surik.asmaryan
Logo

ՀԵՐԱԿԼ Բ ՎՐԱՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀ ԱԲԱՍԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ

Article image Ըստ մի ականատես հեղինակի անստորագիր հիշատակարանի Հերակլի՝ զգալի մասով Հյուսիսային Կովկասի ավազակաբարո լեռնականներից բաղկացած մեծաթիվ բանակը 1779 թվականի սեպտեմբերի սկզբներին արդեն գտնվում էր Արագածոտն գավառի Աշտարակ գյուղում։ Երկրի վրա կախված էր իսկական վտանգ։ Երևանի խանի զորքն, ի վիճակի չլինելով դիմադրել Հերակլի մեծաթիվ բանակին, նահանջելով գալիս ամրանում է բերդում։ Իր զորքով, յուրայիններով և խանության մահմեդական բնակչության մի մասով խանը փակվելով բերդում՝ խանության մահալները թողնում է բախտի քմահաճույքին։

Խանը կարծում էր, որ ինչպես նախորդ ժամանակներում, այնպես էլ այս անգամ, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի միջոցով կարելի կլինի լեզու գտնել Հերակլի հետ և ամեն ինչ կարգավորել խաղաղությամբ։ Նա համոզված էր, որ Սիմեոն կաթողիկոսը երկիրը ավերումից փրկելու գործով շատ է շահագրգռված, և որ Հերակլը մեծ հարգանքով է վերաբերվում նրա հետ։ Սակայն կաթողիկոսի կրկնակի հանդիպումները (մեկը Աշտարակում, իսկ մյուսը՝ Փարաքարում) Հերակլի հետ ոչ մի արդյունք չեն տալիս։ Վրաց թագավորը կտրականապես մերժում է հայոց կաթողիկոսի միջոցով խանի արած առաջարկությունը՝ հարկն ըստ տարիների մուծելու և պայմանը չդրժելու մասին։ Պատվիրակ կաթողիկոսին մերժելով՝ «հրամայէ Հերակլ մերձեցուցանել զերկոսին զռմբագործիւ առ բերդն ի հարաւային կողմանէ ի բլրոյն և ի կատարէ նորա հարկանել զամրոցն», — ասված է հիշատակարանում33։ Հերակլի զորքի մի մասը մի քանի ամիս Երևանի բերդը պահում է պաշարված դրության մեջ և ճիգ ու ջանք է գործադրում այն գրավելու։ Սակայն պաշարվածները եռանդագին պաշտպանվում էին, Հերակլի հրետանին անզոր էր էական վնաս հասցնել ամրացված բերդին34։ Եթե նրա զորքի այդ հատվածը ապարդյուն ջանքեր էր գործադրում բերդը գրավելու, ապա մյուս՝ մեծ մասը ջոկատների բաժանված ասպատակային արշավանքներ էր կատարում երկրում և ամայացնում, կողոպտում ու թալանում նրա գյուղերն ու շրջանները, գործադրում բռնություններ, գերեվարում մեծ թվով բնակիչների։ Երևանի խանությունում Հերակլի զորքի կատարած ասպատակությունները ժամանակակից հեղինակները համեմատում են Շահ-Աբաս I-ի, Մուրադ IV-ի և արևելյան մյուս բռնապետների ավազակաբարո զորքերի նվաճումների ու բռնությունների հետ։ Աղբյուրների վկայություններից պարզ երևում է, որ Հերակլը սկսելով արշավանքը՝ նպատակ էր դրել ոչ միայն Երևանի խանությունը նորից իր հարկատուն դարձնել, այլև ավերելով երկիրը և գերեվարելով մեծ թվով բնակիչների՝ թուլացնել երկիրը, որպեսզի այն միշտ մնա իր հովանավորության ներքո։ Դրան էր հետապնդում Հերակլը, երբ նախքան իր գալը լեզգիների ու թուրքերի ջոկատների միջոցով ավերման էր ենթարկում երկիրը. «Եւ ետ երկուց աւուրց ինքն արքայն հանդերձ Բ. որդովքն և անթիվ զօրօք եկն ի սահմանս Երևանու. և ոկսաւ զՂազախու տաճիկսն և զլեզկիս և զայլ բարբարոսս, որք ծարաւիք էին արեան քրիստոնէից՝ յառաջագոյն ասպատակ սփռել առ ի քակել և աւերել, թալանել և կողոպտել և վերջապէս հրդեհել զդիւղորայսն նախ քան զիւր հասանելն...»։ Նույն բովանդակությամբ հիշատակություններ ունեն նաև ուրիշ մի շարք աղբյուրներ։

Սակայն դրանով էլ չի բավարարվում։ Նրան անհրաժեշտ էր ավերումից, ամայացումից և կողոպուտից ու թալանից բացի, տեղահան անել նաև բնակչության հոծ զանգվածներ, որպեսզի դրանով իսկ Երևանի խանությունը թուլանա և այլևս ի վիճակի չլինի ըմբոստանալ իր դեմ։ Վերը նշված հիշատակագրի վկայության համաձայն, Երևանի բերդի դեմ մի քանի ամիս կռվելուց հետո Հերակլը, տեսնելով, որ էական հաջողություն չի ունենում, և բերդը մնում է անմատույց, իր հավատարիմների՝ մելիք Շաքրոյի, Միրզա Ռապիի, Բլուր գյուղից տեր Հովհաննեսի, ինչպես նաև Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցոլ միջոցով համոզում է Բայազետի կողմերը փախած հայերին՝ վերադառնալ իրենց հայրենի գյուղերը, ձևացնելով, թե ինքը եկել է ոչ թե նրանց պատժելու, կոտորելու կամ նեղություն պատճառելու, այլ պարսկական ծանր լծից ազատագրելու։ Սիմեոն Երևանցին Հերակլի ազնվության վրա ամենևին չէր կասկածում և իր նամակով համոզում է փախստականներին վերադառնալ իրենց հայրենի գյուղերը՝ վստահ լինելով, որ վրաց թագավորը նրանց կընդունի բարեկամաբար։

Շուտով պարզվեց, որ Հերակլը նենգաբար խաբել էր Բայազետից վերադարձած հայերին։ Դեռ իրենց գյուղերում լրիվ չտեղավորված և ճանապարհի փոշին չմաքրած՝ Հերակլի ամենաավազակաբարո զորքերը հարձակվում են նրանց վրա և ավարի ենթարկում նրանց ու Արարատյան աշխարհի մյուս գյուղերը, ոչնչացնելով և թալանելով նրանց ունեցվածքը, հրկիզելով տները, զավթելով բերքը. «Այլ խաժամուժն ամբողից զօրացն Հերակլայ սփռեալ ընդ աշխարհին տւար հարկանէր և ապականէր զգեօղս և զգաւառս Արարատայ, և ուտելով զբերս այգեաց և սեղխենեաց՝ ապականել լինէին և ինքեանք ախտիւք թանջից, մինչև կարի իսկ պակասիլ նոցա», — գրում է հիշատակագիրը։

Նույն հիշատակագիրը վկայում է, որ Երևանի պաշարումը տևում է երեք ամիս։ Հերակլի զորքերին ոչ մի կերպ չի հաջողվում գրավել բերդը։ Նրա հրետանին չնայած երկար ժամանակ ռմբակոծում էր, բայց ապարդյուն։ Երևանի բերդը մնում է կանգուն։ Մոտենում է ձմեռը, ցրտերը վրա են հասնում, Հերակլի զորքի մեջ տարածվում է մահաբեր հիվանդություն։ Բացի դրանից, Վրաստանի ներքին դրությունը խաղաղ չէր, Հերակլի երկարատև բացակայությունը կարող էր երկրում պատճառ դառնալ անցանկալի բարդությունների։ Ուստի վրաց թաղավորը վճռում է թողնել Երևանի բերդի պաշարումը և իր զորքով վերադառնալ Թփխիս։ Բայց միաժամանակ հիմնական նպատակին հասնելու համար նա Արարատյան աշխարհն ավերելուց բացի, որոշում է իր զորքի հետ միասին Վրաստան քշել հազարավոր հայ գերիների, որպեսզի դրանով ըմբոստ խանին հարկադրի նորից դառնալու իր հովանավորյալը։ Հատուկ ջոկատներ ուղարկելով հայկական գյուղերը՝ Հերակլը գերեվարում է բազմաթիվ բնակիչների, հատկապես Բայազետից վերա դարձածներին և իր զորքի հետ միասին քշում դեպի Վրաստան։ Հայոց գերիների թվումն էին Հախվերիս, Ալեթլու, Էվջիլար, Բլուր, Քյալակարխ, Շահրիար, Ղրդուղուլի և Աշտարակի բնակիչներն իրենց մելիքներով ու քեթխուդաներով հանդերձ, կողոպտելով նաև Արագածի հարավային լանջերին գտնվող բոլոր վանքերը։ Ժամանակակից հիշատակագիրը դառն կսկիծով է նկարագրում Հերակլի ձեռնարկած այդ շահաբասյան բռնագաղթը։ Նա գրում է. «Իսկ անցանիլ ամսոց երից մերձանայր ձմեռն, և զօրանայր հիւանդութիւն զօրուն՝ վասնորոյ խորհէր Հերակլն դառնալ յետս. որոյ վասն առաքէ զզօրս վարիչս այնց Հայոց զորս խափկանօք դարձոյց ի գաղթութենէ իւրեանց. զբանկիչս Հախուես գեօղի Բալասան մէլիքաւ նոցա. զբնակիչս Բլուր գեօղի Մինաս մէլիքաւնոցա. զԱլէթլու և զէւճիլար գիւղից բնակիչս քեաթխուդայիւք նոցա։ Այս Դ. գեօղք են յայնկոյս Երասխայ գետոյն, իսկ ի յայսկուսէ գետոյն Քեալակարխու բնակիչք և Սարգիսջան մէլիք նոցա. Շահրիարու բնակիչք և Յօհան քեաթխուդայ նոցա. Ղուրդուղուլու բնակիչք և խրտնած Յարութիւն քեաթխուդայ նոցա. Աշտարակ գեօղի բնակիչք և Գէորգ իշխան նոցա. զայս ութ գեօղի բոլոր բնակիչս, վարէ և խառնէ ընդ զօրս իւր, և չուեալ դառնայ ի Տփխիս»։

Ականատես հեղինակ Հարություն Արարատյանը վկայում է, որ գերեվարված և Հերակլի զորքի հետ Վրաստան տարվող բնակչությունը գտնվում էր ամենաողորմելի վիճակում ամբողջ ունեցվածքից զրկված, ցնցոտիների մեջ, բոկոտն և սոված։ Նրանց զգալի մասը ցրտից ու սովից զոհվում է ճանապարհին, ոմանք կարողանում են փախչել և փրկել իրենց կյանքը, իսկ մյուսները Թիֆլիս են հասնում օրհասական վիճակում։
Ժամանակակից հեղինակներից մեկը՝ Մարտիրոս Խալիֆան վկայում է, որ Հերակլը Երևանի վրա հարձակվել էր 40 հազար զորքով և երկիրն ավերելուց հետո իր զորքի հետ Տփխիս քշեց 150 գյուղերի 30 հազար բնակիչներ և մեծ քանակությամբ անասուններ: Նույնն է ասված նաև Անանուն Վանեցու տարեգրության մեջ:
Վրաստանում հայ գերիները չճորտացվեցին, բայց նրանց վիճակն աննախանձելի էր։ Ծանր հարկադիր աշխատանքներ կատարել տալուց հետո նրանց բնակեցրին գյուղերում և մասամբ Թիֆլիսի Հավլաբար թաղամասում։ Հետագայում դրանց մի մասին իրավունք տրվեց վերադառնալու իր ծննդավայրը, իսկ մյուսներն ընդմիշտ մնացին իրենց նոր բնակավայրերում։
Սակայն հարվածը միայն մեկ կողմից չէր։ Երևանի Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքի պատճառը համարում էր հայերին։ Նա առանց որևէ հիմքի պնդում էր, որ իբր Հերակլին նրանք էին հրավիրել և խոստացել ամեն ինչով օգնել նրան խանական իշխանոլթյունը տապալելու և Երևանի բերդը գրավելու համար։ Խանը հայերի վրա կասկածում էր դեռևս մինչև Հերակլի զորքերի կողմից Երևանի պաշարումը։ Ուստի այդ մտացածին դավադրությունը կանխելու համար կասկածամիտ խանը մի շարք հայ մեծամեծների որպես յուրահատուկ «պատանդներ» նախօրոք բերել է տալիս բերդը և այնտեղ պահում մինչև վրացական զորքի հեռանալը։ Հայ մեծամեծները դրանով չեն փրկվում։ Խանը նրանց ենթարկում է անմարդկային տանջանքների ու տուգանում մեծ գումարներով։ Նա ի սարսափ մյուսների՝ հայ մեծերից մեկին դատապարտում է մահվան43։ Խանի և պարսից մյուս մեծամեծների հորդորմամբ ծաղր ու ծանակի է ենթարկվում նաև Սիմեոն կաթողիկոսը, որին նույնպես կասկածում էին Հերակլի հետ գործակցելու մեջ։
Ավերումից, բռնություններից ու մասամբ թալանից փրկվեցին միայն Էջմիածնի վանքը և Վաղարշապատն ու շրջակայքի մի քանի գյուղերը։ Սիմեոն կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվում է դրանց բնակիչներին հավաքել Էջմիածին, որը բավական ամրացված էր, և մի կերպ լեզու գտնելով Հերակլի հետ նրանց փրկել թալանից, գերեվարումից ու կոտորածից։ Բայց վրաց թագավորը դրա դիմաց իբրև տուգանք կաթողիկոսից վերցնում է բավական պատկառելի մի գումար։ Սիմեոն Երևանցու բարեկամ ու կրտսեր ժամանակակից Ե. Խուբովը գրում է, որ մեր ժողովրդին հասած այդ ողբերգոլթյունը եղավ կաթողիկոսի մահվան հիմնական պատճառը45։

Վրաց թագավորության և Երևանի խանության միջև հարաբերությունները կարգավորվում են մի քանի տարի հետո միայն, Ղուկաս կաթողիկոսի օրոք, հավանաբար 1781 թվականի երկրորդ կեսին։ Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքից հետո երկրում ստեղծված ծանր դրությունը մի կերպ փոխելու միջոցը տեսնում է Վրաստան քշված բնակչության վերադարձի և ամայացած գյուղերը նորից բնակեցնելու մեջ։ Ըստ պատմական աղբյուրների, նա իր մեծ որդուն ընծաներով ու մինչև խռովությունը տրվելիք հարկով ուղարկում է Հերակլի մոտ և վերջինիս խնդրում թույլատրել գերեվարված բնակիչներից ցանկացողներին վերադառնալ իրենց տեղերը՝ նախկինի նման վրաց թագավորին հարկատու մնալու պայմանով. «Այլ զկնի երից ամաց և քանի ամսոց մնալու ժողովրդեան ի վրացտուն՝ Հուսեին-Ալի խանն երևանու առաքէ զմեծ որդի իւր զՂալում-Ալի իբր պատանդ առ Հերակլ և ընդ նմա ընծայ և զմասնաւոր զհարկն զոր տայր ամ յամէ նախ քան զխռովութիւնն, և խնդրէ ի նմանէ դարձուցանել յետս զտարագրեալսն յԵրևանու, հազիւ հազ յանձնառեալ նմա, հրամայէ զի որք կամիցին գնասցեն», — գրում է ժամանակագիրը։ Սակայն տեսնելով, որ գերված բնակչության մեծագույն մասը ցանկություն ունի վերադառնալու, սահմանափակում է վերադարձողների թիվը։ Այնպես որ նորից իրենց տեղերն են վերադառնում գերեվարված բնակչության միայն մոտ մեկ երրորդ մասը, իսկ Քյալակարխի, Ղուրդուղուլու և Գյոքքիլիսայի բնակիչներին ընդհանրապես արգելվեց վերադառնալ։

Ինչպես երևում է, Վրաստան գաղթեցրած բնակչությունը հանգիստ չի ունեցել նաև այնտեղ, իր նոր բնակավայրում։ Սկզբում թագավորը հրամայել է նրանց բնակեցնել Ղարայազում, ապա նրա կարգադրությամբ հաջորդաբար բնակեցնում են Լիլովում, Թիֆլիսում, նորից Ղարայազում և, վերջապես, Թելավում4: Դրանով չի ավարտվում գերեվարված բնակչության թափառումները։ Հերակլը կարգադրում է նրանց բնակություն հաստատել Թոփղարաղաջում, որն իր բնակլիմայական պայմաններով անհրապույր մի շրջան է, մշտապես ենթակա լեզգիների և լեռնական այլ ցեղերի ասպատակություններին։ Սակայն հայ քեթխուդաներն իրենց խնդրանքով ըստ երևույթին կարողացել են Հերակլի գութը շարժել և իրավունք ստանալ Թելավում մնալու4։ Բայց բնակչության մի մասը Թելավից ցրվել է այլևայլ շրջաններ, իսկ մի հատվածը, որը բնակվել էր Լավլաբարում, այստեղ էլ ընդմիշտ մնաց։ Հավլաբարում բնակվածները հիմնականում Երևան քաղաքից էին։

Հերակլ II-ի 1779 թվականի արշավանքն իր դաժանությամբ եզակի դեպք է հայ-վրացական հարաբերությունների պատմության մեջ։ Այդ անսպասելի էր նաև ժամանակակիցների համար, որոնք այնքան գովեստով են խոսել Հերակլի քաջության, արդարամտության, հայերի և ընդհանրապես քրիստոնեաների նկատմամբ ունեցած սիրո, Էջմիածնի Մայր աթոռի և նրա նշանավոր ներկայացուցիչ Սիմեոն Երևանցու հանդեպ ունեցած պատկառանքի մասին։ Հերակլի համար քաղաքական նպատակները բարձր էին ամեն ինչից։ Երևանի խանությունը, թեկուզ և անվանապես, իր ենթական դարձնելու համար նա պատրաստ էր զոհելու ամեն ինչ, նույնիսկ իր լավագույն բարեկամներին։

/ Թ. Հակոբյան, Երևանի 1500-1800 թթ պատմությունը, Էջ` 101-136
տես` http://armenianhouse.org/hakobyan-t/yerevan//

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1605
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott