչեցի,
դավադրությամբ ուխտազանցների
ծանր սեղանին
արցունքս կերա,
կրծեցի շեղբը արդար դաշույնիս։
Իմ հավատամքի սերմն իր մեջ պահող
հողի շաղախով
բազմապատկում եմ զենքերս բոլոր՝
ակնկալելով դուրս գալ այս դավից,
որ արդարությամբ հույս ճառագայթեմ,
զորավարներին
Զորություն Զորաց
Հավիտյանս, ամեն։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









