ՄԻ ՀԱՅ ՀԵՐՈՍ - Կոստան Զարյանը Զորավար Անդրանիկի մասին

Նորության նկար 1927 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայում վախճանվում է ազգային հերոս գեներալ Անդրանիկը:

Կոստան Զարյանը, որ 1914 թվականին սկիզբ առած արյունալի պատերազմի առաջին իրադարձությունների օրերից, նկատի առնելով աշխարհում կատարվող քաղաքական փոփոխությունները, փայփայում էր Հայաստանի ազատության եւ անկախության միտքը, որ 1917-20 թվականներին եղել էր իտալական մի քանի թերթերի հատուկ թղթակիցը, հասել էր Կովկաս, մանրամասնորեն տեղյակ էր Կովկասում կատարվող իրադարձություններին, տասնյակ հոդվածներով լուսաբանել էր դրանք իտալական մամուլի էջերում, իհարկե, շատ լավ գիտեր, թե ինչ է հայ ազգային-ազատագրական շարժումը եւ, մանավանդ, թե ով է գեներալ Անդրանիկը:

Անդրանիկը ավելին էր, քան կարող է լինել մեծ անհատը. նա ոգի էր ու ազգային ոգու, մի ողջ ժողովրդի ազգային քաղաքական իղձերի մարմնացում: Անդրանիկի մահով փակվում էր հայ ազատագրական շարժման ամենալուսավոր ու ողբերգական էջերից մեկը, բայց հայոց պատմության մեծ հարցը շարունակում էր մնալ անպատասխան եւ անլուծելի:

Կոստան Զարյանը անմիջապես արձագանքում է հայ ժողովրդի մեծ կորստին: Ազգային հերոսի պես մի օր ինքն էլ ստիպված էր եղել դառնացած հեռանալու հայրենի երկրից:

Զորավար Անդրանիկի մահան լուրի անմիջական տպավորությունը Կոստան Զարյանը Բոլոնիայի (Իտալիա) ամենահին ու ժամանակին շատ հայտնի «Իլ Ռեստո դել Կարլինո» («Il Resto dell Carlino») օրաթերթում (28 սեպտեմբեր, 1927թ.) «Հայ հերոսը» խորագրի ներքո տպագրում է «Զորավար Անդրանիկը» («Il generale Andranik») վերնագրով ոգեշունչ եւ իմաստավոր մի էսսե, որը, կարելի է ասել, մեր իրականության մեջ ազգային հերոսի առասպելական կերպարի գրական պատկերման առաջին իրողությունն է:

Կոստան Զարյանը իր խոսքում շեշտը դնում է Անդրանիկի հերոսական ոգու մշտամնա ներկայության եւ հավերժական վերադարձի վրա:

Ինձ թվում էՙ «Տատրագոմի հարսը» եզակի պոեմի գաղափարը սկիզբ է առել այդ օրերին:

«Ազգի» ընթերցողին եմ ներկայացնում Կոստան Զարյանի փառահեղ էսսեն, որ սիրով հանձն առավ թարգմանելու Գագիկ Բաղդասարյանը:

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեռագիրը, չոր ու անողորմ, Սան Ֆրանցիսկոյից գուժում է հայ ազգային հերոս Գեներալ Անդրանիկի մահը:

Այսպես երկաթյա կամքի տեր այդ մարդը, «երեխայի պես մաքուր, առյուծի պես հզոր», ինչպես երգում է իր ժողովուրդը նրան ձոնած բազմաթիվ երգերից մեկում, իր հայրենիքի ազատության համար քառասուն տարի պայքար մղելուց հետո, ընկավ մեկ ակնթարթում` սրտի նոպայից կաթվածահար եղած:

Սերելով Շապին Գարահիսարի մի լավ ընտանիքից, դեռեւս դպրոցական հասակից նա Հայաստանի ազատագրության համար պայքարող գաղտնի մի խմբի անդամ էր: Երազողի ուժեղ եւ վստահ արտաքինով շրջում էր գյուղից գյուղ` գյուղացիներին տոգորելով ազատության եւ հայրենիքի գաղափարներով: 1896 թվականն է, երբ Աբդուլ Համիդը` Կարմիր սուլթանը, կազմակերպում է հայերի առաջին կոտորածները: Անդրանիկի աչքերի առջեւ թուրք հորդաները ներխուժում են տները` թալանելով ու խոշտանգելով կանանց ու երեխաներին: Այդ ժամանակից նա լավ հասկանում է, որ որեւիցե խաղաղասեր կազմակերպություն անզոր է նման ողբերգականորեն մոլագար եւ վայրագ թշնամու առջեւ, եւ որ քրիստոնյա աշխարհի օգնությունը, որի վրա էր հույս դրել ժողովուրդը, ոչ այլ ինչ է, քան սին պատրանք. հորդաների դեմ պետք է հորդաներով ելնես:

Կարճ ժամանակ անց, թեեւ արդեն ամուսնացած եւ երկու աղջկա հայր, նա թողնում է ընտանիքը: Ասում են` սրբերը եւ նրանք, ովքեր ժողովրդին երդում են տալիս, չպետք է այս աշխարհի հաճույքներին կապող առնչություններ ունենան: Շրջապատված միայն խիզախ մարդկանցով, նա բարձրանում է լեռները, եւ այնտեղից սկիզբ է առնում Արեւելքին հայտնի ամենածանր ու ամենաէպիկական նրա կյանքը. մի կյանք, որը կարող է հասկանալ միայն նա, ով ճանաչում է հայոց լեռները:

Հեշտ չէ պատկերացնել դրանք. բարձր, ուղղաձիգ, դաժան ու մռայլ, գրեթե միշտ ձյունածածկ, իսկապես անհասանելի եւ անմարդաբնակ: Այնտեղ, պատմում է առասպելը, միայն գայլերն են ոռնում հավերժության վրա, եւ մարդն է աղոթում իր Աստծուն սառցակալած սրտով:

Այնտեղ Անդրանիկը, մի գաղտնի կազմակերպության օգնությամբ, զինում է եւ վարժեցնում իր մարդկանց: Դիրքավորում է իր զինվորներին, ընտրում իր ռազմավարական դիրքերը, ստեղծում կապեր գյուղերի միջեւ, հետեւում թուրքական բանակի տեղաշարժերին, ղեկավարում գործողությունները: «Նա եղջերուի ոտքեր, հրեղեն աչքեր, տաք հացի պես սիրտ եւ անողորմ հրացան ունի»,- ասում էին յուրայինները: Քսան տարուց ավելի հերոսը, արդեն առասպել դարձած, կատաղի պայքար է մղում թուրք բռնակալի դեմ: Շարունակ տեղաշարժվում է, միշտ կատարելապես տեղյակ է այն ամենին, ինչ կատարվում է հարթավայրում, այնպես, որ կարող է վտանգի պահին անսպասելիորեն, նետի պես հարձակվել թշնամու վրա, փախուստի մատնել նրան, բայց եւ, սպանվածներին թաղելուց հետո եւ իր հետ տանելով վիրավորներին, արագորեն անհետանալ, ինչպես որ հայտնվել էր:

Նրա մասին անմոռանալի բաներ են պատմում: Թուրքական կառավարությունը ամեն ինչ անում էր նրան բռնելու համար: Նրան որսալու էին դուրս եկել, ինչպես գազան են որսում, փորձում էին շրջապատել, հատուկ արշավախմբեր էին կազմակերպում ոչնչացնելու համար նրա պարեկակետերն ու ջոկատները: Բայց դա անհնար էր: Մի օր թուրքական երկու գնդի հաջողվում է շրջապատել այն գյուղն, ուր Անդրանիկն իր հինգ զինվորներով եկել էր հանգստի: Միեւնույն է, նրան հաջողվում է կռվելով ճեղքել շրջափակումը եւ, պատսպարվելով մի ժայռի վրա, դեպի իրեն քաշել թուրքերին: Դիրքավորվելով իր անմատչելի դիրքերից մեկում, որոնց տեղերը նա հրաշալիորեն գիտեր, կարողանում է կոտորել եւ հեռու քշել թուրքերին: Երկու օր անց, իմանալով, որ Վանի վալին հրամայել է պատժել Անդրանիկին հյուրընկալած գյուղը, հասցնում է ժամանակին վերադառնալ ու սպանել նրան` այդպիսով փրկելով գյուղը:

Նրան լավ էին ճանաչում ոչ միայն հայերը, այլեւ նույն թուրքերը եւ քրդերը: Եթե անգամ ոչ բոլորն էին նրան սիրում, ապա բոլորը, վստահորեն, հիանում էին նրանով եւ պատրաստ էին օգնելու: Իրոք, խորապես հավատացյալ լինելով, կատաղի կռիվ տալով թուրքական կառավարության դեմ, նա խուսափում էր ցավ պատճառել մահմեդական բնակչությանը: «Օգտագործենք թուրը,- ասում էր նա,- բայց չմոռանանք խաչը, որի համար շատ արյուն ենք թափել»:

1908թ. երիտթուրքերի հեղափոխության ժամանակ, եղավ մի պահ, երբ հայկական քաղաքական կուսակցությունները, խաբվելով եւ վստահելով թուրքերի բարյացակամությանը, ստիպում էին Անդրանիկին հրաժարվել պայքարից: Ընդվզելով, նա հնազանդվում է: Ստամբուլի նոր տերերը նույնիսկ առաջարկում են նրան պատվով մտնել Կոնստանդնուպոլիս, բայց չոր մերժում են ստանում: «Ես լավ եմ ճանաչում թուրքերին,- ասում է,- որպեսզի չվստահեմ նրանց»: Եվ ապաստան է գտնում Բալկաններում: Մի քիչ հույս է կապում իտալա-թուրքական պատերազմին: Ուզում է նույնիսկ մասնակցել, սակայն խորհուրդ չեն տալիս դա անել: Պատերազմի դաշտը շատ էր հեռու եւ անհրաժեշտ էր սպասել իրադարձությունների զարգացմանը:

Բռնկվում է բալկանյան պատերազմը, Անդրանիկն անմիջապես հազարավոր կամավորների գլուխ է կանգնում: Առաջին իսկ օրվանից բուլղարական գլխավոր հրամանատարությունը, տեսնելով, թե որքան օգտակար կարող է լինել այդքան խիզախ հրամանատարը, նրան շնորհում է կանոնավոր բանակի սպայի կոչում: Նա էր, որ Թրակիայում, դարան մտնելով երեք հարյուր հոգով, շրջափակում եւ գերի է վերցնում տասը հազարանոց թուրքական բանակը` իր գեներալով: Այդպես նա արժանանում է բոլոր պատիվներին, որոնք, սակայն, փոխվում են դառնության, քանի որ իր պայքարի արդյունքն այն է լինում, որ պարտված թշնամին, գրեթե անկորուստ, հետագայում ազատ է արձակվում:

Եվ ահա, վերջապես, ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Հայաստանը ազատվելու վրա է դարավոր լծից:

Կանոնավոր բանակի մաս կազմող երկու հարյուր հազար հայ մարտիկներից բացի, ռուսական բանակի գեներալի կոչում ստացած Անդրանիկը, գլխավորելով տասնյակ հազարավոր կամավորների, վերսկսում է թուրքերի դեմ իր կատաղի պայքարը: Այսօր արդեն պարզ է, որ թուրքական ճակատում ռուսական բանակի եւ ոչ մի շարժում տեղի չի ունեցել առանց այդ կամավորական խմբերի գլխավորության: Այդ պատերազմի դրվագները պատմելու համար անհրաժեշտ կլիներ գրել բազմաթիվ հատորներ:

Մնացյալը, սակայն, հայտնի է: Կեղծավոր դիվանագիտությունը մեկ անգամ եւս Հայաստանը զոհաբերեց Թուրքիային: Ռուսահայաստանի տարածքում հիմնված Հայաստանի փոքրիկ հանրապետությունը հարձակման ենթարկվեց եւ ապա ստրկացվեց բոլշեւիկների կողմից: Անդրանիկը, հուսահատ եւ հիասթափված այդքան զոհաբերություններից հետո, անիծելով աշխարհը, մշտապես մեկնում է Ամերիկա:

Սակայն այնտեղ, ներքեւում, Արարատի, Սիփանի եւ Արագածի ստորոտներում, ժողովուրդը դեռ շարունակում է հուսալ ու երգել.

Անդրանիկը քաջ

Յուր ընկերներով,

Կուզե պատերազմ,

Կսպասե գարնան:

Եվ ո՜վ գիտե, թե գուցե մի օր Անդրանիկի պաշտած Գարիբալդիի ոգին չի՞ վերադառնա սավառնելու, անհետացած հայ Հերոսի ոգու հետ միասին, ափերի վրա Եփրատի, որի ցոլանքներում, թվում է, մինչ օրս պահպանվել է հիշողությունը հռոմեական լեգեոնների: Նա սպասում է այդ օրվան, ինչպես` մենք բոլորս:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 21-05-2012 11:06:07
Դիտումների քանակը: 3490
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ ԳԱՌՆԻԿԻ Կինոօպերատոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1987): Պրոֆեսոր (1991): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott