ԶԻՆԱԿԻՑՆԵՐ
Զինակիցներ,
զինադադար է և դուք շարքերում մնացիք
ու զինվորական հագուստները ձեր
սրտում եք պահել…
Թեև աննկատ, բայց բզկտվում են հագուստները դեռ
խաղաղ օրերի մարտադաշտերում
ու ծործորներն եք թաքցնում հիմա թշնամիներից,
ու բարեզտված բարեկամներց ։
Բ
Զինակիցներ,
որ լուռ նայում եք երեխաներին
ու սեղան եք նստում հին ընկերներով… լուռ ու անմռունչ
ինչպես մարտական թաղումներին։
Բայց, ախր, ձկան բորբոսնած գլուխը ծածկելու խաբեությունը…
Կրծում է փողոցները, տները,զինվորի կոշիկները, երկրի
սահմանները
ու համատարած բորբոսաթույնը են տարածում
եկեղեցու անգործությունը, հեռուստացույցը, աղանդները…
Ամենուր թույն է լցվում բաժակներում ….
Թույն է խավարն ու քսվում է ճամփաներին
ու պատերին ու զենքերին…
Գերեզմանների ցանկապատերին …
Ես մաքրում եմ,
մաքրում եմ լուսամուտները, աչքերը ծխաթույնից,
Մաքրում եմ ճամփաները, սրտերը ոգեթույնից,
պատերը՝ ուղեղները մտաթույնից,
մաքրում եմ զենքերը դավաճանության թույնից,
գերեզմանները՝ մոռացության թույնից,
եկեղեցիները հոգեթույնից …
Ու բռունցքներս եմ սեղմում ինքս իմ դեմ՝
և քայլս, քայլս մխրճում է ինձ հենց այն ճահճի մեջ,
որ ամեն մեկը տեսնում է,սակայն չի ուզում տեսնել,
որ ամեն մեկը թեև մխրճվում,
սակայն չի ուզում այդ մասին խոսել…
Գ
Զինակիցներ,
ով մահով այրվեց արդարության բագինում,
իսկ ով …կյանքով ուզեց բորբոք պահել կրակը սրտերում…
Ժամանակներն են թեև նվազում,
սակայն խույս չեմ տա ոչ պարտքի պատժից,
ոչ էլ ինքս ինձ դատապարտելուց…
Հեռացողներին չեմ մեղադրում.
նրանք լքված են եղել տներում.
նրանցից հիմա արդեն թիկունքում ուզում են խլել
անցյալ ու պատիվ, լեզու և կնիք…
Թվաց, վաստակս իմաստ է տալիս իմ ապրած կյանքին.
Էխ մեր Զաբել տատ…
Ում ընտանիքը կողոպտել էին թուրքերը Պոլսում 18 թվին
և Երևանում՝ հայերը արդեն 91–ին
և երկու հազար յոթ թվականին քանդել են տունը
կառավարության հանձնարարությամբ .
նրան թաղեցինք գիշերը … օրավարձ դագաղով…
Դ
Երբ խաղաղ դաշտում ՝ Արարատի դեմ ծիրանին ծաղկեց,
ես դուրս բերեցի այն հագուստներս, որ զենք են կրում,
ու քայլում եմ, մխրճվում եմ մայթերի ամայացնող
անվստահության մեջ
ու տեսնում եմ փախչող երկինքը քաղաքի,
որ փշրվում է հուսախաբների ծանր, բորբոքուն
ընդվզումներից…
Ե
Սեփական տան մեջ
մոլագարության բյուր վնասները,
եթե ես հաշվեմ, ավերակները կսկսեն խոսել…
գիտակցությանը ու սրտին հասու դատարաններում,
եթե ես խոսեմ՝
դավադրությամբ դիտապաստ բոլոր իմ ընկերները
ոտքի կկանգնեն,
հենց հայրենիքի ավերումների մասին թե խոսեմ՝
միտքն անընկալ է դավաճանության բյուր դիմակներին,
սիրտը՝ անկարող կրելու նրա ցավն ու մորմոքը,
ինչպես ջրերը կորչում են անհող,
ինչպես հողերը մեռնում են անջուր…
Ինչպես հանցանքի աղբյուր է դառնում
արյամբ վաստակած արդար ապրելու երազանքները…
ամբարտակները այնպես են ճեղքվել՝ ջուր չի հավաքվում,
հավատն ու հույսը այնպես են ճեղքվել՝ ուժ չի հավաքվում,
իսկ սիրտը, սիրտը այնպես է ճեղքվել՝ տուն չի հավաքվում…
Զ
Խաբեությունը նոր խաբեության սկիզբ է դառնում ու
զարմանում ենք,
երբ աղետները գերազանցում են մեկը մյուսին .
դժբախտությունն է դառնում բազմադեմ…
Է
Խոսքով և մտքով պաշտպանվում եմ ես
և անմտորեն իմ պարզությանը գերի եմ դառնում՝
հավատալով, թե՝ ես կխուսափեմ խաբեբայության
ավերումներից,
ու երբ հասկացա, որ ճշմարտության ընկալումն արդեն
չափազանց մեծ ու ծանր է հավատից,
վախով վերցրի գիտակցությունը բացող բանալին,
իսկ վախը, վախը փակում է սրտի այն դռները, որ
տանում են դեպի ճշմարտությունը…
Իսկ վախը, վախը զրկում է սիրուց և հայրենիքից…
Ը
Տանիքների վրա
բացվում են երազի առագաստները,
աղավնիները փախցնում են այն մինչև ամպերը…
Տեր իմ, ստեղծել ես ինձ քո պատկերով,
ինչու ՞ ես կյանքս տալիս իմ տան մեջ օտար հողմերին.
գյուղե գյուղ շրջող ավերակների վրա՞ խենթանամ,
թե՞ քաղաքների շենության կողքին դառնամ խեղկատակ
և միայն վերջին մի վերջին պահի ուժս հավաքեմ
և փշուր փշուր հայելիները իրար զոդելով՝
կանգնեմ դեմ առ դեմ Ճշմարտությանը
և արդարության զենքերս հանեմ խուլ քարանձավից։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









