ԼԵՎՈՆ Բ ՄԵԾԱԳՈՐԾ
 
		
	Կիլիկիայի հայկական պետության իշխանապետ (Մեծ պարոն) 1187թ-ից, թագավոր՝ 1198թ-ից: Ռուբինյանների (1080-1219թթ) հայ իշխանական տոհմից: 
Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին: 
Հայտնի է նաև.
Լեվոն Բարեպաշտ, Լեվոն Մեծահաղթ, Լեվոն Բազմահաղթ անուններով:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 02.05.1219թ.:
1187թ-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) ԼԵՎՈՆ Բ-ն ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմենական հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջաններ՝ Պռականա բերդով: Այնուհետև հաղթել (1187թ.) և կախման մեջ է դրել Հալեպի ու Դամասկոսի սուլթանին: 
Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց երրորդ արշավանքի (1189) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց՝ Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրիկոս Vl-ը պարտավորվել է նրան ճանաչել Հայոց թագավոր: 
Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Ս. Սոփիա մայր տաճարում ԼԵՎՈՆ Բ-ն թագադրվել է: 
Գրիգոր Զ Ապիրատը հայկական, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատանիական ծեսով ԼԵՎՈՆ Բ -ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և նահանգին Կիլիկէացոց և Իսաւռիոյ»: 
Ժամանակագիրները ԼԵՎՈՆ Բ-ի թագադրությունը դիտել են որպես հայոց կործանված թագավորության վերականգնում: 
Ձգտելով ստեղծել կենտրոնացված պետություն՝ նա հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): 
Խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնյա արքայատների հետ (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ): 
Անտիոքի թագավոր Ռայմունդի մահից (1197/1198) հետո ԼԵՎՈՆ Բ-ն նրա նորածին որդուն՝գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց թագաժառանգ: 
1203թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, երկրից վտարել ինքնակոչին աջակցած Տաճարական օրդենի ասպետներին, պատանի Ռուբեն Ռայմունդին կարգել դուքս, Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել (1210) նրա գահակալական իրավունքը: 
1219թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել է Անտիոքը, ԼԵՎՈՆ Բ-ն նրան զրկել  է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դստերը՝ Զաբելին. ԼԵՎՈՆ Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: 
Նրա գերակայությանն են ենթարկվել նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: 
ԼԵՎՈՆ Բ-ի հրամանով վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և հիմնվել նորերը: 
Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211թ, 1212թ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և այլ վաճառաշահ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական Նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): 
ԼԵՎՈՆ Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: 
Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական և գրական արժեքավոր երկեր: 
ԼԵՎՈՆ Բ -ի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն՝ նրա մարմինն ամփոփվել է Սսում, սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում (Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին): 
Գրակ. 
Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982: 
Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԱՐՄԱՆՈՒՇ ԿՈԶՄՈՅԱՆ ԿՈԶՄՈՅԻ				 
			 
			 Բանասեր, արևելագետ: 
Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1997): 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԱՐՄԱՆՈՒՇ ԿՈԶՄՈՅԱՆ ԿՈԶՄՈՅԻ				 
			 
			 Բանասեր, արևելագետ: 
Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1997): 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 