ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նորության նկար «Ես դադարել եմ զարմանալ այն բանից, թե ինչպես մեկը մյուսի հետևից հաստատվում են Համբարձումյանի բոլոր վարկածները, որ նա մարգարեաբար արել է շատ տարիներ առաջ»:
ՅԱՆ ՕՈՐՏ


Մեծ աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի ՀԻՄՆԱԴԻՐ ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին:

Նրա հայրը` բազմակողմանի զարգացած և մեծ եռանդի տեր մտավորական Համազասպ Ասատուրի Համբարձումյանը (1880—1965), Պետերբուրգի համալսարանի սաներից էր, Վարդենիսի (Բասարգեչար) ծնունդ, բնագրից թարգմանել է Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», հույն ողբերգակների գործերը, իսկ մայրը` Հռիփսիմե Սահակի Խախանյանը (1885-1972), Ծղինվալի գյուղից է, (Վրացական ԽՍՀ):

Zoom Image

Ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը Վ. Համբարձումյանը հանդես է բերել շատ վաղ հասակում: Ապագա գիտնականի հայրը շատ շուտ հասկացավ որդու արտակարգ ընդունակությունները և նրա կրթությունը դրեց ճիշտ ճանապարհի վրա: Դեռ աշակերտական նստարանին նա ինքնուրույն զբաղվում է աստղագիտության և տեսական ֆիզիկայի հարցերով, հատկապես հրապուրվում է հարաբերականության տեսությամբ:

Zoom Image

Ժամանակակիցները լավ են հիշում դեռ աշակերտ Վ. Համբարձումյանի հրապարակային դասախոսություններն այդ թեմայով Երևանում և Թբիլիսիում, որոնք զարմացնում էին իրենց խորությամբ և ձևակերպումների հստակությամբ:

Zoom Image

1924 թ. տասնվեցամյա Վ. Համբարձումյանը Լենինգրադում ընդունվում է մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, իսկ մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի համալսարանի նույնանուն ֆակուլտետը: Ուսանողական տարիներին նա հրապարակում է մոտ տասը գիտական հոդված, որոնք վկայում էին հեղինակի գիտական հետաքրքրությունների լայն շրջանի մասին (տեսական ֆիզիկա, աստղաֆիզիկա և մաթեմատիկական ֆիզիկա):

Zoom Image

Լենինգրադի համալսարանն ավարտելուց հետո` 1928 թվականին, Վ. Համբարձումյանն ընդունվում է նշանավոր Պուլկովյան աստղադիտարանի ասպիրանտուրան և ռուս մեծ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ սկսում մասնագիտանալ աստղաֆիզիկայի գծով: Դա մի ժամանակաշրջան էր, երբ ատոմի ժամանակակից տեսության առաջացումը անհրաժեշտ նախադրյալներ էր ստեղծել դեռևս շատ երիտասարդ տեսական աստղաֆիզիկայի բուռն ծաղկման համար: Վ. Համբարձումյանը դարձավ ԱՌԱՋԻՆ տեսաբան-աստղաֆիզիկոսը Խորհրդային Միությունում:

Zoom Image

Շուտով Համբարձումյանը վերադառնում է Լենինգրադի համալսարան` որպես մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դասախոս, իսկ 1934թ. ստեղծում է աստղաֆիզիկայի ամբիոնը` ԱՌԱՋԻՆԸ Խորհրդային Միությունում, և երկար տարիներ ղեկավարում է այն:

Zoom Image

Անգլիական թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» ամսագրում 1932 թվականին լույս տեսավ ասպիրանտ Վ.Համբարձումյանի «Մոլորակաձև միգամածությունների ճառագայթային հավասարակշռության մասին» աշխատությունը, որը դարձավ գազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը: Դրանով սկսվեց գազային միգամածությունների ֆիզիկայի հարցերին նվիրված նրա աշխատանքների արժեքավոր շարքը: Այդ շարքի մի այլ աշխատության մեջ (Ն.Ա.Կոզիրևի հետ համատեղ) ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ հաջողվեց գնահատել նոր աստղերի կողմից դուրս շպրտված գազային թաղանթների զանգվածները:

Zoom Image

Իր գործունեության առաջին շրջանում տեսական հետազոտությունների հետ միասին նա կատարել է մի շարք լուրջ դիտողական աշխատանքներ:

Zoom Image

Վ. Համբարձումյանը 1936 թվականին լուծեց անգլիացի հռչակավոր գիտնական Արթուր Էդինգտոնի կողմից դրված` աստղերի տեսագծային արագություններով նրանց տարածական արագությունների բաշխման որոշման խնդիրը: Այդ աշխատանքը Էդինգտոնի ներկայացմամբ նույնպես տպվեց թագավորական աստղագիտական ընկերության ամսագրում:

Zoom Image

Աստղագիտության մեջ խոշոր ներդրում էր աստղային համակարգերի համար նրա մշակած հատուկ ֆիզիկական վիճակագրությունը, որը հանգեցրեց աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքների ստեղծմանը:

Zoom Image

1935-1937թթ. է վերաբերում Վ. Համբարձումյանի գիտական բանավեճը անգլիացի նշանավոր գիտնական Ջինսի հետ մեր աստղային համակարգի` Գալակտիկայի արդի վիճակի տարիքի մասին: Վ.Համբարձումյանը ցույց տվեց, որ այն շուրջ հազար անգամ ավելի Փոքր է Ջինսի հաշվումների հիման վրա գիտնականների կողմից ընդունված գնահատականից, որը ստացվել էր դիտողական փաստերի (կրկնակի աստղերի ուղեծրերի էլեմենտների վիճակագրություն) սխալ տեսական մեկնաբանության արդյունքում:

Zoom Image

Վ. Համբարձումյանի հետազոտությունները ժամանակին ըստ արժանվույն գնահատվեցին: 1934 թվականին նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում, 1935 թ. առանց դիսերտացիայի պաշտպանության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ չորս տարի հետո` 1939 թ., նա ընտրվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:

Zoom Image

Իր աշխատանքների մի նոր, ստվար շարք Վ.Համբարձումյանը նվիրեց միջաստղային նյութի ուսումնասիրությանը, որտեղ առաջ քաշեց և հիմնավորեց այն նոր պատկերացումը, որ մեր աստղային համակարգում լույսի կլանման երևույթը պայմանավորված է նրա ներսում բազմաթիվ փոշային միգամածությունների` ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են համակարգի հարթության շուրջը:

Zoom Image

Մի շարք աշխատանքներում Վ. Համբարձումյանը մշակեց աստղերի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների տեսությունը, որը կարևոր դեր խաղաց միջաստղային կլանող ամպերի հատկությունների ուսումնասիրության գործում և աստղաբաշխության մեջ ստեղծեց մի նոր ուղղություն:

Zoom Image

Հայրենական մեծ պատերազմը չընդհատեց Վ. Համբարձումյանի գիտական և կազմակերպական գործունեությունը: 1941 թվականին, լինելով Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտոր, նա նշանակվեց համալսարանի ֆիլիալի պետ Ելաբուգա քաղաքում (Թաթարական ԱՍՍՀ), որտեղ էվակուացվել էին համալսարանի գիտական լաբորատորիաները: Պատերազմի ծանր օրերին այդ լաբորատորիաներում նրա ղեկավարությամբ կատարվում են պաշտպանական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր հետազոտություններ:

Zoom Image

Ֆիլիալի գիտական ղեկավարությունը Վ. Համբարձումյանը զուգակցում է իր գիտական աշխատանքի հետ` նվիրված պղտոր միջավայրերում լույսի բազմապատիկ ցրման պրոբլեմին: Այդ տարիներին նրա մշակած լույսի ցրման նոր և յուրօրինակ տեսությունը խոշոր ավանդ էր գիտության մեջ, իսկ նրանում առաջ քաշված ինվարիանտության սկզբունքը կարևոր կիրառություն ստացավ ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և գեոֆիզիկայի որոշ բաժիններում:

Zoom Image

1943 թվականին ստեղծվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան: Վ. Համբարձումյանը ակադեմիայի հիմնադիր անդամ էր և ընտրվում է նրա փոխպրեզիդենտ:

Zoom Image

Շուտով նա մշտական բնակություն է հաստատում Երևանում և նշանակվում ակադեմիայի Երևանի աստղադիտարանի ղեկավար: Աստղաֆիզիկայի զարգացման շահերը պահանջում էին քաղաքից դուրս նոր աստղադիտարանի ստեղծում:

Zoom Image

1946 թվականին Վ.Համբարձումյանի նախաձեռնությամբ և Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ սկսվում է ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական դիտարանի (աստղադիտարանի) շինարարությունը:

Zoom Image

Շինարարությանը զուգահեռ Վ. Համբարձումյանի ղեկավարությամբ նրա աշակերտների մի փոքրիկ խումբ շատ համեստ աստղադիտակներով տառացիորեն բաց երկնքի տակ սկսում է աստղագիտական դիտումներ Գալակտիկայի կառուցվածքի, աստղերի ու միգամածությունների ուսումնասիրության ուղղությամբ:

Zoom Image

Ինքը Վ. Համբարձումյանը, զբաղվում է աստղերի և աստղային համակարգերի վերաբերյալ աշխարհի տարբեր աստղադիտարաններում կուտակված հարուստ դիտողական տվյալների մանրամասն տեսական վերլուծությամբ և ընդհանրացմամբ: Այդ աշխատանքը, որը նա փաստորեն սկսել էր շուրջ տասը տարի առաջ Լենինգրադում, 1947 թ. պսակվեց Գալակտիկայում նոր տիպի աստղային համակարգերի ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ, որոնք ստացան աստղասփյուռներ անվանումը: Աստղասփյուռների հայտնադործումը խոշորագույններից մեկն է գիտության մեջ վերջին տասնամյակների ընթացքում:

Zoom Image

Գիտնականի հետագա աշխատանքները նվիրվում են աստղասփյուռների տեսության զարգացմանը` այդ համակարգերի վերաբերյալ նրանց հայտնագործումից հետո ստացված բազմաթիվ նոր դիտողական տվյալների հիման վրա:

Zoom Image

Այդ աշխատանքներում ԱՌԱՋԻՆ անգամ ցույց տրվեց, որ աստղառաջացումը Գալակտիկայում ներկայումս շարունակվում է աստղա-սփյուռներում` աստղառաջացման օջախներում, բացահայտվեցին երիտասարդ աստղերի ֆիզիկայի և կինեմատիկայի կարևոր առանձնահատ-կությունները:

Zoom Image

Գիտական հատուկ հետաքրքրություն են ներկայացնում T Ցուլի տիպի և նրանց հարող որոշ փոփոխական աստղերի սպեկտրներում դիտվող անսովոր ճառագայթման, այսպես կոչված անընդհատ առաքման երևույթին նվրված հետազոտությունները: Դրանք օրգանապես կապված են աստղասփյուռների ֆիզիկական ուսումնասիրության հետ և հանգեցրին աստղային էներգիայի աղբյուրների բնույթին վերաբերող կարևոր արդյունքների:

Zoom Image

Աստղասփյուռների ուսումնասիրության արդյունքների տեսական վերլուծության հիման վրա Վ. Համբարձումյանը մշակեց նախաստղային նյութի բնույթի վերաբերյալ արմատական նշանակություն ունեցող մի նոր վարկած, որի համաձայն աստղերն աստղասփյուռներում ձևավորվում են գիտությանն առայժմ անհայտ բնույթի զանգվածային մարմինների տրոհման հետևանքով: Մի շարք դիտողական տվյալներ վկայում են, որ հիշյալ նախաստղային մարմինները` նախաստղերը. պետք է օժտված լինեն նյութի շատ բարձր խտությամբ: Այդ կապակցությամբ Վ. Համբարձումյանի (Գ. Ա. Սահակյանի հետ համատեղ) մի շարք աշխատանքներում մշակվեց նյութի հնարավոր գերխիտ գոյաձևերի` բարիոնային աստղերի տեսությունը:

Zoom Image

Վ. Համբարձումյանի հետազոտությունների մի շատ արժեքավոր շարք նվիրված է գալակտիկաների էվոլյուցիայի հարցերին: Այդ աշխատանքներում ստացվել են գիտական առաջնակարգ նշանակություն ունեցող արդյունքներ: Մասնավորապես պետք է նշել գալակտիկաների կենտրոնական խտացումների` կորիզների կոսմոգոնիական ակտիվության վերաբերյալ պատկերացումը, ակտիվություն, որը վճռական դեր է խաղում գալակտիկաների ու նրանց համակարգերի առաջացման և զարգացման մեջ: Այս հետազոտությունների շնորհիվ գալակտիկաներում ընթացող հսկայամասշտաբ անկայուն երևույթների պրոբլեմը ներկայումս դարձել է արտագալակտիկական աստղագիտության կենտրոնական պրոբլեմը:

Այդ շարքին են հարում Համբարձումյանի և նրա աշակերտների կարևոր աշխատանքները նվիրված գալակտիկաների միջուկներից կապույտ արտանետումների, կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերմանը և ուսումնասիրությանը:

Zoom Image

1968թ. Համբարձումյանը առաջարկեց առանձին աստղային համա-կարգերում բռնկվող աստղերի ընդհանուր թվի գնահատման վիճակա-գրական մեթոդ: Այդ մեթոդի կիրառությունը բերեց անսպասելի արդյունքի: Պարզվեց, որ համեմատաբար երիտասարդ Բազումքի աստղակույտում, որտեղ մինչ այդ հայտնաբերված էր մոտ 60 բռնկվող աստղ, պետք է լինենք մեծ թվով բռնկվող աստղեր: Դա հիմք տվեց անելու սկզբունքային եզրակացություն այն մասին, որ բռնկումային ակտիվության փուլը օրինաչափ էվոլյուցիոն փուլ է կարմիր թզուկ աստղերի համար:

Համբարձումյանի այս եզրակացությունը խթանեց աստղասփյուռներում և համեմատաբար երիտասարդ աստղակույտերում գտնվող բռնկվող աստղերի համակարգերի դիտումները մի շարք աստղադիտարաններում, մասնավորապես Բյուրականում: Ստացված արդյունքները, այդ թվում հարյուրավոր բռնկվող աստղերի հայտնաբերումը և ուսումնասիրումը, կարևոր նշանակություն ունեն աստղերի ֆիզիկայի և էվոլյուցիայի հարցերի համար ընդհանրապես:

Zoom Image

1978թ. Վ. Համբարձումյանը յուրօրինակ կերպով որոշեց համակարգերում բռնկվող աստղերի բռնկումների միջին հաճախականության բաշխման ֆունկցիան` բերելով խնդիրը հակադարձ խնդրի լուծման` բռնկվող աստղերի հայտնաբերման (առաջին բռնկում) և վերահաստատման (երկրորդ բռնկում) խրոնոլոգիաների հիման վրա:

Կյանքի վերջին տարիներին Վ. Համբարձումյանը շատ էր աշխատում մեր Գալակտիկայում գտնվող աստղառաջացման օջախների բազմալիքային դիտումների արդյունքների տեսական մեկնաբանության ուղղությամբ: Նա ցույց է տվել, որ այդ դիտումները լուրջ հիմքեր են տալիս ենթադրելու, որ մեր Գալակտիկայի դիֆուզ միգամածությունները ամբողջապես կամ մասնակիորեն առաջացել են երիտասարդ աստղերի կողմից արտանետված նյութից:

Zoom Image

Շատ բեղմնավոր էր մեծ գիտնականի աշխատանքը նաև աստղաֆիզիկոսների երիտասարդ կադրեր պատրաստելու գործում: 1931 թվականից նա դասախոսություններ է կարդացել Լենինգրադի պետական համալսարանում, որտեղ Խորհրդային Միության մեջ ԱՌԱՋԻՆ անգամ մշակեց և ներմուծեց տեսական աստղաֆիզիկայի համալսարանական դասընթացը: Շուտով նա դարձավ համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ և այդ ամբիոնը ղեկավարեց շուրջ տասնհինգ տարի: 1944 թվականից նա Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր էր և վարում էր աստղաֆիզիկայի ամբիոնը: Լենինգրադի ու Երևանի համալսարաններում, Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում և Բյուրականի աստղադիտարանում Վ. Համբարձումյանը ղեկավարեց մեր երկրի տարբեր ծայրերից հավաքված տասնյակ ասպիրանտների աշխատանքը, պատրաստեց բարձր որակավորում ունեցող երիտասարդ աստղաֆիզիկոսների մի մեծ խումբ:

Zoom Image

Նրա անմիջական աշակերտների մեջ կան գիտության մի քանի տասնյակ թեկնածուներ և դոկտորներ, որոնք աշխատում են Խորհրդային Միության գրեթե բոլոր խոշոր աստղադիտարաններում ու մի շարք համալսարաններում: Նրանցից շատերը իրենք արդեն դարձել են նշանավոր գիտնականներ: Նա ոչ միայն իր աշակերտների, աշխատակիցների լավագույն խորհրդատուն ու ուսուցիչն էր, այլև խորհրդային և օտարերկրյա շատ գիտնականների խորհրդատուն: Ամենաբազմազան գիտական հարցերով նրա կարծիքին և խորհուրդներին էին դիմում նրանցից շատերը: Եվ նա միշտ մեծ ուշադրությամբ էր վերաբերվում այդ դիմումներին:

Այդ իմաստով շատ բնորոշ են խորհրդային հայտնի աստղագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ղրիմի աստղադիտարանի տնօրեն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անդրեյ Սևերնու խոսքերը. «...Գիտական կյանքի դժվարին պահերին, երբ կասկածներ են ծագել ընտրված ուղու ճշտության վերաբերյալ, վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում շատ անգամ ինձ հարկ է եղել նամակներով դիմել Վիկտոր Համազասպովիչին և նրա մոտ գտնել կամ նոր ձեռնարկումների պաշտպանություն, կամ այլ ուղիով ընթանալու, բարի, օգտակար խորհուրդ...»:

Zoom Image

Վ. Համբարձումյանը «Տեսական աստղաֆիզիկայի» ռուսաց լեզվով ԱՌԱՋԻՆ դասագրքի (1939 թ.) հեղինակն է, դասագիրք, որով դաստիարակվել է երիտասարդ աստղագետների մի քանի սերունդ:

1952թ. նրա խմբագրությամբ և մասնակցությամբ (խորհրդային նշանավոր աստղաֆիզիկոսներ է. Ռ. Մուստելի, Վ. Վ. Սոբոլևի և Ա. Բ. Սևերնու հետ համատեղ) լույս տեսավ «Տեսական աստղաֆիզիկա» նոր դասագիրքը, որը հետագա տարիներին թարգմանվեց անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և չինարեն լեզուներով:

Գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով թարգմանվել և մի քանի անգամ վերահրատարակվել է նրա ղեկավարությամբ կազմված «Ժամանակակից կոսմոգոնիայի պրոբլեմները» գիրքը, որտեղ մանրամասնորեն շարադրված են երկնային մարմինների առաջացման և էվոլյուցիայի վերաբերյալ հարցերը նոր գաղափարների տեսանկյունից:

Zoom Image

Վ. Համբարձումյանի գիտական և մանկավարժական գործունեությունը նրա բոլոր փուլերում անխզելիորեն կապված է եղել գիտակազմակերպչական և հասարակական աշխատանքի հետ: Իր գիտական գործունեության առաջին տարիներին նա Պուլկովյան աստղադիտարանի գիտական քարտուղարն էր, այնուհետև Լենինգրադի համալսարանում` աստղադիտարանի տնօրեն և գիտական մասի պրոռեկտոր:

1944-1946թթ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում ղեկավարում էր աստղաֆիզիկական հանձնաժողովը, իսկ 1952 թվականից` կոսմոգոնիայի հանձնաժողովը: 1943-1947թթ. նա Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտն էր, 1947 թվականից` նույն ակադեմիայի պրեզիդենտը, 1955 թվականից` նաև ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, իսկ 1977-ից` ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության Միացյալ գիտական խորհրդի նախագահ:

Zoom Image

Առանձնապես ակնառու էր Վ. Համբարձումյանի դերը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնում` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում գիտահետազոտական աշխատանքների մակարդակի շեշտակի բարձրացման, ռադիոֆիզիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի հետ կապված նոր գիտական ուղղությունների ստեղծման գործում: Շատ տեսակետներից այդ բանը օգնեց հանրապետությունում նոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծմանը, տեխնիկայի, արդյունաբերության և արտադրողական ուժերի զարգացմանը: Վ. Համբարձումյանի ղեկավարությամբ ակադեմիան հասավ մեծ հաջողությունների, հատկապես ֆիզիկամաթեմա տիկական գիտությունների բնագավառում: Բուռն զարգացում ապրեցին օգտակար հանածոների ուսումնասիրության և օգտագործման, էներգետիկայի ու արդյունաբերության, հայ ժողովրդի պատմական անցյալի ու հոգևոր մշակույթի ուսումնասիրության հետ կապված ուղղությունները: Հատուկ հիշատակման է արժանի Համբարձումյանի ներդրումը Երևանի Ս.Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ԳՀՀ-ի ստեղծման ու զարգացման գործում:

Zoom Image

Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման օրից նրա անփոփոխ տնօրեն Վ. Համբարձումյանն անձամբ ղեկավարում էր աստղադիտարանի` բացառապես նրա աշակերտներից կազմված գիտական կոլեկտիվի աշխատանքը: Ամբողջ կոլեկտիվի նպատակասլաց և լարված աշխատանքի շնորհիվ աստղադիտարանը հասել է լուրջ գիտական նվաճումների` որպես աշխարհի առաջավոր աստղադիտարաններից մեկը: Այդ բանի լավագույն վկայությունն է այն նշանակալից փաստը, որ 1967 թ. Բյուրականի աստղադիտարանը աստղաֆիզիկայի զարգացման գործում ակնառու ծառայությունների և բարձրորակ գիտական կադրերի պատրաստման համար խորհրդային մի շարք առաջատար գիտահետազոտական հիմնարկների թվում և բոլոր խորհրդային աստղադիտարաններից ԱՌԱՋԻՆԸ արժանացավ բարձրագույն կառավարական պարգևի` Լենինի շքանշանի:

Վ. Համբարձումյանն զգալի աշխատանք է կատարել իբրև Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի «Զեկույցների» (1944-1964թթ.) և «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» պատասխանատու խմբագիր: Երկար տարիներ նա ղեկավարում էր Հայկական ԽՍՀ ԳԱ խմբագրահրատարակչական խորհուրդը: Վ. Համբարձումյանը «Հայկական սովետական հանրագիտարանի» գլխավոր խմբագիրն էր:

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ 1965 թվականին Երևանում սկսվեց Համամիութենական «Աստղաֆիզիկա» հանդեսի հրատարակությունը, որի գլխավոր խմբագիրը նույնպես Վ. Համբարձումյանն էր: Կարճ ժամանակում այդ գիտական հանդեսը լայն տարածում ստացավ ամբողջ աշխարհում: Ներկայումս հանդեսի աշխատանքներին, խորհրդային գիտնականներից բացի, մասնակցում են նաև արտասահմանյան աստղագետները, իսկ հանդեսի բոլոր համարներն ամբողջությամբ թարգմանվում և տպագրվում են անգլերեն լեզվով:

Վ. Համբարձումյանը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի հասարակական կյանքին: Որպես Հայկական ԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ` նա ղեկավարում էր ժողովրդի մեջ գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների մասսայակա մասսայականացման և տարածման գործը: Նրա բազմաթիվ հրապարակային դասախոսությունները և գիտահանրամատչելի գրքույկներն ու հոդվածները նույնպես ծառայում են այդ կարևոր գործին:

Երկար տարիներ նա ԽՍՀՄ պետական մրցանակներ շնորհող կոմիտեի, իսկ 1956 թվականից Լենինյան մրցանակների կոմիտեի անդամ էր:

Zoom Image

Վ. Համբարձումյանը խաղաղության անխոնջ մարտիկ էր: Շատ տարիներ նա ղեկավարել է խաղաղության պաշտպանության Հայկական կոմիտեն, մասնակցել է խաղաղության կողմնակիցների Համամիութենական և համաշխարհային մի շարք կոնգրեսների:

1950 թվականից սկսած` նա հինգ անգամ անընդմեջ ընտրվել է ԽՍՀՄ իշխանության բարձրագույն օրգանի` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ: Տարիներ շարունակ եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի անդամ:

Zoom Image

Անվանի գիտնականի գործունեությունը բարձր է գնահատվել: Գիտության զարգացման գործում աչքի ընկնող ծառայությունների համար նրան երկու անգամ շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի հինգ և Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով, նրա հետազոտությունները երկու անգամ (1946,1950) արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակների, իսկ 1953 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: 1971թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգևը` Լոմոնոսովի անվան մեդալը:

Zoom Image

Վ. Համբարձումյանի գիտական ծառայությունները համընդհանուր ճանաչում են ստացել և բարձր գնահատվել նաև արտասահմանում: Նա ընտրվել է ԱՄՆ-ի, Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիաների օտարերկրյա անդամ, արվեստների ու գիտությունների ամերիկյան (Բոստոն) և բնական գիտությունների Հալլեի (ԳԴՀ) ակադեմիաների, ամերիկյան, անգլիական թագավորական և Կանադայի թագավորական աստղագիտական ընկերությունների պատվավոր անդամ, ավստրալիական ազգային (Կանբերա), Լիեժի (Բելգիա), Պրագայի ևԱորբոնի (Փարիզ) համալսարանների պատվավոր դոկտոր: Նրան շնորհվել են անգլիական թագավորական, խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությունների ոսկե մեդալները և Ֆրանսիական աստղագիտական ընկերության ժանսենի անվան մեդալը:

1948-1955 թթ. նա եղել է Միջազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտը, իսկ 1961-1964 թթ.` պրեզիդենտը: Այդ պատվաբեր պաշտոններում նա ղեկավարել է աստղագիտական արդիական խնդիրների լուծման համար տարբեր երկրների գիտնականների արդյունավետ համագործակցությունը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքները: Նրա աշխատանքը ՄԱՄ-ում զգալիորեն նպաստեց այդ միջազգային կազմակերպությունում խորհրդային աստղագիտության հեղինակության և ազդեցության աճին:

Zoom Image

Համբարձումյանի կյանքում կարևոր իրադարձություն էր 1968թ. նրա ընտրվելը 15 գիտական միություն և 60 ակադեմիա միավորող Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի պաշտոնում: Դա ԱՌԱՋԻՆ դեպքն էր, երբ այդ պաշտոնում ընտրվում էր սոցիալիստական երկրի ներկայացուցիչը: 1970թ. Վ. Համբարձումյանը վերընտրվում է այդ պաշտոնում, ինչն աննախադեպ երևույթ էր այդ խորհրդի պատմության մեջ:

Համբարձումյանի ընտրությունը արժանի գնահատականն էր համաշխարհային գիտության մեջ նրա ներդրած ավանդի և գիտական այն խոշորագույն նվաճումների, որին նա նվիրել էր իր ստեղծագործական կյանքը: Համբարձումյանի քառամյա գործունեությունը այդ պաշտոնում զգալիորեն նպաստեց միջազգային գիտական համագործակցության աճին:
Իր տաղանդի ողջ հզորությունը և ստեղծագործական էներգիան Համբարձումյանը նվիրել է իր հարազատ ժողովրդի հոգևոր և նյութական աճին:

ՀԵՂԻՆԱԿ` Լ.Վ. Միրզոյան (1923-99),
ՀՀ ԳԱ ակադեմիկոս, «Վիկտոր Համբարձումյան», «Հայաստան» հրատ., 1978թ.:


ՏԵՍ ՆԱԵՎ` ՕՏԱՐՆԵՐԸ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ԵՂԵՌՆ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ - Վիկտոր Համբարձումյան

ԽՈՍՔ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ - Վ.Համբարձումյան

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՏԱԿԸ Zoom Image

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 08-06-2012 20:17:08
Դիտումների քանակը: 6500
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՔԵԹԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ Հատուկ նրա համար են գրվել արդիական վոկալ գործերից շատերը:Իտալացի գրող Ումբերտո էկոյի հետ միասին չորս գիրք է թարգմանել անգլերենից իտալերեն: Նրան համարել են «արդիական երաժշ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott