artsvi.bakhchinyan
Logo
Armenian French English

ՊԱՐՈՒՀԻ-ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒՀԻՆ: Հանդիպում իտալահայ արվեստագիտուհի ՄԱՐԻՆԱ ՄԱՎՅԱՆԻ հետ

Article image Իտալահայուհի Մարինա Մավյանին առաջին անգամ հանդիպեցի անցած օգոստոսին, Վենետիկում, «Պո-Արաքս» ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի եւ մշակույթի խտացյալ դասընթացի մասնակիցների հերթական «ուրախ երեկոյին»։ Երբեմնի պարուհի, այժմ նկարչությանը նվիրված Մարինան եկել էր ծանոթանալու հայաստանցի բանասերի՝ ընդառաջելով պարարվեստի հայազգի գործիչների մասին իմ ծրագրած աշխատության առթիվ իրեն գրած իմ նամակին։ Նաեւ զավակներին՝ պատանի Ստեֆանի եւ Նիկոլա Բամպակյաններին եւս մեկ անգամ հայկական միջավայրում լինելու հնարավորություն տալու համար։ Նկատեցի, որ զավակների հետ Մարինայի իտալերեն խոսակցությունը մշտապես համեմված է «հոգիս» հայերեն բառով։ Հարցազրույցի համար պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը, Լիդո կղզում՝ Մարինայի ծննդավայրում։ Քսան օր ապրած լինելով հանրակացարանային փոքր սենյակում, բնությամբ աղքատ Վենետիկում՝ անսովոր եւ հաճելի էր հայտնվել տնային պայմաններում, նստել հնաոճ կահույքով եւ գեղանկարներով զարդարված զովասուն սենյակում, որի պատուհանից երեւում էր կապույտ ջրանցք եւ մերձարեւադարձային բուսականություն։ Սենյակում աչքի է զարնում Մարինայի անավարտ աշխատանքը՝ հայկական այբուբենի թռչնագրերի գեղանկարը։ Գեղեցկատես տանտիրուհին, որ հիմնականում բնակվում է Միլանում՝ տնօրինելով այնտեղի «Հայ տունը», իր դիմագծերով եւ բաց գույներով ամբողջովին եվրոպական արտաքին ունի՝ չնայած ընդամենը մեկ քառորդ իտալական արյանը, իսկ պլաստիկ շարժուձեւերը մատնում են բալետի առաջնակարգ պարուհու իր անցյալը...

Zoom Image

Մարինան հարցնում է պարարվեստի հանդեպ իմ հետաքրքրության մասին։ Ես ասում եմ, որ դա հին սեր է եւ ներկայացնում եմ իմ ներկա «Հայերը համաշխարհային պարարվեստում» աշխատությունը՝ համակարգչով ցույց տալով աշխարհի տարբեր երկրներում գործած բալետի հայ գործիչների՝ իմ հավաքած լուսանկարների հարուստ շտեմարանը։ Մարինան հաճելիորեն զարմանում է եւ ասում.

–Բալետի աշխարհում հայկական ազգանունների գրեթե չեմ հանդիպել։ Երբ աշխատում էի Գերմանիայում, այնտեղ էր նաեւ հայտնի պարուսույց Տատյանա Գրանցեւան, որ ռուսաստանցի հայուհի էր, թեեւ ինքը չէր ասում այդ մասին...

Մեր զրույցն ընթանում էր անգլերեն՝ իտալերենի եւ հայերենի մերթընդմերթ միջամտությամբ...

–Մավյանները բուրսացիներ են,– սկսեց Մարինան,– հայրս՝ Ժիրայրը, նույնպես ծնվել է Բուրսայւոմ, չորս տարեկանում տեղափոխվել Ստամբուլ։ Այստեղից էլ ընտանիքը փախել է Բուլղարիա՝ խույս տալով նոր ջարդերից, որոնց մասին նրանց զգուշացրել էր մի թուրք բարեկամ։ Մեծ հայրս կորցրել է ողջ ունեցվածքը, սակայն Բուրգասում նոր մեծ տուն է կառուցել։ Հայրս սովորել է Պլովդիվի Մխիթարյան եւ Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարաններում, այնուհետեւ՝ Բելգիայում, տնտեսագիտության եւ առեւտրի դպրոցում...

Իսկ մայրս՝ Աուգուստա Մասկարինը, դուստրն էր վենետիկցի նավապետի եւ իզմիրցի Նվարդ Իշլեմեջյանի։ Ընտանիքում երեք զավակ են եղել, որոնց հետ Նվարդ տատիկը սկզբունքորեն հայերեն է խոսել։ Տատիկիս ծնողները փրկվել են Իզմիրի 1922 թվականի հրդեհից եւ ապաստանել Վենետիկում՝ իրենց դստեր մոտ։ Հետագայում Նվարդ տատիկս մի անգամ գնացքում պատահաբար հանդիպել է հորս, որ ուսանող էր, եւ հրավիրել է իր տուն։ Այդպես ծնողներս հանդիպել են իրար։ Մենք երեք քույր ենք, երեքս էլ միշտ Մավյան ենք գրվել...

Մարինայի քույրերից Լինդան աշխատում է Վենետո նահանգի մշակութային գործերի բաժնում, հեղինակ է իտալերեն բանաստեղծական ժողովածուների, իսկ Ռոզաննան լրագրող է, իտալական մի շարք պարբերականների մշտական աշխատակիցը...

Zoom Image

–Ես շատ լավ հասկանում եմ հայերեն,– ժպտալով ասում է Մարինան,– թեեւ վարժված չեմ խոսել։ Ծնողներս իրար հետ հայերեն էին խոսում, երեխաների հետ՝ իտալերեն։ Ես հայերեն սովորել եմ՝ նրանց լսելով... Ամուսինս էլ Միլանում ծնված հայ է եւ աղջիկս՝ Ստեֆանին, տանը ինքնուրույն սովորել է հայերեն...

Գեղատեսիլ Լիդոյի բնությունը, իտալական եւ հայկական հարուստ մշակույթների ներկայությունը, բնատուր սերն արվեստի հանդեպ մանկուց խթանել են Մարինա-Անահիտ Մավյանի գեղարվեստական ձիրքերը։ Յոթ տարեկանում սկսել է հաճախել Վենետիկի «Սերգեյ Դյագիլեւ» բալետի դպրոցը։

–Առաջին իսկ դասին, տեսնելով իմ կատարումը, ուսուցիչը հարցրեց, թե երբեւէ պարե՞լ եմ։ Չէի պարել, սակայն ամեն շարժում, կեցվածք ինձ շատ հեշտ էր տրվում, քանի որ ես ծնված էի բալետի համար։ Երկու տարի անց Միլանի «Լա Սկալա» թատրոնից մի խումբ պարողներ եկան մեր դպրոց։ Նշանավոր պարուհի Կառլա Ֆրաչչին ինձ ընտրեց Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում ներկայացվելիք մի բեմադրությանը մասնակցելու համար։ Ելույթս շատ հաջող անցավ, նույնիսկ թերթում գրեցին իմ մասին։ Այնպես որ իմ պրոֆեսիոնալ կարիերան սկսվեց ինը տարեկանից, մեր իսկապես ֆանտաստիկ «Լա Ֆենիչե»-ում, որի բույրերը միշտ կմնան ինձ հետ... Մի քանի տարուց «Լա Սկալայից» եկավ մեկ այլ հայտնի պարող՝ Ռոբերտո Ֆաշիլան եւ տեսնելով ինձ՝ ասաց, որ ես պիտի անպայման կրթությունս շարունակեմ Միլանում։ Շատ գոհ մնացին քննությունից՝ ուղարկեցին միանգամից չորրորդ դասարան՝ երեք տարի նախապատրաստական դասընթացների փոխարեն։ Ես արդեն տասնչորս տարեկան էի, եւ հազվադեպ էր լինում, որ այդ տարիքի մեկին, այն էլ դրսից, ընդունեին «Լա Սկալայի» բալետի դպրոց։ Հինգ տարի սովորեցի այդ հեղինակավոր դպրոցում, որը հիմա բալետի ակադեմիա է։ Մեզ ուսուցանում էին Չեկետտի-Վագանովայի մեթոդով։ Չափազանց ծանր գրաֆիկ էր, աշխատում էինք 12 ժամ՝ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 8-ը, իսկ եթե երեկոյան ներկայացում էր լինում՝ զբաղված էինք լինում մինչեւ կեսգիշեր։ Ցերեկվա լույսը չէինք տեսնում։ Միայն շաբաթ կեսօրին էի ազատ լինում, այդ ժամերին էլ գնում էի ռուսերեն սովորելու, քանի որ նպատակ ունեի կատարելագործվել Մոսկվայի Մեծ թատրոնում։ Բայց չեմ ափսոսում, որ չստացվեց, քանի որ պայմանագիր ստորագրեցի «Հռենոսի Գերմանական օպերա» կազմակերպության հետ, որ գործում է Դյուսելդորֆում եւ Դուխսբուրգում։

