ԹՌԻՉՔՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ
Ախր, հայրս ասում էր.
Երբ ժողովուրդը ուզում է խաբվել,
երկրի գահը վիշապ է ծնում,
գահը արդարության պատիժ է դառնում…
Անկամ լռության այս սարդոստայնում
աղջիկս ասում է, եթե չեք ուզում հուսահատվել,
արդարություն մի փնտրեք ջրհեղեղի մեջ…
Բ
Ես դուրս եմ գալիս քաղաքից,
ես փախչում եմ դեպի անտառ,
մտնում եմ կաղնու ծառի մեջ,
փաթաթվում եմ մասրի թփերով,
նետվում եմ Բասուտայի ջրերի մեջ՝
մաքրվելու տհաճ երազներից.
խելահեղ ու մաքուր խորքերում ջրերի
խեցու մեջ եմ թողնում իմ սերը երկրային
ու տերևը թզի իմ կղզին է կյանքում,
ու ճեղքված նռան պես համրացել են իմ մեջ արցունքները ծառի..
Գ
Այստեղ ոտքերի ու խղճի ցավը մաքրում է ագռավի լեղին,
ու թանթրվենու պտուղները,
այստեղ բոլոր ծառերը իմ թիկունքում են
և ամեն պահ ետ տալով տերևները ամպերի
ես գտնում եմ հասուն տխրությունը լուսնի…
Դ
Անտառում ես իմ տանն եմ և իմ տունը արևի ծնունդ է,
որ ծագում է աշխարհին,
իմ սերը, իմ երեխաների սերը ես տանում եմ՝
արթնացնելու ծանր ճանապարհները, որոնց եզրերին
մանուշակների փխրուն բաժակներում է թաքնվել երկինքը.
այստեղ արժանապատվությունն հողի
և երազներն ամեհի ներշնչումով են ծնվում…
Ե
Ջրհեղեղից դուրս գալով,
ես մաքրեցի գիշերային պարեկի տխրությունը
ու մաքրեցի խավարի ածխամրուրը,
որ գետափի տքնաջան մեղուները
հավերժության իրենց գյուտը
չխառնեն այն ախտազերծող ակնամոմին։
Զ
Ես մոմ եմ, մոմ՝ փոքրիկ լույսի տուն ու հայրենիք…
և երկնքին է անտեսանելի ձեռքերս ձուլված
և իմ մարմինը լցված է ասես
պայթած աստղերի բյուր փշրանքներով …
Ախր, ամեն մեկիս մեջ մի ծառ է հառնում, պտղատու մի ծառ՝
սպառնալիորեն զավթելով երկինքը։
Ախր, ամեն մեկիս մեջ մի պատ կա միայնակ,
որ ավելի է կարծրանում, երբ մոտենում է միայնակ լուսնին։
Ախր, ամեն մեկիս մեջ անդունդ կա խորին,
մի թռչուն կա՝ փխրուն ու աներևույթ,
որ թռիչքի է տանում …
Ախր, մարդիկ ուզում են ապրել, բայց ամեն օր
նրանք ցնցվում են հոգու պայթյուններից….
Թշնամին ամեն օր բախում է դուռը….
Մարտից առաջ ոչ մի կտոր հաց…
լսում եք, ոչ ի կտոր հաց
և հշեք նաև, որ
մեզ մեռած հերոսներ պետք չեն…
Օգնիր ինձ, Տեր իմ, ինձ կառուցելու օրինակ լինեմ
և կարողանամ վաստակել հացս պարզ թթխմորով,
որ կարողանամ ոգու պատգամը միշտ ոտքի հանել…
Ամեն օր խաղաղ զինակոչ է սրբազան մարտի…
Է
Մեր խաչը ծեծված դաժան է սրից…
մենք, մենք դուրս կգանք
դավադիր ոճրի արյունոտ որջից…
Ը
Ես կյանքի համար կռիվ տվեցի
և իմ կռիվը անփոփոխ մնաց:
Կյանքը սկսվում է զինվորի պարտքով,
զինվորի պարտքով Տունն ենք կառուցում…
Ախր բարի գործ անողների դեմ է կռիվը հիմա.
նրանք անպատիժ չեն մնում, անշուշտ...
Ախր, ես ի՞նչ կավ եմ քաղաքում թրծվելու համար,
ախր, ես սիրում եմ քնել խոտի դեզի մեջ,
ախր, ես սիրում եմ նստել գետի ջրվեժի տակ,
սիրում եմ սլանալ ձիու վրա՝ անձրևի միջով,
ախր, ես քաղաքի պտուղ չեմ
և Զանգվի ձորը չի հագեցնում ինձ,
դաղձի հոտն էլ կեղծ է ու խաբուսիկ…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









