ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ (ՉՈՒԽԱՋՅԱՆ, ՉՈՒՀԱՃՅԱՆ) ԳԵՎՈՐԳԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Խմբավար(Դերիժոր), Կոմպոզիտոր, Հանրային գործիչ, Մանկավարժ
Բնակավայրը` Թուրքիա

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ,
հայկական օպերային արվեստի հիմնադիրը:

Ծնվ. 1837թ., Կ. Պոլիս:
Մահ. 11.03.1898թ., Զմյուռնիա:

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը նպաստել է Արևելքի և Արևմուտքի երաժշտական արվեստների մերձեցմանը՝ եվրոպական դասական ձևերը ներհյուսելով արլ. երաժշտության ելևէջային-կշռույթային ինքնատիպ կերտվածքի հետ:

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը աշակերտել է Գ. Երանյանին պոլսաբնակ իտալացի մանկավարժ Չ. Մանձոնիին:

Երիտասարդ տարիներին ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը կապեր է հաստատել հայկական թատերական աշխարհի հետ, գրել հայրենասիրական երգեր ներկայացումների համար, ղեկավարել Խասգյուղի թատրոնի երաժշտական մասը, մասնակցել «Քնար հայկական» ընկերության աշխատանքներին:

1861-64-ին կատարելագործվել է Միլանում:

1864-ից Կ.Պոլսում զբաղվել է մանկավարժությամբ, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ, երաժշտություն գրել Արևելյան թատրոնի, Վարդովյան թատրոնի ներկայացումների համար (Պ. Դուրյանի «Վարդ և Շուշան», Տ. Գալեմճյանի «Արա Գեղեցիկ կամ Սեր և հայրենիք», Թ. Թերզյանի «Սանդուխտ», Ս. Թղլյանի «Սեծն Տրդատ» և այլն):

Ուշագրավ են նրա ազատասիրական երգերն ու երաժշտությունը՝ գրված Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» դրամայի համար, որի կատարումը (1867) վերածվել է
քաղաքական ցույցի:

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆի «Արշակ Բ» (1868, լիբրետոն՝ Թ. Թերգյանի, հայերեն և իտալերեն) հայկական առաջին պատմառոմանտիկական օպերան է, որի հայոց պատմության IV դ. դրամատիկ, դրվագներն արձագանքում էին ժամանակակից հայ իրականության ազգային և սոցիալական ազատագրության իղձերին:

Կատարվել է օպերայի միայն նախերգանքը, բեմադրությունը հետաձգվել է Օսմանյան կայսրության վարած քաղաքականության պատճառով:

1870-ական թվականներին ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը ստիպված փոխել է իր ստեղծագործության ուղղվածությունը, գրել է երաժշտական կատակերգություններ՝ քողարկելով սոցիալ-քաղաքական տարրերը, առաջին գիծ մղել կենցաղային պատկերներ, երգիծական, զավեշտական բեմավիճակներ, քնարական ապրումներ [«Արիֆի խարդախությունը» 1872), «Քեոսե Քեհյա» (1874), «Լեբլեբիջի Հորդոր աղա» (1876) և այլն]:

Ե.Մելիքյանի, Հ. Վարդոյանի և Ս. Պենկլյանի երաժշտաթատերական խմբերի համագործակցությամբ ստեղծված այդ ներկայացումներով (նախ՝ թուրք.) ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը հռչակվել է ողջ Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս, դրանք բեմադրվել նաև Եգիպտոսում, Անդրկովկասում, Հունաստանում և այլ երկրներում՝ թուրքերեն, հայերեն, հունարեն, լեզուներով:

1880-ական թթ. վերջին ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆն ավարտել է արաբական հեքիաթի հիման
վրա գրված «Զեմիրե» օպերա-կախարդապատկերը (բեմ. Կ.Պոլիս. 1891-ին՝ ֆրանս., 1894-ին՝ իտալերեն խմբերի կատարմամբ):

1896-ին ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը տեղափոխվել է Զմյուռնիա:

Ըստ մամուլի՝ 1897-ին նա ավարտել է «Ինդիանա» օպերան ու սկսել երաժշտաթատերական նոր գործ, որն անավարտ է մնացել անժամանակ մահվան պատճառով:

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը հեղինակ է նաև սիմֆոնիկ, կամերագործիքային և վոկալ երկերի (այդ թվում՝ հայտնի «Գարուն» ռոմանսը):

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆը նոր շրջանի հայկական երաժշտության մեծերից է, նրա հատկապես օպերային ստեղծագործությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր արևելյան արվեստի զարգացման համար:

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆի անունով է կոչվել Երևանի № 7 երաժշտական դպրոցը (բակում կանգնեցվել է նաև հուշարձանը, 1970թ., քանդ.՝ Արշամ Շահինյան):

* * * *

«Ողջ ներկայացման («Արշակ Բ») ընթացքում հիացած էի օպերայի ժանրին տիրապետելու և նրա ամենախորին խորքերը ներթափանցելու Չուխաճյանի վարպետությամբ և անասելի հմտությամբ»:
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր

Գրակ.
Փափազյան Հ., Տիգրան Չուիյաճեան: Կեանքը և գործը, Ստամբուլ, 1975:
Թահմիզյան Ն., Տիգրան Չուխաճեան, Կեանքը և ստեղծագործութիւնը, Փասադենա, 1999: Թեյմուրազյան Ն., Սեմյոնովա Ձ., Տիգրան Չուխաջյան, Մատենագիտություն, Ե., 1964:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8032
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135274550574513946_Dikran_Tchouhadjian.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիրը:

    ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ
  • ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135274550521678684_Dikran_Tchouhadjian_2.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիրը:

    ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott