ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ

Նորության նկար Միակ զավակն էր Դավիթը վաստակավոր ճարտարապետ ու շինարար, 1959-ից մինչև 64 թվականը Երևանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Սարապյանի, ում կառուցած շենքերն այսօր քաղաքաշինության թանգարանային նմուշներ են: Նրա նախագծով են կառուցվել Երևանում «Արմենիա» հյուրանոցը, Արհեստակցական միությունների տան և Կապի նախարարության համալիրը, թանգարանների շենքը, բոլորն էլ ճարտա-րապետ Մարկ Գրիգորյանի հետ, Կոմպոզիտորների տունը, «Փարոս» ռեստորանը, Կենտրոնական փոստատունը, Արդարադատության պալատը, հայ համանքի մշակութային կենտրոնի շենքը Վիեննայում Հոիփսիմե եկեղեցիով: Սակայն Էդուարդ և Էմմա Սարապյանևերի մեծագույն ստեղծագործությունն էր նրանց որդին` Դավիթը: Դա ես չեմ ասում: Դա ասել են նրա հայրը, ուսուցիչները, իսկ հետո արդեն մարտական ընկերները:

Ասում են` հայրը գիտի, թե ով է իր որդին, իսկ որդու մասին հայրը մի անգամ տիկին Էմմային հպարտությամբ ասել է.

-Աշխարհ գալ և չիմանալ, որ Դավիթը երևույթ է, միևնույն է, թե աշխարհ չգալ:

Դավիթին ճանաչողներն իսկույն կարձագանքեն.

-Հայրն իրավացի էր:

Ու թերևս այսօրինակ բնութագրի առաջին մեկնարկը տրվել է ավարտական հանդեսի օրը, երբ N 20 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դահլիճում հավաքված հրաժեշտ էին տալիս տասներորդցիներին: Ինչ որ տեղ, ինչ որ մեկի մոտ գուցե հիմա պահված է այդ հանդիսության տեսաժապավենը և այն դիտելիս կվերհիշեն ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչի` Էդգար Դանիելյանի ջերմ մաղթանքներն` ուղղված աշակերտներին և անկեղծ խոստովանությունն` ուղղված առանձնակի Դավիթ Սարապյանին.

-Ես հպարտ եմ, որ քեզ հանդիպեցի այս կյանքում և միշտ կհպարտանամ, որ քեզ նման աշակերտի ուսուցիչն եմ եղել:- Հետևել են բուռն, երկարատև ծափահարությունները:

Ինչպիսի՞ն էր այս երևույթը, որ կոչվում էր Դավիթ Էդուարդի Սարապյան:

Աշխույժ, ժրաջան, ընդունակ և շատ վաղ հասակից ուսումնատենչ այս լավ խնամված, թմբլիկ մանկիկի ճոճքն էլ պապի ծնկներն էին, ուր նստում էր թաթիկները պապի վզին ագուցած ու ժամերով լսում նրա պատմությունները ռուս - թուրքական պատերազմի, Սարդարապատի ճակատամարտի մասին, որի մասնակիցն էր նա` հայ գնդապետ Դանիելբեկ և Պողոսբեկ Փիրումյանների ազգականն ու մարտական ընկերը` Պավել Առաքելի Սարգսյանը` ծնված Լեռնային Ղարաբաղի Տող գյուղում: Պապի պարանոցը գրկած ժամերով լսում էր Դավիթը մարտական գործողությունների պատմություններն ու անգիր անում տեղանուններն ու հերոսների անունները` ժամանակ առ ժամանակ էլ կրկնելով.

-Պապիկ, պատմիր, թե ոնց ես ջարդել թուրքերին...

Այդ պահերին Աշխեն տատը մեղմորեն սաստում էր.

-Հի՞նչ ըս ըրեխի կլյոխը տանում:

Եվ Դավիթն իսկույն պաշտպանում էր պապին.

-Դուք մի խանգարեք, ես գիտեմ ինձ ինչ է պետք:

Իսկ Դավիթին պետք էր ճանաչել Հայաստանը, իր ննջասենյակի պատին փակցված ունենալ ծովից ծով Հայաստանի քարտեզը, նրան պետք էր մոտիկից տեսնել Արարատը, ազատել հոր պապերի ծննդավայր Էրզրումն ու մոր պապերի ծննդավայր Տող գյուղը: Այդ դասը նրան ոչ ոք չէր դասավանդել, և դա դաս էլ չէր, այլ արյան կանչ, որ ծնվում է նորածնի հետ ու նրա հետ էլ գնում դեպի Հավերժություն: Հավերժություն գնացող այդ արյան կանչը գույներ ու ձևեր առած պատկերվում էր նկարներում, Դավիթի հորինած պատմվածքներում, քանդակներում, գծանկարներում: Դեռևս յոթ տարեկան էր, երբ լավագույն գեղարվեստական ստեղծագործության համար շահեց առաջին մրցանակ, իր ունակություններով հիացրեց Մանկական գեղագիտական կենտրոնի իր ուսուցիչներին` Ժաննա Աղամիրյանին ու նկարիչ Էդվարդ Խարազյանին: Հետո արդեն նրա «Վահագնի ծնունդը» աշխատանքն արժանացավ միջազգային մրցանակի:

Դավիթ երևույթին դեռ մանկուց նկատեց, սիրեց ու նրա հետ ջերմորեն կապվեց Լեոնիդ Ազգալդյանը, ով աշխատանքի էր ընդունվել տիկին Էմմայի ղեկավարած բաժնում` որպես գիտաշխատող: Դասերից ազատ ժամերը մոր աշխատավայրում անցկացնող փոքրիկն իր հետաքրքրությունների ընդգրկուն շրջանակով այնքան էր հիացրել երիտասարդ ու տաղանդավոր գիտնականին, որ փոքրիկի հետ բարեկամացել էր ու կապվել անքակտելի թելերով: Փոքրիկին մարզումների տարավ, լողալ սովորեցրեց, ազատ ժամերին փոխարինեց հորը, մորը, հորական պապին ու հարստացրեց Դավիթի պատկերացումները Հայոց պատմության հերոսական ժամանակների ու կորուստների մասին:

Ու մի օր Դավիթը հորը շատ դժվարին խնդրի առջև կանգնեցրեց: Խնդրեց գտնել ու տուն բերել ծովից ծով Հայաստանի քարտեգը: Չգիտես որտեղից, ինչ դժվարություններով հայրը գտավ ու բերեց մի մեծ քարտեզ, ուր պատկերված են հայկական պետության տարածքները Տիգրան Մեծի ժամանակաշրջանում` մեր թվարկությունից առաջ 93-66 թվականներին:

Դավիթը սավառնում էր երջանկությունից, ժամերով փակվում իր սենյակում ու պատին ամրացված քարտեզի տեղանուններն անգիր անում: Հետո ծածուկ մտնում էր ծնողների ննջարան ու անգիր անում մոր ձեռք բերած անգլերեն տպագրությամբ Հայաստանի Հանրապետության քարտեզը Լեռնային Ղարաբաղի քարտեզի հետ: Դա էլ մայրն էր դրել գրասեղանի ապակու տակ` մշտապես աչքի առաջ ունենալով այն: Հիմա այդ քարտեզի կողքին է Դավիթի շատ վաղ տարիքում նկարած Արարատը, որ կանգնած է իր վեհանիստ ու հպարտ գագաթներն ամպերին մեկնած, իսկ ստորոտում նրան գերության մեջ պահող սվիններն ու հրացանների փողերն են: Սա գեղանկար դարձած մանկահասակ Դավիթի ողբն է: Սակայն մանկահասակ արվեստագետը շատ արագ կարողացավ իր ողբացող արյան կանչին հաղթանակների ոգի ներարկել: Նրա հաջորդ նկարներում արդեն հաղթական դրոշներով, շքանշաններով զարդարված տանկեր ու հրացաններ են ու հաղթանակի տոնակատարություններ: Դրանք հիմա ցուցադրված են N 20 դպրոցի մշտական գործող ցուցահանդեսում, որ դարձել է շնորհաշատ ու հայրենասեր հերոսի փառքի անկյունն ու պահ տրվել սերունդներին: 1988-ին սկսվեց Հայոց համազգային շարժումն ու Դավիթր, որ մանկուց ի վեր ամբարել ու բանտել էր կորցրած հողերի ցավր, գլխովին մխրճվեց ազգային ազատագրական պայքարի հորձանուտն ու «Տիգրան Մեծ» ջոկատի տղաների հետ մեկնեց Ղարաբաղ:

Հայրն արդեն չկար, ու թվում էր, թե մայրը ձեռնատարած կփակի ելքի դուռն ու կպահի միամորիկ իր զավակին, բայց առյուծն է առյուծ ծնում: Օրհնեց մայրը որդուն ու ճանապարհեց:

Դավիթի ննջարանում բնակություն հաստատեց բուլղարուհի Ցվետանա Պասկալևան` զարմացնելով ու հիացնելով հայերին իր «հայությամբ»: Չէ, հայուհի չէ, բայց հայի պես ընդունեց ու ընկալեց հայի ցավն ու վիշտը, հիացավ նրա հերոսականությամբ, մարդասիրությամբ, հյուրասիրաթյամբ և հայրենասիրության հայկական դպրոցն ավարտեց Սարապյանների հարկի ներքո:

Ղարաբաղ նկարահանումների մեկնելիս տիկին Էմման էր արթնացնում, կերակրում, ճանապարհում նրան, ետ դառնալիս ընդունում մոր ու հարազատի պես: Ահա թե ում շնորհիվ բուլղարուհի այդ կինը սիրեց, հարգեց ու գնահատեց հայ ժողովրդին:

Մինչ նկարահանվում էին Ցվետանայի վավերագրությունները, Դավիթը մասնակցում էր Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Բայց նրա մարտական գործողությունների ոսկեհուռ թագը պապի ծննդավայր Տող գյուղի ազատագրումն էր:

Ադրբեջանցիները, Հադրութի շրջանի Տող գյուղից բոլոր հայերին արտաքսելով, ներքին զորքերի զինյալներով էին լցրել այն: Դավիթի պապական տունն էլ դարձրել էին շտաբ ու տանտիրոջ պես տեղավորվել օտարի տանը: Թունդ էր լինում Դավիթի սիրտն այդ տեսարանից, բայց դիվական մի ծրագիր էր մտմտում մարտերում «Դև» մականունն ստացած մարտիկը: Կեսգիշերից անց իր իսկ ձեռքերով ականապատեց պապի տունն ու հօդս ցնդեցրեց հատուկ նշանակության միլիցիայի ջոկատը:

Հետո հպարտությամբ ասաց ընկերներին.
- Մորս ծննդավայր Տողն ազատագրեցի, երանի հորս ծննդավայր Էրզրումն էլ ազատեի:

Հայրը Դավիթի պաշտամունքն էր ու մեծ սերը: Երբեք չի փորձել փախչել, մեկուսանալ նրանից, հակառակը` իր սենյակում առանձնացած ականջը դռան զանգին է պահել, որ ինքն առաջինը վազի, դուռը բանա ու դիմավորի հորը: Նրան համարել է քայլող հանրագիտարան ու առանց քաշվելու բարձրաձայնել ամենուր.

- Հորս նման հետաքրքիր անձնավորություն աշխարհում չկա:

Հիմա արդեն այնքան դժվար է տարբերակել, թե ով է առավել հետաքրքիր անձնավորություն եղել` հա՞յրը, մա՛յրը, թե՞ որդին:

Թակեք Ալեք Մանուկյան փողոցի նրանց բնակարանի դուռն ու Դուք կհայտնվեք արվեստով, արհեստով, գիտությամբ ու գրականությամբ, հայրենասիրությամբ ու հյուրասիրությամբ լեցուն մի օջախում, որի միակ ճրագը` Դավիթ Էդուարդի Սարապյանը, իր մարտական ու մարզական ընկերների` Համլետի, Մերուժանի, Ռաֆիկի հետ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Թողան գյուղում լուծեց զոհված ընկերոջ` Տիգրանի վրեժն ու բռնեց անմահության ճանապարհը:

Zoom Image

Դավիթ երևույթից սերունդներին որպես ժառանգություն մնացին նրա բազում գեղանկարները, քանդակները, ծաղրանկարներն ու գծանկարները, պատմվածքներն ու անավարտ կինոսցենարները, Օդեսայի Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանված կասկադյորական բարդ աշխատանքները, ձյուդոյից ու կարատեից ստացած հաղթական պարգևներն ու գրապահարանում պահված հայ ֆիդայիների նկարները:

Որդուց հետո միայնակ մնաց Դավիթբեկ և Պողոսբեկ Փիրումյան հերոսների նույնքան հերոս ժառանգորդուհին` Էմմա Սարապյանը, որն իրեն այցելողներին ճանապարհում է անթաքույց հպարտությամբ` ասելով.

-Ուրիշ էլ ո՞վ պիտի կռվեր ու հաղթեր, եթե ոչ իմ Դավիթը:
Միանանք մորն ու ավելացնենք.
-«Մեր Դավիթը»...

ՀԵՂԻՆԱԿ` ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆ «Ապրելու Բանաձևը», էջ 109-110:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-12-2012 14:15:34
Դիտումների քանակը: 3651
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԵՐԳԵՅ ՕՀԱՆՅԱՆ (ՕԳԱՆՈՎ) ԱՆԴՐԵՅԻ (ՄԱՄԲՐԵԻ) Խորհրդային Միության հերոս (22.02.1943, հետմահու), լեյտենանտ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott