hamlet.martirosyan
Logo

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Article image Ազգը, որպես հասարակական ամբողջական օրգանիզմ, չունի հին ու նոր պատմության շրջաններ: Պատմությունն ազգից անբաժանելի ամբողջություն է եւ ամենահնագույն շրջանի պատմությունն իսկ ներկա է ու գործում է այսօրվա իրականության մեջ ինչպես ներազգային կյանքում, այնպես էլ արտաքին բազմաբնույթ փոխհարաբերություններում: Այս փաստը գիտակցվել է դեռ հնագույն ժամանակներում եւ պատմությունը միշտ եղել է ռազմա - քաղաքական գիտություն: Հնուց ի վեր, ելնելով քաղաքական շահերից, շարադրվել ու վերաշարադրվել են կեղծված պատմություններ նպատակ ունենալով գրավել այլոց հարուստ ու բարգավաճ կենսատարածքները, յուրացնել հոգեւոր – մշակութային արժեքները, թաքցնել գործված հանցանքները եւ այլն:

Պատմությունը գիտի շատ դեպքեր, երբ պատահական դիպվածների օգնությամբ ասպատակող ուժ են դառնում քաղաքակրթական հիմքեր եւ մշտական կենսատարածք չունեցող քոչվոր ցեղերը: Իրենց քանդող էության ու բիրտ ուժի միջոցով գրավելով որեւէ քաղաքակրթական օջախի տարածք, յուրացնում են նրա հոգեւոր - մշակութային ու նյութական արժեքները, հորինում դրանց ստեղծման պատմության իրեց տարբերակը եւ աշխարհին ներկայանում այդ կեղծ պատմությամբ: Դրա հնագույն օրինակը Արաբական թերակղզու քոչվոր սեմական ցեղերի կողմից Շումերի գրավման, շումերական քաղաքակրթության յուրացման եւ այդ քաղաքակրթության ստեղծումն իրենց աստվածներին ու նախնիներին վերագրելու փաստն է:

(Հովսեպոս Փլավիոս (հատնի է նաև որպես Հովսեփ Բեն Մաթաֆիա, իսկ հռոմեական քաղաքացի դառնալուց հետո` Տիտոս Փլավիոս Հովսեպոս, մ.թ. 37 – մոտ 100), անտիկ շրջանի հրեա պատմիչ և մատենագիր: Գրել է «Հրեական պատերազմի մասին», «Հրեական հնախոսություն», «Ընդդեմ Ապիոնի», «Կյանքը» աշխատությունները: Բացառիկ տեղեկություններ է հաղորդում Հայոց արքաներ Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի և Տրդատ Ա Արշակունու վերաբերյալ:)

Մ.թ. I դ. հրեա պատմիչ Հովսեպոս Փլավիոսը գրում է, թե ինքը ստիպված հրեաների պատմությունը շարադրում է ըստ Հին Կտակարանի, քանի որ հույները կեղծել են իրենց պատմությունը: Նոր ժամանակներում նույն ձեւով թուրքական քոչվոր ցեղերը գրավեցին Արեւմտյան Հայաստանն ու Փոքր Ասիան, հիմնավորվեցին այնտեղ, իրագործեցին բնիկ հայերի ցեղասպանությունը, բռնի ուժով իրենց մեջ լուծեցին հայերի, հույների եւ այլ բնիկների, տիրացան հայկական եւ փոքրասիական հին քաղաքակրթական արժեքներին եւ պատմության կեղծարարության ճանապարհով փորձում են ծածկել իրենց հանցանքները եւ այդ տարածքների քաղաքակրթական արժեքների ստեղծումը վերագրել իրենց չեղած նախնիներին:

Մոտ հարյուր տարի է, ինչ համաշխարհային պատմագիտությունն իր քաղաքական պատվիրատուների շահերին համապատասխան փորձում է իրականացնել համաշխարհային պատմության խոշորագույն կեղծարարությունը: Խոսքը վերաբերում է հայոց ծագումնաբանությանը, արիականության էությանն ու էթնո - հոգեւոր ակունքներին:

Ողջ միջնադարի ընթացքում քրիստոնեական աշխարհը ընդունում էր Հին Կտակարանում արտացոլված այն փաստը, որ Դրախտը (մարդկության ծագման օրրանը) եւ Փրկության երկիրը Տիգրիսի ու Եփրատի ակունքներն ընդգրկող պատմական Հայաստանն է: Ըստ Հին Կտակարանի, նախաջրհեղեղյան նահապետները եւ ջրհեղեղից փրկված Նոյը Հայաստանում են հաղորդակցվում Աստծո հետ: Հրեաների նախահայր Աբրամը եւս Աստծո հետ առաջին անգամ հաղորդակցվում է Հայաստանում Հայոց Միջագետքի Խառան քաղաքում:

XIXդ ձեւավորվում է հնդեվրոպական լեզուներ տերմինը եւ այդ լեզուների ծագումնաբանական կապերն ուսումնասիրող պատմա - համեմատական լեզվաբանությունը: Հանգելով այն մտքին, թե այդ լեզուները ծագում են մի նախալեզվից, գիտնականները ձեւակեպեցին այդ նախալեզուն կրողների նախնական բնակության տարածքի տեղայնացման խնդիրը:

XIXդ երկրորդ կեսին, որպես հնդեւրոպական ցեղերի նախահայրենիքի, որոշ եվրոպական գիտնականներ նշում էին պատմական Հայաստանի տարածքը: Սակայն այս գիտության հետագա «զարգացումը» գնաց այլ ճանապարհով:

XIXդ վերջին եւ XXդ սկզբին աշխարհում գերիշխանության հասնելու ռազմավարական ծրագրերի շուրջ ձեւավորվեցին խոշոր ֆինանսա - քաղաքական ուժեր, որոնք դարասկզբին կարողացան եվրոպական հզոր պետություններին ռազմական առճակատման մղել: Ծրագրած խոշորածավալ աշխարհա - քաղաքական փոփոխությունների իրականացման նախապատրաստական փուլում նրանք ստեղծում էին իրենց ապագա գործունեության պատմական հիմնավորումը եւ գաղափարախոսությունը: Իրենց համար վտանգավոր գաղափարախոսությունները ներդրվում էին այնպիսի միջավայրերում, որտեղ դրանք անպայմանորեն պիտի դառնային քանդող ուժ, վարկաբեկվեին, դուրս մղվեին ու զրկվեին ապագայում հզոր քաղաքական կառույցներ ստեղծելու հնարավորություններից:

Կոմունիստական գաղափարախոսությունը ներդրվեց Ռուսաստանում, իսկ արիականությունը Գերմանիայում: Պատերազմում պարտված եւ ռեւանշի ձգտող Գերմանիայում ոգեւորությամբ ընդունվեցին արիականության անվան տակ քողարկված ֆաշիստական լոզունգները: Գերմանացի պատմա - լեզվաբաններն «ապացուցեցին», թե արիների նախահայրենիքը Հյուսիսային Եվրոպան էր գերմանական ցեղերի բնակության վայրերը: Ապա ստեղծվեց «ընտրյալ, ազնվացեղ» ազգի առասպելը եւ ֆաշիստական գաղափարախոսությունը:

Անշուշտ, այն ոչ մի ընդհանուր բան չուներ բարձրագույն բարոյա - հոգեւոր չափանիշների վրա հիմնված արիականության հետ: Ի վերջո, ինչպես ծրագրավորած էր, սանձազերծվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Գերմանիան պարտվեց հերթական անգամ եւ վարկաբեկեց արիականությունը:

Սովետական Միության հարցում խաղաթղթերը խառնեց Ստալինն իր վարած քաղաքականությամբ, ինչը հետաձգեց կոմունիզմի վարկաբեկումը եւ ՍՍՀՄ-ի փլուզումը:

Սովետական գիտնականները ջրածնային ռումբի եւ ռազմա - քաղաքական այլ գործոններին զուգահեռ «գտան», որ հնդեւրոպական նախալեզվի կրողները ապրել են հարավ - արեւելյան Եվրոպայում Դնեպր եւ Դոն գետերի ստորին հոսանքների շրջանում: Նորից դարավոր «ճշմարտությունն» է. հաղթել ես, ուրեմն քո գրած պատմությունն է ճիշտ:
Բրեժնեվյան ճահճացման շրջանում իրանական ծագում ունեցող (օսեթիններ, տաջիկներ եւ այլն) գիտականներն արտասահմանյան որոշ գիտնականների աջակցությամբ փորձում էին հիմնավորել նախահայրենիքի նախկինում քննարկված միջինասիական տարբերակը: Այդ նույն ժամանակ Թ. Գամկրելիձեի եւ Վ. Իվանովի ջանքերով վերակենդանացվեց այն նախնական տեսակետը, թե հնդեւրոպական ցեղերի նախահայրենիքը պատմական Հայաստանն է:

Իրենց մոտ 1000 էջանոց երկհատորյա մենագրության մեջ չհիշատակելով Հայաստան անվանումը, նրանք նախկին փաստերին ավելացնելով իրենցը, փորձում են հիմնավորել, որ Հայաստանն է եղել հնդեւրոպական ցեղերի նախահայրենիքը: Անշուշտ, նրանց առաջնային խնդիրն էր ապացուցել, որ քարթվելական ցեղերը եղել են արիների հարեւաններն ու ժամանակակիցները:

Այնուամենայնիվ կոմունիստական գաղափարախոսության վերջնական վարկաբեկումը եւ Սովետական Միության ծրագրավորված փլուզումը ուշացած բայց նույնպես կայացվեց: ՍՍՀՄ փլուզման արդյունքում հայերս, որպես «նվեր», ստացանք անկախություն, դրսի թելադրանքը հլու - հնազանդ կատարող, շահամոլ ու ապազգային ղեկավարներ, … ու արիների նախահայրենիք կոչվելու իրավունքը տվող կիսատ - պռատ մի տեսություն: Որպեսզի հասկանանք, թե դրսում մեր հետագա ճակատագրի համար ինչ ծրագրեր են նախապատրաստվում այդ «նվերների» հիմքի վրա, պետք է անդրադառնալ դրանց նախապատմությանը:

Հայերի ցեղասպանությունը կազմակերպող եւ իրականացնող ուժերը հասկացան, որ անհնար է իրականացնել հայ ազգի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը: Ցեղասպանության արդյունքում առաջացավ իր ազգային ինքնությունը պահպանող Սփյուռք, որի գոյությունը վերջնականապես անհնարին դարձրեց նույնիսկ նման խնդիր դնելը: Սակայն դրված էր լուծում պահանջող ռազմավարական գլոբալ խնդիրը Հայաստանը դատարկել հայերից: Իրենց ֆինանսա - տնտեսական ու ռազմա - քաղաքական հզորության վրա վստահ, իրենց իրական շահերն ու ագրեսիվ նպատակները կեղծ մարդասիրական ու կոսմոպոլիտական գաղափարախոսություններով դիմակավորած ու աշխարհը դեզինֆորմացիայով հեղեղած հիշյալ ուժերը խնդրի լուծումը տեղափոխեցին այլ ոլորտ. հայերի մեջ թուլացնել ազգային ինքնության գիտակցումը, կտրել հոգեւոր – պատմական արմատներից եւ ֆինանսա - տնտեսական ու քաղաքական մեթոդներով Հայաստանում ստեղծել այնպիսի սոցիալական իրավիճակ, որը բերի Հայաստանի հայաթափմանը:

Այդ խնդրի լուծման համար նախ պետք էր կեղծել պատմությունը, հայերին զրկել Հայկական լեռնաշխարհի նախաքրիստոնեական քաղաքակրթական արժեքների ստեղծողը կոչվելու իրավունքից, ներարկել քոչվոր ու եկվոր լինելու գաղափարը եւ դրանք զուգակցելով ժամանակակից այլեւայլ գայթակղությունների հետ թուլացնել հայերի կապը իրենց բնական կենսատարածքի պատմական Հայաստանի հետ: Այսինքն, ծրագրված էր հայոց ազգային հիշողությունից մաքրել իր բնիկ կենսատարածքի հետ կապող եւ հնագույն ժամանակներից մինչեւ մ.թ.ա. VIդ ընկած իրական իֆորմացիան եւ ներարկել նորը կեղծվածը (մ.թ.ա. VIդ ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ շրջանի գրավոր աղբյուրներում հայ = արմեն, Հայասատան = Արմենիա անվանումներն այնպիսի դրսեւորումներ ունեն, որ անհնար էր դառնում կեղծ մեկնաբանություններ հորինել կամ թաքցնել):

Խնդրի իրականացման համար նախ հավաքագրվեց տարբեր ազգությունների պատկանող եւ ճանաչված գիտնականների խումբ, որը պետք է ստեղծեր ու հիմնավորեր կեղծ պատմությունը եւ այն ներկայացներ որպես գիտական անբեկելի ճշմարտություն:

Զուգահեռաբար վերահսկողության տակ վերցվեցին հայկական հայագիտական կենտրոնները: XIXդ վերջում եւ XXդ առաջին քառորդում հայոց էթնո - հոգեւոր պատմության ասպարեզում հիմնարար աշխատանքներ էին կատարում Մխիթարյան միաբանության անդամները (Ղ. Ալիշան, Հ. Ավգեր, Հ. Տաշյան, Ա. Մատիկյան եւ այլոք): Նախ մարեց մխիթարյանների հզոր ձայնը, ապա, հիմնականում ետպատերազմյան շրջանում, եվրոպական ու ամերիկյան առաջատար համալսարաններում բացվեցին հայագիտական հորջորջվող կենտրոններ, որոնց կեղծարար գործունեության մասին շատ է խոսվել ու գրվել: Սրանք ուշ շրջանի (վաղ միջնադարից մինչեւ մեր ժամանակները) հայոց պատմության բացահայտ կեղծարարությամբ պետք է իրենց վրա սեւեռեին բոլոր հարվածները, որպեսզի գլոբալ պատմության կեղծ տարբերակն ստեղծող առաջատար գիտնականները մնային կասկածից դուրս:

Տոտալիտար իշխանության եւ գաղափարախոսության պարտադրած պայմաններում գտնվող սովետահայ հայագետներին վերահսկելու խնդիրն ավելի դյուրին եղավ: Հայագիտության առումով Սովետական Հայաստանը դարձավ քաղաքական թելադրանքին համապատասխանող «գիտական» թեզերի արտադրամաս: Միշտ կարելի է գտնել եւ գտնվեցին կենդանության օրոք սին փառքի, կոչումների, տիտղոսների ու պաշտոնների ձգտող, սրբություն չունեցող մարդիք, որոնք սեփական ազգի դեմ օտարի կազմակերպած դավերի իրականացման գործիք են դառնում: Հայագետ պրոֆեսորների ու ակադեմիկոսների քանակը շատ ավելի շատ էր, քան գիտության որեւէ այլ ասպարեզում: Նույնքան շատ, սակայն վախվորած (հանկարծ չշեղվեն «գիտության» կողմից ընդունված տեսակետներից) եւ զուտ ակադեմիական աշխատանքներում խուսափելով գլոբալ հայագիտական պրոբլեմներ դնելուց, նրանք միկրոսկոպիկ ճշգրտության էին հասնում երկրորդական, մասնավոր հարցերում, «ճշգրտում» էին մատենագիրների հաղորդած պատմությունները: Այս ճանապարհով նրանք, օրինակ, «պարզեցին», որ արիական դիցա - աշխարհընկալումային սյուժեներով հնդկական «Ռիգվեդա»-ից ավելի հարուստ «Սասնա Ծռեր»-ը կապված է Ասորեստանից Հայաստան փախած հայրասպան եղբայրների անվան հետ կամ լավագույն դեպքում միջնադարում արաբ նվաճողների դեմ հայերի մղած պայքարի արտացոլումն է, որ ս. Մեսրոպ Մաշտոցից առաջ երբեք չենք ունեցել գիր ու գրչություն, որ հայոց նախաքրիստոնեական դիցարանը իրանականից է փոխառնված, որ հայերը մ.թ.ա. I հազ. Եւրոպայից գաղթելով եկել հաստատվել են Հայաստանում եւ ոչ մի կապ չունեն տեղի հնագույն քաղաքակրթությունը ստեղծողների հետ …

Անշուշտ եղան որոշ բացառություններ (Գ.Ղափանցյանը փորձեց ընդիմանալ հնդեւրոպական տեսություններին, Գ. Ջահուկյանը կարողացավ հայերենի, որպես անկախ լեզվի, վաղնջական ժամանակը հասցնել մ.թ.ա. III հազ. եւ այլն), սակայն այդ ողջ ժամանակահատվածում հայազգի հայագետներն իրենց հայացքները հառել էին տխրահռչակ Ի. Դյակոնովին եւ սպասում էին նրա ծրագրային ցուցումներին: Ինչու Վ. Համբարձումյանը, Ա. Ալիխանյանը եւ հայ ժողովրդի մյուս հանճարեղ զավակները կարողանում էին իրենց ինքնուրույն խոսքն ասել իրենց ուղղությունները բացել գիտության, տեխնիկայի ու արվեստի տարբեր բնագավառներում, գիտակցելով, որ ազգը ծնել է իրենց, որպեսզի իրենք վերածնեն ազգին: Իսկ հայ հայագետը այդպես էլ չկարողացավ ասել այն պարզ ճշմարտությունը, որ հայը պատմական Հայաստանի բնիկն է, արիական հոգեւոր - աշխարհընկալումային համակարգի ստեղծողը, առաջինը ցորեն մշակողն ու մետաղ ձուլողը, …, երբ նրա ձեռքի տակ էին հայերենի, «Սասնա Ծռեր»-ի, Մ. Խորենացու, Ա. Շիրակացու, պատմական Հայաստանի սրբազան տեղանունների աշխարհագրության, Հայաստանում պեղված հնագիտական նյութի, հայկական ժայռապատկերների ընձեռնած եւ այլ բազմաթիվ փաստեր:

Աշխարհում թերեւս ոչ մի ազգ չունի այն երկարատեւ ու բազմաբնույթ պատմական փորձը, որ ունենք մենք: Սակայն չունեցանք այդ փորձից դասեր քաղելու հնարավորությունը, քանզի հայագիտության կողմից չի կատարվել այդ փորձի պատմաքաղաքական օբյեկտիվ քննությունը, ինչի արդյունքներն այսօր շատ անհրաժեշտ են հայությանն ու նրա պետությանը: Չունեցանք հայ ժողովրդի պատմության այնպիսի գրքեր, որոնք նախատեսված լինեին նոր սերունդներին հայրենասիրական ու հոգեւոր-բարոյական բարձր չափանիշներով կրթություն տալու համար: Պատահական չէ, որ նման նպատակներով առ այսօր շարունակում ենք օգտվել միայն Խորենացու «Պատմությունից»: Այսօր որակապես նոր սերունդ է մտնում հայագիտության ասպարեզ, սակայն չի երեւում, թե նրանք կկարողանան ազատվել նախկին «գիտական» օտարի թելադրանքով կառուցված կաղապարներից ու մտածելակերպից, որովհետեւ նրանց կրթել ու շարունակում են կրթել հները, ովքեր այսօր էլ մնում են օտարի ձեռքի գործիքն ընդեմ սեփական ազգի եւ գործում են «ընտանիք եմ պահում» ադարացումով:

Նման գործելակերպի դրսեւորումներից է այն փաստը, որ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնն իր ուսանողների համար «Արիական պրոբլեմը, հնագույն արիների պատմությունն ու մշակույթը» թեմայով դասախոսություններ կարդալու էր հրավիրել Ս-Պետերբուրգի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Ի. Մ. Ստեբլին-Կամենսկուն:

Վերջինս իր երկրորդ դասախոսությունը սկսեց ի միջ այլոց արված հայտարարությամբ, թե «գիտության կողմից ապացուցված է, որ հայերը եւ հայերենը ոչ մի առնչություն չունեն արիականության հետ», ապա մոտ 30-40 րոպե խոսելով արիական եւ ուրալյան լեզուների փոխհարաբերությունների մասին, խնդրեց հարցեր տալ: Հարցերի ընթացքում պարզվեց, որ նա Ի. Դյակոնովի աշակերտն է, ծանոթ չէ (!) ոչ հայերենին, ոչ հայ մշակույթին: Պրոֆեսորին ուղղված որոշ հարցերի պատասխաններ ուսանողների կողմից ընդունվեցին ծափերով եւ միայն ունկնդիրների մի փոքր խումբ, ովքեր իրենց արիական ծագումը ճանաչում ու ընդունում են ոչ թե «գիտական հեղինակությունների» գրքերով, այլ գենետիկ հիշողությամբ, արտահայտեցին իրենց արդարացի վրդովմունքը: Պարզ է ու ցավալի, որ ապագայում այդ ուսանողները կրկներգելու են դյակոնովների, թոմսոնների, ռասսելների, սյունիների ասածները: Նույն ամբիոնում հաջորդ հրավիրված դասախոսողը տխրահռչակ Ռասսելն էր, որն իր ելույթի առաջին իսկ նախադասության մեջ հայտարարեց, թե հայկական մշակույթն ամբողջովին իրանականացված է:

Եթե մարդ անհատը կեղծում է իր անձնական կենսագրությունը, այն որակվում է հանցանք եւ հետապնդվում օրենքով: Ազգի պատմության կեղծարարությունը եւ հանցանք է, եւ հանցանքների հանցանք սրբապղծություն: ՈՒր է ազգային անվտանգության դիրքերում կանգնած սահմանադրական այն Օրենքը, որում ներկայացված լինի մի պարզ ճշմարտություն. ազգի պատմությունը ներսից լուսաշող Տաճար է, որը միշտ ավարտուն է ու ամբողջական եւ միաժամանակ անվերջ կառուցվող, իսկ դրսից գոյապայքարի դաժան կռիվ, որում ոչ մի պահի դադար չկա: Այդ Տաճարը ճիշտ կառուցելու համար ազգի ամեն մի սերունդը պետք է ճշգրիտ իմանա երկու բան. նախնյաց կառուցածի տրամաբանությունը եւ նախնյաց տարած հաղթանակների գաղտնիքը:

Մեր սերնդի համար դա համատարած ճգնաժամից ու խղճուկ վիճակից վեր հառնելու, ազգային պետություն կառուցելու բանալիներից մեկն է, իսկ դրանց բացահայտումը հայագիտության առաջնային խնդիրը: Մյուս կողմից, այդ առաքելության իրականացման ժամանակ հայագիտությանն անընդհատ իր թիկունքում պետք է զգա պետության հզոր աջակցությունը:

Սակայն երեւում է, որ իշխանական աթոռակռիվներում եռանդուն, ճշգրիտ հաշվարկներով ու ճարպկությամբ գործող «պետական այրերը» հավանաբար հայագիտության ազգապահպան առաքելության մասին որոշում կայացնելու համար երբեք ժամանակ չեն ունենալու: Երբ է Ազգային Ժողովում հայագիտության հարցը դառնալու օրակարգային:

Նորաթերթ 2000թ.

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5767
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2016
26
Հունվ
»03:59
ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Article image Մաս I: Աշխարհի պորտն այնտեղ է, որտեղ կյանքի ու արարչական գաղափարների սրբազան ակունքներն են: ...
Կարդալ
2014
28
Սեպտ
»19:36
ՍԻՍԻԱՆ, ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ, ՑԻՑ ՔԱՐԵՐ ...
Article image Այս աշխատանքը նվիրված է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվող մեգալիթյան կառույցին, որի պաշտոնական անվանումն է Զօրաց քարեր, իսկ գիտա-մասսայական գրականության և լրատվական միջոցների հրապարակած նյութերում առավելապես հայտնի է Քարահունջ անունով:...
Կարդալ
2013
29
Հոկտ
»18:05
ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻ ...
Article image ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ կամ ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿ Է ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼ - Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան...
Կարդալ
2013
03
Մայ
»11:36
ՄԱՅՐ ԳԵՏԻ ԵՐԿԻՐԸ - Հատված Համլ ...
Article image «Առյուծ» նշանագրի քննության ժամանակ պարզեցինք, որ Սյունիքի ժայռապատկերներում կետի և առյուծի պատկերներով գաղափարագրվել է գետառ=«մայր գետ» բառը, իսկ թևավոր առյուծի (չշփոթել անգղառյուծի հետ) պատկերով գաղափարագրվել է հոմանիշ հաւառի=«մայր գետ» բառը: Շումերերենում հայերեն1 «գետ» բառի գրության մի ձևին անդրադարձել ենք վերը: Այժմ դառնանք գետ=«գետ, ջրի հոսանք» բառի վանկագիր ki-ta=ke-ta=ge5-ta=gi5-ta=kita/keta/geta/gita գրելաձևին: Այս բառը շումերերենում ունի «ցածը, ներքևը, տակը, խորքը» իմաստ (աքքադ. šaplū...
Կարդալ
2013
01
Մարտ
»14:32
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ...
Article image Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott