artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Վիկտորյա ԱՆԱՆՅԱՆ. Ուրախ եմ, որ ծնվել եմ «բալետային» գեներով

Article image Երբ անցած տարվա դեկտեմբերին Տոկիոյում հանդիպեցի այնտեղ աշխատող նախկին երևանցի պարուհի, բալետի ուսուցչուհի Ժաննա Մուրադյանին և հարցազրույց վարեցի նրա հետ («Հայաստանի զրուցակից», 2011 թ., թիվ 1), մտքովս չէր անցնում, որ գրեթե մեկ տարի անց երկրագնդի մեկ այլ կետում՝ Սան Ֆրանցիսկոյում կհանդիպեմ նրա դստերը՝ պարուհի Վիկտորյա Անանյանին… Նրբագեղ և հմայիչ, բալետի պարուհու տիպական արտաքինով Վիկտորյան հրավիրեց ներկա գտնվել իրենց պարապմունքին՝ քաղաքի պարախմբի շենքում, որտեղ գործում էր նաև պարարվեստի դպրոցը… Այդ գեղեցիկ չորսհարկանի շենքում դիտելով տարբեր դասասենյակներում ընթացող աշխույժ փորձերն ու պարապմունքները, տեսնելով բալետային կրթության համար ստեղծված գերազանց պայմանները՝ չէի կարող նախանձով չլցվել՝ հիշելով, թե ինչ պայմաններում է գործում Երևանի պարարվեստի ուսումնասրանը, որը հակառակ ամեն ինչի, վերջին տարիներին ավարտեցին բազմաթիվ առաջնակարգ պարողներ… Նրանցից մեկը՝ բարձրահասակ, հայկական դիմագծերով տաղանդաշատ Դավիթ Կարապետյանը, այս խմբի առաջին մենապարողն է… Ահա նա և Վիկտորյա Անանյանը միասին փորձում են մի ժամանակակից պարային համար՝ ուսուցանելով մեկ այլ պարային զույգի… Նրանց վիրտուոզ կատարումից բացի՝ հատկապես հաճելի էր նկատել, որ Դավիթն ու Վիկտորյան պարապմունքի ժամանակ միմյանց հետ խոսում են հայերեն…

Վիկտորյա Անանյանը սերում է բալետի պարողների տոհմից… Ծնվել է Երևանում, սակայն սովորել է Խարկովի մշակույթի պետական ուսումնարանում մոր՝ Ժաննա Մուրադյանի դասարանում, մեկ տարի էլ՝ Բելառուսի պարարվեստի պետական քոլեջում (դասատուներ՝ Կ. Մալիշևա և Օ. Լապո)… 2003-ին Վիկտորյան ավարտել է Պերմի պարարվեստի պետական ուսումնարանը (Լ. Ուլանովայի դասարան), 2003-2007 թթ. եղել Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենապարուհի, իսկ 2007-2011 թթ.՝ Ամստերդամի հոլանդական ազգային բալետի երկրորդ մենապարուհի… Աչքի է ընկել բազմաթիվ հայտնի դերակատարումներով: Նրան հարազատ են նաև ժամանակակից բալետային բեմադրությունները: Այս տարեսկզբից Վիկտորյա Անանյանը Սան Ֆրանցիսկոյի բալետային խմբի մենապարուհի է…

Zoom Image

- Վիկտորյա, մեծապես տպավորված եմ քո և Դավթի պարով… Մայրիկդ իրավունք ուներ քեզ համարել իր մանկավարժական հպարտությունը, ինչպես ասաց մեր հարցազրույցի ժամանակ…

- Իսկ մայրիկին ես համարում եմ իմ պարային կարիերայի ամենախիստ դատավորը…

- Դու աշխատել ես Ռուսաստանում և Հոլանդիայում, հիմա՝ ԱՄՆ-ում… Բալետի պարուհու աշխատանքն այդ երկրներում տարբերվո՞ւմ է…

- Խարկովում սովորելուց հետո ես գնացի Պերմի պարարվեստի ուսումնարան, որտեղ մեր պետական քննությունը վերցրին Մայա Պլիսեցկայան և Եկատերինա Մաքսիմովան, և ինձ ընտրության հնարավորություն տվեցին՝ կամ Կրեմլյան բալետ (որտեղ փորձավարը Մաքսիմովան էր), կամ Պերմի թատրոն (գեղարվեստական ղեկավարը Նատալյա Ախմարովան էր)… Սակայն ինչ-որ կերպ ես հայտնվեցի Բորիս Էյֆմանի մոտ (ես այս մասին սովորաբար չեմ խոսում, քանի որ այնտեղ աշխատել եմ միայն մեկ ամիս)… Հասկանալով, որ սկզբի համար պետք է ավելի շատ դասական բալետներում հանդես գալ, մեկնեցի Պերմ… Այնտեղ շատ-շատ եմ պարել, այնտեղ եմ ծանոթացել Բալանչինի բալետներին (որոնք բեմադրել էին «Նյու Յորք սիթի բալե» խմբից Բարթ Քուքը և Մարիա Քալիգարին) և հետագայում ուր էլ եղել եմ, տեսել եմ, որ նրա բալետները պարում են… Ամստերդամում ես հանդես եմ եկել հոլանդացի պարադիր Հանս վան Մանենի, լեհ Քշիշտոֆ Պաստորի և շատ ուրիշների բեմադրություններում… Անձամբ ինձ համար Ամստերդամում ամենաերջանիկ պահը եղավ Նատալյա Մակարովայի գալը (նա իմ ամենասիրելի պարուհին է)… Նա ինձ հետ պարապեց «Բայադերկա» բալետում Նիկիայի դերը կատարելու համար՝ իր իսկ մեկնաբանությամբ… Իհարկե, բալետային աշխատանքը տարբեր երկրներում տարբեր է՝ լինի ռուսական, եվրոպական, թե ամերիկյան… Եվ ես երջանիկ եմ, որ կարող եմ փորձել բոլորն էլ, և որ իմ ցանկությունները համընկնում են իմ հնարավորությունների հետ…

- Բալետը կարծես քո արյան մեջ է, դու ձեր գերդաստանի երրորդ բալետային սերունդն ես ներկայացնում… Գո՞հ ես…

- Ասում են՝ բալետի պարուհի ծնվում են… Իմ դեպքում բալետի պարուհիներից պարուհիներ են ծնվել, մայրական կողմից տատիկս և պապիկս՝ Մարիա Սլիզչենկոն և Զարեհ Մուրադյանը, կանգնած են հայ բալետային արվեստի ակունքներում, ավելացնենք նաև, որ հայրս և եղբայրս՝ Էդվարդ և Էդգար Անանյանները, նույնպես բալետի պարողներ են… Ազգականներիցս ևս շատերն են պարել… Որքան գիտեմ՝ մենք Հայաստանի արվեստագետների ամենամեծ գերդաստաններից մեկն ենք… Բալետային արվեստն այնքան նուրբ է, որ ամենքն ի վիճակի չեն հասկանալ այն… Եվ ես, իհարկե, միայն ուրախ եմ, որ ծնվել եմ «բալետային» գեներով…

- Դու վաղ ես հեռացել Հայաստանից… Ի՞նչ ես հիշում հայրենի քաղաքից…

- Հիշում եմ, որ անջատեցին էլեկտրականությունը, փակեցին գազը և ջուրը… Դա իմ վերջին մանկական հիշողությունն է… Դրանից հետո ես եղել եմ Երևանում, գիտեմ, որ հիմա այնտեղ այլ կերպ է… Հենց գնում եմ Հայաստան, զգում եմ օդի հատուկ բույրը (գիտեմ, որ օդը բույր չունի, բայց հայկական օդն առանձնահատուկ է)…

- Իսկ կարո՞ղ ես հայկական պարեր կատարել…

- Այն էլ ինչպե՛ս… Դա նույնպես արյանս մեջ է… Չէ՞ որ Զարեհ Մուրադյանը հայկական պարեր է դասավանդել… Հայրս տղամարդկանց պարեր է սովորեցրել (օրինակ «Թաք սիլլա, զույգ սիլլա» պարը)… Կանանց պարերում ամեն ինչ պարզ է, իսկ տղամարդկանց դժվար դերն է բաժին ընկել…

- Բալետից բացի ուրիշ ինչո՞վ ես զբաղվում…

- Բանաստեղծություններ եմ գրում, ռուսաց լեզվով…

- Հետաքրքիր է… Հուսով ենք՝ մի գեղեցիկ օր քեզ տեսնել երևանյան բեմում…

- Ես շատ եմ ուզում պարել իմ ժողովրդի համար… Արդեն պարել եմ աշխարհի շատ երկրներում, բայց հայրենակիցներիս ծափահարությունները չեմ լսել… Ցանկանում եմ, որ Հայաստան աշխարհն իմանա, որ ինձ ունի…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1795
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott