artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Երաժշտություն գրելն ինձ համար թերապիա է: Թամար ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ բարձրացող աստղը

Article image ...Տեսահոլովակում բացմանուշակագույն ծաղիկների դաշտ է, որով վազում ու երգում է վճիտ գեղեցկության տեր նրբաշուք մի աղջիկ… Մերթ էլ նա հայտնվում է դաշնամուրի առաջ, որը նույնպես մանուշակագույն դաշտում է, նվագում և օդը լցնում է իր երգի հնչյուններով… Say good-bye, say good-bye... Say hello, say hello ("Ասա ցտեսություն... Ասա ողջույն"), կրկներգում է նա՝ ասես հաստատելով կյանքի "ողջույն-հրաժեշտի" փիլիսոփայությունը…

Ահա այսպես է ներկայանում ամերիկյան փոփ մշակույթի բարձրացող աստղերից մեկը՝ 24-ամյա Թամար ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ իր "Նոր օր" երգի հոլովակում… Միջազգային "գլամուրային" աշխարհում հայրենակիցներ փնտրել սիրող մեր մամուլը հավանաբար տակավին չի հայտնաբերել Թամար Գաբրիելյանին… Չնայած թողարկված ընդամենը մեկ ձայնասկավառակին՝ երկրպագուների մեծ քանակն արդեն որոշակի ժողովրդականություն է ապահովել այս երգչուհի-երգահանի համար… Դրան հիմնականում նպաստել են Գաբրիելյանի հեղինակած անպաճույճ, մեղեդային երգերը, նաև դուրեկան ձայնն ու անվիճելի հմայքը… "Նրա ձայնը գեղեցիկ է, երգի բառերը գեղեցիկ են, ինքն էլ գեղեցիկ է", գրել է երգչուհու երկրպագուներից մեկը… Ի տարբերություն շատ երգող գեղեցկուհիների՝ Թամարը չի շեշտում իր բարեմասնությունները… Նրա երգերը և տեսահոլովակները կարիք չունեն սեռազգայուն համեմունքների, ոչ էլ Թամարը` իր շուրջը թևածող կիսամերկ մարմինների… Անգամ օժտված չլինելով մեծ ձայնածավալով՝ Թամարն իր երաժշտական անհատականությամբ կարողանում է հուզել այսօրվա փոփ մշակույթում գնալով հազվադեպ դարձող իր անհավակնոտ, խորհել տվող, հուսադրող, խաղացկուն երգերով…

Թամար Գաբրիելյանի անունը հատկապես հայտնի է դարձել 2008-ի մարտին, երբ հաղթող ճանաչվեց "Ուան րիփաբլիք" խմբի "Ափոլոջայզ" երգի կատարման մրցույթում… Երգի հեղինակ Ռայան Թեդերը նպաստել է, որ Թամարը գրավի "Ինթերսքոփ րիքորդս" ֆիրմայի ուշադրությունը, որն էլ դրանից կարճ ժամանակ անց պայմանագիր է կնքել երիտասարդ երգչուհու հետ… "ՎԱՔՍ" ընկերությունը թողարկել է Գաբրիելյանի "Նոր օր" երգը, որ դարձել է նրա առաջին սինգլը… 2010-ի օգոստոսին "Ինթերսքոփ րիքորդսը" թողարկել է Թամար Գաբրիելյանի առաջին խտապնակը՝ "Մեղավոր կամ սուրբ" սադրիչ վերտառությամբ… Թամարի ասելով՝ այս հավաքածուն ամփոփոում է իր կյանքի փորձառությունները՝ անցած ութ տարիների ընթացքում… Այստեղ նա առժամանակ թողել է իր փոփ երգերը՝ նպատակ դնելով ներկայացնել ռոքի տղամարդ լեգենդներ "Քուինի", Փոլ Մքքարթնիի և Սթինգի երգերի կանացի մեկնաբանությունները… "Մարտյան առավոտների", "Էլինոր Ռիգբիի" և "ռոքի զինանոցի առաջնակարգ այլ "փամփուշտների" կողքին տեղ է գտել նաև Թամարի "Նոր օրը" երգը, որ գրվել է աղջկա կյանքի վճռորոշ մի ժամանակահատվածում… Այդ ժամանակ նա կորցրել էր սիրելի պապիկին, աշխատանքային դժվարությունների մեջ էր... "Երգն արդյունք էր որոշ բաների հրաժեշտ տալու իմ որոշմանը… Ես հասկացա, որ երբեմն հին դռները պետք է փակվեն՝ նորը բացելու համար", պարզաբանել է երգչուհին… Սակայն այս խտապնակում Թամարի սիրած երգը սա չէ, այլ "Անձրևը դրախտում"-ը… Այն օրորոցային է, երգչուհին գրել է իր ապագա զավակների համար...

Թամար Գաբրիելյանը ծնվել է 1986-ին, Սքոթսդեյլում (Արիզոնա), երաժիշտի ընտանիքում… Նրա ասելով իրեն անվանակոչել են մի հայ իշխանուհու պատվին. ամենայն հավանականությամբ նա նկատի ունի "Ախթամար" ավանդության հերոսուհուն… Ծնողները հայ են (միայն մի տատիկը՝ իռլանդուհի), աղջկա հետ միշտ հայերեն են խոսել… Թամարն անգլերեն սկսել է խոսել հինգ տարեկանից, իսկ հայոց լեզվին այսօր էլ վարժ տիրապետում է… Աղջկա մանկությունն անցել է Ջորջիա և Կալիֆորնիա նահանգներում՝ շրջապատված սիրով և երաժշտությամբ… Հայրն ամեն օր դաշնամուր և կիթառ է նվագել ու երգել… Թամարի ասելով՝ որքան իրեն հիշում է, երգում է և երգեր է հորինում… "Մայրս ասում է, որ ես երգում էի՝ նախքան խոսելս… Մեկ տարեկանում ես արդեն կատարել եմ իմ տարեդարձի երգը"… Մինչև 16 տարեկանը հաճախել է բալետի դասընթացների… Սկզբնապես Թամարն ազդվել է Դիսնեյի դասական մուլտֆիլմերի երգերից, սակայն երաժշտության հանդեպ իրական սերն ի հայտ է եկել, երբ աղջիկը սիրահարվել է Բիլի Ջոելի և Փոլ Մքքարթնիի կատարումներին… Նրա երաժշտական լեզվի ձևավորման մեջ որոշակի դեր են խաղացել նաև իր սիրելի ժամանակակիցները՝ Միկան, Շերիլ Քրոուն և Ալիշա Քեյզը…

"Երաժշտություն գրելն ինձ համար թերապիա է… Փաստը, որ ես ամեն առավոտ պիտի արթնանամ և անեմ այն, ինչը սիրում եմ անել, ինձ ամենից շատ է հուզում", ասում է Թամարը… Իսկ երաժշտությունից բացի նա սիրում է նաև նկարել, ձեռագործ աշխատանքներ ստեղծել, զբաղվել ընթերցանությամբ...

Թամար Գաբրիելյանի մասին խոսելիս ամերիկացիները մշտապես նշում են նրա համեստությունն ու ինքնատիպությունը, որ նա տարբերվում է ճաշակով, նախասիրություններով, մտածողությամբ… Ամենասիրած կինոնկարը "Երաժշտության հնչյուններն" է… Սիրում է ֆրանսիական մշակույթը և խոհանոցը, Փարիզն իր ամենասիրելի վայրն է… Նախընտրում է վանիլի բույրը… Ամենամեղսալի արարքը համարում է այն, որ սիրում է ինչ-որ բան թխել՝ խոհանոցում կարճ շալվար և բարձրակրունկ կոշիկներ հագած… Տարված է բուդդայականությամբ, տանել չի կարողանում կատուներին… Շատ վատ մեքենա վարող է, երկու անգամ վթարվել է և անհաշիվ քանակությամբ տուգանքներ վճարել… Եթե կարողանար վերադարձնել անցյալը՝ կնախընտրեր ապրել հին Եգիպտոսում, փարավոնական ժամանակներում...

Աշխարհասփյուռ հայությունը հենց սկզբից քաջալերում է Թամար Գաբրիելյանին՝ նրա տաղանդն ու համեստությունը հակակշռելով մեկ այլ հայանուն գեղեցկուհու՝ Քիմ Քարդաշյանի "արժանիքներին"… Հայության ակնկալիքներն ու սպասումներն այս նորածագ աստղից շատ են, և ամենայն հավանականությամբ՝ միանգամայն իրականանալի… Որոշ երկրպագուներ արդեն իսկ ցանկություն են հայտնել, որ Թամարը Հայաստանը ներկայացնի հաջորդ Եվրատեսիլում (՞՞՞), ինչին երգչուհին դրականորեն է արձագանքել… "Ես շատ հպարտ եմ՝ հայ լինելով… Պապիկս մեզ միշտ հորդորում էր չմոռանալ մեր հայ լինելը և միշտ հարգել մեր ժառանգությունն ու պատմությունը… Ես դեռ առիթ չեմ ունեցել Հայաստանում լինելու, սակայն մեծ ծնողներս և ծնողներս պատմել են, որ այն գեղեցիկ երկիր է… Ես իսկապես անհամբեր եմ, ուզում եմ հնարավորինս շուտ Երևան մեկնել", ասել է նա… Իսկ հայ երկրպագուների կայքէջում նա մինչև անգամ գրել է հետևյալ հայատառ ուղերձը (գրությունը թողնում ենք անփոփոխ). "Սիրելի բարեկամներ, ես շատ շնորհակալ եմ որ դուք իմ երգերս սիրում եք… Ես շատ սպասում եմ որ այն օրը գա, երբ ես Հայաստան ճամբորդեմ և այնտեղ բոլոր Հայերի համար երգեմ… Թամար Գաբրէլեան"…

Zoom Image

www.sobesednik.am

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1327
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott