ՀԱՅՐ ՄԵՐ
Հայր մեր,
երկնքի անհուն փեթակում
հավաքում ես մեր ջերմ աղոթքները,
խորխորատներն ես չափում մեր հոգու,
որ երկրի վրա արդարադատի շնորհներ թողնես….
Մեր արդարության ժամանակները արթնացրու երկրում
Ուժ հավաքելու ճանապարհները զորացրու այնքան,
Որ սրտերի մեջ ծննդյան օրից ծիլեր արձակի կորովն ու ոգին՝
Ինքնափորձության արհավիրքներին դիմակայելու …
Բ
Այս ժամանակը խնդրեցի Աստծուց ծնվելու համար
և այստեղ եմ ես՝ հին օրենքների թագաժառանգը,
և իմ դեմ գործած իմ հանցանքների ինքնապատժումով
մաքրակարգողը…
Իսկ արծիվները ինձ ուղեկցեցին,
թեև երկնքում էլ երկինք չկար ։
Փնտրեցի անվերջ իմ հոգու հոգուն,
այն ցամաքները, որտեղ ապրել է իմ սիրտը՝ խոցվել,
սիրվել ու այրվել…
ու կրակ դարձել անհամբերության վայրի սլացքից։
Այս խուլ կյանքի մեջ ես հավաքեցի
իմ սիրտը բոլոր մայր ցամաքներից
ու բոլոր ապրած տներս իրար միավորեցի։
Անցա դարերի պայծառ ափերով
ու շրջանցեցի մենակությունը խաղաղ գիշերվա…
Գ
Հայրենիքը իմ բյուր հազար տարվա լուռ մանկությունն է,
որ ճանաչում եմ, Տեր, Կենաց ծառով,
երբ որ արևի կրականյութից, Տեր, Կենաց խոսքով
պատրաստում էիր Կենաց տները՝
նրանք բորբ էին և նրանց մեկ–մեկ, օ, համբուրեցիր
և ով համբույրը պահեց իր հոգում,
նա ծաղիկների հրդեհը գտավ օրհնության զուլալ անձրևների տակ
ու Կենաց սերմին դարձավ արժանի։
Իմ ճշմարտության ճանապարհներին
ոտնահետքերս սալաքարերը միշտ կպահպանեն։
Այնտեղ՝ հրացոլք խառնարանի մեջ,
ճշմարտությունը դեռ հրահեղուկ,
սնվում է սիրո մեր ուղերձներից,
այդ այբուբենը մի օր վերծանեց Քրիստոսն այստեղ ՝
կյանքի կոչելով օրենքները հին,
որ ճանաչելով պարտքը՝
զորացնենք հիշողությունն ու հոգու երկինքը։
Իմ հայրենիքը սրբազան կամքի օրենքներով է հաստատվում հիմա
մեր երազների ծանր խորանում։
Դ
Մխիթարության ճանապարհներին
համբարձվածների մաքուր աչքերից երկինքը պարզվեց։
Ես չհասկացա, թե ինչ կատարվեց,.
պատերազմը երբ սկսվեց իմ մեջ,
մարդկանց աչքերում խաղաղություն էր՝ խուլ ու անտարբեր։
Ես պատերազմի մեջ էի արդեն.
համազարկերը արթնացրին նրանց,
հիմա ամենուր զինադադար է,
բայց պատերազմը սաստկացավ իմ մեջ
և ինձ օրեցօր ճապուկ մտրակն է անցավ հալածում,
որ դիմակայեմ այս համատարած դասալքության
կեղծ դիմակների շքահանդեսին՝
հենց հաղթանակի դռների առջև…
Ե
Երբ պատերազմի հարթակը լցվեց
խեղկատակ ու պիղծ առաջնորդներով,
կողոպուտի խուլ զորավարներով ու հերոսներով,
հիշողությունից փրկվելու համար մահեր լլկեցին,
որ շնչակտուր կյանքը սարսռա նենգ սարսափներով,
քան թե թշնամին կխոստանա այն։
Զինակիցների սպանությունը ընտրվեց որպես դավադիր ազդակ …
Ինչպես մորեխի համաճարակից տուժած դաշտերը,
մարդկային հոգին դարձավ անպտուղ…
Եվ բարությունն է կրծում ինքն իրեն,
երբ քո սեփական խիղճն ու հավատն են դառնում որսի խայծ։
Արդարությունից ով փախուստ տվեց
ապաստանել է հենց այն դահլիճում,
ուր պատգամներով պտուղ պիտի տա
մեր սրտից, հոգուց միշտ սնունդ առնող
Օրենքի Կենաց Խորհրդարանը։
Զ
Մաքուր երկնքի
և ազատության ձգտող թռչունի արմատն իմ մեջ է…
Արևի արմատն իմ մեջ է, իմ մեջ,
նաև իմ մեջ է ակունքը գետի,
որ մաքրվում է իր իսկ հորինած մամուռների մեջ…
Է
Տվեք Ձեր բաժին Լուման, ասում եմ, Աստծո խղճի բաժինը
տվեք ի սրտե՝ ուրախությունը բազմապատկելով,
քանզի ամեն օր ողբերգության մեջ մենք մեղք ենք մսխել,
քանզի ով պարտվեց, կզրկվի անգամ իր մեղքի պատժից
և լացը արդեն դավաճանության նշան է դառնում…
մեղավորները առավել դաժան դատով են դատում
մեղավորներին,
իսկ անմեղները աննկատ այրվում համաճարակի կրակների մեջ։
Ը
Թախիծս կատվի նման մոտենում
ու նստում է հենց այն ցավոտ տեղում,
որ ջերմության է անվերջ կարոտում։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









