ԻՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑԻ ԸՍՏ ՔՐԻՍՏՈՍԻ ՆՈՐ ՄԱՐՏԱԿՈՉԻ
Իմ ամբողջ կյանքը ներդաշնակեցի
ըստ Քրիստոսի նոր մարտակոչի,
վերընձյուղեցին այն ճյուղերը,
որ չորացել էին անարյուն սիրուց,
ծիլեր տվեցին այն սերմերը,
որ արգելված էին հոգեհերկերում։
Արևահյուսակն այնպես է փայլում,
որ ողջ մարմինս լցվում է Տիրոջ ծնծղաներով,
լույսի շքերթը անցնում է հոգուս հրապարակով
զարկերակներիս ու երակներիս ճանապարհներով
մտնում է ամեն մի բնակարան
և ամեն մի շունչ գինի ու հացով
դիմավորում է ցնծության պայծառ ընծաբերներին։
Բ
Երբ անձրևի տաք կաթիլներն անցնեն մեր ճանապարհը…
Սիրելի քարեր և ծառարմատներ,
սիրելի ձորեր և խրամատներ,
անվերջ ապրելով այդպես էլ մի օր չգտա կյանքս,
որ սրտիս խոսքը դնեմ ձեր առջև,
որ երազներով, հույս ու հավատով կառավարեմ ձեզ
և ո՞վ կա հիմա, որ ճանաչի այն …,
բառը օրենք է, օրենքը՝ աստված,
ես օրենքների գիրքն ու՞մ նվիրեմ,
բառը արմատ է,
իչպես չշոյեմ իմ ուրախության խոնավ աչքերով։
Ձեզ, ո՝վ ասպետներ, հավատարմության ով մունետիկներ,
ձեզ եմ նվիրում…բառի հրաշքը,
ձեզ, որ ամեն օր պսակվեք որպես նախավերջին օր
և հարսանիքին նրա հավաքեք բոլոր սրբակյաց առաքյալներին
անցյալ օրերի,
ում ճանաչեցիք կենաց մարտերում,
ու հենց նրանց հետ կարգի կբերեք պատմուճանները
հաղթանակների ու դափնիների,
մատաղի մոմեր կհաշվեք այնքան,
որ մաքրի հոգու հիշողությունը
ու այն դարձնի աչքի պես փայլուն,
ախտերը կայրեք մի ձեռքով այնպես,
որ մյուս ձեռքը ոչինչ չիմանա,
մեղքի արմատը կփնտրեք երկար,
բայց մեկ հարվածով կկտրեք հողից
ու կենաց ծառը պտուղներ կտա
բոլոր սրբազան առագաստներում
և ազնիվ գինին կհեղվի դադրած ձեր ոտքերի տակ,
որովհետև ես եկել եմ սիրուց
ու կարկամել եմ հենց նրա առջև.
պարտքս չեմ տվել,
ինչքան տվել եմ, բազմապատկել եմ միայն եղածը…
Գ
Իմ ձեռքերի մեջ ոչինչ չի կորչում,
Մթնաձորն ի վեր դաշտերը բոլոր լցվում են աշնան
մանուշակներով,
և բարձունքներից եկող ջրերը
նրանց արմատով հանում են հողից ու տանում երկինք,
ուր գավաթներում հասունանում է համբերությունը,
աղունը ապրած ցավ ու վշտերի, փոշի է ճերմակ,
որ մանանա է դառնում երկնային կաթի մեջ հունցված ՝
քաղցր կամ դառը։
Եվ միտքն է ծաղկում այգիների մեջ,
և միտքը մաքուր ջրերի հետ է հոսում սնելու պայթող սերմերը,
և միտքն է հսկում անափ եզրերը սիրուց ծփացող ողջ տիեզերքի,
և միտքն է բացում այն ուղին, որով արևն է լույսով ոռոգում հոգին
ու ախտազերծում խավարի թողած այն պտուղները,
որ առաջինը հենց ցանողին է միշտ թունավորում:
Դ
Մանուշակների արմատատեղը ծածկում եմ մատղաշ
հողի շեղջերով
և հաջորդ գարնան հարսնաշորերով նոր մանուշակներ
տիեզերական ջահեր կվառեն մոտեցող ծարավ շուրթերի առջև…
Ե
Ես ի՞նչ մոռացա, երբ վախն արթնացավ
ու ճանապարհը կարող է հանկարծ տանել փակուղի,
ի՞նչ ցավի կողքով անցա անտարբեր,
որ հարված իջավ ուղիղ իմ դեմքին,
ի՞նչ մեղքի առջև լռեցի թաքուն,
որ անդամալույծ եղած հույսերից ձեռքս կարկամեց,
զգացումներս կոծկեցի այնպես,
թե իբր ես էլ ամենքի նման ոչինչ չեմ տեսնում,
իսկ ինչ որ տեսա ՝ հենց այդպիսին էլ պետք է որ լիներ,
ինչ որ կատարվեց՝ պետք է կատարվեր
և այն ինչ ունենք և ինչ էլ չունենք՝ պետք չէ դեմ լինել՝
մերժելու համար կամ հաստատելու…
Բայց պիղծերի մեջ, երբ հայտնվեցի,
պղծության շորեր ու դիմակ հագա,
ստախոսները ճշմարտությունը իմ հանդուրժեցին,
քանզի լռությամբ առաջ ընթացա ու իրենց երբեք չմեղադրեցի։
Ոհմակի բոլոր անդամներն այնքան շլացել էին իրենց թալանով,
որ չուզեցին էլ նկատել հոգուս ըմբոստությունը։
Ես բարի եղա
ծովահենների անձնաշահության որկրաշունչ որջում
և դրանով իսկ ավելացրի իմ պատիժների դաժանությունը.
կյանքս ընդհատվեց՝ սակայն տարիքս սրընթաց անցավ…
Զ
Սուրբ Օրենքների կորուստների դեմ
մահն այնքան չնչին մանրադրամ է,
որ ես փորձում եմ կաշառել նրան՝ կույր սատանային,
սեղմած բռունցքս՝
որպես հնազանդ բարության նշան,
իսկ սիրտս պիտի, պիտի սովորի շրջանցել հենց այն,
ինչը թվում է, թե հաղթահարելն անհնարին է ։
Է
...Իչպե՞ս կառուցեմ Օրենքի տունը,
երբ հայրենիքի օրենքներն են հենց ոտնատակ տրվում,
և Հայրենիքը ոռնում է ցավից անօրենության…
Մոլորյալները չգիտակցեցին օրենքը հոգու,
հեռացողները թաքուն հույսերով փայփայում են այն
ու լուռ փոխանցում նոր սերունդներին.
անողոքները, բռնակալները և ամբարտավան ու մանրախնդիր
ետնածինները մերժել են նրան տգիտությունով,
թե՝ անգիտությամբ,
ողբացողները մոռացել են այն,
քննամոլները կողքից են նայում,
կեղծավորներն ու խորամանկները պահպանում են այն,
քանի դեռ ղեկը իրենց ձեռքում չէ,
ագահ, մոլեռանդ և դյուրագրգիռ շեղվածներն արդեն
գործում են ընդդեմ։
Ը
Ես ոչ գալիս եմ, ոչ էլ կգնամ.
թաքուն, աննկատ վեր կբարձրանամ քարածերպերով,
օձաբներից ձու կփախցնեմ և գիտեմ նաև,
որ ինձ կդատեն նրանք, որ անշուշտ չեն էլ տարբերի ձուն օձաձվից,
իսկ ժամանակի փլատակներում,
ականների մեջ գաղտնիքներն հանկարծ ձագեր կհանեն
ու թև առնելով՝ նրանք կփնտրեն հենց այն օձերին,
որոնք դուրս չեկան այդ խակ ձվերից։
Ես չեմ մոռանա այս ճանապարհի թողած հետքերը,
այն չի ամփոփվի իմ կոշիկների գերեզմանոցում,
չի տեղավորվի ցավից ճմռթված այն գլխարկներում,
որոնց մեջ օտար խղճի կայծերը անցքեր են թողել։
Ձորերից կախված հանդուգն ու վայրի ծիրանիները ՝
վախից անպտուղ,
ձեռք ձեռքի տված՝ քամուց, արևից յուղ են հավաքում
արմատների մեջ.
գաղտնիքը նրանց ում հայտնի դարձավ՝
հենց նրա ձեռքով խարույկ կնետվեն…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









