hamlet.martirosyan
Logo

ԱՇԽԱՐՀԱՐԱՐՄԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Article image «Աստվածաշնչական Հայաստան» միջազգային գիտաժողով, Օշական, 1999թ.:

Հեղինակ՝ Համլետ Մարտիրոսյան ©


1. Ինչպես աստվածաշնչյան, այնպես էլ արիական եւ մինչսեմական միջագետքյան (շումերական) հոգեւոր - աշխարհընկալումային պատկերացումներում պատմական Մեծ Հայքի տարածքը ներկայացվում է որպես.

ա. մարդկության բնակության նախաստեղծ Սրբազան Երկիր (Եդեմ),

բ. համաշխարհային աղետներից մարդկության փրկության եւ վերածննդի երկիր:

Հնագիտական, դիցաբանական եւ պատմա - լեզվաբանական ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքներն ու մ.թ.ա. III հազարամյակի գրավոր սկզբնաղբյուրներում առկա փաստերը վկայում են, որ արիական եւ շումերական այդ պատկերացումները համակարգված ձեւով գոյություն են ունեցել դեռեւս մ.թ.ա. IV հազարամյակում: Հրեական ավանդական պատկերացումների համաձայն Հին Կտակարանի ձեւավորումը սկիզբ է առել մ.թ.ա. II հազարամյակի վերջին քառորդում (Մովսես): Ժամանակակից գիտական հետազոտությունների համաձայն Հին Կտակարանի մեզ հասած տարբերակի վերջնական գրառման ու խմբագրման ժամանակ (մ.թ.ա. I հազարամյակի II կես) օգտագործվել են շատ ավելի հին եւ ոչ սեմական ծագում ունեցող մի շարք սկզբնաղբյուրներ:

Փորձենք ուրվագծել առաջնային սկզբնաղբյուրը ծնած այն էթնո - հոգեւոր դաշտը, որում ձեւավորված գաղափարները մ.թ.ա. IV - II հազարամյակներում լայն տարածում գտան Առաջավոր Ասիայում, իսկ ավելի ուշ դրվեցին նաեւ Հին Կտակարանի հոգեւոր - աշխարհընկալումայն համակարգի հիմքում:

2. Որպես այս խնդրի լուծման առաջին քայլ, անդրադառնանք աշխարհարարման արիական հնագույն պատկերացումներին, որոնք ընդհանուր գծերով ունեն հետեւյալ բովանդակությունը: Սկզբում միայն Արարիչն է: Նրանից բացի չկար ոչինչ անսահմանության ու հավերժության մեջ: Չկային Տիեզերքի բաղկացուցիչ էլեմենտները, նրանց ստեղծմանն անհրաժեշտ տարրերը (ջուր, հուր, օդ, հող):

Արարիչը նախ արարում է նախաստեղծ Տիեզերական (Երկնային) օվկիանոսը, որի ջրերը ներկայացնում էին «ջուր» եւ «հուր» տարրերը եւ այդ ջրերում լողում էին Կյանքի Սերմերը: Հաջորդ փուլում արարվում է նախաստեղծ Սրբազան Աշխարհը, որպես Տիեզերական օվկիանոսում լողացող լեռ - կղզի: Այն դառնում է Կյանքի Սերմերը կրող տիեզերական ջրերի (վեդայական āpas) ճանապարհը փակող քարեղեն խցան: Հաղթահարելով լեռան դիմադրությունը, Արարիչը մինչեւ հիմքը հատում է լեռ - կղզին, որից հետո այն խարսխվում օվկիանոսում, դառնում է երեք աշխարհները (Երկինք, Երկիր, Ստորերկրյա Աշխարհ) կապող առանցք, երկնակամարը բարձրացնող ու պահող գագաթ:

Հատված լեռ - կղզին ընդարձակվում է մինչեւ Երկրի համար նախասահմանված եզերքը: Երկատված լեռից (ֆալլոս) Կյանքի Սերմերը դուրս են ժայթքում Ջրի ու Հրի ձեւով: Հուրը բարձրանում է Երկինք ու դառնում երկնային հուր` Արեգակ: Ազատված ջրերը բաժանվում են չորս գետերի եւ համաշխարհային լեռից ցած հոսում դեպի աշխարհի չորս կողմերը: Համաշխարհային լեռը գտնվում է աշխարհի կենտրոնում, որտեղով անցնում է աշխարհի առանցքը (axis mundi): Լեռան գագաթի միջով աշխարհի առանցքի շարունակությունը դառնում է աշխարհի պտտման առանցք, որի շուրջը պտտվում են նաեւ Արեգակն ու երկնային մյուս լուսատուները: Առանցքի շարունակությունը դեպի ներքեւ ցույց է տալիս Ստորերկրյա Աշխարհի մուտքը: Լեռան հիմքը ներկայանում է որպես «աշխարհի պորտ»: Լեռան վրա է աճում (կամ լեռը մարմնավորում է) Կենաց Ծառը:

3. Աշխարհարարման առասպելի արիական տարբերակը թե էությամբ, թե արարչական ակտերի հերթականությամբ նույնական է Հին Կտակարանի տարբերակի հետ: Այստեղ եւս նախաստեղծ Երկիրը ներկայացվում է որպես ջրերով շրջապատված կղզի. «Երկնքի տակի ջրերը մեկ տեղ ժողովուին, եւ ցամաքը երեւայ: …Եւ Աստուած ցամաքը կոչեց Երկիր եւ ջրերի ժողովը կոչեց Ծով»:[1] Ընդ որում, «Եբրայեցերեն բառը որ ընդհանրապես կղզի կը թարգմանուի` կը նշանակէ բուն ցամաք երկիր, բնակելի երկիր, որոյ հակառակն է ջուր, ծով եւ գետ»:[2]

Հին Կտակարանում որպես նախաստեղծ Սրբազան Աշխարհ ու մարդկության ծագման օրրան է ներկայացվում Եդեմը: Եդեմն, անշուշտ, արիական առասպելի համաշխարհային լեռան համապատասխանությունն է: Այն արեւելքի կողմն է:[3] Նրանից սկիզբ առնող եւ առաջինը հիշատակվող գետի` Փիսոնի ավազանը առատ է «ազնիվ» ոսկով ու թանկարժեք քարերով:[4] Անշուշտ Եդեմը համաշխարհային լեռան հետ նույնացնելու հարցում վճռորոշ է այն փաստը, որ Եդեմից են բղխեցվում Երկրի ջրերը, որոնք բաժանվելով չորս մասերի (Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եփրատ) հոսում են դեպի Երկրի չորս կողմերը:[5] Ընդ որում, Տիգրիս եւ Եփրատ գետանունների հիշատակումով միարժեքորեն նշվում է, թե Եդեմը Մեծ Հայքի տարածքում է:

Եդեմ = համաշխարհային լեռ նույնացման օգտին վկայող արժեքավոր տեղեկություն է հաղորդվում Եզեկիէլի մարգարեության մեջ: Ըստ այդ տեղեկության, Եդեմը «Աստուծոյ սուրբ սարի» վրա է:[6]

4. Աշխարհարարման արիական առասպելը տարածվել եւ պահպանվել է Առաջավոր Ասիայի եւ հարակից շրջանների հնագույն քաղաքակրթություններն ստեղծած ազգերի մեջ:

Հին հունական աղբյուրները հաճախ են հիշատակում Հիպերբորեա առասպելական երկիրը, որպես հույների սիրելի աստծո` Ապոլլոնի հայրենիք, որպես հոգեւոր - մշակութային, սոցիալ - տնտեսական, Օրենքի ու Առաքինության եւ գիտության ոլորտներում իդեալական` հույների ձգտումների երկիր: Այս առասպելական երկրի տեղայնացման հարցում հին հույն հեղինակների տեսակետները տրամագծորեն հակադիր են:[7] Հունական դիցաբանության մեջ Բորեասը հյուսիսային քամու աստվածն է եւ ավանդական ստուգաբանության համաձայն «հիպերբորեացիներ» անվանման տակ հասկացվել է «Բորեասից վերեւ ապրողներ», «ծայր հյուսիսում ապրողներ»:

Չնայած հիմքում ճիշտ եւ դասական դարձած այս պատկերացման գոյությանը, որոշ հեղինակներ ընդունելով աշխարհագրական հյուսիսի հետ Հիպերբորեայի կապը ժխտող փաստերի գոյությունը եւ հենվելով առասպելների իրենց մեկնաբանությունների վրա, Հիպերբորեան տեղադրում են մեկ արեւելքում, մեկ արեւմուտքում եւ նույնիսկ՝ հարավում:

Ստեղծված շփոթ իրավիճակն արդյունք է այն իրողության, որ «Բորեասից վերեւ» հասկացությունը Երկրի վրա արտապատկերվել է հորիզոնական հարթության մեջ եւ նույնացվել Երկրի աշխարհագրական հյուսիսի հետ: Իրականում «Բորեասից վերեւ» հասկացությունը պետք է դիտել ուղղահայաց առանցքի վրա եւ հասկանալ որպես Բորեաս աստծո բնակության տեղից առավել բարձրադիր տարածք: Այս պարագայում խոսքը գնում է համաշխարհային լեռան մասին, որին հունական աղբյուրները հիշատակում են Ռիփեյներ անվան տակ:

Հավերժ ձյունապատ Ռիփեյան լեռները գտնվում են սրբազան Հիպերբորեայում, ուր ծնվել է Ապոլլոնի ու Արտեմիսի մայրը՝ Լետոն եւ այնտեղ ապրում են արեգակնային Ապոլլոնին սիրելի ու նրան նվիրված ազգի մարդիկ՝ հիպերբորեացիները = «Ապոլլոնի քրմերը»: Ռիփեյան լեռներից է փչում Բորեասը:[8] Հիպերբորեայում են «աշխարհի հանգույցները եւ լուսատուների պտտման ծայրագույն սահմանները, Արեգակն այնտեղ լուսավորում է կես տարի եւ դա միայն մի օրն է»:[9] Հիպերբորեայում գետնից ոսկի է աճում եւ այդ ոսկյա ծառերը պահպանվում են արծվառյուծների կողմից:[10] Հիպերբորեան «կղզի է օվկիանոսում» ու «այդ կղզու վրա լուսինը Երկրից աննշան հեռավորության վրա է եւ նրա վրա նույնիսկ նշմարվում են Երկրի որոշ ելուստներ»:[11] Հիպերբորեայում պաշտում էին երկնակամարը եւ իրենց ավանդական սրբազան ծեսերը կատարում էին բաց երկնքի տակ:

Հիպերբորեացիների լեզուն շատ նման է հույների եւ հատկապես աթենացիների ու դելոսցիների լեզվին:[12] Աքայացիները եւ դելոսցիները հիպերբորեացի եկվորներ են:[13]

Հունական աղբյուրների հաղորդած հակիրճ տեղեկություններից բխում է, որ Հիպերբորեան Օվկիանոսի ջրերով շրջապատված կղզի է, սրբազան երկիր է, աստվածների ծննդավայր է ու բնակավայր, ոսկեպատ է եւ այնտեղ վեր են խոյանում հավերժ ձյունապատ Ռիփեյան լեռները: Ռիփեյներն աշխարհի գագաթն է (ստվերում է Լուսինը), նրա շուրջն են պտտվում երկնային լուսատուները, այն աշխարհի կենտրոնն է: Այլ կերպ ասած տրվում է արիական հոգեւոր - աշխարհընկալումային պատկերացումների համաշխարհային լեռան նկարագիրը:

Որոշ աղբյուրներում Հիպերբորեան իրավացիորեն նույնացվում է մի այլ առասպելական երկրի` Ատլանտիդայի հետ: Ապոլլոդորը պնդում է, թե հեսպերիդներից ոսկյա խնձորներ բերելու եւ իր XI սխրագործությունը կատարելու համար Հերակլեսը գնում է հիպերբորեացիների երկիր, քանզի ոսկյա խնձորները «Ատլանտի մոտ էին՝ հիպերբորեացիների երկրում»:[14] Իր կարեւորությամբ անգնահատելի այս տեղեկության համաձայն Ատլանտիդան (= Ատլանտի երկիրը) նույնանում է Հիպերբորեայի հետ:

Հունական դիցաբանությունն Ատլանտին ներկայացնում է որպես երկնակամարը բարձրացնող ու պահող աստծո: Իմա՝ Ատլանտը արիական պատկերացումների համաշխարհային լեռն է[15], իսկ Ատլանտիդան՝ համաշխարհային լեռան երկիրը (= Հիպերբորեան):

Ատլանտիդայի մասին տեղեկությունները մեզ են հասել հույն փիլիսոփա Պլատոնի երկերի միջոցով:[16]

Վիճակահանությամբ Երկրի բաժանման ժամանակ Պոսեյդոնին բաժին է ընկնում Օվկիանոսում գտնվող Ատլանտիդա կղզին, ուր ապրում էր աստվածների արարած առաջին մարդկանցից Եվենոր անունով մեկը (իմա՝ Ատլանտիդան մարդկության արարման օրրան է): Նա իր կին Լեւկիպայից Կլեյտո անունով մի աղջիկ է ունենում: Պոսեյդոնը սիրահարվում է Կլեյտոյին եւ նրանց կապից ծնվում են Պոսեյդոնի տասը մահկանացու որդիները:[17]

Պոսեյդոնը կղզին բաժանում է տասը մասի եւ հանձնում նրանց՝ ժառանգաբար իշխելու իրավունքով: Նրանցից ավագը կոչվում էր Ատլանտ: Թեւ Պլատոնը նրա անվան հետ է կապում Ատլանտիդա անվանման ծագումը, սակայն պարզ է, որ առաջնայինը Ատլանտ դիցանունն է:

Ըստ Պլատոնի նկարագրության, Ատլանտիդա կղզին շատ բարձր էր Օվկիանոսից: Այն բարձր լեռներով, հանց ժայռե պատով, շրջապատված հարթավայր էր, որի կենտրոնում մի սար էր բարձրանում: Կղզին շրջապատող լեռները փառաբանվում էին որպես իրենց բազմությամբ, մեծությամբ ու գեղեցկությամբ մյուսներին գերազանցող: Կենտրոնական սարը կղզու մյուս մասերից բաժանվում էր մեկընդմեջ իրար հաջորդող հողե ու ջրե օղակներով: Սարի գագաթից տաք ու սառը ջրեր ունեցող երկու աղբյուրներ էին բղխում, որոնց ջրերը չորս ջրանցքներով իջնում էին դեպի հարթավայր:

Zoom Image

Zoom Image

Սարի գլխին, որպես երկու ոսկեզոծ գագաթներ, կանգնած էին Պոսեյդոնին եւ Պոսեյդոնին ու Կլեյտոյին նվիրված ոսկեպատ տաճարները: Կղզու կենտրոնում՝ Պոսեյդոնի տաճարում կանգնեցվել էր պղնձե կոթող, որի վրա արձանագրված էին Պոսեյդոնի պատգամները եւ Ատլանտիդայի տիրակալներն ապրում էին այդ սրբազան աստվածային օրենքներով:

Ատլանտիդայի պլատոնյան նկարագիրը հավանաբար ձեւավորվել է համեմատաբար ավելի ուշ՝ քաղաքակրթական ավելի զարգացած միջավայրում, քանզի համաշխարհային լեռան արարչական նկարագրի մաս կազմող որոշ էլեմենտներ ներկայացվում են որպես մարդկային գործունեության արդյունք (Ատլանտիդայի տիրակալներն են սարի գագաթից բղխող ջրերը բաժանում չորս մասերի ու ջրանցքներով իջեցնում հարթավայր (=Երկիր); համաշխարհային լեռան ոսկեզոծ գագաթները ներկայացվում են որպես մարդկանց կառուցած ոսկեպատ զույգ տաճարներ եւ այլն):

Հին հունական աղբյուրներում, հիմնականում արգոնավորդների առասպելի հետ կապված, համաշխարհային լեռան երկիրը հիշատակվում է մի այլ՝ Այա անվանումով: Այա (= Հայա = Հայա(սա) = Հայա(ստան)) երկրի միջով է հոսում Փասիս = Փիսոն = Բասեն = Արաքս գետը, այն արեւի աստծո բնակավայրն է, արեւածագի երկիրն է եւ այլն:[18] Ըստ հին հունական առասպելների, հույն հայտնի հերոսները (Դեւկալիոն, Իո, Այատես, Հերակլես, Օրիոն, Ոդիսեւս, Փրիքսոս, Օրեսթեւս եւ այլք) Այա երկիր են գնում համաշխարհային աղետից փրկվելուն կամ որեւէ գլոբալ կենսական խնդրի լուծմանն անհրաժեշտ գիտելիքներ ստանալու համար:

Հիպերբորեայի, Ատլանտիդայի եւ Այայի մասին պահպանված այս նկարագրերն, արդեն որպես առասպելական համաշխարհային լեռան ամբողջական ու համակարգված նկարագիր, պահպանել են հնդարիացիները:

5. Ռիգվեդայի հիմներից մեկում արիացիների հայրենիքն անվանվում է ութ գագաթների, յոթ մայր գետերի եւ երեք անցում երկարությամբ հովտի երկիր:[19] Այս հակիրճ բնութագիրն իր մեջ ընդգրկում եւ խտացնում է հնդարիական պատկերացումների համաշխարհային լեռան ամբողջական նկարագիրը:

Հնդարիացիները համաշխարհային լեռն անվանում էին Մերու կամ Սումերու = Գեղեցիկ Մերու:[20]

Մերու լեռը գտնվում է համաշխարհային օվկիանոսի ջրերով շրջապատված Երկրի կենտրոնում: Մերուն աստվածների բնակավայրն է: Նրա գագաթի շուրջն են պտտվում Արեգակը, Լուսինը եւ աստղերը: Երկնային ջրերը նախ իջնում են Մերուի գագաթ եւ այնտեղ բաժանվելով, հոսում են դեպի աշխարհի կողմերը:

Մերուն օղակաձեւ շրջապատված է յոթ համակենտրոն լեռնաշղթաներով, որոնք իրարից անջատվում են օղակաձեւ լճերով (= Ատլանտիդա): Նրա կենտրոնական՝ ութերորդ աստվածային գագաթը կոչվում է Մանդարա: Մերուն շրջապատող յոթ լեռնաշղթանիրից դուրս տեղաբշխվում են չորս աշխարհամասերը, որոնցից հյուսիսայինը կոչվում է Ուտտարակուրու: Ուտտարակուրույում չկա մասնավոր սեփականություն, չկա ֆիզիկական աշխատանքի անհրաժեշտություն, ցորենն աճում է ինքն իրեն: Ուտտարակուրուն ամենաերջանիկ երկիրն է (= Հիպերբորեա): Հարավային աշխարհամասը կոչվում է Ջամբուդվիպա (dvՎpa = կղզի, ցամաք), որին հնդարիական ավանդույթը նույնացնում է հնդարիացիների հայրենիքի հետ:

6. Իրանական Ավեստան արիների առասպելական սրբազան նախահայրենիքը հիշատակում է Արիանա Վէջա անունով. «Հիասքանչ Դաիտյա (գետի) մոտ Արիանա Վէջան արարեցի ես, Ահուրամազդս, որպես առաջինը լավագույն տարածքներից ու երկրներից»:[21] Արիանա Վէջայում վեր է խոյանում ոսկեզոծ Հարա լեռը, որի նկարագիրը նույնական է հնդարիական Մերուի նկարագրի հետ: Հետազոտողների մեջ տարածված է այն տեսակետը, թե Արիանա Վէջան պետք է տեղայնացնել Արաքսի ափերի մոտ:[22]

7. Համաշխարհային լեռան երկրի վերաբերյալ տեղեկություններն առավել ծավալուն ու մանրամասն են մ.թ.ա. III հազարամյակի շումերական սեպագիր սկզբնաղբյուրներում:

Այժմ հակիրճ կանգ առնենք միայն մի առանցքային փաստի վրա: Մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսի պատմական դեպքերը նկարագրող շումերական դյուցազնավեպերում Մեծ Հայքն անվանվում է Արատտա:[23] Արատտա երկրի գաղափարագիր անվանաձեւերից մեկն ուներ SU - KUR - RA ki ձեւը: KUR գաղափարագիրը նախապես կրել է բացառապես «լեռ» իմաստը եւ միաժամանակ հանդես է եկել որպես Ստորերկրյա Աշխարհի անվանում:[24] RA սեպախումբը երբեմն կրել է սեռական հոլովի ցուցչի նշանակություն, սակայն որպես գաղափարագիր ունեցել է մի շարք իմաստներ, որոնցից մեզ համար կարեւորվում են «ջրի մեջ սուզված», «բոլոր կողմերից ողողված, հեղեղված», «ջրհեղեղ» իմաստները:[25] Հետեւաբար KUR - RA արտահայտությունը կրել է «ջրում ընկղմված լեռ» կամ «ջրհեղեղի լեռ» եւ շումերների կողմից օգտագործվել է որպես Մեծ Հայքի անվանումներից մեկը:

Միաժամանակ KUR - RA - ն արտահայտել է նախաստեղծ օվկիանոսի ջրերով շրջապատված ոսկեզոծ համաշխարհային լեռան նկարագիրը: Այդ մասին են վկայում KUR = «լեռ» բառի մյուս՝ «երկնային լուսատուի ծագում», «հուրհրալ, շողշողալ, փայլել», «բոցարձակ» իմաստները:[26] Համաշխարհային լեռը աստվածների բնակավայրն էր եւ բնական է, որ KUR - ը կրել է նաեւ «պալատ» իմաստը:[27]

Ուղղություն ցույց տվող im որոշիչի հետ (im KUR - RA ) KUR - RA - ն արտահայտել է «արեւելք» գաղափարը:

Հիշենք, որ հունական Այան արեւածագի երկիրն է, ըստ հնդիրանական պատկերացումների արեւը ծագում է Մերու = Հարա լեռից, Հին Կտակարանում Եփրատի ու Տիգրիսի ակունքներն ընդգրկող Եդեմի տեղադրությունը բացատրելու ուղեցույց է նշվում «արեւելքի կողմը» արտահայտությունը եւ, վերջապես, «Սասնա Ծռեր» դյուցազնավեպում Հայոց աշխարհը բնութագրվում է որպես «Արեւելից թագավորի երկիր»: Այսպիսով, KUR - RA - ն արտահայտել է աշխարհարարման աստվածային ակտի հետ կապված մի ամբողջական հոգեւոր - աշխարհընկալումային գաղափար:

Շումերական SU գաղափարագիրը կրել է «տոհմ, ցեղ, սերունդ, ազգ» իմաստները:[28] Հետեւաբար SU - KUR - RA ki անվանումը կրել է «Ջրում ընկղմված լեռան ազգի երկիր» կամ «Ջրհեղեղի լեռան ազգի երկիր» բառացի իմաստները:

«Գիլգամեշը եւ անմահության լեռը» դյուցազնավեպում պատմվում է, թե Գիլգամեշը փառքի ու անմահության հետեւից որոշում է գնալ KUR - RA:[29]

Էնկիդուն Գիլգամեշին խորհուրդ է տալիս KUR - RA գնալու համար դիմել արեւի աստծո օգնությանը, քանզի «արեւի աստվածն է արարել KUR - RA - ն» (kur-ra dim-ma-bi dUtu-kam):[30]

Արեւի աստվածը KUR - RA գնացող Գիլգամեշին է հանձնում դեպի Արատտա տանող ճանապարհի յոթ ուղենիշներ: Իմա՝ այստեղ եւս, որպես աշխարհագրական տարածքներ, Արատտան ու KUR - RA - ն նույնանում են: Նշենք նաեւ, որ Արեգակի աստվածը, որպես միակ Արարիչ, հանդես է գալիս միայն հայոց ազգային (= հեթանոսական) դիցարանում:

«Էնմերքարը եւ Արատտայի գերագույն քուրմը» դյուցազնավեպում (տող 224) Արատտան բնութագրվում է որպես «Արատտա՝ աստվածային սրբազան օրենքների լեռ» (Arattaki kur-me-sikil-la): «Աստվածային սրբազան լեռ» = Արատտա հասնելու համար Էնմերքարի դեսպանը անցնում է յոթ այլ լեռներ:

Այս պատկերացումներն արդյունք են այն հոգեւոր - աշխարհընկալումային համակարգի ազդեցության, որի հիման վրա շումերների կողմից ստեղծվել են Մեծ Հայքին տրված մյուս անվանումները եւս. kurKUR - RA = «Ջրում ընկղմված լեռան երկիր» կամ «Ջրհեղեղի երկիր»; A - RAT - TA = «Ջրի ակունքի երկիր»; SU - BIL ki = «Կրակի զարմի երկիր» եւ այլն:

Այստեղ ավելացնենք միայն, որ վերոհիշյալ ազգերի հիշողությունը պահպանելով հոգեւոր - աշխարհընկալումային բուն պատկերացումները, ժամանակի ընթացքում մոռացության է մատնել այդ պատկերացումները ծնած ազգի ու երկրի սրբազան տեղանունների իրական աշխարհագրությունը եւ արդյունքում այդ տեղանուններն առասպելական բնույթ են ստացել: Այս առումով բացառություն են կազմում շումերական սկզբնաղբյուրների տեղեկությունները, ինչը այլ պատճառներից բացի պայմանավորված է նրանց գրառման հնությամբ եւ այն փաստով, թե շումերների համար ինչ կենսական կարեւորություն ունեին Շումերն ու Մեծ Հայքը իրար կապող Եփրատի ու Տիգրիսի ջրերը:

8. Բնականաբար հարց է ծագում, թե ինչու այդ ազգերը հենց Մեծ Հայքն են ընկալել որպես նախաստեղծ Սրբազան Աշխարհ ու Փրկության Երկիր: Անշուշտ նման պատկերացումների ձեւավորման համար նախ եւ առաջ հիմք են հանդիսացել Մեծ Հայքի աշխարհագրական դիրքի ու բնա-կլիմայական պայմանների առանձնահատկությունները:

Մեծ Հայքը գործող հրաբուխների երկիր է, անհամեմատ բարձրադիր է շրջակա տարածքներից եւ այնտեղից սկիզբ առնող գետերը հոսում են դեպի Աշխարհի (իմա՝ Առաջավոր Ասիայի) չորս կողմերի ծովերը: Մյուս կողմից, քանի որ Մեծ Հայքի աշխարհագրական դիրքի ու բնա-կլիմայական պայմանների առանձնահատկություններն են արտացոլված աշխարհարարման ու աստվածային աշխարհակարգի հաստատման արիական, շումերական եւ աստվածաշնչյան առասպելների մեջ, ապա պետք է կարծել, որ հոգեւոր - աշխարհընկալումային նման պատկերացումները պիտի նախ ձեւավորվեին Մեծ Հայքի բնիկների մոտ, իսկ հետագայում տարածվեին մերձակա ազգերի ու ցեղերի մեջ: Անշուշտ այս տեսակետը հիմնավորող փաստերը պետք է գտնվեն Մեծ Հայքի տարածքում եւ բացահայտվեն միմիայն այնտեղ ապրած ու այդ պատկերացումները ծնած ազգի հոգեւոր - մշակութային համակարգում:

Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքի հնագիտական մշակույթը համասեռ է իր զարգացման բոլոր փուլերում, շարունակական է ու պահպանել է իր էության զարգացման տրամաբանությունը՝ նեոլիթից մինչեւ մեր ժամանակները: Հայկական լեռնաշխարհի հնագիտական նյութի, հայոց ավանդական պատմագիտության, առասպելների, դիցաբանության ու նրա հետ կապված սրբազան աշխարհագրության տվյալների համեմատական վերլուծության արդյունքներից միարժեքորեն բղխում է, որ հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են նախապատմական ժամանակներից եւ նրանք են այդ մշակույթի ստեղծողները:[31]

Հնդեւրոպական նախահայրենիքի տեղորոշման վերաբերյալ առաջարկված ժամանակակից վարկածներից մեկում զարգացվում է դեռեւս XIX դ եկող այն տեսակետը, թե հնդեւրոպական նախահայրենիքն ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը:[32] Զարգացող եւ գիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվող այս տեսակետը հայերի բնիկության մի հավելյալ հիմնավորում է:

9. Աշխարհարարման արիական առասպելն իր մանրամասներով հանդերձ էպիկական ծածկագրմամբ կրկնվում է «Սասնա Ծռեր» դյուցազնավեպում, որը սկսվում է հայոց Գագիկ թագավորի դուստր Ծովինարին նվիրված պատմությամբ: Ծովինարը քեռմոր եւ տասը աղջիկների հետ գնում է Կապոտ ծովի ափ՝ «սեյր անելու»: Կապոտ ծովը, որը բնութագրվում է «ծովին ծեր չկա» արտահայտությամբ, խորհրդանշում է նախաստեղծ Տիեզերական օվկիանոսը:

Չկարողանալով խմել ծովի աղի ջուրը, ծարաված Ծովինարը դիմում է Աստծուն.

«Աստված, դու մեկ աղբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես


Աստծո կամքով ծովի մեջ մի «ջոջ քար» է առաջանում, որից սկսում է համեղ ու կաթնանման ջուր բղխել.

«Նայեց տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ,
Սպիտակ աղբուր մի էդ քարից կը թալի.
Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր,
Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու
Էդ աղբուր էրթա, որ ջուր խմի


Էպոսի այս դրվագի գործողությունները կատարվում են Աստծո կամքով ու հրամանով: Հետեւաբար դրանք պետք է դիտել որպես արարչական ակտեր: Արարչության արդյունքը անծայր ծովում (= օվկիանոս) հայտնված «ջոջ քար»= լեռ-կղզին է, որից բղխող ջուրը հոսում է դեպի «չորս բոլորը»= աշխարհի չորս կողմերը: Այսինքն տրվում է նախաստեղծ Սրբազան Աշխարհի նկարագիրը (օվկիանոս, լեռ-կղզի եւ նրանից բղխող «անմահական» ջուր)[33], որպես աստվածային արարչության արդյունք: Նկարագրվում է եւ Կյանքի արարման ակտը: Խմելով «ջոջ քար»-ից բղխող ջրից, Ծովինարը ջրի հետ ընդունում է Կյանքի Սերմերն ու հղիանում Սանասարով ու Բաղդասարով.

«Ինքն իր շորեր էհան, գնաց էդ աղբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիքը ջուր խմեց,
Մեկ էլ՝ մի բուռ կիսատ:
Աղբուրն ցամաքավ:

Էդ էրկու բուռ ջրից հղացավ:
»

Դրանով իսկ Սասնա Տան ծագումը կապվում է աշխարհի աստվածային արարման ժամանակաշրջանի հետ: Ծովինարի հղիանալը էպիկական ծածկագրմամբ վերջինն է տիեզերածնական ակտերից եւ առաջինը այն պատմական ակտերի շարքում, որոնք կազմում են «Սասնա Ծռեր» - ի էպիկական սյուժեի առանցքը: Առասպելի որոշ տարբերակներ ժողովրդի հիշողության մեջ պահպանվել են հեքիաթների ձեւով:

10. Այժմ փորձենք աշխարհարարման արիական առասպելն արտապատկերել Մեծ Հայքի իրական պատմական աշխարհագրության վրա: Այն իրականացնելու համար ֆիքսենք հետեւյալ փաստերը.

ա. Արարչի հատած լեռ - կղզին դառնում է երկգագաթ լեռ;

բ. Հին Կտակարանը եւ շումերական աղբյուրները նախաստեղծ Սրբազան Աշխարհից դուրս հոսող չորս գետերի անուններից հավաստի հաղորդում են երկուսի անունները՝ Եփրատ եւ Տիգրիս:

Եփրատը սկիզբ է առնում Բյուրակն լեռնազանգվածի Ծաղկավետ լեռների Ոսկեանք գագաթից:

Նկարագրելով Բարձր Հայքը եւ փաստորեն նկատի ունենալով Բյուրակն լեռնազանգվածը, Անանիա Շիրակացին, կարելի է ասել, բառացի կրկնում է աշխարհարարման առասպելի Սրբազան Աշխարհի նկարագրությունը: Նա գրում է. «…ինչպես ցուց է տալիս իր իսկ անունը, բարձր է ոչ միայն Մեծ Հայքի մնացած մասերից, այլեւ՝ ողջ աշխարհից, այդ պատճառով էլ նրան աշխարհի լեռնագագաթ են կոչել: Նա գետեր է արձակում աշխարհի չորս կողմերը:[»34]

Բյուրակն լեռնազանգվածի բարձրագույն գագաթը Սերմանց լեռն է, որից սկիզբ է առնում Առաջավոր Ասիայի մյուս խոշոր գետը՝ Արաքսը, որը վեդայական հիմներում եւ իրանական աղբյուրներում հիշատակվում է Rasa>Ռահ անունով:[35]

Սերմանց լեռը Անանիա Շիրակացին անվանում է «երկրի գագաթ» եւ ավելացնում է, թե Սերմանցը «կատար երկրի, յորմէ յոյժ բղխեն աղբյուրք»:[36]

Սերմանց լեռնանունը բնիկ հայերեն «սերմ» = «ցեղ, ծնունդ, սերունդ» արմատի հոգնակի սեռական ձեւն է եւ բառացի նշանակում է «Սերմերի լեռ», «Սերմնաժայթքող լեռ»: Աշխարհարարման արիական առասպելի աշխարհընկալումային դաշտում Սերմանց լեռնանունը կարող էր կրել նաեւ «Կյանքի արարման լեռ» իմաստը: Սերմանցը խորհրդանշել է ֆալլոսը եւ ներկայացրել է աշխարհարարման առասպելի լեռ - կղզին, որի միջով Կյանքի Սերմերը Տիեզերական օվկիանոսից դուրս են ժայթքել Երկիր:

Այսպիսով, հայոց ավանդության համաձայն Սերմանցը Երկրի գագաթն է, սերմնաժայթքող ու Երկրի վրա կյանք ծնող լեռ - կղզին է եւ երկրային ջրերի ակունքը (վերջինս արտացոլված է նաեւ ողջ լեռնազանգվածի Բյուրակն անվան մեջ):

Բյուրակնյան լեռնազանգվածը Ստրաբոնը հիշատակում է Աբոս անվան տակ. «…Գորդյուենեի երկարությամբ գտնվում է Նիփատեսը, հետո Աբոսը, որից եւ Եփրատը, եւ Արաքսը. մեկը դեպի արեւմուտք, մյուսը դեպի արեւելք…»:[37]

Պլուտարքոսը խոսելով ջրի մասին, որպես ամենայն գոյողի ծագման սկզբի, գրում է. «…հելլենները սերմնաժայթքումն անվանում են ապուսիա»:[38] Հուներեն «ապուսիա» բառը ծագում է հնդեւրոպական նախալեզվի ap = «(կյանքի սերմեր պարունակող) տիեզերական ջրեր» արմատից եւ անկասկած Ստրաբոնի հաղորդած «Աբոս լեռ» անունը Սերմանց լեռ = «Սերմնաժայթքող լեռ» անվանման հուներեն թարգմանված տարբերակն է:

Արդյունքում, հավաստիորեն կարող ենք պնդել, որ Բյուրակնյան լեռնազանգվածի Սերմանց գագաթը իրական, երկրային աշխարհագրության մեջ ներկայացնում է աշխարհարարման արիական առասպելի երկգագաթ լեռան գագաթներից մեկը:

Տիգրիսի վտակներից սրբազան է համարվել Վանա լճի հարավային լեռներից սկիզբ առնող Արեւելյան Տիգրիսը, որն էլ շումերական աղբյուրներում ու Հին Կտակարանում անվանվում է Տիգրիս:

Հնագույն ավանդությունը Տիգրիս գետը բղխեցնում է հայոց ամենասրբազան լեռից՝ Նպատից, անտեսելով Տիգրիսի իրական ակունքի եւ Նպատի միջեւ եղած մեծ հեռավորությունը, ինչի մասին վկայություն են տալիս նաեւ Ստրաբոնն ու Պլինիոսը:[39] Տիգրիսի մասին նման պատկերացումներ ունեին նաեւ շումերները: Պահպանված ավանդության համաձայն Տիգրիսի ակունքի շրջակայքում «ամենայն ինչ ոսկեղեն է»:[40] Սրանք հիմնավոր փաստեր են ի օգուտ այն տեսակետի, թե Նպատը աշխարհարարման արիական առասպելի երկգագաթ լեռան մյուս իրական գագաթն է:

Հայ մատենագիրների հաղորդած տեղեկություններից հետեւում է, որ Նպատը հայոց ամենասրբազան լեռն էր եւ նրա ստորոտում գտնվող Շահապիվան ու Բագավան ավաններում էին կատարվում հայոց հոգեւոր ու աշխարհիկ կյանքի երկու կարեւորագույն երեւույթները՝ Ամանորի տոնակատարությունները Նավասարդի 1- ին եւ Աշխարհաժողովները: Նպատի ստորոտում, Արածանիի ջրերում ս. Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ թագավորին ու հայոց զորքին: Քրիստոնեության շրջանում Նպատ անունը հաճախ ստուգաբանվել է Նոյ անունով եւ լեռն անվանվել Նոյապատ: Նպատ եւ Նոյ կապը կամայական հարմարեցում չէր կարող լինել, քանզի նախնյաց անշուշտ հայտնի էր Նպատ լեռան կապը աշխարհարարման ժամանակների ու համաշխարհային լեռան հետ:

Միանգամայն իրավացի է Ն. Ադոնցը՝ ասելով, թե Աբոս եւ Նպատ լեռնանունները ծագում են արիական Ապամ - Նապատ դիցանունից:[41] Հայոց Վահագնի հետ ընդհանուր շատ գծեր ցուցադրող Ապամ - Նապատի մակդիրները հիմնականում կազմված են «ոսկի» բառով, էությունը կապված է ջրի ու կրակ - լույսի հետ, հանդես է բերում արարիչ աստծո էության գծեր:[42] Դիցանվան Ապամ մասը կազմված է ap արմատով ու բառացի նշանակում է «Տիեզերական ջրերի զարմ» եւ, ինչպես տեսանք, կապվում է Սերմանց = Աբոս լեռնանվան հետ: Դիցանվան Նապատ մասը, որից ծագում է Նպատ լեռնանունը, հավանաբար կապված է կրակ - լույսի հետ:[43] Այդ մասին է վկայում եւ այն փաստը, որ Նպատից է սկիզբ առնում Հայկական լեռնաշխարհի չորորդ խոշոր գետը՝ Արածանին, որը վեդայական հիմներում հիշատակվում է Sarasvati անունով (saras>արած, vati>ջուր, գետ) եւ անվանվում «մայրերի մայր գետ»:

Շիրակացու վկայությամբ Արածանիի ակունքը կոչվում է Ոսկիք:[44] Ստրաբոնի եւ Պլինիոսի վերոհիշյալ վկայություններում ասվում է, թե մինչ ընդերքից դուրս գալը Տիգրիսի ու Արածանիի ջրերը հոսում են իրար վրայով, սակայն չեն խառնվում, քանզի Արածանիի ջրերը թեթեւ են, իսկ Տիգրիսինը՝ ծանր: Արածանիի ավելի թեթեւ ջրերը բղխում են անմիջապես Նպատից:

Աշխարհի արարումից հետո հաստատված աստվածային աշխարհակարգի համաձայն Արեգակն իր օրեկան պտույտից հետո իջնում, մտնում է ստորերկրյա Տիեզերական օվկիանոսի ջրերը, այնտեղ մաքրվում, հանգստանում, ուժ առնում (ինչպես Սանասարը) եւ նորից բարձրանում Երկինք: Հենց այս պատկերացումներն են դրվել բարդված ու իմաստակիր Արածանի գետանվան հիմքում:

Գետի բուն Արած անունը կազմված է «ար» եւ «ած» արմատներով: Գ. Ղափանցյանը գետանվան «ար» մասն իրավացիորեն բղխեցնում է հայ-արիական դիցարանի Արարիչ Աստծո Ար (Արա) անունից, որը պաշտվում էր որպես Լույսի ու Արեգակի աստված:[45] «Ած»-ը բնիկ հայերեն բառ է, որի հիմնական իմաստն է «բերել»:[46] Հետեւաբար Արածանի գետանունը կրում է «Արին բերող» բառացի իմաստը: Այսինքն, ըստ նախնյաց աշխարհընկալումային պատկերացումների, Նպատից բղխող Արածանիի ջրերի միջով է նախաստեղծ Տիեզերական օվկիանոսից պարբերաբար Երկինք բարձրացել կրակ - լույսը՝ որպես երկնային կրակ - լույս Արեգակ:

Ընդհանրացնելով վերն ասվածը, հանգում ենք հետեւյալ պատկերին.

ա. Բյուրակն (Սերմանց) - Նպատ լեռները մարդկության ծագման օրրան նախաստեղծ Սրբազան Աշխարհի երկգագաթ լեռն է, որը Երկրի գագաթն է, Երկնքի հենարանն ու երկրային ջրերի (չորս գետերի) ակունքը;

բ. չորս գետերից Եփրատն ու Արաքսը (Փիսոն) բղխում են Բյուրակն լեռներից՝ Տիեզերական օվկիանոսից իրենց հետ դուրս բերելով երկրային կյանքի սերմերը: Մյուս երկուսը՝ Տիգրիսն ու Արածանին (Գեհոն) բղխում են Նպատ գագաթից եւ նրանց ջրերը Տիեզերական օվկիանոսից Երկինք են հանում երկնային կրակ - լույսին՝ Արեգակին;

գ. Բյուրակն (Աբոս) - Նպատ լեռը նախնյաց կողմից պաշտվել է որպես աստված, որը վեդայական հիմներում հիշատակվում է Ապամ - Նապատ անունով:

11. Ի վերջո հակիրճ անդրադառնանք մի հետաքրքիր փաստի: Համաշխարհային լեռան նկարագիրը կառուցված էր « 1 + 7 » բանաձեւով, որտեղ

1-ը (որպես յոթերորդ) 7 այլ լեռներով շրջապատված աստվածային կենտրոնական լեռն է (աստվածային Մերուն շրջապատված է յոթ այլ լեռներով, աստվածային սուրբ օրենքների լեռ Արատտա հասնելու համար պետք է անցնել յոթ լեռներ եւ այլն): Ծագումով արիական այս բանաձեւը հոգեւոր - աշխարհընկալումային պատկերացումներում հիմնարար բնույթ ունի (օրինակ՝ վեդայական հիմներում երկրային յոթ քրմերի մեջ Ագնի = Վահագնը բնութագրվում է որպես «ութերերդը՝ աստվածայինը» եւ այլն): «Յոթ երկրայինների մեջ ութերորդ աստվածային» բնութագրի ակունքները եւս Հայաստանում են.

- յոթ երկրային լեռների (Պարխար, Արագած, Մասիս, Վարագ, Կորդուք, Սիմ, Գրգուռ) մեջ է ութերորդ աստվածայինը՝ Նպատ - Բյուակնը ( = Մերու, Արատտա) – ըստ հայոց տոմարի ամսվա օրանունների ;

- ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց Միջնաշխարհն է, որը շրջապատված է յոթ այլ աշխարհներով (Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Արցախ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան);

- Հայոց տաճարների մեջ կենտրոնականը ութերորդն էր. «ութերորդ պաշտօն հռչակաւոր, անուանեալն Վիշապաքաղն Վահագնի, յաշտից տեղիք թագաւորացն Հայոց Մեծաց, ի սնարս լերինն Քարքեայ, ի վերայ գետոյն Եփրատայ, որ հանդեպ հայի մեծի լերինն Տաւրոսի, որ եւ անուանեալ ըստ յաճախաշատ պաշտաման տեղեացն՝ Յաշտիշատ» - Ագաթանգեղոս, Հայոց Պատմություն, 809;

- ութ գագաթ ուներ հայոց արքայական թագը;

- Թորգոմի ութ որդիների մեջ ավագն ու բոլորին կառավարողը Հայկ = Հաոսն էր – ըստ վրացական աղբյուրների;

- յոթ լեռների հետեւում աստվածային ութերորդն է, ուր անմահական ջուրն է (անմահական խնձորը, հրեղեն ձին եւ այլն) - ըստ հայ ժող. հեքիաթների;

- Հայոց սրբազան խորհրդանշաններից է երկու քառակուսիների համադրումը՝ ութանկյունը, ութ թեւանի կեռխաչը եւ այլն:

12. Այսպիսով, ինչպես Հին Կտակարանում, այնպես էլ հունական, հնդարիական, իրանական, շումերական հնագույն աղբյուրներում համաշխարհային լեռն ընդգրկող նախաստեղծ Սրբազան Աշխարհը ներկայացվում է որպես այդ ազգերի պատմական բնակության տարածքներից դուրս գտնվող առասպելական երկիր, որը աստվածային արարչության վայրն է, առատության երկիր է, աստվածների բնակավայրն է, աստվածային Օրենքի ու Առաքինության երկիրն է: Ի տարբերություն այդ պատկերացումների, աշխարհարարման արիական առասպելի նույն հանգույցային գաղափարները հանդես են գալիս որպես Մեծ Հայքի կենտրոնական շրջանների սրբազան տեղանուններ եւ ներկայացնում են Մեծ Հայքի պատմական, իրական աշխարհագրությունը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ծննդոց, ա, 9-10
2. Բառարան Սուրբ Գրոց, Կոստանդնուպոլիս, 1881, էջ 278: Այդ երեւույթն առկա է շատ լեզուներում. հայ. «ցամաք»=«ջրով շրջապատված բուն ցամաք»=«կղզի», ռուս. րցՔՈ եւ այլն:
3. Ծննդոց, բ, 8
4. Ծննդոց, բ, 12-13
5. Ծննդոց, բ, 10-15
6. Եզեկիէլ, իը, 13-16
7. А. Лосев, Античная мифология, Москва, 1957, ст. 402-423
8. Stephani Byzanti, Ethnica; Հին հունական հեղինակների վրա հղումները տրվում են ըստ Ա. Լոսեւի վերոհիշյալ աշխատության:
9. Plini, Historiae naturalis libri xxxvii, iv, 26
10. Նույն տեղում ,vii, 10
11. Diodori bibliotheca hictorica, ii, 47
12. Նույն տեղում
13. Pausanii, Graeciae, v, 77
14. Apollodori bibliotheca, ii, 5, 11 3
15. Դա ավելի ցայտուն է արտահայտված Պերսեւսի առասպելում: Հույն հերոս Պերսեւսը Ատլանտի առջեւ պահելով Գորգոն Մեդուզայի գլուխը, նրան քարացնում է եւ Ատլանտը դառնում է երկնակամարը պահող լեռ:
16. Ատլանտիդայի վերաբերյալ բերվող տվյալներն ըստ` Платон,Тимей,113-120
17. Հունական դիցաբանության մեջ Պոսեյդոնը մարմնավորում է ջրային տարերքը: Հետեւաբար Պոսեյդոն-Կլեյտո կապը ջրից սաղմնավորվելու հնագույն պատկերացումների արտացոլում է Նման պատկերացումների ակունքները հասնում են աշխարհարարման արիական առասպելին (տիեզերական ջրերի մեջ են Կյանքի Սերմերը; Ծովինարը հղիանում է Կաթնաղբյուրի ջրից եւ այլն):
18. Հ. Մարտիրոսյան, Արգոնավորդների արշավանքը եւ Հայաստանը, «Հայոց պատմության եւ մշակույթի հարցեր» հանրապետական գիտաժողովի թեզեր, Երեւան, 1997, էջ 27
19. Rigveda, I, 35
20. Սումերու (այլ տարբերակներում Սումեր) անվանումը նույնական է շումերների երկրի Շումեր = Սումեր անվանման հետ: Հնդեւրոպացիների նախահայրենիքի առաջավորասիական վարկածի շրջանակներում քննարկվող որոշ պատմա - հնագիտական փաստեր վկայում են, որ հնդարիացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհից հարավª հյուսիսային Միջագետքում: Այս պարագայում կարելի է ենթադրել, թե Սումերու եւ Շումեր անվանումների միջեւ գոյություն ունի ծագումնաբանական կապ::
21. Avesta, Videvdat, 1, 2
22. И. Брагинский, Ариана Веджа, Мифы народов мира, т. I, Москва, 1991, ст. 104; տես նաեւ այնտեղ բերվող գրականությունը:
23. Մ. Գավուքչյան, Հայ ժողովրդի ծագումը, Մոնթրեալ, 1982
Ա. Մովսիսյան, Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա, Երեւան, 1992,
Վ. Մատթէոսյան, Սումերական աղբիւրներու Արատտա երկիրը եւ Հայկական լեռնաշխարհը, Հանդես Ամսօրեա, հունվար-դեկտեմբեր, 1995, էջ 285-302
24. С. Крамер, История начинается в Шумере, Москва, 1965, ст. 180
25. R. Labat, Manuel d`epigraphie akkadienne, Paris, p. 151, #328
26. Նույն տեղում, p. 167, #366
27. Նույն տեղում
28. R. Labat, Manuel d`epigraphie akkadienne, Paris, p. 45, #7
29. S. Kramer, Gilgamesh and the Lend of Living, JCS, 1, 1947, p. 3-46, տող 5
30. Նույն տեղում, տող 11 6
31. Հ. Մարտիրոսյան, Հայոց ծագումը եւ աստվածները, (անտիպ)
32. Т. Гамкрелидзе, В. Иванов, Индоевропейский язык и индоевропейцы, т. 1,2, Тбилиси, 1984
33. «Ջոջ քար»-ից բղխող կաթնանման ջուրը բաղկացած է «հուր» եւ «ջուր» տարրերից, ինչը ցայտուն արտահայտված է նրանից սաղմնավորված Սանասարի էության մեջ: Նա «հրեղեն» է ու «ծովային»:
34. Անանիա Շիրակացի, Մատենագրություն, թարգ., առաջաբանը եւ ծանոթագր. Ա.Աբրահամյանի եւ Գ. Պետրոսյանի, Երեւան, 1979, էջ 291-292
35. Հ. Մարտիրոսյան, Ռիգվեդան եւ Հայկական լեռնաշխարհը, Գարուն, 3, 1996
36. Անանիա Շիրակացի, …., էջ 293
37. Strabonis Geographica, xi, 14, 2
38. Плутарх, Об Исиде и Осирисе, 34; (ВДИ, т. 3, 1977, ст. 265)
39. Լեո, Երկերի ժողովածու, հ. 1, Երեւան, 1966, էջ 133
40. Գ. Սրվանձտյանց, Երկեր, հ. 1, Երեւան, 1978, էջ 392
41. Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երեւան, էջ 320
42. Rigveda, II, 35
43. Բոլոր աստվածներին նվիրված Ռիգվեդայի վերոհիշյալ հիմնում Ապամ - Նապատը հիշատակվում է ayu = հայերի նահապետ Ayu-ի հետ.
Ձեզ (երկրպագելու պահին) Ապամ - Նապատին դրեք առջեւից.
(Դրեք) առջեւից Այուի երկու մայրերին:
Ayu-ի երկու մայրերը ջուրը եւ կրակ - լույսն են: Հայոց մեջ այս պատկերացումները շատ հին ծագում ունեն: Վահագնի Վիշապաքաղ մականվան մեջ ap արմատով կազմված «վիշապ»-ը խորհրդանշում է ջուրը, իսկ «քաղ» = այծըª կրակ-կայծակ-լույսը: Սանասարը «հրեղեն» է ու «ծովային» եւ այլն:
44. Ս. Երեմյան, Հայաստանն ըստ «Աշխարհացոյցի», Երեւան, 1963, էջ 110
45. Г. Капанцян, Историко-лингвистические работы, т. 1, Ереван, 1957, ст. 275
46. Հ. Աճառյան, Հայերեն արմատական μառարան, տես «ած» μառահոդվածը:

Տես նաև՝ Համլետ Մարտիրոսյանի կենսագրությունը

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8029
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2016
26
Հունվ
»03:59
ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Article image Մաս I: Աշխարհի պորտն այնտեղ է, որտեղ կյանքի ու արարչական գաղափարների սրբազան ակունքներն են: ...
Կարդալ
2014
28
Սեպտ
»19:36
ՍԻՍԻԱՆ, ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ, ՑԻՑ ՔԱՐԵՐ ...
Article image Այս աշխատանքը նվիրված է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվող մեգալիթյան կառույցին, որի պաշտոնական անվանումն է Զօրաց քարեր, իսկ գիտա-մասսայական գրականության և լրատվական միջոցների հրապարակած նյութերում առավելապես հայտնի է Քարահունջ անունով:...
Կարդալ
2013
29
Հոկտ
»18:05
ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻ ...
Article image ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ կամ ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿ Է ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼ - Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան...
Կարդալ
2013
03
Մայ
»11:36
ՄԱՅՐ ԳԵՏԻ ԵՐԿԻՐԸ - Հատված Համլ ...
Article image «Առյուծ» նշանագրի քննության ժամանակ պարզեցինք, որ Սյունիքի ժայռապատկերներում կետի և առյուծի պատկերներով գաղափարագրվել է գետառ=«մայր գետ» բառը, իսկ թևավոր առյուծի (չշփոթել անգղառյուծի հետ) պատկերով գաղափարագրվել է հոմանիշ հաւառի=«մայր գետ» բառը: Շումերերենում հայերեն1 «գետ» բառի գրության մի ձևին անդրադարձել ենք վերը: Այժմ դառնանք գետ=«գետ, ջրի հոսանք» բառի վանկագիր ki-ta=ke-ta=ge5-ta=gi5-ta=kita/keta/geta/gita գրելաձևին: Այս բառը շումերերենում ունի «ցածը, ներքևը, տակը, խորքը» իմաստ (աքքադ. šaplū...
Կարդալ
2013
01
Մարտ
»14:32
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ...
Article image Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott