ՀՐՈՎԱՐՏԱԿ
Հավատարմագիրն իմ երազների
հանձնում եմ արդեն երեխաներին,
որ զինվորական հագուստ են սիրում:
Այս կյանքը թաքուն մի կրակոց է.
Որ կարող է և թիկունքից լսվել:
Այս գոյության մեջ
հուսահատները դեռ պաշտպանվում են
հին հագուստներով:
Եվ սերունդների խուճապի մեջ էլ
հիշողությունը ճամփա է բացում:
Իսկ Ժամանակը
միշտ էլ սիրել է այն տիրակալին,
ով թեթևությամբ հաղթում է մահին:
Երազը ոգով թե չի ամրանում,
հողն է ոտքի տակ դանդաղ ամլանում:
Այրեք փլուզվող ճակատագրերը
և տաքացրեք զենքերը սառած:
Երջանկությունը տանում է դեպի
հին պատգամների կատարելություն.
Հավատարմության սանձերն հավաքիր
մի բռունցքի մեջ:
Հարստությունը Գիտակցությունն է —
ոչինչ է, եթե…
ոչնչից անգամ նոր կամք չի ծնում:
Վրիժառության ժամանակ չկա.
այս փշրանքները ապրողները թող
թաղեն խորքերում
հաղթանակների պսակի համար:
Հիսուսն է մեզ հետ, մեզ հետ Հիսուսն է՝
հրեշտակների բազում զորքերով:
Փառքը իսկական
հաղթողն է տալիս հնազանդ գերուն:
Անապատների
մեռյալ սրտի մեջ ջահերը թողեք,
որ տատասկների սերմերը հիշեն
ետդարձի ճամփան:
Խաղաղ ապրելու հմայքով
միայն
դիմակներ գնեք,
ձեր դեմքը պիտի պաշտպանված լինի:
Շանթարգելների ու փարոսների
ժառանգներ ենք մենք
ու չենք ճանաչում և ոչ մի կույր սահման:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









