ԾԻՐԱՆԻ ԾՈՎ
Անձրևը հիմա դեպի երկինք է բարձրացնում սիրտս
ծաղիկների խենթ կարկաչի միջով
ու դաշտից բերած ցեխոտ ձեռքերով փաթաթվում է ինձ.
մոտենում եմ,Տեր,
և հավաքում եմ ծաղկատներից ծրարներ հատ–հատ
ու պահում պարարտ հիշողության մեջ,
ուր սերմի նման կարող են ծլել այն երազները,
որ միշտ փրկել են Ժամանակները կույր բնազդներից…
Երբ որ էությամբ հիմնավորվեցի
լուսապսակի տաք օրորոցում,
ես թռիչքների,
ինքնարարության ճանապարհներով
ցնծում եմ լույսի բարձունքներն ի վեր,
կամուրջների զուսպ լռության խորքում
և ամենօրյա դժվար ցանքսերից հավաքած գինին
լցվում է սրտիս գալարների մեջ…
Լույս է դառնում այն,
ինչ որ հոգու մեջ հղկվում է կյանքի խառնախորերում։
Երկնքի մեջ է իմ սիրտը հիմա,
քնքշությամբ լցվել և բողբոջների մեջ են կուտակվում
ամպերի բերած ծաղկասերմերը։
Մարգարտաջրեր, լուսաշրջանի գետահոսքերում,
ճողփյունների մեջ ՝
օծեցիք երկնի անմեղությունը
ու աստղերի՞ն եք փոխանցում դողը տեղատարափի։
Ջրերի միջով, ողորկ քարերի ապառաժային կուրծքը շոյելով,
ինչպես պրկումը հասուն աղեղի, ես հորիզոնը ամուսնացրի,
և փեսայացած Արևատղան, անցնելով խաղաղ ջրերի կապույտ
գորգի վրայով… ոսկեդրամներ նետեց կայծկլտուն ալիքների մեջ,
որոնք հալվելով լուծվեցին բոլոր ձկնկիթներում։
Բ
Լուռ մղկտացող հոգիս փակվել է մութ ձեղնահարկում՝
հպված գիշերվա ծանր ապակուն,
լուսնի շողերն են մաղվում լռության հարսնաշորերին…
ու փշրվել է զրահն իմ ներսի՝
մաքրելով ժանգոտ հեղեղումները երակների մեջ,
ու երջանիկ են օրերը ծաղկած խնձորենու պես,
որ ընդառաջ են թռչում երազի բորբ մեղուներին.
Ճերմակ անձրևը աղոթարանի իմ ուղեկիցն է,
որ Տիրոջ կամքով կարող է լինել նաև հարսնացու,
նա իմ տուն եկավ ճերմակ շորերը ցեխոտած…
վայրի իր գեղեցկությամբ։
Գ
Տեր, քո ձեռքերն են հունցում իմ արյան կենսախմորը,
Որով հոգսերն եմ խնամքով հերկում ըստ քո օրենքի:
Հավատարմության ամեն վայրկյանս լցվում քո լույսով
և տարածվում է ինձ հետ հաշտության տոնախմբությամբ։
Իմ դռների մոտ միշտ հավաքվում են երազողները
և նրանց գտած ճանապարհներն եմ ես նախշազարդում,
նրանց զենքերն եմ ափիս մեջ սեղմում, ինչպես ընկերոջ
նվիրյալ ձեռքը,
և հաց վաճառող մոմի պես կանայք հավատամքի կուռ
մատանիներով
շերտ–շերտ կնքելով թերթերը սրտի՝ զավակներին են
մոտեցնում Աստծուն
ու տարածում են կրակը սրտի
և ամեն մի գործ սկիզբ է առնում կենաց աղբյուրից
ու գոտևորում կենաց պտուղը,
իսկ ով չարությամբ կայրի իր հոգին,
ով իր թուլությամբ վաստակի գնա իր զորությունը
ոտնահարելով,
ինչո՞վ կսփոփվի, երբ որ ընկալի,
թե կորցրել է կյանքից թանկագին բանալիները…
Դ
Երազի բոլոր երեխաներին կանչեցի դաշտից,
պատերազմների խուլ անկյուններից
և արդարության ցնցոտիներով պատսպարելով
պատուհանները
նենգ քամիներից՝
խավարում գտա մեղքերի բոլոր այն կամուրջները,
որ քավության մեջ միացնում են գիտակցությունը իր իսկ
մարմնին,
անցյալը՝ մահին, մահը՝ այս կյանքին … կյանքը՝ հավատին…
Եվ հավաքվեցին երեխաները.
նրանք ջերմ սրտով տեսնում էին ինձ.
աղեղնավորներ՝ պահված թիկունքի աջ ու ձախ թևում,
այրուձին ՝ սեպի նման խրվելով մինչև կենտրոնը,
արևի նման բարձրացնում է վեր՝
սրտի մեջ սեղմած բռունցքը արդար,
որ հարմար պահին ոչնչացնի թշնամու հույսը,
դիմակավորներ, կտավի ճերմակ հանդերձների մեջ
կհետախուզեն թշնամու հացը, օրորոցները
ու դպրոցների դասագրքերը,
Եվ նավասարդյան մունետիկները՝
հասուն ողկույզներ սկուտեղներին,
խաղողօրհնեքի երգ ու պարերով
լցնում են մերթ–մերթ բացվող ճեղքերը ռազմաճակատի,
երաժիշտները կուռ հնչեցնում են կոչնակներ, թմբուկ, տավիղ,
ծնծղա ու գալարափող, ջութակ ու քշոց, փանդիռներ ու զանգ,
որ գինին լցվի երգասացությամբ,
որ կենացները լինեն վաստակի սրբագրություն ….
Իսկ Ժամանակը ցնցոտիներով կանգնած պատի տակ
արժանապատիվ իր գլխարկի դեմ ու…
բաժանում է աննկատորեն հոգու արթնության հացն աներևույթ՝
հենց խղճի չափով։
Ե
Եվ Թագուհին է ծիրանի հագած,
և Թագն է լույսի ճյուղեր արձակում,
և Աջ Ձեռքի մեջ սուրն է շողարձակ,
և Ձախ Ձեռքի մեջ հողն է կենսառատ,
և վարդաշող են քայլերը նրա,
և վարդացող է աչքերի շեղբը.
ծիրանի յուղով լուծվել են սրտի բանալիները
և երազները օծվել են ոսկե ծիրանի յուղով
և թռչունների երգն է ոգելից ու նվիրական
և ջուրն է հեղվում երկնքի սրտից,
օրվա զրնգուն ուրախությունը գաղտնի խորանից
սրտերի համար լուսապսակի շիթեր է ցայտում
և ով հայտնվեց հպատակության ոսկե ցանցի մեջ
երջանկությունն իր պիտի վաստակի իր հոգու ճամփով։
Եվ Թագուհին է ելնում Տաճարից
և ոգելցված քարերն են ճամփի սիրով ծանրացած
և հավատամքի կոչնակն է արթուն
և արդեն ներկան ժառանգավորն է Ծիրանի Ծովի…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









