ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ (ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ) ՍՈՒՔԻԱՍԻ
 
		Բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ: 
Ծնվ. 01.28.1885թ., գ. Գանձա (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում):
Մահ. 07.01.1920թ., Օրենբուրգ, թաղվել է այժմ վերացված հայկական գերեզմանատանը (որպես Տերյանի խորհրդանշական աճյուն՝ 1970-ին այդ գերեզմանատնից մի բուռ հող է բերվել և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում):
Ն.Վ. Տերյանի հայրը: 
Սկզբնական կրթությունն ստացել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, Թիֆլիսի գիմնազիայում (1897-99): 
Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1899- 1906), ՄՊՀ պատմաբանասիրական ֆակուլտետում (1906- 1913), Մ. Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (1913-17): 
Առաջին բանաստեղծությունները հրապարակել է ճեմարանում իր խմբագրած «Հույս» աշակերտ, ձեռագիր ամսագրում: 
1908-ին Թիֆլիսում լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուն, որը մի նոր դարագլուխ է բացել հայ քնարերգության պատմության մեջ: 
1910-12-ին ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆը կազմակերպել է Մոսկվայի գրական խմբակը (Պ. Մակինցյան, Կ. Միքայելյան, Ց. Խանզադյան, Ա. Մյասնիկյան) և լույս ընծայել «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախի 3 հատորը: 
1912-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը, որը նույն թվականին տպագրել է նրա «Բանաստեղծություններ» գրքի 1-ին հատորը: 
Այստեղ զետեղված են վերամշակված «Մթնշաղի անուրջներ» ժող. և նոր շարքեր՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ»: Կյանքի պետերբուրգյան տարիներին գրել և ամբողջացրել է բանաստեղծությունների 2-րդ հատորը: 1914-ի ապրիլի 30-ին Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դ. նորագույն շրջանի հայ գրականության հռչակագրի արժեք: Դրանով ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆն ազդարարել է պատմամշակութային մի շրջափուլի ավարտը և նորի սկիզբը: 
1915-16-ին ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆը մասնակցել է Վ. Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան...» (ռուս.) և հատկապես Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու» (ռուս.) գրքերի ստեղծման աշխատանքներին: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆը մեծ հույսեր է կապել Հոկտեմբերյան հեղափոխության հետ՝ հուսալով, որ այն փրկություն կբերի նաև իր ժողովրդին: 
1917-ին անդամակցել է բոլշևիկյան կուսակցությանը, ընտրվել Համառուսաստանյան ԿԳԿ անդամ: 
Աշխատել է Ազգությունների ժողկոմատում՝ վարելով հայկական գործերի բաժինը: 
1917-ի նոյեմբերին կոմիսարիատի խորհրդին ներկայացրել է «Թուրքահայաստանի մասին զեկուցագիր» և «Դեկրետ Հայաստանի մասին» նախագիծը: 
1917-18-ին, որպես հայկական գործերի խորհրդական, մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին: 
1919-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմատի կարևոր հանձնարարությամբ գործուղվել է Միջին Ասիա. ճանապարհին վախճանվել է: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆի բարենորոգչական գործունեությունը ծավալվել է այն տարիներին, երբ համաշխարհային մշակույթն ու արվեստը ապրում էին «գեղարվեստական հեղափոխության շրջան»:  Արվեստին տրվում էր որոշակի ուղղություն, որը ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆի ստեղծագործության մեջ դրսևորվեց խորհրդապաշտական գեղագիտությամբ: Նրա ստեղծագործությունն արմատապես վերափոխեց հայ պոեզիան: Պոեզիայի քնարական հերոսն այլևս ոչ թե նախկին գեղջուկն էր, այլ քաղաքի միջավայրում ապրող և տառապող մարդը: Դրանով պայմանավորվեց միջավայրի, ապրումների, տրամադրությունների, լեզվի ու պատկերային համակարգի փոփոխությունը: Նրա՝ «զտարյուն քնարերգուի» բերած ապրումները, հատկապես անհույս սիրո, թախծի ու տառապանքի զգացմունքները դարձան համամարդկային, ընդհանրական: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆի ստեղծագործությունն իր ներքին լիցքերն ստացել է ազգային, հանրային և մարդկային կյանքի բարդ ու ողբերգ, հեղաբեկումներից: Դա մի շրջան էր, երբ գոյության հիմքերը կորցրած սերնդի համար կարևորագույն նախապայման էր կյանքի իմաստի որոնումը: Այդ իմաստը ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆի քնարական հերոսը որոնել է սիրո մեջ: ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆը հետևողականորեն կիրառել և կատարելության է հասցրել բանաստեղծական շարքերի սկզբունքը: Հոգեբանական տարբեր անցումներով հանդերձ՝ այդ շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ », «Կատվի դրախտ» ևն) ստեղծում են քնար, հերոսի ներքին կյանքի ամբողջական համակարգ: 
Բանաստեղծի կյանքի նպատակը դառնում է ապրելու իրավունքը խորհրդանշող մեծ սիրո անընդհատ, անվախճան որոնումը: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին: Նա տեսել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) արհավիրքները, Արևմտյան Հայաստանի ամայացումը, իր ժողովրդին պատուհասած արյունոտ եղեռնն ու բռնագաղթը: Այլևս անիմաստ էր կառչել հայրենիքի անցյալը ոգեկոչող պատմական հիշատակներից: Այդ իսկ պատճառով նա պատկերել է իր հայրենիքի «անխինդ» և «լացի» ներկան, «խեղճ» գյուղերն ու «տխրության սովոր» դեմքերը: Բանաստեղծը գիտեր, որ «Մեզ չի հասկանա օտարերկրացին», որ «Հայրենիքում իմ արնաներկ գիշերն իջավ անլույս ու լուռ» և վերջին ճիգով նա ջանում է փրկել հայրենիքի սրբազան տեսիլը. «Մշուշի մ ի ջից ,- տեսիլ դյութական,- բացվում է կրկին Նաիրին տրտում...»: Եվ որպես կոչ ու պատգամ՝ տեսնում է հրով մկրտված նաիրյան ոգին: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆն արմատական հեղաշրջում կատարեց հայկական տաղաչափության մեջ՝ վանկային համակարգով գրված բանաստեղծությունների կողքին ստեղծելով նաև վանկաշեշտային կառուցվածքով գրված գործեր: Նա բացառիկ կատարելության հասցրեց հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյուն, կազմություն: Նրա լեզուն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելահայ գրականության, լեզվի ամենաբարձր ու կատարյալ դրսևորումներից է: Նա ստեղծեց իր ուրույն գրական ոճը և դպրոցը, որին հարեցին նոր մուտք գործող շատ բանաստեղծներ: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆը գրել է նաև գրակ-քննադատ. և հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են կազմում նաև նամակները: 
Երևանում և ՀՀ այլ քաղաքներում ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆի անունով կոչվել են դպրոց, փողոց, Գանձայում՝ դպրոց: 
1957-ից ծննդավայրում գործում է Տերյանի տուն-թանգարանը, 
1967-ից անցկացվում են ամենամյա տերյանական պոեզիայի օրեր: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆի կիսանդրիները դրված են Երևանում (նրա անվան դպրոցի առջև, 1965), Օրենբուրգում (1974, երկուսն էլ՝ քանդ.՝ Ա. Շահինյան), Տերյանի տուն-թանգարանի առջև, հուշարձանները՝ Երևանի Օղակաձև զբոսայգում (2000, քանդ.՝ Ն. Կարգանյան), Հվ-արմ. թաղամասում (2007, քանդ ՝ Ն. Նիկողոսյան): 
Երկեր. 
Երկ. ժող., հ. 1-4, ԿՊ-Ե., 1923-25: 
Բանաստեղծություններ, Լիակտ. ժող., Ե., 1940: 
Երկ. ժող., հ. 1-4, Ե., 1972-79: 
Բանաստեղծություններ, Լիակտ. ժող., Ե., 1985: 
Երկ. լիակտ. ժող., Ե., 2005: 
Գրակ. 
Տերտերյան Ա., Վահան Տէրեան: Ցնորքի ծարաւի Ա հաշտութեան երգիչը, Թ., 1910: 
Հակոբյան Ս., Վահան Տերյան, Բեռլին, 1923: 
Սարգսյան Խ., Վահան Տերյան, Ե., 1926: 
Պարտիզունի Վ., Վահան Տերյան: Ստեղծագործությունը, Ե., 1968: 
Նույնի, Տերյանի կենսապատումը, Ե., 1984: 
Մակինցյան Պ., Դիմագծեր, Ե., 1980: 
Գրիգորյան Կ., Վահան Տերյան, Ե., 1983: 
Գասպարյան Դ., Հելիկոնի աստղը, Ե., 1988: 
Ջրբաշյան է., Վահան Տերյանի տաղաչափական համակարգը, Ե., 1995:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=135931927832713896_vahan_teryan_1_001.jpgԲանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:   
- 
								ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=135931927881425645_vahan_teryan_2_001.jpgԲանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:   
- 
								ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=13593192782283778_vahan_teryan_3_001.jpgԲանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:   
- 
								ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=135931927843936370_vahan_teryan_4_001.jpgԲանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:   
- 
								ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=135931927871287925_vahan_teryan_5_001.jpgԲանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:   
- 
								ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=135931927896860214_vahan_teryan_6_001.jpgԲանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:   
- 
								ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=135931927840356188_vahan_teryan_7_001.jpgԲանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:   
 
 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 