ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ
Արևի շողերը դեռ ներս են մտնում,
թանձր մենության պատը ճեղքելով
ամեն մեկին ժամանակ է տրված
իր սառը խոհերի օտարությունը հաղթահարելու,
իր բիրտ լռության ստրկությունը հաղթահարելու…
Արդարությունը ուզում է ցույց տալ ճերմակությունը,
բայց նա դիմակ է դիահերձողի դեմքը պաշտպանող:
Ոչ ոք, ոչ ոք ոչինչ չի ճանաչում
և ամեն մեկը ի՞նչ էր փնտրում և ով պետք է հիմա փնտրի…
Պատուհանին մակարդվել է արևը,
Պատուհանին մակարդվել է փողոցի աղմուկը…
Լռությունը հպարտ է և բարձր է
ժամանակից ու նրա բոլոր աղմուկներից…
Գիշերն ամեհի խավարն է նորոգում ամեն մի մահով…
Կյանքի իմաստը այս պատերի մեջ
մի պարզ գրառում է մահվան ձեռագրով
դիահերձարանի վճարումների քրքրված մատյանում:
Այստեղ դանդաղ հստակվում են
ապրած կյանքի ու չապրածի սահմանները
ու ջրերն են երկինք տանում
դիակները համատարած,
իսկ ափերին խտանում են
հոգիները շվարումից…
Ինչքան պիտի դեռ տառապեն
մեղք ու սիրո առ ու տուրում
մինչև Տիրոջն էլի խաբեն,
խաբելուց ետ՝ ստանան ներում
ու երկրում ստանան մարմին…
Հանցանքի յուղով զմրսված դիեր,
զուտ պաշտոնական ձեր պարտքի համար
կարող եք գնալ դիմակահանդես
մահվան սարսափն ու հույսը ցամաքած
կտանեն ձեզ նոր համաճարակի ու ողբի պարտեզ…
Ու հին է այստեղ ամեն բան
ու ծաղրում են, Տեր, քո ածուն
հարբած են նրանք ու անբան
ու միշտ էլ սրտեր են հալածում։
Հառաչն էլ խուլ ու հինավուրց
ու նոր են դիակները միայն…
Կյանքից առավել գեղեցիկ մի բան
փնտրելը պատժի փառքին է նման…
Ով է հասկանում իմաստը կյանքի
և կամ ով պիտի այդքան մորմոքվի…
Մահը կարող է ծառայել կյանքին, որպես բակի շուն…
Կյանքը անմեղ է մահը՝ մեղավոր….
Օ եթե մահն է սկսում քծնել …
Կյանքը նման է մահվան վրեժի.
արարածների համար է մահը,
ոչ թե նրանց դեմ…
Եվ ով է ապրում մահվան կոկորդից բռնած…
Մեր կյանքում այնքան մահեր են վխտում, որքան հայելի…
Վախն ու սարսափը մահվան փառքն են…
Ով սիրում է կյանքը ծիրանի պտուղի պես՝
միշտ դեն է նետում կորիզը ՝ որտեղ մահն է թաքնված….
Ատում եմ մահը այն պահին,
երբ նա դառնում է կատարելություն…
Ով մահն ընդունեց, նա ընդունակ է հաղթանակի…
Կյանքը մի չքնաղ հանդիսություն է,
երբ սիրո չափը մահն է…
Ու երբ է մահն անցնում սիրո ճանապարհով…
Սերը և մահը ոգևորված են կյանքով…
Ես երբեք չեմ մոռանում իմ մահը…
Ցավը կարող է ծառայել մահին,
եթե կյանքը ուրախություն չունի…
Ուրախությունն էլ հեկեկում է,
երբ հույսը հանկարծ արդարացնում է…
Ում չեն հասկացել կյանքում,
մահը ամեն ինչ հստակեցնում է…
Մահը այնտեղ է, որտեղ որ կյանքն է.
այդ որ կյանքից է մահը դուրս մնում…
Կյանքը փոխվում է, մահը՝ չի փոխվում…
Մահվան օրենքը իշխանություն է կյանքի վրա…
Մահը թագավոր է,
Երբ ընդունում է կյանքին արարիչ…
Ով է, որ առանց խոստովանելու մեղքը՝
ընդում է մահը…
Ու հանկարծ մեղքը խեղճություն չընդունի…
Մահին հաղթողը կյանքն է միայն…
Տեր իմ, դու այսքան դռներ ես փոխում
և մահվան լույսով ցուցադրում ես դեմքերն անկենդան,
ով է մեկնելու, թե ինչ է ասված այս հին առակում.
Քո հավատամքի սրբավայրերում
բարբարոսներ ու օտարամիտներ միշտ կբնակվեն…
Տեր, անհունից է լույսը ճառագում
ու ճերմակ ճերմակ առաքյալները
իջնում են հանդարտ ու հավաքվում են պատարագի…
Ներկայացումը նոր է սկսվում
Բայց բեմն այրվում է….
Խորհրդավոր այս խաղի մեջ
հանդիսատեսն անօգնական
վերածվում է կույր թափորի…
Բոլորը, բոլորը ենթարկվել են պատահականությանը
Ու հավաքվելով դարձել են օրենքի կատարելություն…
Գերեզմանները դատարկ փոսեր են,
որ մարդիկ
լցնում են հավերժական մենությամբ…
Եվ սենյակ մտնող դանակի շեղբը,
շեղբը դանակի խաղաղ ու
անգթորեն մխրճվում է, մխրճվում, մխրճվում…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









