ԿՈՐՅՈՒՆ

Նորության նկար «Աստվածատուր օրենքը պիտի գրվի նաև
ուրիշ ազգի համար
»:
Կորյուն


Կորյունը հեղինակն է հայերեն առաջին գրքի, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի կենսագրությանն ու գրերի գյուտի պատմությանը։ Գրքի արժանիքը առավել ևս մեծ է նրանով, որ հեղինակը ժամանակակիցն ու մասնակիցն է մշակութային այդ կարևոր իրադարձության։

Կորյունի մասին կենսագրական որոշ տեղեկություններ պահպանվել են իր երկում։ Հայտնի չեն ոչ նրա ծննդյան տարին և ոչ էլ վայրը, միայն գիտենք, որ եղել է Մաշտոցի ավագ աշակերտներից Վաղարշապատի վարդապետարանում` հայկական առաջին դպրոցում։

Ուսման շրջանն ավարտելուց հետո իր ընկերների հետ ուղարկվել է Հայաստանի գավառները ուսուցչության և քարոզչության, ապա, 424թ., հավանաբար Մաշտոցի առաջարկով, ընկերներից Ղևոնդի հետ մեկնել է Կոստանդնուպոլիս` հունական մատենագրությանն ու հունարենին հմտանալու, թարգմանություններ կատարելու նպատակով։ Այստեղ նրանք միացել են Մեսրոպ Մաշտոցի ավագ աշակերտներից Հովսեփ Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն, որոնք նույն նպատակով ուղարկվել էին այնտեղ, «...պատահեց, որ մեր Հայաստան աշխարհից դիմեցին, իջան հունական կողմերը մի քանի եղբայրներ, որոնց առաջինի անունը Ղևոնդես էր, և երկրորդը ես Կորյունս էի, և Կոստանդինական քաղաքում մոտեցան, հարեցին Եզնիկին, իբրև ընտանեգույն սննդակցի, և այնտեղ միասին կատարեցին հոգևոր պիտույքի խնդիրը [այսինքն թարգմանության գործը]»։

Ավարտելով իրենց կրթությունը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այստեղ Կորյունը շարունակում է զբաղվել կրթական, քարոզչական գործով։
Մեսրոպ Մաշտոցի մահից հետո Կորյունը մտորում է գրել իր ուսուցչի կենսագրությունը. «Մինչդեռ ես իմ մտքի մեջ մենակ հոգում էի իրողությունները հիշելու, - գրում է Կորյունը,- ահա եկավ, հասավ ինձ Հովսեփ կոչված մի պատվական մարդու, նրա [Մաշտոցի] աշակերտի հրամանն այդ անելու համար, դրա հետ նաև ուրիշների, մեր ուսման աշակերտակիցների քաջալերությունը։ Ուստի և ես, որ բախտ էի ունեցել նրա մասնավոր աշակերտը լինելու, թեպետ և կրտսերագույնն էի նրա աշակերտների մեջ, և այդ մեր ուժից վեր էր, բայց և այնպես բռնադատվելով ինձ հասած անաչառ հրամանից, սկսեցի շտապելով և անհապաղ գրի անցնել առաջադրանքը» (էջ 23)։

Zoom Image

Եվ Կորյունը գրում է իր գիրքը` «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի», որը համառոտ կոչվում է «Վարք Մաշտոցի»։ Ամենայն հավանականությամբ այն գրվել է 443-450 թթ. միջև։

«Վարք Մաշտոցի» երկը մեզ է հասել երկու տարբեր խմբագրությամբ` ընդարձակ և համառոտ։

Ոմանք համառոտն են Համարել հարզատ, նախնականը, ուրիշները` ընդարձակը։ Այժմ վերջնականապես ապացուցված է, որ Կորյունի գրչին պատկանում է ընդարձակը, իսկ համառոտը հետագա` VI-IX դարերում փոփոխությունների ենթարկված մի տարբերակ է, կատարված հիմնականում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ազդեցությամբ։

Ներածական հատվածից հետո Կորյունը գրել է ընդարձակ մի առաջաբան, որտեղ բազմաթիվ օրինակներով, մեջբերումներով ցանկանում է հիմնավորել, թե որքանով է թույլատրելի «կատարյալ մարդկանց վարքի մասին գրել»։

Առաջին հայացքից թվում է, թե այդ առաջաբանը չի առնչվում բուն նյութի հետ. հավանաբար այդ է պատճառը, որ համառոտ տարբերակում հանված է։ Սակայն Կորյունն այդ հատվածը գրել է ոչ պատահական, նա ունեցել է իր նպատակադրումը։

Ինչպես հայտնի է, վարքեր գրվում էին միայն սրբերի մասին։ Ընդհանուր քրիստոնեական գրականությունից հայտնի են Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիազանցու, Սեղբեստրոսի և այլոց վարքերը։ Բայց չէ որ Մեսրոպը սուրբ չէր։ Կորյունը Մաշտոցին հավասար է դասում նրանց, քանի որ նա հայ ժողովրդի համար կատարել էր այնպիսի մի բացառիկ գործ, ինչպիսին գրերի գյուտն էր։

Հայաստանում, մինչև հայերեն այբուբենի ստեղծումը, եկեղեցիներում արարողությունը լինելով ասորերեն և հունարեն, մեծ դիրքի էր հասել օտար, մանավանդ, ասորի հոգևորականությունը, որ վայելում էր պարսից արքունիքի հովանավորությունը։ Գրերի ստեղծումը և հայերեն լեզվով քարոզելը մեծ չափով հեղինակազրկել էր նրանց, բայց և իրենց նախկին իրավունքների համար պայքարի հանել։ Եվ քանի որ նրանց ազդեցությունը մեծ էր, Կորյունն էլ ըստ երևույթին ցանկացել է կանխել անխուսափելի հարձակումները և գրել է այդ առաչաբանը։

Վերոհիշյալ հատվածից հետո սկսվում է գրքի բուն մասը` Մեսրոպ Մաշտոցի վարքը, ուր տրվում է Մաշտոցի կենսագրությունը` ծննդյան վայրը, ում որդի լինելը, կրթություն ստանալը և այլն, Մաշտոցի գործունեությունը արքունիքում, քարոզչությամբ զբաղվելը Գողթն գավառում, ապա` գրերի գյուտը։

Կորյունը գրերի գյուտը նկարագրել է մանրամասնորեն, լիովին գիտակցելով նրա մշակութային ու քաղաքական մեծ նշանակությունը։

Գրերի ստեղծմամբ մտահոգված էր ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ իշխանությունը։

Երբ Մեսրոպը և Սահակը Վռամշապուհ թագավորին հայտնում են իրենց մտադրության մասին, թագավորը տեղեկացնում է, թե իրեն հաղորդել են, որ Դանիել անունով մի ասորի հոգևորականի մոտ կան հայերեն գրեր։ Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Հարել երեցի մոտ, որը Դանիել եպիսկոպոսի մերձավորներից էր, և բերել է տալիս արդ գրերը։ Սակայն, ինչպես պարզվում է կարճ ժամանակ այդ գրերով ուսուցանելուց հետո, դրանք չէին բավարարում հայերենի հնչյունական համակարգին։ Եվ Մեսրոպ Մաշտոցը հանձն է առնում ստեղծել հայերեն տառերը։
Այդ նպատակով նա իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա և Սամոսատ, որտեղ ձեռնամուխ է լինում այդ տքնաջան գործին։ Եդեսիայում էլ, ինչպես գրում է Կորյունը, Մաշտոցը «իր սուրբ աչով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ-հայերեն լեզվի նշանագրերյ»(49)։ Սամոսատում էլ Հռոփանոս անունով մի հույն գրագրի հետ միասին «նշանագրերի բոլոր զանազանությունները` բարակն ու հաստը, կարճն ու երկայնը, առանձինն ու կրկնավորը ամբողջապես հորինելուց և վերջացնելուց հետո` ձեռնարկեց թարգմանություն անելու երկու մարդու, իր աշակերտների հետ, որոնց առաջինի անունը Հովհան էր, Եկեղյաց գավառից և երկրորդը` Հովսեփ, Պաղնական տնից» (49-51)։

Կորյունը հատկապես նկարագրում է Մաշտոցին ցույց տրված այն հանդիսավոր ու ջերմ ընդունելությունը, երբ նա վերադառնում է Սամոսատից` բերելով հայերեն նշանագրերը. «Երբ եկավ, մոտեցավ թագավորական քաղաքին, իմաց տվեցին թագավորին և սուրբ եպիսկոպոսին։ Նրանք նախարարագունդ ավագանու բոլոր բազմությունն առնելով` քաղաքից դուրս եկան, Ռահ գետի ափին դիմավորեցին երանելիին։ Եվ ցանկալի ողջույնը միմյանց տալուց հետո` այնտեղից ցնծության ձայներով և հոգևոր երգերով ու բարձրաձայն օրհնություններով ետ դարձան քաղաքը, և տոնական ուրախությամբ անց կացրին օրերը» (55)։

Այնուհետև Կորյունը պատմում է Մաշտոցի` ինչպես Վաղարշապատում, այնպես էլ Հայաստանի գավառներում ծավալած ուսուցչական գործունեության և թարգմանչական աշխատանքի մասին։

Գրերի գյուտից հետո Մաշտոցը նախ ուղևորվում է դեպի Արարատ լեռան հյոլսիս-արևելյան շրջանները, ուր բնակիչների համար գրերի ուսուցումը «դժվար մատչելի էին ոչ միայն իրենց դիվական, սատանայակիր, ճիվաղական բարքի, այլև խեցբեկագույն և կոշտ ու կոպիտ լեզվի պատճառով» (55)։ Հեթանոսության «հայրենական սովորություններն» էին իշխում Գողթնում, Սյունիքում և այլ վայրերում։

Ինչպես երևում է Կորյունի այս վկայությունից, հայ նոր դպրությունը կոչված է եղել ոչ միայն ծառայելու քրիստոնեության ամրապնդմանը, այլև դեռևս հեթանոսական հավատք ունեցող գավառներում նոր կրոնի տարածմանը։

Կորյունը համեմատաբար ընդարձակ է խոսում Մաշտոցի մեծ գործի անմիջական մասնակից Սահակ Պարթև կաթողիկոսի մասին, որը V դարի հայ քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքի ականավոր ներկայացուցիչներից է։

Zoom Image
Սահակ Պարթև

Միայն այն փաստը, որ նրա անմիջական աջակցությամբ ու խրախուսանքով է Մաշտոցը ստեղծել հայոց այբուբենը, հնարավորություն է տալիս Սահակին համարելու հայ մշակույթի ռահվիրա։ Նա ունեցել է նաև գրական գործունեություն։ Նրան են վերագրվում եկեղեցական կանոններ, երկու թղթեր և մի քանի շարականներ, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հետ միասին հայ առաջին թարգմանիչներն են Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսը, Ղեոնդ Երեցը, Հովհան Եկեղեցացին, Եղնիկ Կողբացին, Կորյունը և ուրիշներ: Սակայն, ըստ երևույթին, թարգմանություններով զբաղվել է հիմնականում Սահակ Պարթևը, «Իսկ երանելի Սահակը,— գրում է Կորյունը, - առաջ հունարեն լեզվից հայերեն էր դարձրել եկեղեցական գրքերի ամբողջությունը և շատ սուրբ հայրապետների իմաստություն։ Դրանից հետո դարձյալ նա Եզնակի հետ միասին սկսեց և առաջվա հանկարծագյուտ շտապովի թարգմանությունները հաստատեց բերված ստույգ օրինակներով» (77)։

Այս նշանավոր դեմքի մասին խոսում են նաև Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, մի անանուն պատմիչ «Պատմութիւն վասն սրբոյն Սահակայ հայրապետին և Մեսրովբայ վարդապետին» երկում և սակավաթիվ այլ հեղինակներ, սակայն մեծ արժեք են ներկայացնում հատկապես այն տվյալները, որ հաղորդում է նրա ու Մաշտոցի աշակերտ Կորյունը։

Թեև Կորյունի նպատակն է եղել տալ միայն Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, սակայն նրա երկում կան կարևոր տեղեկություններ Հայաստանի ներքին քաղաքական ու հասարակական կյանքի մասին։
«Վարքը» վերջանում է ժամանակագրական մի հատվածով։ Սա առաջին ժամանակագրությունն է հայ մատենագրության մեջ։ Այն հաղորդում է տվյալներ Մեսրոպ Մաշտոցի կենսագրության, գրերի գյուտի տարեթվի վերաբերյալ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում Կորյունի երկը։ Սովորական վա՞րք է, ձո՞ն ուղղված հանճարեղ Մաշտոցին, թե՞ ուղղակի պատմություն։
Թեև նրա երկը կոչվում է «Վարք» և իր մեջ պարունակում է վարքագրական երկերին հատուկ շատ բան, բայց առավել բնորոշը այդ գրքի համար պատմականությունն է. այն պատմությունն է Մաշտոցի և հայ գրերի գյուտի։
Ըստ Էության Կորյունի երկը միակ և հավաստի աղբյուրն Է հայ գրերի գյուտի և դպրության սկզբնավորության վերաբերյալ, հետագա հեղինակները այդ իրադարձությունների մասին իրենց տեղեկությունները քաղում են հիմնականում նրանից, երբեմն միայն մասնակի լրացումներ կատարելով։

Ինչպես արդեն ասվեց, Կորյունը եղել Է Մաշտոցի աշակերտներից և իր գիրքը գրել է նրա մահվանից անմիջապես հետո, բոլոր աշակերտների կենդանության օրոք, և նրա հաղորդած տեղեկությունները միանգամայն հավաստի են։

Կորյունի լեզվի մասին մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանը գրում է, որ այն «միակերպ չէ. մերթ կարճ ու հակիրճ է, մերթ երկարաբան ու խրթին: Նա հորինում է շատ ճոռոմ պատկերավորությամբ, ավելորդ զարդերով ու պաճուճանքներով խճողած, ինչպես ինքն ասում է, «ծաղկեցրած»։ Նրա գրածը հաճախ մութն է նաև անկանոն լեզվի կամ բարդ պարբերույթների պատճառով։ Երբեմն պակասում են անհրաժեշտ բառեր, կամ շատ կան ամբողջ նախադասություններ փոխարինող յուրահատուկ նորահնար բարդ բառեր, այլև բառերի կիրառություն ոչ մեզ ծանոթ սովորական նշանակությամբ» ։

Այնուամենայնիվ Կորյունի երկը շատ արժեքավոր է լեզվաբանական տեսակետից, քանի որ այն հայոց լեզվի գրավոր շրջանի առաջին գործն է։ Հայոց լեզվի պատմության ոսումնասիրության համար այն կարևոր է թե´ իր բառապաշարով, թե´ լեզվամտածողությամբ և թե, վերջապես, իբրև դասական գրաբարի ամենահին արտահայտություն։

Կորյունը ուրիշ աշխատություններ գրել է, թե ոչ, հայտնի չէ: Սակայն այդ միակ երկն էլ բավական է նրան հայ մատենագրության նշանավոր դեմքերից մեկը համարելու համար։ Եվ իզուր չէ, որ նրան բնութագրել են «Կորյուն սքանչելի», «Կորյուն երանելի», «Կորյուն հանճարաբան» և այլ մեծարական խոսքերով։

Դեռևս XVII դ. հայ հրատարակչական գործի մեծ երախտավոր Ոսկան Երևանցին Մաշտոցի վարքը թարգմանել է լատիներեն:
Կորյունի երկը ունեցել Է բազմաթիվ հրատարակություններ, թարգմանվել ռուսերեն և եվրոպական լեզուներով։

----------------------
2)Մ. Աքեղյան, Հայոց հին գրականության պատմություն, Երկեր, Հա. Գ, Երե֊ վան, 1968, էջ 178։

Կորյուն, Վարք Մաշտոցի. ուղղյալ և լուսարան յալ ի Գառնիկ Ֆնտգլյանե, Երուսաղեմ, 1930։

Կորյուն, Վարք Մաշտոցի, բնագիրը ձեռագրական այլընթերցվածներով, թարգմանությամբ, առածաբանով և ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ, դ-ր Մ. Աբեղյանի, Երևան, 1941, 1962։
Կորյուն, Վարք Մաշտոցի, քննական բնագիրը, առածաբանը և ծանոթագրությունները Ն. Ակինյանի: «Հանդես ամսօրյա», 1949, էջ 171—320։
Корюн, Житие Маштоца, перевод Ш. В. Смбатяна и К. А. Мелик-Оганджаняна, предисловие К. А. Мелик-Оганджаняна, комментарий Ш. В. Смбатяна, Ереван, 1962.

„Coriun's Lebensbeschreibung des hi. Mesrop“.Aus dem armenischen Urtexte zum ersten Male iibersetzt und auz armenischen Schriftstellem erlautert von Dr. B. Welte. Tubingen, 1841.

Coriun, Biographie du bienheureux et saint docteur Mesrop, tradu ite pour la premiere fois en fran^ais par Jean-Raphael Emine. V. Langlois, Collection des historiens anciens et modernes de l’Armenie, է. II, Paris, 1869.
Coriun, The Life of Maschtots, Translated by Bedros Norechad, New-York, 1964.
Հաաւթյունյանց Ի., Հայոց գիրը, Թիֆլիս, 1892։

Նորայր Բյուզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգման ութիւնք, Տըփզիս, 1900։

Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հտ. I, Երևան, 1944, նույնը՝ Երկեր, հտ. Գ, Երևան, 1968։

Աճառյան Հր., Հայոց գրերը։ հտ. I, Երևան, 1968։

Miiller F., Lazar Pharpetshi und Koriun, „Wiener Zeitschrlft fur die Kunde des Morgenlandes“, 5(1891), hայերեn թարգմանությունը` «Հանդես ամսօրյա» 1891:

Bardenhewer О., Geschichte des alfkirchlichen Literatur, V. Frelbur Br. 1932.

Ա. ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 04-03-2012 07:03:40
Դիտումների քանակը: 5836
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ (Խանոյան) ԿԱՐԱՊԵՏԻ Հովհաննես Դավթյանն ԱՌԱՋԻՆՆ է տվել գազային էլեկտրատարրերի տեսությունը, ստեղծել է երկբևեռ էլեկտրավառելիքային և ալկալիբուֆերային կուտակիչների մարտկոցներ: ՀԱՅՏԱՆԱԲԵՐԵԼ է ի Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott