ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՔ ԱԶՆԻՎ ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
Խավարասերներ լույս աշխարհ եկան տաճարների մեջ,
մկնակենցաղներն կանգնել են բեմում,
և ընդունակ են դանդաղ կրծելով
հասցնել բոլոր հաղթանակները փլուզման եզրին։
Կողք կողքի ապրող պարտազանցները
ավելի շատ են իրար վնասում,
քան խրամատի հակառակ կողմում կանգնած թշնամին…
Հուսահատներ են ծնվում ամեն օր ու բազմանում են ՝
բռունցքների մեջ սեղմելով սիրտը։
Սրիկայության սնկախտը արդեն աննկատորեն
սեղանի շուրջ է լուռ տեղավորվել։
Եվ դիմակների շքերթն ավելի տոնական դարձավ ու բազմադրոշ,
և դիմակները կերան ամբոխին,
և դիմակները սողոսկել են սուրբ օրենքների մեջ,
և դիմակները դարձան առաջնորդ,
ու մահվան նման սովորական են դառնում մեր կողքին,
ու դիակի հետ սեղան ենք նստում.
«Հարգելի պարոն, հրավիրվում եք ազնիվ ստորության
դիմակահանդես՝
դժբախտ ծիծաղի մրցանակներով,
իսկ ով ավելի լպիրշ կլինի ու ամբարտավան,
նեխահոտ ձվի շքանշանով կպատվենք նրան…»
Եվ ամեն անգամ դիմակահանդես տեսնելուց հետո
Եռաբլուր եմ գնում՝ մաքրելու աչքերիս ցեխը.
Շիրմաքարերին գրված ամեն տառ կարդում եմ դանդաղ
ու զրուցում եմ նրանց հետ թաքուն՝
և ապրած կյանքի, ապրած վախերի, մեղքերի մասին.
Ծաղկեցրու անունն այս, Տեր,
ծանր ձմեռվա լուսամուտները ծեծում է քամին,
դատարկ փողոցով շիրմատների
վազում են ազատ ձնահողմերը,
հետքերն են մաքրում ծանր ոտքերի
ու բզկտում են այն հոգոցները,
որ բյուր սրտերից անվերջ բխում են …
Հատ–հատ մաքրում եմ շիրմաքարերը
և անունների վրա ծանրացած սառույցը, Տեր իմ,
ու տաքացնում եմ իմ արցունքներով,
լսում եմ սիրտը, մշտարթուն սիրտը զինակիցներիս,
նրանց սիրտն ախր միշտ բաբախում է…
լսում եմ ձայնը ամեն ինչի մեջ.
— Տաքացրու, տաքացրու իմ անունը, ընկեր,.
Քո ձեռքերը տաք և ուժեղ են արևի շողերից։
Բ
Տեր իմ, ես ինչպես, իչնպես ամոքեմ
հպատակության այս խեղճությունը,
աճպարարության կեղծիքն ու սուտը.
անօրինության մաքսատուրքերն ու վարկերն անպատիժ…
Ինչպես բժշկեմ մահվան վտանգը.
նա ինձ երեք ժամ վիրահատելով,
կտրտեց կյանքիս հասուն օրերը
ու կարկատեց իմ հոգու երկինքը,
իսկ երբ արթնացա ՝ նոր ժամանակ էր սկսվել արդեն,
իսկ սրտիս խորքում արյունս գաղտնի պայթյուն էր նյութում …
Եվ ամեն անգամ, երբ մոտենում եմ հիվանդանոցին՝
անցնելով դեռ փակ հին եկեղեցու դռների մոտով,
ինձ ավելի եմ դառնում հարազատ
ու հիվանդության նաև բարեկամ։
Օգնիր ինձ, Տեր իմ, քո օրենքներով հեռացողների արմատը սնեմ.
հազարակոտոր սիրտս հոսում է դեպի արևելք,
դեպի արևմուտք,
ձեռքերս դեպի հյուսիս են հոսում...
Աշխարհի բոլոր կողմերում վառվող ջրերը մի օր
վեր կբարձրանան
և Արարատի գագաթ կհասնեն,
և Արարատից նորից կսկսենք մեր արշալույսի ցանքսերը հերկել…
Օ, արդար Արև ՝ Տիրոջ ակնառու,
դու չես նկատում, որ պղծությունը սերմի մեջ մտավ։
Դու կուրացել ես, հավասարվել է քո սիրտը հողին…
Գ
Հրապարակում… երկու ձեռքերով ես խոսում էի ամբոխի առջև։
Ես մտածել եմ երկու ձեռքերով, երկու ձեռքերս անվերջ ճոճելով…
Ճշմարտությունն եմ ասել ջրերին՝
նրանք սրբազան պատգամներն այնպես մաքուր են պահում…
Դ
Հիմա չեմ ուզում նայել ընկեցիկ օրերի դեմքին.
սուրբ օրենքները արհամարհված են ու մեղադրված…
Անմեղ, մեղավոր Դուռն ենք թակելու
քանզի այն խոսքը, որ երկնքից է
մոտեցնում է կյանքը թռիչքին։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









