ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (ԴԵՎ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Գրող, Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.facebook.com
hay-power.com

Դավիթ Սարապյանը (ԴԵՎ) ծնվել է 1966թ. փետրվարի 4-ին` ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում:

Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:

Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետ: Երբ նա սովորում էր երկրորդ կուրսում, ուսանողներին զրկում են զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից: Սակայն Դավիթը, որ կարճատես էր և կարող էր ազատվել ծառայությունից, որոշում է գնալ բանակ, համարելով, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց:

1984թ. մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա` Խմելնիցկու մարզում, որտեղ տիրող ամենաթողությունն ու կամայականություններն էլ շատ շուտ սթափեցնում են նրան: Դեպքերի ճակատագրական բերումով Դավիթը մենակ է մնում այլադավանների հետ:
1985թ-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տաս հոգու դեմ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»:

Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի և համակվել էր գրելու ցանկությամբ: Այդպիսով փորձում էր թղթին հանձնել իր տեսածը, զգացածն ու ապրածը: Նա գրում է պատմվածքներ, որոնցում ներկայացնում է զինվորական կյանքի ծանր առօրյան և անազատության մեջ գտնվող մարդկանց չարչարանքները:

Կյանքի այդ շրջանում նրա համար բացվում է կինոյի զարմանալի աշխարհը: Զարմիկը` հայտնի կինոռեժիսոր Գենդի Մելքոնյանը, Դավթին հրավիրում է աշխատելու որպես երկրորդ ռեժիսոր` Օդեսայում նկարահանվող ֆիլմում: Սկսվում է նրա կյանքի հետաքրքիր շրջանը: Դավիթն սկսում է շատ շրջագայել, հանդիպել ճանաչված մարդկանց հետ և դա լավ ազդեցություն է թողնում նրա հետագա ստեղծագործությունների վրա: Դավիթը գրում է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վեր է ածում սցենարի: «300 վայրկյան»-ը, որի միայն անունն արդեն իսկ սլացք ու լարվածություն է պարունակում, արժանանում է ակնառու կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատում է այն նկարահանման:

24 տարեկան հասակում Դավիթն այլևս կարող էր հանգիստ վայելել կյանքը երևանյան բնակարանում, ստեղծագործել: Շատերը հենց այդպես էլ վարվեցին, բայց ոչ նա:

Սկսվում է արցախյան պատերազմը և Դավիթը վճռականորեն գրիչը փոխարինում է զենքով ու 1990թ-ին մեկնում ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվում է լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը: Դավիթը դեռ մանկուց ճանաչում և պաշտում էր Լյոնյաին` իր ընտանիքի մտերիմ բարեկամին: Լեոնիդն էլ հաճույքով էր շփվում փոքրիկ Դավթի հետ և, ինչպես գրում է Դավիթն իր պատմվածքներից մեկում, սովորեցնում էր նրան լողալ, կրակել, նույնիս կռվել և... տղամարդու պես լաց լինել, այնպես, որ ոչ ոք չկնատի:

Հետագայում նրանց ընկերությունը վերաճում է երկու ինտելեկտուալների ընկերության: Երկուսն էլ խորապես գիտակցում էին մտավորականության պատասխանատվությունը ժողովրդի առջև հատկապես ծանր փորձությունների պահին: Երկուսն էլ պատվով կատարեցին իրենց կարևոր առաքելությունը:

Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը: Առհասարակ, մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»: Փոքրուց լսել էր մոր և տատի պատմություններն իր նշանավոր նախնիների` Պողոս-Բեկ և Դանիել-Բեկ Փիրումովների, Մելիք-Բայանդուրի մասին և երազում էր նրանց նմանվել: Այդ երազանքն իրականանում է: Դավիթը դառնում է փառապանծ ու քաջարի մարտիկ, անձնուրաց կռվում Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա` «Տիգրան Մեծ» ջոկատում:

Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»:

Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»:

Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:

1991թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, մարտական ճանապարհները: «Դավիթն անմիջապես աչքի ընկավ: Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի: Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը: Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում: Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը: Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք: Օժտված էր մարտական ու մարդկային հազվադեպ հատկություններով: Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի: Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ: Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն», - պատմում է Կոմանդոսը:

Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ, պապի տանն ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթը մենակ, զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը: Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել. Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը` «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից: Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:

Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…

Շուտով Դավիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին՝ Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է, 1991թ. դեկտեմբերի 10-ին` փայլուն կատարելով մարտական առաջադրանը:

Տարիներ անց հրատարակվում է Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը: Նրա ընդհատված կյանքը կրկին բոցավառվում է հրատարակված ձեռագրերում և դրա շնորհիվ` պահպանվում ու վերափոխվում:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը լավ էր ճանաչում Դավթին, ասել է. «Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը: Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ: Նրա հերոսական մահը ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4737
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott