ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱՆՎԱԳ
Ք նքուշ սիրտս փաթաթվել է
դաժան ու բիրտ քամիների
արնաշաղախ պատանի մեջ...
Աշուն։ Անձրևային հայելիներ...
որ երազում ճաքճքել են՝
հայտնվելով
խուլ, անթափանց խավարի մեջ:
Ես չեմ կարող
ամեն վայրկյան հալվելու չափ
ապրել քնքուշ
արցունքներով սիրահարի,
երբ որ սիրտս փաթաթված է
դաժան ու բիրտ քամիների
արնաշաղախ սլացքի մեջ...
Անփույթ խաղ է,
անշուշտ, մահն իմ:
Երբ մարգարեն
մոտենում է հանդիսավոր
իմ արնածոր երազներին,
կույր հավատի հիշողությամբ
թափանցելով խավարի մեջ.
լույսի քողն եմ բարձրացնում անդունդներից
ու տարածվում երկրի վրա:
Բ
Աշուն։ Անձրև…
Հոդացավ կա խրամատում:
Ծերունիներն հիմա զինված
հին ջահերն են ոգեկոչում գիշերերթի:
Շիրմի վրա քայլերի պես
ես զարկերն եմ լսում սրտիս:
Հեռանում եմ տարաբևեռ՝
ժամանակի խուլ փեշերով՝
ժառանգական մարտերի շուրջ:
Արյունազեղ խավարն ինքը ջահ է վառում,
և անուններն են մարտաշունչ
մեկ–մեկ նետվում կրակի մեջ:
Թիթեռնիկներն իրենց սիրտը պահ են տալիս
մայրամուտի շեկ շողերին.
տեղատարափ անձրևները
հավաքում են ոսկեղենիկ երազները
իմ անցյալի հեղեղատից..
Պտուղներով բոցավառված՝ օրվա միջով
իմ հավատն է ջահը տանում ու մխրճում
իրիկնային աստղացոլքի ավազներում:
Գ
Խոր աշուն է, և անձրևն է
երկինք տանող միակ ուղին:
Չչորացող հագուստներում
ծիլ է տալիս երազանքը մեր ապրելու…
Այս աշխարհի կարծրացած
սրտից պիտի պոկեմ, պոկեմ
իմ զորության արդար խաչը
և հրդեհեմ չորս կողմերում
տանիքները հիշողության:
Դ
Իմ երկրում հիմա
մահից, թշնամուց խլում եմ տունս,
ու ամեն օր
քարշ եմ տալիս իմ ետևից
թափորը օրհասական լռության,
որ զննում է ամեն անգամ
իմ զինակցի պաղ մարմինը
հավերժական բաժանումի
լուռ հայացքով՝
մոխրացնելով
երկինքները կենաց օրվա:
Ե
Աշուն է, և անձրևները չեն դադարում:
Խրամատում հոդացավ կա…
Գնդակոծված կարոտները ետ են քաշվել
ու ամրացել նոր դիրքերում:
ես խրվում եմ խաղաղության մեջ քաղաքի,
որ փորձում է դուրս գալ դավից՝
խավարից ու կյանքի սովից:
Ես կառչում եմ փրկօղակից
Հայտնագործված մանուկների:
Ես արցունքներ եմ հեղում կարոտի
ու հավաքում եմ հրճվանքի հողմեր:
Անձրևները չեն դադարում:
Խրամատում հոդացավ կա…
Աշնան անձրև,
դու հասցեն ես կորուստներիս
ու պատգամն ես ազդարարում
պտուղների հասունացման:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