Zoom Image

–Իսկ ինչո՞ւ կարիերա չարեցիք «Լա Սկալայում»,– հարցնում եմ։

–«Լա Սկալան» օպերային արվեստի հզոր կենտրոն է, սակայն ոչ բալետի։ Բալետի լավ պարող լինելու համար պիտի հեռանաս «Լա Սկալայից»։ Եթե մնում ես՝ մեծ նկրտումներ չպիտի ունենաս։ Տարեկան ներկայացնում էին երկու-երեք բալետ, տնօրենությունը հաճախ փոխվում էր, ինչը մեծ դժվարություններ էր առաջացնում։ Հիմա էլ բալետի դպրոցը տեղափոխել են թատրոնից հեռու, իսկ իմ աշակերտության ժամանակ հենց «Լա Սկալայի» մեջ էր, եւ դու կարող էիր հանգիստ զրուցել Նուրիեւի, Վասիլեւի հետ կամ սուրճ խմել Պաոլո Բորտոլուցիի հետ... «Լա Սկալայում» փորձերը երբեմն տեւում էին մեկ տարի՝ բեմական հագուստով, առանց բեմական հագուստի, բեմի վրա, բեմից դուրս, իսկ Գերմանիայում մեկ շաբաթում բեմադրություն էինք պատրաստում եւ ներկայացնում։ Առհասարակ, Գերմանիայում բալետային կյանքն ավելի լավ էր կազմակերպված, շատ ներդրումներ էին կատարում, երկացանկը հարուստ էր, մշտապես հրավիրում էին առաջնակարգ բալետմայստերների։ Մենք բոլորս հավասար էինք խմբում, կատարողների հիերարխիա գոյություն չուներ։ Ի դեպ, ես խմբում միակ իտալացին եւ միակ հայն էի...

«Հռենոսի Գերմանական օպերայի» կազմում 1979–1982 թվականներին Մարինա Մավյանը հանդես է եկել գրեթե ողջ դասական բալետներում՝ կատարելով գլխավոր դերապարերը «Ժիզել», «Կարապի լիճը», «Մարդուկ-Ջարդուկը», «Դոն Կիխոտ», «Բայադերա», «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետներում («Դոն Կիխոտի» Կիտրիի մենապարը թերեւս իմ ամենասիրած համարն էր»), կատարել Օֆենբախի կանկանները «Օրփեոսը դժոխքում» բալետում («Այն Օդետտա-Օդիլիայի դերից դժվար էր, քանի որ ավելի երկար էր տեւում»), պատմական պարեր՝ օպերային ներկայացումներում, ինչպես նաեւ մասնակցել Բալանչինի, Բեժարի արդիական բեմադրություններին («Ես տիպիկ մարմին ունեի Բալանչինի բալետների համար»)։ Ամեն ամառ մասնակցել է կատարելագործման դասընթացների եւ վարպետության դասերի Ֆրանսիայում...

Zoom Image

–1982-ին աշխատելու հրավեր ստացա Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում։ Ուրախ էի այդ հնարավորության համար, սակայն սկսվեց Ֆոլկլենդյան պատերազմը, եւ թատրոնը փակվեց։ 1986-ին ամուսնացա եւ թողեցի պարը` հանուն նրանց,– ժպտալով ցույց է տալիս Մարինան զավակներին։ Վերջիններս հետաքրքրությամբ առաջին անգամ դիտում էին իրենց մոր բալետային լուսանկարները, որոնք նա երկար ժամանակ չէր հանել ընտանեկան արխիվից...

Փակելով բալետային արվեստի դարպասները՝ Մարինան իր համար բաց է արել մեկ այլ կախարդական աշխարհի՝ գեղանկարչության դռները...

–Ես միշտ նկարել եմ ազատ ժամերին, նույնիսկ պարուհի եղածս ժամանակ։ Ես կենտրոնացա հայ հոգեւոր արվեստի վրա։ 1996-ին առաջին անգամ եղա Հայաստանում։ Եղել եմ նաեւ Արեւմտյան Հայաստանում, տեսել Աղթամարը, Անին... Հատկապես Զվարթնոցի ավերակները եւ մեր խաչքարերն ինձ ներշնչեցին, որ ամբողջովին նվիրվեմ նկարչությանը։ Սկսեցի պատկերել վանքեր, պատճենել հայկական մանրանկարներ, զբաղվել փայտի վրա սրբանկարչությամբ: Ուզում եմ հասարակությանը ցույց տալ, որ Հայաստանում գոյություն ունի մի կարեւոր մշակութային ժառանգություն։ Սա անհրաժեշտ գործ է՝ աշխարհին մեզ ներկայացնելու, քանի որ մեր մասին չափազանց քիչ գիտեն։ Երբեմն ինձ մոտենում են ցուցահանդեսից հետո ու հարցնում՝ ուրեմն հայերը քրիստոնյա՞ են... Մինչեւ հիմա երկու անհատական ցուցահանդես եմ ունեցել Միլանում եւ մեկական՝ Երեւանում եւ Լոս Անջելեսում։ Երեւանյան ցուցահանդեսս տեղի ունեցավ 2006-ի օգոստոսին «Նարեկացի» կենտրոնում, որտեղ ցուցադրեցի 50 գործ՝ հիմնականում՝ հայկական վանքերի նկարներ: Շատ եմ ներշնչվում Հայաստանով, ճիշտ են ասում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ...

Zoom Image

–Իտալիան էլ այդպես չէ՞, հատկապես Վենետիկը,– ասում եմ։

–Վենետիկը քաղաք է։ Իսկ Հայաստանում դու գնում ես սարերը եւ ճանապարհի կողքին տեսնում ես մի փոքրիկ եկեղեցի՝ արվեստի գլուխգործոց կամ ասեղնագործություն հիշեցնող խաչքար, որը պատրաստի թանգարանային նմուշ է։ Իտալիայում նման բան չկա...

Մարինան հարցնում է Հայաստանի ներկա քաղաքական վիճակից, անհանգստություն հայտնում Վրաստանում նոր սկսված պատերազմի առթիվ։ Զրույցի վերջում նա ասում է.

–Իտալիան սիրում է մեզ։ Միլանում եւ Լոմբարդիայի մարզում 500-ի չափ հայ է բնակվում։ Հիմա ես տնօրինում եմ Միլանի «Հայ տունը», որտեղ, չնայած նյութական անբավարար միջոցներին, պարբերաբար կազմակերպում ենք համերգներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոցուցադրումներ, հայերենի դասընթացներ, գրքերի շնորհանդեսներ։ Այնպես որ թե՛ շարունակելու եմ նկարել, եւ թե՛ Միլանում, թե՛ Վենետիկում աշխատելու եմ ծանոթացնել ու հետաքրքրություն առաջացնել մեր մշակույթի հանդեպ...

Վենետիկ–Երևան

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2973
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott