Լեհական պարբերականը՝ Նարեկացու հայրենիքի մասին. Աստված չի լքի այդ հողը
Մեծ Հայքի պատմությունը, hատկապես՝ Վանա լճի շրջակայքի, մի մեծ նախազգուշացում է: Այս մասին գրել է Gosc Opolski լեհական կաթոլիկ հրատարակության խմբագիր Անջեյ Քերները, ով եղել է Գրիգոր Նարեկացու հայրենիքում՝ Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում: «Քարը քարի վրա» վերնագրով հոդվածում Քերները գրում է.
«Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ Հռոմի Ֆրանցիսկոս I Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է եկեղեցու դոկտոր:
Ես եղել եմ Նարեկում: Այսօր դա Թուրքիայի հարավ-արեւելքում Վանա լճի ափին գտնվող Եմիշլիք գյուղն է: Սուրբ Գրիգորի ժամանակաշրջանում՝ X դարում, աշխարհի առաջին քրիստոնեական երկրի՝ մեծ եւ ծաղկուն Հայկական թագավորության կենտրոնն էր:
Նարեկից Գրիգորին՝ սրբին, բանաստեղծին, միստիկին, եկեղեցին հիշատակվում է փետրվարի 27-ին: Խստաշունչ լեռների բարձրությունից նա դիտել է անծայրածիր Վանա լիճը: Գրել է «Մատյան ողբերգությունը»՝ կազմված 95 աղոթքից, որը թարգմանվել է լեհերեն եւ 1985 թվականին հրատարակվել «Կենդանի հայրեր» շարքում: Դա հայկական եւ քրիստոնեական գրականության լավագույն ստեղծագործությունն է: Ես մշտապես վերադառնում եմ այդ գրքին, հատկապես Մեծ Պահքի ժամանակ՝ կարդալով իրենց անկեղծությամբ ցնցող դրա տողերը: Համարվում է, որ Նարեկացին այն գրել է ոչ այնքան երկար կյանքի՝ 50-ից քիչ ավելի տարիների ընթացքում, արդեն ծանր հիվանդ ժամանակ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նաեւ ըմբոստության մասին մեղադրանքներ վերապրելուց հետո:
Նարեկացու «Մատյան ողբերգությունը» լի է սեփական թուլության զգացողության պատկերներով: Զարմանալի է, որ նա սա գրել է այն օրերին, երբ Հայաստանը, նրա վանքերն ու տաճարները ծաղկման ամենաբարձր շրջանում էին: Իսկ նրա հոգում՝ ոչ մի կաթիլ ինքնագոհություն: Փոխարենը խորը վերապրած զգացողություն, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում մարդը՝ չնայած իր բոլոր ձեռքբերումներին:
Մեծ Հայքի պատմությունը, hատկապես՝ Վանա լճի շրջակայքի, մի մեծ նախազգուշացում է: Մի ակնթարթում ամեն ինչ կարող է ոչինչ դառնալ: Կոչնչանան ապշեցուցիչ ճարտարապետական հուշարձանները, կմոխրանան հիասքանչ զարդանախշերն ու խաչքարերը: Ուղիղ 100 տարի առաջ այս հողում Հայոց ցեղասպանություն սկսվեց:
Թուրքիայի արեւելքում գտնվող հայկական հարյուրավոր տաճարներից միայն ավերակներ են մնացել, իսկ մեծ մասն ամբողջությամբ ոչնչացվել է: Բացառությամբ մեկ տաճարի՝ Աքդամար կղզու (տեքստում Ախթամարի թուրքական տարբերակն է - խմբ.) Սուրբ Խաչ եկեղեցու, որը թուրքական իշխանությունները վերանորոգել են, բայց առանց գմբեթին խաչ կանգնեցնելու:
Անցնում եմ Վանա լճի շուրջ փռված սարերով, տեսնում եմ ժամանակին հիասքանչ տեսք ունեցող կառույցների ավերակները: Եվ յուրահատուկ մի պահ, երբ քուրդ հովվի եւ նրա ոչխարների հոտի հետ իջնում ենք Սուրբ Թովմասի եկեղեցուց, մեր առջեւ փռվում է երկնագույն լիճը, շուրջը՝ լեռան կանաչող ստորոտը, իսկ հեռվում՝ լճի մյուս ափին, ձյունով ծածկված հրաբուխը: Եվ հանկարծ ծիածանն է շողում:
Քրիստոնեական հողի ավերակների վրա, որտեղ Տաճարից միայն հիասքանչ քարերն են մնացել, մենք զգացինք (այնպես, ինչպես հազվադեպ են զգում), որ Աստված չի լքել այս հողը:
Այս մտքերը հաճախ են ինձ այցելում, հատկապես երբ մենք Օպոլեում սովորույթի ուժով տխրում ենք մեր երկրի եկեղեցիների վիճակի համար: Գուցե 100 տարի անց դրանցից ոչինչ չի մնա… Գուցե այդպես է, բայց Աստված չի լքի մեր հողը»:
News.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6171
Կիսվել : |