artsvi.bakhchinyan
Logo
Armenian English

ԼՈՒԹԵՐ ԷՍՔԻՋՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ»

Article image Լոս Անջելեսում բնակվող հայերի մեծ մասը, ցավոք, անտեղյակ է Քալիֆորնիայում Լոս Անջելեսին մերձ Միշըն Հիլզ կոչվող բնակավայրում գործող մի հայկական թանգարանի գոյության մասին: Լինելով թանգարանների սիրահար՝ ես այնտեղ արդեն եղել էի ԱՄՆ կատարած իմ առաջին այցելության ժամանակ, ինչպես նաև ծանոթացել նրա վիրտուալ տարբերակին, որ գտնվում է www.ararat-eskijian-museum.com հասցեում: «Արարատ Էսքիջյան թանգարանը» գտնվում է «Արարատ» ծերանոցին և եկեղեցուն կից: Խնամքով ցուցադրված են ամենաբազմազան ցուցանմուշներ՝ երկաթի դարի, խեթական և ուրարտական առարկաներից մինչև հայ թագավորների դրամները, գորգերից, ձեռագործերից և քարտեզներից մինչև նշանավոր ամերիկահայերին վերաբերող նյութերը: Առկա են նաև այլ ժողովուրդների մշակույթի առարկաներ՝ հին եգիպտական, չինական, հռոմեական առարկաներ, Դիանա աստվածուհու փոքրիկ կավե արձանիկը Եփեսոսից, բյուզանդական սրբանկար, ամերիկյան հնդկացիների զենքեր, պարսկական գորգեր, Ջորջ Ուաշինգթոնի փորագրանկարների բնօրինակներ: Հարուստ է նապոլեոնյան հավաքածուն՝ փորագրանկարներ, կայսեր՝ Էլբա կղզի աքսորվելուց առաջ իր գեներալներին հղած հրաժեշտի խոսքը, Նապոլեոնին, Ժոզեֆինային և գեներալներին պատկերող ճենապակի Դրեզդենից… Թանգարանում է պահվում Մարտին Լութերի աստվածաշնչի գերմաներեն բնագիրը, Երկրորդ աշխարհամարտին վերաբերող առարկաներ, մամուլ և լուսանկարներ: Այստեղ գործում է նաև գրադարանը, որտեղ կան բազմաթիվ արժեքավոր գրքեր մասնավորապես հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Թանգարանի պահապան հրեշտակը, շունչն ու ոգին Մեգի Մանգասարյան-Գոշինն է՝ ծնունդով բեյրութցի մի եռանդուն հայուհի: Մեգին Լոս Անջելես այցելող հայաստանցի գիտնականների թև ու թիկունքն է, ամեն վայրկյան ծառայելու պատրաստ: Մի իսկական «պճեղ մը անուշ սիրտ»: Մեգին սոսկ թանգարանում աշխատում է հասարակական հիմունքով, սակայն՝ ահռելի նվիրվածությամբ: Նա մեծագույն խանդավառությամբ թանգարանի համար հայթայթում է նորանոր ցուցանմուշներ և գրքեր, նրա հարկի տակ պարբերաբար դասախոսություններ կազմակերպում: (Մեգիի խնդրանքով ես նույնպես մայիսի 22-ին հանդես եկա «Հայաստան-Շվեդիա. հին և նոր առնչություններ» թեմայով անգլերեն զեկուցմամբ): Թանգարանի գործին անմասն չեն մնում նաև նրա համակրելի ռումինահույն ամուսինը և դուստրերը՝ Քրիստինան և Քարինան, որոնք որոշ չափով հայկական կրթություն են ստացել:

Անակնկալ էր իմանալ, որ այն անձնավորությունը, որի անունով կոչվում է թանգարանը, այսինքն՝ ճարտարապետ Լութեր Էսքիջյանը, տակավին ողջ է: Եվ Քալիֆորնիայում իմ կեցության օրերին Մեգին մի օր ինձ տարավ Փասադինա, որտեղ, մի շքեղագույն տանը բնակվում է կյանքի տասներորդ տասնամյակը թևակոխած Լութեր Էսքիջյանը՝ տիկնոջ՝ ծնունդով վանեցի տիկին Աննա Էսքիջյանի (ծնյալ Հացագործյան) հետ: Մեգիի և նրա կրտսեր դստրիկի հետ հայտնվեցինք տան երկրորդ հարկում գտնվող մի ընդարձակ հյուրասենյակում, որ թանգարանային սրահ էր հիշեցնում՝ պատերից կախված քարտեզներով, գեղանկարներով, տանտիրոջ ստացած բազմաթիվ պատվոգրերով, քանդակներով: Ինքը՝ պարոն Էսքիջյանը, գերազանց խնամված արտաքինով, նստած էր անվասայլակին և խոսում էր միայն անգլերեն, խոսում էր խռպոտ և թույլ ձայնով (այդ իսկ պատճառով հետագայում չափազանց դժվար էր ձայնագրությունից տեքստ կազմելը, այս հարցում ինձ մեծապես օգնեց իմ ամերիկացի բարեկամուհի, գրող Քրիսթալ Քուքը):

Մարտին Լութեր Էսքիջյանը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 1-ին, լեռնային Սիրիայի փոքրիկ Էքիզ-Օլուխ գյուղում, որտեղ գործում էր նրա հայրը՝ բողոքական գործիչ Հովհաննես Էսքիջյանը: Էքիզ-Օլուխի ավետարանական եկեղեցին և համայնքը տուժել էին 1909 թվականի Ադանայի և շրջակայքի կոտորածների ժամանակ: Այստեղ Էսքիջյանը վերաշինել է եկեղեցին: Առաջին աշխարհամարտի տարիներին կնոջը և զավակներին տեղափոխել է Հալեպ: Այստեղ Հովհաննես և Գյուլենիա Էսքիջյանները դարձել են ընդհատակյա մարդասիրական շարժման եռանդուն գործիչներ: 1915–1918 թվականներին նրանք գաղտնաբար օժանդակել են Հալեպ եկած բազմաթիվ հայ որբերի, իրենց տան նկուղում ապաստանել հայ մտավորականների: (Հետագայում ԱՄՆ-ում Լութեր Էսքիջյանը բազմիցս հանդիպել է իր հոր փրկած որբերին): Վերապատվելի Էսքիջյանի մահից հետո (1916) նրա այրին՝ Գյուլենիան, աշխատել է ամերիկյան Կարմիր խաչում, մինչև որ երկու որդիների՝ Լութերի և Հովհաննեսի (Ջոնի) հետ տեղափոխվել է ԱՄՆ: Վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի կյանքի և գործունեության մասին է պատմում գերմանացի պատմաբան Հիլմար Քայզերի «Դեր Զորի խաչմերուկի վրա. մահ, վերապրում և ընդհատակյա մարդասիրական դիմադրություն Հալեպում, 1915–1917 թթ.» անգլերեն աշխատությունը, որը հեղինակը գրել է Լութեր Էսքիջյանի և նրա դստեր՝ Նենսիի համագործակցությամբ: (Նենսիից բացի, որն իր հերթին ավետարանչական եկեղեցու պատվելի և փաստաբան է, Էսքիջյան ամուսիններն ունեն ևս երկու զավակ՝ Մարտինը, որ «Արարատ Էսքիջյան թանգարանի» նախագահն է, և Քերոլը, որն ամուսնացած է ճանաչված կինոարտադրիչ Հաուարդ Կազանջյանի հետ):

Լութեր Էսքիջյանն ինքը, ամերիկացիների ասած՝ «self-made man» է, որ միանգամայն աղքատ վիճակում հայտնվելով Միացյալ Նահանգներում և սկսելով զրոյից՝ տարիների տքնանքով իր համար ստեղծել է բարի անուն և նյութական բարեկեցություն, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ ամերիկյան ճարտարապետական և շինարարական մեծ ընկերություններում, ունեցել հասարակական եռանդուն գործունեություն ամերիկյան և հայկական շրջանակներում: Նրա նախագծերով ամերիկյան զանազան քաղաքներում կառուցվել են տասնյակ փոքր եկեղեցիներ՝ հայկական, անգլիկան և աֆրոամերիկյան: Եղել է նաև Հայկական Աստվածաշնչյան քոլեջի (այժմ՝ Էմանուել Աստվածաշնչյան քոլեջ) հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Նա վախճանվեց 2007 թվականին։

Լութեր Էսքիջյանի հետ 2004-ին իմ վարած հարցազրույցը տալիս եմ թարգմանաբար, որոշ կրճատումներով: Խոսակցության ընթացքում իննսունամյա ծերունին հաճախ շեղվում էր, տալիս մանրամասներ, իսկ հոր մասին պատմելիս նա արտասվեց… Սակայն ընդհանրապես նրա միտքը արթուն էր, հիշողությունը՝ պայծառ, այնպես որ, կարծում եմ, հարցազրույցը կայացավ:

–Պարո՛ն Էսքիջյան, ես չափազանց տպավորված եմ, որ այստեղ՝ Քալիֆորնիայում, գործում է Ձեր հիմնադրած թանգարանի պես մի հաստատություն: Կխնդրեի Ձեզ պատմել, թե ինչպես հիմնադրվեց «Արարատ Էսքիջյան թանգարանը»:

–Իմ անունը Լութեր Էսքիջյան է… և ինձ հետ հարցազրույց է վարում… ինչ էր քո անո՞ւնը… Ասպե՞տ… Արծվի՞ , երբեք չեմ լսել այդպիսի անուն: Մայիսի 21-ն է, 2004 թվականի: Այս պարոնը եկել է Մեգիի և նրա դստեր հետ։ Իսկական թանգարանի մարդը Մեգին է, ոչ ես: Թույլ տվեք պատմել սկզբից: Իմ Մարտին Լութեր անունը ցույց է տալիս, որ հայրս կրոնական հակում ուներ: Նրա հայրը գլխատվել էր Ուրֆայում 1895-ի կոտորածների ժամանակ, և հորս ապատան էր տվել Ուրֆայում գտնվող մի ամերիկացի միսիոներուհի: Նա ուսուցանել է հորս Աստվածաշունչը, քանի որ ուղղափառները ոչինչ չգիտեն Սուրբ Գրքի մասին, նրանք միայն կատարում են այն, ինչ որ իրենց ասվում է: Հայրս լավ ուսոմնասիրել է Աստվածաշունչը և դարձել կրոնական: Ամուսնացել է մորս հետ, մեկնել Հալեպ և եկեղեցի բացել այնտեղ: 1914–1915 թվականներին նրանք մի նոր շենք են սկսել կառուցել, որն այդպես էլ չի ավարտվել, այնպես որ ինձ բախտ վիճակվեց 30 թե 40 տարի առաջ ավարտել եկեղեցու շինարարությունը՝ ի հիշատակ նրանց: Կարծում եմ՝ հայրս հիանալի անձնավորություն է եղել: Հալեպում նա հազարավոր մարդկանց է փրկել: Հարյուրավոր մարդիկ գնացել են ճամբարները և հավաքել երեխաներին: Նա օգնել է հիմնադրել մի որբանոց և պահպանել նոր սերունդները: Նա աշխատել է մարդկանց մեջ, ովքեր մահացել են և մեռնում էին ճամբարներում: Հայրս գաղթականներից հավաքել է ամբողջ ինֆորմացիան Թուրքիայում կատարվող իրադարձությունների մասին, գրել զեկուցագրեր և ուղարկել Հալեպի ամերիկյան հյուպատոս Ջեքսոնին, որն էլ իր հերթին դրանք ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ դեսպան Մորգենթաուին: Սակայն թուրքերը բացահայտել են այդ և եկել են կախաղան հանելու հորս, սակայն դրանից մեկ օր առաջ հայրս արդեն վախճանվել էր տիֆից:

Հալեպում մեր ընտանիքի մնալը վտանգավոր էր, ուստիև մայրս ինձ և եղբորս Այնթապ տեղափոխեց: Գերմանացի զինվորականներն Այնթապի շրջան էին հասել: Նրանք սպանում էին փողոցում հանդիպող յուրաքանչյուր հայի: Մեր բնակած տանը երկրորդ հարկ տանող աստիճանները դրսի կողմից էին, թուրքերը կարող էին մեզ կես մղոնից նկատել և կրակել: Գերմանացիները լավ էին մարզել նրանց: Չգիտեմ, թե որտեղից էին նրանք ձեռք բերել իրենց հրացանները, սակայն հայերի զենքերը հաշվառել էին մինչև կոտորածը: Նրանք հավաքել էին մեզնից մեր բոլոր հրացանները, որպեսզի հետագայում ոչնչով չկարողանանք պաշտպանվել: (Երբ ԱՄՆ-ում խոսեն զենքերը հանձնելու մասին, ես երբեք չեմ անի դա. ես զինվորական եմ, զենքն ինքնապաշտպանության և ընտանիքդ պաշտպանելու համար է, քանի որ դու երբեք չգիտես, թե ինչ կպատահի¤։ Վեցուկես տարեկանում ես ուտելիք եմ տարել հայերին, ովքեր Այնթապում կռվում էին թուրքերի դեմ: Այսպիսով, ստացվում է, որ ես մասնակցել եմ թե՛ Առաջին և թե՛ Երկրորդ աշխարհամարտերին: Իմ ռազմական գործունեությունը մեծ պատիվ եմ համարում՝ այս երկրին ծառայելու համար:

Հիմա՝ թանգարանի մասին: Երբ մենք այս երկիր եկանք, ես յոթ տարեկան էի, և ապրուստ հայթայթելու համար մայրս սկսեց զբաղվել գորգեր նորոգելով: Նա չգիտեր ինչպես անել այդ, սակայն անում էր: Մենք գնում էինք Փասադինայի ամենալավ տները, Փասադինայի մի մասը կոչվում է Միլիոնատերերի ճանապարհ, և հարուստներ էին ապրում այնտեղ, որ ավելի հարուստ էին, քան հիմիկվանները: Այսպիսով ես մուտք էի գործում աշխարհի ամենահարուստ տները, տերերը լիմուզիններ ունեին, սպասուհիներ… և ես տեսնում էի, ինչպես են նրանք ապրում: Փոքր տարիքում ես աշխատում էի մի տիկնոջ և մի պարոնի մոտ, նրանք ինձ շատ լավ էին վերաբերվում, վճարում էին ժամը 15 կամ 20 սենթ, և դա տնտեսական ճգնաժամի տարիներին էր: Եվ ես կարող էի ձեռք բերել երկու կամ երեք շատ գեղեցիկ առարկաներ: Դա թանգարանի սկզբնավորումն էր:

Այնուհետև, երբ ճարտարապետություն էի ուսանում, ես միավորում էի դասական ճարտարապետությունն անցյալի նկարիչների և քանդակագործների գեղեցիկ աշխատանքների հետ: Ճարտարապետությունը միակ ձևն է, որի մեջ կարող ես դրանք միավորել: Ես մի լավ հավաքածու ունեի, և բախտս բերել էր, որ ունեի բարեկամներ՝ Հայաստանից կամ Լիբանանից, որ ունեին դրամների, նամականիշերի հարուստ հավաքածուներ: Ես դրոշմաթղթերի շատ հավաքածուներ եմ գնել ամերիկյան խանութներից, քանի որ նրանք հատուկ գնորդներ չունեին դրանց համար: Ես գնել եմ մեծ քանակությամբ հայկական, հռոմեական և հունական դրամներ: Գնում էի և մի կողմ դնում: Հետո Երկրորդ աշխարհամարտը սկսվեց, ես ճակատ մեկնեցի, նախ որպես շարքային, ապա՝ սերժանտ, սպա, ծառայեցի ինժեներական կորպուսում և օդուժում: Ինժեներական կորպուսով մեկնեցինք Եվրոպա` 35 մարդուց բաղկացած մի փոքր դասակով: Աշխատում էինք քսանչորս ժամ շարունակ: Մի անգամ գլխավոր ինժեներ սպան ինձ մի նկար ցույց տվեց և հարցրեց, թե որքան ժամանակում կարող եմ այն արտանկարել: Պատասխանեցի, որ մի քանի ժամում, ինչը նրան անհնարին թվաց: Ես լավ էի նկարում, ուսանել էի ճարտարապետություն և մինչև պատերազմ գնալս՝ արդեն շենքեր էի կառուցել: Այդ ինժեներ սպան ինձ տեղափոխեց իրենց մոտ՝ աշխատելու ողջ Եվրոպայի գլխավոր ինժեներ սպայի հետ: Ես հետևեցի Փեյշընի բանակին, որ գնում էր Բեռլին: Երբ քաղաքը գրավեց, այնտեղ մի մեծ շինություն կար, որը ցանկանում էին հիվանդանոցի վերածել և անմիջապես պետք ունեին այդ շինության գծագրի: Ես կարող էի չափել այդ շենքը և նկարել, հետո ինժեներները պիտի գային և հետևեին, թե որտեղ տեղակայեն վիրահատարանը, դիարանը… Ես մի երկու օրում նկարեցի շենքը և տվեցի նրանց: Հետո գնում էինք մյուս քաղաքները: Ես կարողանում էի մշտապես կանգ առնել հնությունների կամ գրքերի խանութների մոտ, հավաքում հրաշալի առարկաների հավաքածուներ և տուն ուղարկում: Ամենագեղեցիկ բյուրեղների մի մեծ արկղ ճանապարհին կորավ, բայց այդուհանդերձ ես բազմաթիվ գեղեցիկ առարկաներ ձեռք բերեցի և տուն տարա: Այնուհետև շարունակեցի իմ հայկական հավաքածուն, և շուտով հասկացա, որ շատ կարևոր է այն շարունակելը: Դա պետք էր նաև ծանոթացնել հայ ժողովրդի հետ: Սկսեցի տանել թանգարանները: Ես իմ երեք-չորս այլ ծանոթներիս հետ հիմնեցինք Հայ դրամագիտական ընկերակցությունը, որը գործում է արդեն երեսուն-քառասուն տարի: Ընկերակցությունն ինձ տեղ տվեց՝ ընդլայնելու համար հավաքածուս: Արդեն մենք պետք է թանգարան ունենայինք: Ես օգնություն էի ցույց տալիս Լոս Անջելեսի «Արարատ» ծերանոցին, երբ նրանք դեռ հին տեղում էին, և գիտակցեցի, որ հնարավոր մի առնչություն կարող է լինել դրա և իմ հավաքածուների միջև: «Արարատի» ղեկավարությունը սկսեց խոսել նոր շենքի մասին: Ես նրանց համար գծագրեր արեցի, որի մեջ ընդգրկեցի նաև թանգարանը: Եկեղեցի և թանգարան: Մենք միջոցներ չունեինք, ուստիև սկսեցինք դրամահավաքի գործը՝ նվիրատուներին ցույց տալով մի գունավոր պատկեր, թե ինչ ենք ցանկանում ստեղծել: Մարդիկ գիտեին, որ ես ցանկանում եմ թանգարան հիմնել: Երբ նոր տարածք գնեցին, մենք գնացինք այնտեղ: Եկեղեցին այստեղ պիտի կառուցվի, թանգարանը՝ նույնպես: Գումարներ հայթայթեցինք: Ինձ ցույց տվեցին մի քանի ճարտարապետական ձևեր, որոնցից ոչ մեկն ինձ վրա տպավորություն չթողեց: Վերջապես Բևըրլի Հիլզի ֆիրմաներից մեկը ներկայացրեց մի նկար, որը գերազանց կլիներ մեր նախագծի համար: Ի դեպ, նրանք հայերի մեջ գործած միակ ճարտարապետական հիմնարկն էր, որի աշխատակիցները հայեր էլ չէին: Նրանք այցելեցին իմ թանգարանը և եկեղեցին և գրեցին մի գերազանց երաշխավորագիր: Այնուամենայնիվ, ոչ մի հայ ճարատարապետ ինձ երբևէ չի ասել, թե դա լավ է կամ վատ: Այս մասին մի՛ գրիր…

–Թույլ տվեք, այնուամենայնիվ, գրել այս մասին՝ ցույց տալու համար մեր ազգի զավակների անտարբեր վերաբերմունքը մի այնպիսի կարևոր իրադարձության վերաբերյալ, ինչպիսին օտար ափերում հայ եկեղեցու կառուցումն է…

–Լավ: Շարունակեմ պատմությունս: Ես այդ ֆիրմային ասացի, որ դրամ կհավաքեմ եկեղեցու և թանգարանի համար: Մի հարևան ունեի, որի անունը Ջոն Շին էր, դա հրեական անուն է, սակայն նրա իսկական ազգանունը Գյովքալայջյան էր[1]: Ես նրան մոտավորապես 25 տարի օգնել եմ իր իրավական գործունեության մեջ: Նա շատ հարուստ մարդ էր: Ես նրան ցույց տվի ծրագրված եկեղեցու նկարը, նա հավանեց այն և ասաց, որ կֆինանսավորի շենքի կառուցումը: Նա հանձն առավ վճարել եկեղեցու համար, իսկ ես պետք է գումարներ հայթայթեի եկեղեցուն կից կառուցվելիք թանգարանի համար: Այդպես էլ կատարվեց: Կարծում եմ՝ եկեղեցին հայ ճարտարապետության գերազանց օրինակ է: Թանգարանը ճիշտ տեղում է կառուցված: Ես եմ նախագծել հիվանդանոցի շենքը, կատարել ողջ ինժեներական գործը: Իմ ողջ ժամանակը ես տրամադրում էի գումարներ հավաքելուն, և հաջողեցրի այդ գործը: Իմ կողմից տրամադրել եմ 50.000 դոլար: Այդ թանգարանին նվիրած իմ առարկաների ընդհանուր գումարը 550.000 դոլարից ավելի է: Այսպիսով, ես կես միլիոնից ավելի նվիրատվություն եմ կատարել թանգարանին: Ես շատ բախտավոր եմ, որ կարողացել եմ նման գործ կատարել: Թանգարանի գործերը լավ են ընթանում: Ես մի քանի կամավոր աշխատողներ ունեմ: Իմ սիրելի Մեգին և նրա ընտանիքը մեծ օգնություն են ցույց տալիս: Նա թանգարանի փոխնախագահն է: Նրա փոխնախագահ լինելու միակ պատճառն այն է, որ իմ որդին է նախագահը…

–Պատմեք, խնդրեմ, թանգարանի ցուցանմուշների մասին:

–Ես բազմաթիվ գեղեցիկ քարտեզներ ունեմ: Ես հայկական նամականիշների լավ հավաքածու ունեմ: Դրամների լավ հավաքածու ունեմ, հին ժամանակների, մեծամասնությունը կիլիկյան դրամներ են՝ 10-րդ կամ 11-րդ դարի: Ոչ շատ արժեքավոր, բայց մի քանիսը լավն են: Դրանցից մի քանիսը մի քանի հազար դոլար արժեն: Ես ունեմ Կոստանդին Բ-ի դրամը, որն աշխարհում միակն է և արժե թերևս 5000 դոլար: Ունեմ լուսանկարների հավաքածու՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից, Հիտլերից: Ես եղել եմ Հիտլերի գրասենյակում, որտեղ լուսանկարների մեծ հավաքածու կար: Ես աստվածաշնչյան հավաքածու ունեմ՝ Սուրբ Գրքի բոլոր դրամներից բաղկացած: Այսինքն՝ բոլոր այն կայսրերի դրամները, ովքեր հիշված են Աստվածաշնչում: Մի շատ անսովոր իր ունեմ իմ այդ աստվածաշնչյան հավաքածուում՝ մարդու կարծրացած գանգ, որ գտնվել է Մեռյալ ծովից: Դա այն տեղն է, որտեղ եղել են Սոդոմը և Գոմորը: Տպագիր նյութեր շատ չունեմ, սակայն ունեմ նապոլեոնյան ցուցանմուշների հիանալի հավաքածու: Իմ ունեցած Նապոլեոնի պատկերով գոբելեններն ավելի լավն են, քան Փարիզի նապոլեոնյան թանգարանում գտնվողները: Եգիպտական իրեր էլ կան, և փորագրված մի փայտե տախտակ, որը չէիր կարող երկրից դուրս բերել: Ես գրքերով լեցուն մի պայուսակ ունեի, և այդ տախտակը գրքի նման էր, ուստիև թողեցին դուրս տանել: Իմ հավաքածուում կան նաև դինոզավրի ոսկորներ: Գոբելեններ: Իմ գծագրերը: Ես թանգարանին նվիրել եմ Հայոց եղեռնի մասին իմ ունեցած գրքերից 151-ը: Թանգարանը հայտնի դարձավ, երբ Մեգին հասավ օգնության:

Իմ նպատակն է եղել թանգարանը հասանելի դարձնել հայ ժողովրդին, քանի որ երբեք այս առարկաները կրկին չեք կարող ունենալ մի տեղում: Ռազմական կաբինետում կա հայերի պատրաստած մի ինքնաշեն հրացան: Թուրքերն ունեին գերմանական հրացաններ, որ կարող էին սպանել ամեն ինչ հեռավորության վրա, մինչդեռ մեր հրացանը գործնականում ոչինչ չէր կարող անել: Թանգարանում կա նաև մի կաբինետ, որտեղ պահվում են հայոց պատմական առարկաներ, գեղեցիկ ոսկերչական իրեր… Այս ամենը պետք է պահպանվեն հայ ժողովրդի համար, ոչ թե պատկանեն մեկ անհատի:

–Ի՞նչ կցանկանայիք Հայաստանի ժողովրդին:

–Այնտեղ պետք է ներդաշնակություն լինի: Տարաձայնություններով վիճակը կվատթարանա: Առաջին հերթին ներդաշնակություն պետք է լինի կառավարության մեջ: Նկատի ունեմ այնտեղ տիրող կաշառակերությունը և կոռուպցիան: Ինչպե՞ս կարող են որոշ մարդիկ ամենագեղեցիկ մերսեդեսներն ունենալ և ուրիշները մուրացկանությամբ զբաղվեն: Այդպես չի լինի: Մի բարեկամ ունեմ՝ Սթիվ Լազարյանը, որի խնամակալության տակ 1500 կամ 1600 երեխա կա: Նա սնունդ և հագուստ է ապահովում նրանց համար: Հայկական Խորհրդի Առաքելությունը հրաշալի աշխատանք են կատարում: Ողջ գումարը, որ դու ներդնում ես Հայաստանում՝ ոչ մի օգուտ չի բերի, եթե դա չարվի առանց Աստծո օգնության և մարդկանց մեջ՝ ներդաշնակության:

Ալթադինայի Ռոթարի ակումբում որի անդամն եմ (մի ժամանակ նախագահն եմ եղել), ես մի նախագիծ ունեմ՝ Հայաստանի գյուղացիներին վարկեր տրամադրելու համար, որպեսզի նրանք կարողանան գնել խոշոր եղջերավոր անասուններ, սերմեր կամ աշխատանքի գործիքներ: Այդ նպատակով մենք հավաքեցինք 10.000 դոլար: Մենք ցանկանում ենք, որ բուժքույրեր մեկնեն աշխատելու, գյուղատնտեսության գծով օգնականներ:

Մի անգամ ես հեռուստատեսություն էի հրավիրվել, և հարցազրույցը վարող կինն ասաց, որ դժվար է հայերի հետ ապրելը, բայցև նշեց, որ Գլենդեյլում հայերը բարձրացրել են անշարժ գույքի գները, բիզնեսը հրաշալի է: Երկու կամ երեք սերունդ պետք կլինի, որպեսզի ի հայտ գան ամերիկյան ձևով մտածող մարդիկ: Եթե դու կառչած մնաս քո հին գաղափարներին և մշակույթին՝ զարգացում չի լինի: Ես երեխա էի, երբ եկա այստեղ, և ես ամրեիկացի դարձա իմ ընկերների շնորհիվ, նաև այն եկեղեցիների, որոնց միացա: Բայց եթե դու ամբողջ ժամանակ մնաս հայկական մշակույթի մեջ, դու չես կարող տարածվել տեղական մշակույթի մեջ: Մեր առաջնորդների օրինակը կարևոր է: Մեր եկեղեցու առաջնորդները պետք է լինեն ոչ թե հայաստանցիներ, այլ ամերիկահայեր:

Աստված օրհնի հայ ժողովրդին:

…Ողջ կյանքն Ամերիկայում և ամերիկահայոց համար գործած Լութեր Էսքիջյանից մի հետք առկա է նաև Երևանում: Մի քանի տարի առաջ Ծիծեռնակաբերդի բարձունքին, մարզահամերգային համալիրից ցեղասպանության թանգարան տանող ճեմուղիում տեղադրվեց «Մոխիրներից հառնող մայր Հայաստանը» քանդակի կրկնօրինակը, որի բնօրինակը գտնվում է «Արարատ-Էսքիջյան թանգարանի» բակում: Հեղինակը քանդակագործ Հարութ Հալեպյանն է, իսկ գաղափարը և ձևավորումը՝ Լութեր Էսքիջյանինը, որն էլ նվիրաբերել է այդ ստեղծագործությունը Հայաստանի մայրաքաղաքին…

Zoom Image

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[1] Ամերիկահայ խոշոր առևտրական գործիչ, մեծահարուստ Ջոն Շին-Գյովկալայճյանը եղել է Մեծ եղեռնի որբերից, որ փրկվել է էստոնացի միսիոներուհի Հեդվիգ Բյուլի շնորհիվ: ԱՄՆ-ում զբաղվել է եկեղեցական կահույքի արտադրությամբ: Իր մահվան տարում (ապրել է 97 տարի) Շինը համաձայնվել է կես միլիոն դոլար տրամադրել հայկական եկեղեցու կառուցմանը այն պայմանով, որ այն դառնա բոլոր հայերի հավաքատեղի՝ լուսավորչական, կաթոլիկ թե ավետարանչական: Նրա անունով «Արարատ» ծերանոցի մոտի եկեղեցում կանգուն է Գէօվկալայճեան մատուռը:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1781
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott