artur.shahnazaryan
Logo

«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ ԿՈՐՑՐԵԼ Է ՄԻ ՉՔՆԱՂ ԵՐԿԻՐ, ԴՐԱԽՏԱՎԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ...». ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:


- Պարո՛ն Շահնազարյան, մեր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում լինելը, կարծում եմ, յուրաքանչյուր հայի երազանքն է եղել տասնամյակներ շարունակ: Այսօր արդեն դա անհնարին չէ: Երկու տարի առաջ Ձեզ էլ նման հնարավորություն ընձեռվեց: Ի՞նչ խոհերով ու մտորումներով վերադարձաք ուղևորությունից:

- Մինչ այդ բազմաթիվ ֆիլմեր էի դիտել Արևմտյան Հայաստանի մասին, որ տեղ ամեն ինչ կար` եկեղեցի, խաչքար, քաղաքներ… Սակայն ուղևորությունից հետո բոլոր այդ ֆիլմերն աչքիս անկատար երևացին, որովհետև այնպիսի տպավորություն էր, թե դրանց հեղինակները չեն նկատել մեր պապերի երկրի, մեր հայրենիքի աներևակայելի բնությունը, համենայն դեպս` չեն նկարահանել: Ո՞վ է մեզ ցույց տվել Բասենի սարերը, Դերսիմի անտառները, ձորերը, Կաղզվանի կարմիր բլուրները... Արևմտյան Հայաստանում ես տեսա բոլորովին այլ հայրենիք: Հիմա կարող եմ վստահաբար ասել, որ մենք գրեթե չենք ճանաչում մեր հայրենիքը: Խոսքը միայն Արևմտյան Հայաստանի մասին չէ, այլ նաև` այսօրվա Հայաստանի Հանրապետության: Չենք ճանաչում, քանի որ սովորաբար նայում և տեսնում ենք ընդամենը այն, ինչ կա ճանապարհի աջ ու ձախ կողմերում, իսկ ճանապարհից մենք չենք սիրում շեղվել: Մինչ դեռ երկրի հարստության 99 տոկոսը ճանապարհներից հեռու է, խորքերում, սարերի հետևում… Խոսքը բնության մասին է:

Իսկ այն ապրումներն ու զգացողությունները, որ ունեցա, բնորոշ են յուրաքանչյուր հայի: Ի՞նչ կարող է զգալ մարդը, որ կորցրել է մի չքնաղ երկիր, դրախտավայր հայրենիք, որտեղ կարող էր արքայավայել ապրել: Իսկ երբ ժողովրդին զրկում են այդպիսի հայրենիքից, նրա հետ ամեն ինչ կարող է պատահել:

- Հայրենազրկությունը մեր ժողովրդին պատուհասած ամենամեծ ողբերգության` ցեղասպանության հետևանքն է, որի թողած ցավը անգամ մեկ դար անց չի մեղմացել: Ի՞նչ եք կարծում, մեր ժողովուրդը ե՞րբ և ինչպե՞ս կարող է ուշքի գալ այդ հարվածից:

- Հարյուր տարի առաջ պատահել է մի բան, որից, կարծում եմ, մեր ժողովուրդը երբևէ ուշքի չի գա, որովհետև դա պատահել է մեզնից յուրաքանչյուրի հետ: Ես նույնիսկ չեմ կարծում, որ մենք ցեղասպանության մասին գրականություն ունենք: Այդ մասին մեր ունեցած ողջ գրականությունը պարտված գրականություն է, որը չի արտացոլում իրականությունը: Հրանտ Մաթևոսյանն ասում էր, որ դա այնպիսի մի սարսափելի բան է, որը երբեք գրականություն չի դառնա: Այնուամենայնիվ, այս հար ցին ամեն մեկն ինքը պիտի պատասխանի: Իմ պատասխանը վրեժն է:

- Պարո՛ն Շահնազարյան, Դուք դասախոսություններով հանդես եք եկել եվրոպական մի քանի երկրում և Միացյալ Նահանգներում: Ո՞րն էր այդ այցելությունների նպատակը:

- 2012 թվականի հունիսին հրավեր էի ստացել Գերմանիայից: Եղա այն քաղաքներում, որտեղ Բախը երգեհոն է նվագել: Այդ նույն գործիքներով Բախ և Կոմիտաս նվագեցի և դասախոսություններ կարդացի: Նոյեմբերին դասախոսություններ կարդալու հրավեր ստացա նաև Ամերիկայից: Լոս Անջելեսի հայկական համայնքը երկու մեծ համերգ էր կազմակերպել «Լարք» երգչախմբի մասնակցությամբ: Երգչախմբի ղեկավարը և համերգի կազմակերպիչը խմբավար, երաժշտագետ Վաչե Պարսումյանն էր: Նրանք կատարեցին խազավոր շարականների իմ վերծանությունները: Նշեմ, որ երգչախմբի կազմում ոչ միայն հայեր են ընդգրկված, այլև ամերիկացիներ: Ինձ համար հաճելի անակնկալ էր, որ ունկն դիրներս ծանոթ էին խազերին նվիրված իմ աշխատություններին և իմ գործերին առհասարակ:

«Լարք» երաժշտանոցում հինգ դասախոսություն կարդացի խազերի, Կոմիտասի, ժողովրդական երաժշտության, ինչ պես նաև նախաքրիստոնեական շրջանի հայ մշակույթի մասին:

Ի դեպ, շուտով «Նարեկացի» արվեստի միությո նը կթողարկի իմ պատրաստած գրքույկը խազերի վերծանության վերաբերյալ (անգլերեն և հայերեն) և լազերային սկավառակ, որտեղ հնչում են խազերի վերծանությունները (ձայնագրությունները կատարվել են Սաղմոսավանքում Երևանի կամերային երգչախմբի կատարմամբ, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ):

Նույն ամսին Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի` Հրաչյա Աղաջանյանի հրավերով եղա նաև Անդերսենի հայրենիքում` Դանիայում, ապա` Նորվեգիայում, դարձյալ դասախոսություններ կարդացի: Դա սախոսություններն ու համերգները հիմնականում վերաբերում էին հայկական ավանդական երաժշտությանը: Պատմել եմ պատմական Հայաստանի բնաշխարհի և հայ երգի մասին: Մեր բնությունն ու երաժշտությունն անբաժան են, և անհնար է հասկանալ մեկը առանց մյուսը ճանաչելու: Օրինակ` «Ակնա օրորը» այնպիսի մի երգ է, որի նմանը այլ ժողովուրդներ չունեն: Այն միայն մերն է, և որպեսզի օտարը հասկանա, պետք է ներկայացնես նաև Ակնի հրաշք բնաշխարհը` ձորերով, չքնաղ բուրաստաններով, բիբլիական Եփրատով... Մեր հայրենակիցներն էլ պետք է իմանան, թե ինչ երկիր են կորցրել... Ես տեսա, թե ինչ ապրումներ են ունենում հայերը` լսելով իրենց երգը և այդ պատմությունները: Հասկանում էին, որ իրենցից ոչ մեկն իր կամքով չէ օտար երկրում, որ կցանկանային իրենց հայրենիքում ապրել: Իսկ այդ հեռու հայրենիքից մնացել են միայն նրա երգերը: Ահա թե ինչու այդ երգերից յուրաքանչյուրը մի ամբողջ հայրենիք է, մի ողջ երկիր: Դրանք դահլիճում հնչող երգեր չեն, դրանք հոգու խորքերում պահված երգեր են: Հայը չի կարող այդ երգերի հանդիսատեսը լինել, նա պետք է այդ երգերի կրողը լինի: Եթե չի էլ երգում, այդ երգերը պետք է նրա ներսում, նրա հոգում լինեն, որովհետև եթե դու հան դիսատեսես, ուրեմն դրանք այլևս քոնը չեն, ինչպես քոնը չեն ճարտարապետական այն հուշարձանները, ուր դու զբոսաշրջիկի հոգեբանությամբ ես այցելում: Իսկ հաճախ մենք հենց զբոսաշրջիկ ենք դառնում մեր երգի, մեր հուշարձանների համար, զբոսաշրաջիկ` մեր իսկ երկրում:

Անկեղծ ասած՝ իմ հիմնական նպատակն էր հայ համայնքին հաղորդել հայրենիքի շունչը, էությունը, որպեսզի պահեն իրենց սրտում և իրենց զավակներին փոխանցեն, որպեսզի որտեղ էլ լինեն, ինչքան էլ տարվեն ժամանակակից աշխարհի հովերով, երբեք իրենց ներսում չկորցնեն իրենց հայրենիքը, որովհետև դա ժառանգություն է: Դա իրավական հարց է, այնպես, ինչ պես մեկին տուն են ժառանգում` նրա ցանկությունը չհարցնելով: Դաժառանգություն է` անկախ նրանից` ուզում են, թե ոչ: Ես զարմանքով նկատեցի, որ չկար մի հայ, ում հոգու խորքում պահված չլիներ հայրենիքի երազը և հայրենի մշակույթը: Ուղղակի պետք է արթնացնել... Իսկ դրա համար պետք է կռիվ տալ:

- Կարծում եմ` սխալված չենք լինի, եթե Ձեր գործունեությունը համարենք պայքար հանուն ազգային երգի, ազգային արժեքների, որոնք նույնիսկ մեր հայրենիքում են վտանգված:

- Մեր ողբերգությունն այն է, որ մեր համերգային դահլիճները և մի հսկա մարզադաշտ «լցնում» է մի երգիչ, ում թուրքը մեղադրում է իր ազգային երգը գողանալու և թարգմանաբար որպես հայկական ներկայացնելու համար: Սակայն թուրքերն ի վերջո հասկացել են, որ այդ երգիչը լավագույնս գովազդում է իրենց երգն ու «հոգին»: Նման երգիչների և նրանց համար ճանապարհ հարթողների պատճառով մենք ոչ միայն ազգային արժեքներ, այլև հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք կանգ նած: Բայց չպետք է հանձնվել, որովհետև եթե դու քո հայրենիքի հոգևոր սահմանները հանձնեցիր, ֆիզիկական հայրենիքդ հաստատ կհանձնես: Իսկ մենք երկու հայրենիք ունենք` հոգևոր-մշակութային և ֆիզիկական: Այսօր մեր հոգևոր հայրենիքին պատերազմ է հայտարարված, և մենք պետք է ընդունենք այն և հաղթենք ամեն գնով:

- Ինչպե՞ս է պատրաստվում ընդունել «հայտարարված պատերազմը» կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

- Ես պատերազմն ընդունում եմ նաև Կոմիտասին նվիրված կայք ստեղծելով: Դա կազմավորելու է Կոմիտասի համայնք ու զորք: Ավելին, այդ պատերազմի դեմն առնելու համար հայտարարում եմ «Կոմիտասյան զորակոչ», որովհետև թշնամին արդեն ներխուժել է մեր ոգու տարածք: Ասածիս վկայությունը հեռուստատեսությամբ և ամենուր քարոզվող թուրքական երաժշտությունն է: Նույնիսկ սկսում ես մտա ծել, որ այդ հաղորդումները դրսից են ֆինանսավորվում: Հակառակ դեպքում ո՞րն է նրանց շահը: Իսկ երբ ես առիթ եմ ունեցել եթերից Կոմիտաս հնչեցնելու, խնդրել են, որ հնարավորինս քիչ երգեմ: Մնում է եզրակացնել, որ Կոմիտասը եթե արգելված չէ, ապա ցանկալի էլ չէ: Պայքարի մի մասն էլ «Կոմիտասի ընտանիք» առցանց համայնք ստեղծելն է, որտեղ կլինեն տարբեր ծրագրեր` ընտանիքի դաստիարակություն, երգեր մայրերի համար և այլն: Մյուս նախաձեռնությունը «Անտիվիրուս» ծրագիրն է. կոմիտասյան հինգ երգ, որ պետք է երգի ողջ ազգը: Ընդամենը մեկ ամսից այդ երգերը կտեղադրվեն կայքում և հասանելի կլինեն յուրաքանչյուրին: Նպատակ ունեինք դրանք տարածել սկավառակներով, սակայն, ցավոք, դա հնարավոր չեղավ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. մեր իրականության մեջ մեկենասներ չկան, կամ… չկան նրանց շահագրգռող գործոնները: Մեր նպատակն այն է, որ այդ երգերը մատչելի լինեն ժողովրդին, և մենք բոլորս գոնե հինգ երգ կարողանանք միասին երգել:

Ես հուսով եմ, որ մեր հոգևոր հայրենիքին «հայտարարված պատերազմում» հաղթելու համար մեծ դեր է ունենալու երիտասարդությունը: Ես հաճախ եմ դասախոսություններ կարդում նրանց համար և համոզված եմ, որ հրաշալի երիտասարդություն ունենք: Եվ նրանք են տեր կանգնելու թե՛ մեր հոգևոր-մշակութային, թե՛ ֆիզիկական հայրենիքին:

- Կարծում եմ` մենք մեր մշակութային ժառանգությունը նաև աշխարհին ներկայացնելու կարիք ունենք…

- Կոմի տասն ասում էր. «Դուք ձեր տան մեջ երգեք, օտարը, թե ականջ ունի, կլսի, աչք ունի, կտեսնի»: Հաճախ մեծ փողեր են ծախսվում՝ օտարին մի բան ցույց տալու համար, մինչ դեռ նրանց դա քիչ է հետաքրքրում: Չնայած դրան` մենք մեր մշակույթը, իհարկե, պե՛տք է ներկայացնենք աշխարհին: ՀՀ մշակույթի նախարարության պատվերով այժմ ես գիրք եմ գրում Կոմիտասի մասին: Այն հայերեն տպագրվելու է Հայաստանում, անգլերեն` Անգլիայում: Գիրքը Կոմիտասի կյանքի ու գործի մասին է լինելու, սակայն մեր նպատակը ողջ հայ ժողովրդի կենսագրությունը ներկայացնելն է, քանի որ «Կոմիտաս» երևույթը միայն երաժշտություն չէ, մեր բնաշխարհն է նաև, մեր պատմությունը, հազարամյակների մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով: Մեր հին ոգին է` ձայնային ալիքի տեսքով: Փորձում եմ այնպես գրել, որ այլազգի ընթերցողի աչքին գլուխ գովանություն չթվա, և գիրքը կարդալիս ինքը հանգի համապատասխան եզրակացության:

Կրկնեմ, որ մեզ համար շատ ավելի կարևոր է այն, թե ինչ է լսում և երգում մեր հայ գյուղացին, հայ մայրը, երեխան, քան օտարներին զարմացնելը: Ինչպես գիտեք, Կոմիտասի անվան պանթեոնին հարող տարածքում Կոմիտասի թանգարան է կառուցվում՝ 3000 քմ մակերեսով: Սակայն շատ կարևոր է, թե ինչ քաղաքականություն է իրականացվելու այստեղ: Կարևոր է, որ այն չլինի մեռած մի կառույց, այլ` թանգարան-ինստիտուտ, հայության կենտրոն, որտեղից հայերգը պետք է տարածվի շրջաններում, գյուղերում: Ես հույս ունեմ, որ այդ կենտրոնը կծառայի շատ կարևոր մի նպատակի` մշակութային հնարավոր հեղափոխությանը, ազգային ոգու զարթոնքին: Այդ կենտրոնը պետք է դառնա հոգևոր հայրենիքի ոգեղեն սահմանները պաշտպանող երաժշտառազմական շտաբ:

Հարցազրույցը`
ԱՆՈՒՇ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
24 ԱՊՐԻԼԻ, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 2013թ., թիվ 14 (15)

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5534
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
2012
28
Հոկտ
»12:55
ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔ*
Article image Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գէլը միշտ խաղում էին իրար մօտ, երբ գետերը կաթն ու մեղր էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սէրն ու հանգիստն անվրդով, արեւլուսի կողմերում թագաւորում էր բարի Արան թագաւորը: Էն երկնքի պայծառ արեւի նման ամէնքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագաւորը, էն գարունքուայ անձրեւի նման ամէնքի վրայ էլ հաւասար թափւում էր նրա բարութիւնը: Էսպէս թագաւորեց երկար ժամանակ: Երբ որ ծերացաւ, միտք արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենից յետոյ բարի յիշատակ մնայ աշխ ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott