ԱՅՍ ԵՐԿՐԻ ՎՐԱ
Այս երկրի վրա անապատների, ջրհեղեղների,
Կարկտահարման, համաճարակի, փոթորիկների
երթն է պսակում մեղավորների ավերումները…
երբ մեղվանոցի կենսագրությամբ ապրեցի օրը
և այն օրերը, որ պիտի ապրեմ,
կորստի մասին ձեզ չեմ ասելու
և մեծարանքի խոսքեր չեք լսի։
Բ
Եվ ով զլացավ բռնելու ձեռքը այն հանցավորի,
որ դատավորի աթոռին նստեց ու արդարության կշեռք ստացավ
պատգամավորի կնիքը գնեց ընտրության դաժան ու նենգ շուկայից
ու մխրճվում է ծածուկ գործերի դավադրության գարշելի ճահճում,
և հենց պետության անունից գործող մեղքը բազմանում
մոխրի ու փոշու շաղախն են նետում
իրենց իսկ անհաս երեխաների կերակուրի մեջ…
Գ
Ընկրկող կյանքին երազն է անվերջ ուզում սատարել,
որ գարնանային հիշողությունը արթնանա սրտում
ու առագաստներ բացվեն սերմերի հորիզոններում։
Երկրի հետ կապող ուղեծիրները ապաքինվում են
և ապագայից ծնված զանգերը լուծվում կորչում են
անձրևների բյուր կաթիլների մեջ։
Դ
Իմ գտած կյանքի ժամացույցները ես կբաժանեմ
սիրահարներին.
նրանք արթուն են ու թևեր ունեն,
բայց ունեն կարիք դեռ ճանաչելու
մեղանչումներն իմ …
նրանք կներե՞ն…
Այն, ինչ հեռանում, ավելի շատ է հիրավի ապրում.
նրանք ամեն մի շարժում հավաքում
և գտնում են այն, ինչ չի ավարտվում…
Ե
Ես բազմածավալ ոգեշնչումով արդյունք չտեսա,
և տգիտության մեջ կոծկոծելով՝
կանգնել եմ անխոս Կենաց ծառի դեմ,
պատրույգն այրելով համակ իղձերի
ու թաքնվելով դեռ չապաքինված իմ հույսերի մեջ,
տեսա՝ ինչպես են զենքեր քայքայվում փուչ արցունքներից
և հիշողության ոտնահարումից։
Մահվան շքերթում սիրո հոգեհաց լուռ մատուցելով՝
պարտությունները տեսա բազմավեպ…
իմաստուններիս,
որ օտարության մեջ են միշտ ծաղկում,
օտար ջրերի նավապետներիս,
օտար փրկության նահատակներիս,
օտար փրկության նահապետներիս
պարտքի կնիքի պահանջ դրեցի,
բայց անգիտությամբ միշտ ներմուծելով կամքն օտարության
դժվար ապրելու ծաղրուծանակին ինձ ենթարկեցի…
Ուրվականները ածխացած դեմքով կբացահայտեն
հին հանցանքների վրա բարձրացող նոր ոճիրները …
ու բազմոտանիներ կաճեն անընդհատ
ու սարդացանցով կցանկապատվեն հանցավորների
բնակավայրեր։
Զ
Խաղաղությունը ոգու անեզր սահմաններից է ծնվում սրտի մեջ
ու տարածվում է սիրո ու պատժի հրովարտակով։
Իսկ ո՞վ չի տեսնում մայրերի մղած մարտերն անցյալում
և այսօրվա մեջ.
կյանքի ու մահվան լույսի մեջ պիտի անվերջ առկայծի
Աստծո մելանը՝
մեր կամքի, ոգու ազատությունը, որը հղկվում է օրենքների մեջ
զոհաբերելով ատելությունն ու քարբը վրեժի։
Արդար հատուցման առաքյալները երդում են տվել զինվորի նման՝
զոհված ընկերոջ շիրիմի առջև
և նրանք երբեք չեն զորացրվի.
տուն կկառուցեն հենց տիեզերքի ուղիղ կենտրոնում,
իսկ տիեզերքը որդեկորով մոր լռությամբ խոհուն հետևում է, որ
ճախարակի մեջ յուղ չպակասի
ու արմատները նորոգվեն անվերջ։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









