ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ - ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նորության նկար «Էսքիզների» այս կտորը ես կուզենայի գրել իբրև նամակ: Հասցեն՝ Կանադա, Մոնրեալ, Ալբեր Մարտիկյանին: Պատճենը՝ աշխարհի չորս ծագերում ապրող հայ մարդկանց: Բոլորին: Անխտիր՝ բոլորին:
Սիրելի Ալբեր:
Մի տարի է անցել մեր հանդիպման օրից, և շատ բան է ջնջվել իմ հիշողությունից, որ ցավոք, արդեն դառնում է արևի տակ հալչող ձյունի կտոր: Բայց ես չեմ մոռանա այն օրը, չեմ մոռանա քո լռությունը: Այն ժամանակ մենք համարյա չխոսեցինք, երկուսիս համար էլ դժվար էր, բայց մի տարի շարունակ ես ծամում եմ այն օրվա պատահածը, գիտեմ, դու էլ մոռացած չես լինի: Մենք ձեր տուն էինք գնում քո մեքենայով, ուրախ էինք, խոսում էինք Հայրենիքից, մեր ժողովրդի հոգսերից: Ետևի նստարանին քնած էր բարեկամիդ որդին, հոգնած էր կիրակնօրյա հայկական դպրոցի դասերից, մենք ցածր ձայնով էինք խոսում: Եվ հանկարծ, մեծ արագությամբ ընթացող մի մեքենա քսվեց քո մեքենային ու անցավ: Կանգնեցինք, դու շտապ իջար, նայեցիր, մեքենայիդ ձախ կողմը նկատելիորեն քերծվել էր:
-Տեսնում ես,- ասացիր,-չկանգնեց էլ անօրենը:
Բարկացած նստեցիր ղեկի մոտ, ավելացրիր արագությունը: Երեք-չորս րոպե անց մենք հասանք այն մեքենային, ստիպեցիր, որ կանգնի, երկուսդ էլ ցած իջաք մեքենայից ու սկսվեց… Դուք ֆրանսերեն էիք վիճում, և ես, իհարկե, չէի հասկանում, թե ինչ էիք ասում, չէի հասկանում բառերը, բայց իմաստը պարզ էր. նման դեպքից հետո մոտավորապես նույն բառերն են գործածում աշխարհի բոլոր ավտովարորդները՝ Հռոմում, թե Արթիկում, Ամերիկայի, թե Հնդկաստանի ճանապարհներին: Տասը-տասնհինգ րոպեի խոսքակռվից հետո դու վազեցիր դեպի փողոցի տաքսաֆոնը, երևի ոստիկան կանչելու: Քիչ անց իսկապես երևաց ոստիկանության մեքենան՝ դեղին և սև ներկված: Ձեր կռիվը վերսկսվեց հավանորեն նույն բառապաշարով, բայց ավելի հանգիստ: Հետո դուք նստեցիք ոստիկանության մեքենան և երկուսդ էլ սկսեցիք գրել, հավանորեն բացատրություն: Հինգ-տասը րոպեից ոստիկանները գնացին, շարժվեց նաև մեքենան, և դու դանդաղ մոտեցար, նստեցիր ղեկի մոտ: Նայեցի քեզ. գունատ էիր, սոված, աչքերդ մտազբաղ էին:
-Վատ ես զգում,- հարցրի:
-Հայ էր,- ասացիր, առաջ՝ ճանապարհին նայելով,- հայ էր:
-Ով:
-Նա, այն մարդը: Երբ գրեց անուն ազգանունը, կարդացի: Ազգը Մանուկյան էր, անունը չկարդացի:
-Հայ էր,- այս անգամ հարցրի ես, հետո հասկացա, որ չպիտի հարցնեի,- հայ էր,- արդեն հարց չէր՝ տխրություն էր, ճիչ էր, չգիտեմ ինչ էր…
Ուրեմն, երկու ազգակից իրար դիպան աշխարհի ճանապարհին, կռվեցին, վիճեցին, հայհոյեցին օտար լեզվով, դառնացան երկուսն էլ ու չիմացան, որ ազգակից են, չիմացան, որ փոթորկի նույն ալիքով ափ նետված բեկորներ են: Երկուսի հայրերն էլ գուցե նույն լեռներում են ծնվել, քայլել են գաղթի նույն ճանապարհներով, իրար հետ կիսել նույն կում ջուրը: Կամ՝ տարբեր, ինչ նշանակություն ունի, երբ ամենուր նույնն է եղել հայի ճակատագիր կոչված սֆինքսը: Ականջներիս մեջ կարծես ձայնագրվել էր քիչ առաջվա ֆրանսերեն ճղճղոցը, ու ես դառնությամբ սկսեցի մտածել, որ օտար ափերում գնալով ավելանում են նման հանդիպումները, օտար ճանապարհների վրա գնալով ավելի շատ ազգակիցներ կբախվեն իրար, կվիճեն կամ կբարեկամանան օտար մի լեզվով ու կբաժանվեն, կհեռանան, կկորցնեն իրար՝ իրար չգտած:
Մինչև ձեր տուն հասնելը մենք ոչինչ չխոսեցինք, սիրելի Ալբեր, բայց իմ մեջ մնացել է քո տխրությունը, որ գինին էլ չցրեց, հայերեն երգերի ժապավենն էլ, որ պտտվում էր մագնիտոֆոնի վրա: Այդպիսի տխրություններով է, որ չի դատարկվում մարդու սիրտը, այդպիսի տխրություններով է մարդը տարբերվում մտածող մեքենայից, որ կարող է հիշել միլիոնավոր թվեր, վայրկյանում հարյուրավոր հաշվարկներ անել:
Ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետև վերջին հաշվով նրանք ինձ Հայրենիք են բերում, բայց առանց հայրենական մեր մի քանի հարյուր կիլոմետրի՝ ինձ ոչ մի տեղ չեն տանի աշխարհի միլիոնավոր կիլոմետրերը, ես դա գիտեմ: Բայց ինչու եմ ասում այս ամենը…

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 03-05-2012 19:58:13
Դիտումների քանակը: 4442
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ Դերասանուհի: ՀՀ ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott