ԵՍ ԵՐԲԵՎԷ ԿՏԵՍՆԵՄ ՔԵԶ ՍԻՐԵԼԻՍ
Ես երբևէ կտեսնե՞մ քեզ,սիրելիս,
խոհանոցում՝ ալրոտված,
այգու ճանապարհին՝
մրգերով խանդավառ,
անորսալի թեթևությամբ.
կլսե՞մ քո ծիծաղը ներխուժող,
քո միամիտ հանդգնության
հրավառությունը....
ու չեմ կարող նախանձով չնայել
առավոտյան,
ցանցապարկերով
և դատարկ շշերի զնգզնգոցով
կաթնատուն վազող կանանց,
չեմ կարող սանձել փոթորիկները,
որոնք խրվեցին
մանուշակների
փխրուն աչքերում
և իմ փլուզված կարոտների մեջ
մնացին քնքուշ առագաստները...
Բ
Պատշգամբում, որտեղ մի օր կանգնած էիր,
մի անորոշ զգացում է հիմա ծխում,
ու սիրո թույլ շշունջները մոխրանում են
կրակն ընկած թիթեռների թևերի պես։
Ո՞վ փախցրեց թռչուններին իմ ափերից.
նրանց խոցված սրտի ցավից
հասունացա:
Գ
Չհավաքված ծաղիկների
կարոտներո՞վ պիտի այրվեմ,
Պիտի ապրե՞մ ձյան թախիծով....
թռչուններ, թռչուններ՝
անձրևահար օրերից դուրս,
որտե՞ղ է ձեր բույնը գաղտնի,
ծաղկած դաշտի հրդեհի մե՞ջ:
Անձրևների հարսանիքին
թախիծն է
դառնում շրշուն մետաքսաքող,
ծաղիկներն են
գերեվարվում սրտի քնքուշ ճրագներով
և լսվում են սրտակեղեք պայթյունները
խելակորույս երազների:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









