suren.grigor
Logo

ԻՄ ՍՒՐՏԸ ՝ ԾԻՐ ԿԱԹԻՆ

Article image





Դառնամ ու խորան հյուսեմ աստղերից
ու երկնքի մեջ երկինքը հյուսեմ՝
սրտի թափանցիկ այն թաղանթներով,
ուր թռչունները երազ են դառնում
ու մարմինները նրանց լցվում են արևից պոկված ոսկու սերմերով։
Բյուր աղոթքներից դռները սիրո
բացվում են դեպի դրախտի այգի,
ծաղիկ հավաքող զտարյունների կյանքը հոտավետ
տանում են սարից իջնող ջրերը
ու համբույրներով լցնում սրտերը ծարավածների։
Իմ համբույրները կմնան դաջված ու սեպագրված
այս խուլ քաղաքի մերկ փողոցների
ու տանիքների տաք ստեղներին,
իմ ձեռքերը տաք կմնան ընդմիշտ այս երկնքի մեջ, ծաղիկների մեջ
ճաք տվող հողի շուրթերին հպված։
Իմ թռչունները բախվեցին մաքուր երազանքների ծանր ապակուն
ու նրանց կյանքի արյունը քամվեց մատյանների մեջ։
Ըմբոստ ձեռքերը ժայթքեցին հանկարծ գարնան ընդերքից,
կարոտի վառվող առաստաղները փլվեցին փափուկ
օրավարտի խենթ սրահների մեջ
ու երկինքը, որ աստղի սերմերով այնքան էր լցվել…
կյանքի տեղ չկար՝ փշրվեց հանկարծ…
Տնետուն ընկած հավաքում էի
աչքերում պահված մաքուր երկնքի կապույտ մերանը…
Լուսնային բոլոր օրերը գտա շառավիղների ժառանգության մեջ,
բայց երբ կորցրի արևի ծաղկուն հետագծերը՝
արծվի հայացքում հայտնաբերեցի,
ի մի բերեցի մաքուր սրտերում արարված հացով։

Բ

Աշխարհի ու մեր սրտերի միջև արև, ողջույն քեզ, արև,
արեգակ՝ իմ հույս, իմ կաթնեղբայր…
Ես զմայլվում եմ, երբ արթնանում եմ առավոտի հետ և
ողջունում քեզ՝
Արև, քո սիրտը ծաղկած, սիրտդ լիաբուռ,
արեգակ՝ իմ հույս, իմ կաթնեղբայր։
Դու լցվում ես իմ սրտի մեջ
ու տարածվում իմ կյանքի շարվածքի բոլոր հարկերի
շինաշաղախում
և աղբյուրի ջրի պես քչքչալով լցվում ես
ու կուտակվում ողնաշարիս ստեղներում,
իմ աչքերը ճառագայթում են երջանկությամբ
և օրեցօր դառնում եմ այն կրակը, որ տարիք չունի։
Ես ակունք եմ հույսի, որ նորոգվում է ամեն օր
և իմ խոսքերը ծաղկում են ամենուր
և իմ միտքը՝ յոթ ծովերի ծովակալ։
Ես արժանի եմ և Աստված վերադարձնում է ինձ իմ տվածը
և հավատքով եմ ընդունում իմ ազատագրումը.
ես խորտակել եմ դռները բոլոր և այն պատերը,
որ անգիտությամբ կառուցում էի՝
չարություններից սիրտս պաշտպանեմ,
և ես լցվում եմ ամեն օր գոհությամբ ու երկրպագությամբ։

Գ

Ես երկնքից իջա փետուրի նման,
և սահանքի մեջ սիրտս մաշվեց՝ մնաց ճամփեքին…
և փաթիլի պես իջա որպես երկնքի նամակ,
ուր ամեն բառի մեջ կայծկլտում են
մաքուր հոգիների դեմքերը երկնային։
Ես անձրևի կաթիլի պես իջա,
որ շաղախեմ սրտերում թաքնված ոսկե մելանը։
Ես հույսից եմ գալիս և երջանկությունը փայփայում է ինձ,
և ես լսում եմ նրան, և գուցե նա արդեն իմ կողքին է…
Ես հիմա սրտիս շատ երազները թերթում եմ,
ինչպես կանգնած բարձունքին՝
լցվում են արևի սրսուռ հալոցքով։
Իմ սիրտը այնքան մոտ է երկնքին,
որ տեսնում եմ սիրելի դեմքերը իմ կարոտների,
աղբյուրները պաղ, իմ երազանքի կամուրջները բյուր,
իմ աղոթքների գմբեթները վեհ…
Իմ սիրելին աղոթքներից է ծնվել,
իմ սիրելին գարնան անձրևից է ծնվել
և ժպտում է բոլոր աստղերի ու ծաղիկների միջից,
երբ մերկ ոտքերով ճզմում է նռնաշարը՝
աչքերը նրա կամաց–կամաց լցվում են գինով։
Իմ սիրելին տարրլուծվել է իմ բոլոր օրերի մեջ։

Դ

Ես ժառանգեցի ծովը, օ ծովը՝
գիշատիչ օրերի կրակների մեջ,
հրեշտակների խաղաղ սրտերում ծփում է կյանքս,
կյանքս ծփում է, դուք էլ օրհնեցեք,
կարոտի, հույսի ամեն մի փեթակ լցվում է լույսով։
Սերը սահմանն է իմ ու իմ միջև,
որ միացնում է հրաշքը օրվա իմ երազներին…
Օ, ծովը, ծաղիկների մերան, որ կյանքս լցնում է մեղրով։
Օ, ծով իմ, ապրելու–վառվելու խաղաղության մեջ
սիրտս լցնում ես խոր համբերությամբ…
Իսկ ո՞ վ է ուզում հեռանալ սիրուց,
իսկ ո՞ վ է ապրում հավատարմորեն սիրո դեմ առ դեմ,
իսկ ո՞ վ է, որ անուն չի դնում իր երջանկությանը…
Իմ այս ո՞ ր կյանքի ծնունդն է սերը,
որ արթնացնում է սրտիս մեջ
բոլոր ծեսերն ու ներշնչումները տոնական ժամանակների։
Իմ սիրո տոնին բոլորդ եք ներկա,
անխտիր բոլոր այն ներկաները,
ովքեր գտել են
հավերժությունը ապրելու մաքուր ճանապարհները՝
խոնարհությունն ու խաղաղությունը
լցնելով դատարկ գավաթների մեջ։
Ատելությունը կուռքեր չի գտնում՝
Հալվում կորչում է վրեժի բորբոք իրիկնացոլքում,
իսկ ձեր սրտերի ուրախությունը իմ արդարության թագն ու պսակն է…
Հույսը սիրո չափ արմատներ ունի, որը հասնելով կատարելության՝
ապրում է արդեն իր երկրորդ կյանքով՝
հիշողության ջերմ ծաղկաքաղի մեջ,
ու միայն սերն է, որ կյանքից հետո ջնջել է մահվան դրած սահմանը,
ու մարմինները անխոցելի են դարձել զենքերից…

Ե

Դառնամ ու խորան հյուսեմ աստղերից
ու տեսնեմ, քննեմ. այդ ինչպես եղավ՝
տիեզերական արդարությունը խավարի մեջ է
և աստղերն են լոկ դռները բացում առաքյալների։
Փոթորիկների նախահայրերը
անսահման հոսող առագաստներն են իրենց մոտ պահում…
Ու հեռանում են իմ ընկերները…
բազում մահերից սրտները բարակ, կամքը կարծրացած….
հոգսերը լիզող շողոքորթ ափից,
փայտե ձի նստած հեռանում են նրանք, հեռանում են մաշվող տներից…
Սա ինչ կռիվ է, սա ում դավադիր մարտն է.
Նա, ով գիտի ամեն ինչ, չգիտի ինչ անել…
Նա, ով չգիտի ինչ է կատարվում, հանգիստ էլ նստում է հացի…
Կրակոցները մեր հոգու մեջ են ու խրամատները՝ սրտերում…
Դավաճաններին դեռ մի սպանեք՝
նրանք անպատիժ մեղքից են ծնվել
ու իրենց դեմքը նրանք չեն տեսնում
ու պաշտոնական աթոռներից լուռ սահելով ընկնում
ու հեռանում են Աստծո դղյակից մեռած քայլերով…
և իմ իսկական կռիվը արդեն ե՞ րբ է սկսվում.
— Երբ նրանց մահը դառնում է իմը, իմ ձեռքի մուրը.
և այն քսում եմ չեչոտ քարերին ու չի մաքրվում,
և այն քսում եմ ճանապարհներին սակայն չեն մաշվում,
և այն քսում եմ նրանց ուսերին, որ ծանրությունը դառնա ուսուցիչ,
և այն քսում եմ հենց իմ ծնկներին, որ չկորցնեմ սրտիս գորովը
ու խոնարհությամբ իմ զորականչի զենքը բաժանեմ։

Զ

Դառնամ ու խորան հյուսեմ աստղերից…
Երազողներ կան,
որ երկչոտների աղոթքների մեջ փետրավորվեցին,
Ճակատագրի դեմքը ծածկեցին
անստույգ վաղվա անհույս դիմակով,
սրբապղծության հիշատակների հաշվեմատյանում
փնտրեցին վարձի չափը ամլության՝
քարշ գալով մանր ձկների անկուշտ վտառների մեջ։
Ու թեև կյանքը փոխարինում է լիարյուն կյանքին,
բայց արի ու տես .
օտարության մեջ մահն էլ օտար է…
Երբ ծանրանում է շնչառությունը,
ժամացույցները փշրում են իրենց զույգ սլաքները…

Իմ արդարությունը սրտիս ցամաքած արցունքի վրա է,
իմ երկրի անարդար օրենքների վրա,
հիմա ինչ որ ծանր մեղք է՝ կատարվում է թեթևորեն,
և ինչ կատարվում է մարդկանց հետ՝ անմարդկայնորեն լռում են,
ինչ որ պիտի կատարվի՝ ցնցում է մարդկանց…
Հիմա բոլոր վտանգները բարեկամի տեսք ունեն…
Հիմա բոլոր վտանգները անտեսանելի են…
Իմ անցյալը հող է, որ իր մեջ փայփայել է այսօրվա ծաղիկը։
Հավատարմության աղոթքներով են ոռոգված քնքուշ իմ
երազները։

Է

Օրվա ծփանուտ այգիների մեջ
երկնքի ճյուղից կախված ողկույզի մաշկն է քնքշացել,
ինչպես շուրթերը նորամանուկի .
երկրային կյանքս տապից թանձրացել
ու թաքնվել է տերևների խուլ հառաչների տակ ու շրշյունների.
ու զույգ ձեռքերս բարձրանում հողից,
ու զույգ ձեռքերս լցվում են ցավով ու դառնում բռունցք,
ու զույգ ձեռքերս լույս են արձակում
ու ջերմություն են բխում սրտալի,
ու զույգ ձեռքերս սիրահարվել են՝
հենց հայտնվեցին զարմանահրաշ այդ կերոնի մեջ՝
դարձան սրբազան կրակին հլու….
Լռությունն է, Տեր, պատարագիչը
և ամպերն արդեն
արգասավոր են դարձել ցոլքերում իրիկնամուտի
և անպարփակ են դարձել լեռներն ու հորիզոնները
և արեգակն է դարձել թափանցիկ
շատրվանների ալ սանդուղքներին…

Ը

Դառնամ ու խորան հյուսեմ աստղերից՝
ինձնից խռոված,
տնից խուսափող երջանկությանս տուն հրավիրեմ,
մանուշակների ձեռքերի վրա մատուցեմ աղն ու հացը երկնքի
և ալեկոծված ջրերից բերեմ,
նավերս բոլոր պահեմ աչքերիս մայրատան խորքում
ու թեև հպարտ պատերազմները անցան իմ կյանքով,
բայց խավարի մեջ ծնված ձեռքերս՝
վերադարձրին ճանապարհները
լցված կարոտի խատուտիկներով,
և այս է կյանքը, սիրելիս,
որ ուզում ենք սերտել երազում հորինած մեր այբուբենը
երկնքի մասին
և ի սրտե բացում եմ բոլոր լուսամուտները
և թող օրհնյալ լինի լույսը, որ մեզ գտավ, և քամին, որ
ուղերձները մեր տարածեց…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1281
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott