artsvi.bakhchinyan
Logo

ՔՐԻՍՏԻՆԱ ԲԵՐԻՈ. «ՄԻ ՔԻՉ ԻՄ ՄԱՍԻՆ ԵՎ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՄ ՄՈՐ ՄԱՍԻՆ»: Հարցազրույց աշխարհահռչակ երգչուհի Քեթի Բերբերյանի դստեր՝ ամերիկյան կինոպրոդյուսեր Քրիստինա Բերիոյի հետ:

Article image Քեթի Բերբերյան. այս անունը մեզանում ինչ-որ բան ասում է միայն երաժիշտների սեղմ շրջանակին: Ավելի քան 20 տարի առաջ վախճանված այդ հայազգի երգչուհին, որ բնակվել է ԱՄՆ-ում և Իտալիայում, 20-րդ դարի ավանգարդ երգեցողության ամենանշանավոր դեմքն էր, եթե ոչ՝ ամենանշանավորը: Նրան անվանել են «ավանգարդ երգի Կալաս», «մոգական Քեթի», հատուկ նրա ձայնի համար կոմպոզիտորները գրել են ստեղծագործություններ, նրա անվան շուրջ լեգենդներ են հյուսվել...

Քեթի Բերբերյանը (1925-1983) ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում, Երվանդ Բերբերյանի և Լուիզ Սադբեզի (նույնպես հայ) ընտանիքում: Մանկուց լսել է Շալյապինի, Սկիպայի ձայնապնակները՝ ձայնակցելով նրանց: Երբ ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, Քեթին հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի: Ապա ուսումը շարունակել է Միլանում և Փարիզում: Երգչուհին առաջին անգամ բեմ է բարձրացել 1957-ին, Նեապոլում: Մեծ ձայնածավալի տեր Քեթի Բերբերյանը (կոնտրալտոյից կոլորատուրային սոպրանո) խորացել է իմիտացիոն արվեստի մեջ՝ երգերում տեղ հատկացնելով ամենատարբեր ձայների: Հավասար հաջողությամբ կատարել է դասական և օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ և մինչև անգամ՝ ռոք երգեր: Լինելով ջերմ հայրենասեր՝ Բերբերյանը մշտապես իր համերգներում տեղ է տվել հայ երգին: Նա ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր: 1983 թվականին Բերբերյանի խմբագրությամբ լույս է տեսել կին երգահաններին նվիրված հատորը, որտեղ որպես առաջին կին երաժշտաստեղծ, որի ստեղծագործությունը մեզ է հասել, ներկայացվել է 8-րդ դարի հայ բանաստեղծուհի-երաժիշտ Սահակդուխտ Սյունեցին…

Միայն ձայնագրություներից լսած լինելով հանդերձ՝ ես սիրահարվել էի «մոգական Քեթիի» ձայնին... Եվ ահա, աշխարհի հայազգի կինոգործիչների մասին նյութեր հավաքելիս անակնկալ կերպով իմացա, որ Քեթի Բերբերյանի դուստրը՝ Լուիզա Քրիստինա Բերիոն, բեմադրիչ և արտադրիչ է, որ բնակվում է Քալիֆորնիայում: Նրան գտնելու առիթը եղավ հոր՝ իտալացի նշանավոր կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի մահը 2002 թվականին: Ինձ համար մեծ ուրախություն էր նամակագրություն հաստատել իմ սիրելի երգչուհու դստեր՝ Քրիստինա Բերիոյի հետ և զգալ նրա անկեղծ հետաքրքրությունը Հայաստանի և հայաշխարհի նկատմամբ: Մեր խնդրանքով՝ 2004-ի գարնանը Քրիստինա Բերիոն «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ուղարկեց 1994-ին Նիդեռլանդներում նկարահանված «Երաժշտությունն այն օդն է, որը ես շնչում եմ» փաստագրական ֆիլմը (բեմադրիչ՝ Քարի դե Սվաան) Քեթի Բերբերյանի մասին, որն ընդգրկում է բազմաթիվ կադրեր երգչուհու կատարումներից...

Անացած տարի մայիսին մեկնելով Կալիֆոռնիա՝ անձամբ հանդիպեցի «մոգական Քեթիի» դստերը: Եվ «փոքրիկ Հայաստան» Գլենդեյլում կայացավ հիշարժան հանդիպումը Քրիստինա Բերիոյի՝ երկարավարս, մոր պես խոշոր, արտահայտիչ աչքերով, պարզ և անմիջական, իր տարիքից բավական երիտասարդ երևացող այդ կես իտալուհու-կես հայուհու հետ, որ ոչ մի կերպ չես հավատում, թե արդեն տատիկ է դարձել: Քրիստինայի անմիջականությունը նկատվեց առաջին իսկ վայրկյանին, երբ նա, տեսնելով իմ հագի բրազիլական դրոշով շապիկը՝ ողջույնից հետո անմիջապես ասաց. «Դու սա իմ պատվի՞ն ես հագել... ես երկար տարիներ Բրազիլիայում եմ ապրել»: Նա եկել էր իր երկրորդ ամուսնու՝ մեքսիկական ծագումով Մարկոյի հետ, որը, պարզվեց, նույնպես երգիչ է...

Zoom Image

Մեր զրույցն իտալական սրճարանում ընթանում էր «Ոսկե ծիրանի», Քրիստինայի կինոաշխատանքների, հայ ժողովրդի և իհարկե՝ Քեթի Բերբերյանի շուրջ:

–Դատելով քո ծնողների մասնագիտությւոնից և այն մարդկանցից, որոնցով շրջապատված է եղել Բերիո-Բերբերյան ընտանիքը, դու պիտի որ բավական հետաքրքիր մանկություն ունեցած լինես, Քրիստինա:

–Օ, այո: Ես ծնվել և մեծացել եմ Միլանում, բայց ծնողներիս աշխատանքի բերումով բազմիցս ճանապարհորդել եմ: Մանկության տարիներին մեր հարկի ներքո բազմիցս հյուրընկալվել են եվրոպական և ամերիկյան արվեստի ամենանշանավոր դեմքերը... Կյանքի վերջին տարիներին մայրիկին սիրով է շրջապատել մեծանուն Իգոր Ստրավինսկին, որը Բերբերյանի համար է գրել «Եղերերգ ի հիշատակ Ջոն Քենեդիի» վոկալ գործը: Հատուկ մայրիկին են նվիրվել նաև Բուզոտտիի «Կնոջ ձայնը» և «Տորմոն», Ջոն Քեյջի «Արիսը» և այլ վոկալ ստեղծագործություններ…

–Մեր ժամանակների նշանավոր գրող Ումբերտո Էկոն մայրիկիդ հետ միասին չորս գիրք է թարգմանել անգլերենից իտալերեն... հիշել է Քեթի Բերբերյանի անունն իր հռչակավոր «Վարդի անունը» վեպի հավելվածում...

–Երբ ես երեխա էի, Էկոն մեր ընտանիքի ամենամոտիկ և ամենասիրելի ընկերներից մեկն էր... փայլուն անձնավորություն... և մայրիկի հետ նրա համագործակցությունը սքանչելի արդյունք տվեց...

Դե իհարկե, մեծն Քեթին՝ Քեթի Բերբերյանը, մայրենի հայերենից բացի հիանալի տիրապետել է նաև իտալերեն, անգլերեն, և ֆրանսերեն լեզուներին: Ի դեպ, նրա դուստրը ևս սահուն խոսում է մի քանի լեզվով (ինչը բնորոշ չէ ամերիկացիներին) և երեք պետության քաղաքացի է՝ ԱՄՆ, Իտալիա և Բրազիլիա...

–Դժբախտաբար հայերեն գրեթե չգիտեմ,– մեղավոր հայացքով խոստովանեց Քրիստինան: Սակայն երբ նրան ցույց տվեցի իմ կես տարեկան որդու լուսանկարը, նրա բացականչությունը հայերեն էր՝ «անուշի՜կ»...

–Իսկ ահա և իմ մեկ տարեկան թոռնիկը,– պայուսակից մի լուսանկար հանելով հպարտորեն ասաց երիտասարդ տատիկը: –Նա բնակվում է Բրազիլիայում, ջունգլիներում գտնվող մի բնակավայրում:

–Սա էլ տիպիկ քեթիբերբերյանական է,– ասում եմ ես,– նրա ծոռը պիտի որ բրազիլական ջունգլիներում ապրեր... Իսկ ինչո՞ւ հենց լատինամերիկյան ադ երկիրը:

–Բրազիլիայի հետ իմ կապը տարիների վաղեմություն ունի: Ես 17 տարեկան էի, երբ Իտալիայից մեկնեցի Բրազիլիա: Այդ ժամանակ իմ վոկալ տվյալները վատ չէին, և ես երգել և նվագել եմ տարբեր խմբերում: Սակայն 1981-ից սկսեցի վավերագրական ֆիլմեր նկարահանել: Բրազիլիայում 1985-ից 1991-ը եղել է մեծ թվով խաղարկային կինոնկարների, հեռուստատեսային գովազդների և երաժշտական տեսաֆիլմերի արտադրիչը՝ նկարահանված ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Ճապոնիայի համար: Աշխատել եմ նաև որպես դերաբաշխման պատասխանատու, նկարահանումների տեղակայման ղեկավար և երաժշտական պրոդյուսեր:

Zoom Image

–Քո անունն ինձ հանդիպել է «Վայրի խոլորձ» նշանավոր ֆիլմի մակագրերում՝ որպես երաժշտական կոորդինատոր:
–Դա արդեն Ամերիկայում հաստատվելուց հետո էր: 1992-ին երեք զավակներիս հետ տեղափոխվեցի Լոս Անջելես և շարունակեցի աշխատանքս կինոյում: Եղել եմ «Պատերազմ թմրեցուցիչների դեմ», «Տխուր ծաղիկն ավազի մեջ», «Ցավագին ծովային ճամփորդություն» և այլ վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր: Տաս տարուց ավելի է աշխատում եմ նաև հոլանդական VPRO հեռուստակայանի համար, բազմաթիվ ֆիլմեր եմ կրկնօրինակել իտալերեն և պորտուգալերեն...
–Փաստորեն դու մասնակցություն ես ունեցել «Երաժշտությունն այն օդն է, որ շնչում եմ» ֆիլմին ոչ միայն որպես «դերակատար»...

Կինոնկարի սկզբում Արարատ լեռն է և «Լուսինն էլավ» հայկական երգը՝ Լուչանո Բերիոյի մշակման շնորհիվ, որն, ի դեպ, մեծ տարածում է գտել՝ ընդգրկվելով բազմաթիվ երգչուհիների երկացանկում՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա…

–Սակայն այդ ֆիլմի ավարտին մեզ մեծ ցնցում էր սպասվում, երբ Քեթի Բերբերյանի շուրթերից հնչեց... ադրբեջանական սիրային երգ: Անձամբ ես դեռ ուշքի չէի եկել երկու ամիս առաջ Բուդապեշտում հայ սպայի հետ կատարված ահռելի ողբերգության մղձավանջից (որն իմ ընկերներից մեկի մտերիմ ընկերն էր)... և ահա իմ սիրելի երգչուհին շատ «էշխով» կատարում է այդ բարբարոսների լեզվով ռուսերենախառն մի երգ: Բայց մեկ ամիս անց, երբ ձեռք բերեցի Բերբերյանի սիդին՝ զարմանքով հայտնաբերեցի, որ նորից և նորից ցանկանում եմ լսել հենց այդ ադրբեջանական երգը: Երգն այնքան լավ է մշակված (Լուչանո Բերիոյի կողմից) և կատարումն այնքան հաջող է, որ մարդ մոռանում է, թե ում է պատկանում այն... Եվ երևույթն ինքնին հատկանշական է. ադրբեջանական երգն աշխարհի բեմերում հնչել է հայուհու շնորհիվ...

–Մայրիկը երգեր էր կատարում աշխարհի քսան լեզուներով, սանսկրիտ, չինարեն… և ադրբեջաներենն էլ այդ լեզուներից մեկն էր...

–Եվ այն ժամանակ հայերի և ազերիների միջև այս հակամարտությունն էլ չկար...

–Մայրիկը ողջ կյանքում անում էր՝ ինչ որ ցանկանում էր: Քննադատում էր շատերին՝ առանց հեղինակություն ճանաչելու: Հիշո՞ւմ ես, ֆիլմում նա Մոնսերատ Կաբալյեի և նրա դպրոցի ներկայացուցիչների երգելաձևը համեմատում է կովի բառաչի հետ: Խիստ է ասված, բայց այդպես էր, մայրիկը շատ կտրուկ մարդ էր: Եվ շատերն էին նրան բամբասում, թե իբր դժվար է հետն աշխատել, որ իբր նա պրոֆեսիոնալ չէ… Իսկ մայրիկի հոգը չէր: Նա երկու բան էր ամենից շատ սիրում աշխարհում՝ երգել և ուտել: Կյանքի վերջում, Միլանի իր բնակարանում փակված՝ նա համեղ ճաշատեսակներ էր պատրաստում և բնավ հոգ չէր տանում առողջությանը... Այդ պատճառով էլ շուտ մահացավ, 58 տարեկանում...

–Գիտեմ, որ իր մահվան տարում Քեթի Բերբերյանը նկարահանվել է ֆրանսիական մի ֆիլմում, դայակի դերում... նրա հերոսուհին երգով քնեցրել է մի երեխայի, ապա ինքը մահացել է... Եվ այդ ֆիլմի նկարահանումներից հետո, որոշ ժամանակ անց, նա հեռացել է կյանքից...

Քրիստինան լարվում է.

–Այդ որտեղի՞ց գիտես...

Նա գիտեր, որ մահից առաջ մայրը խաղացել է մի կինոնկարում, սակայն նրան անհայտ էին ֆիլմի ռեժիսորը և վերնագիրը: Ես պատմում եմ նրան, ինչ որ ինձ հայտնի է ֆրանսիացի հանրահայտ կինոբեմադրիչ Ալեն Ռենեի «Կյանքը վարդերով լի անկողին է» (կամ «Կյանքը մի վեպ է») կատակերգության մասին, որտեղ Քեթի Բերբերյանից բացի նկարահանվել է կինոաստղերի մի ողջ համաստեղություն: Սակայն երգչուհին չի դիտել այս շարժանկարը, նրա անունը ֆիլմում տեղ է գտել սև շրջանակի մեջ… Քրիստինան անմիջապես գրի է առնում կինոնկարի տվյալները՝ այն շուտափույթ գտնելու մտադրությամբ:

–Այդ նույն 1983 թվականին Ֆեդերիկո Ֆելինին նկարահանել է «Եվ նավը գնում է» ֆիլմը, որի հերոսները մի հանգուցյալ երգչուհու աճյունը նավով տանում, հանձնում են ծովի ալիքներին… Ես գիտեմ, որ Քեթի Բերբերյանի աճյունը Իտալիայից տեղափոխվել է նրա ծննդավայրը՝ Միացյալ Նահանգներ... չե՞ս կարծում, թե Ֆելինին կարող էր այս իրողությունից ներշնչված լինել...

Քրիստինան հառաչում է.

–Այո, ես ինքս իմ ձեռքերով տարա մայրիկի աճյունը... շատ երիտասարդ էի այն ժամանակ, և ինձ համար դա ծանր փորձառություն էր: Բայց ոչ, որքան էլ գեղեցիկ է թվում, Ֆելինիի այդ ֆիլմը ոչ մի կապ չունի մայրիկի հետ...

–Վերջին տարիներին Քեթի Բերբերյանի անձի և ստեղծագործության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ամբողջ աշխարհում,– պատմում է Քրիստինան:– Թողարկվում են լազերային սկավառակներ, անցյալ տարի հրատարակվեց մի ծավալուն ֆրանսերեն աշխատություն՝ «Քեթի Բերբերյան, երգչուհի» վերնագրով, հեղինակ՝ Մարի-Քրիստին Վիլա: Շվեյցարիայում գտնվող Արդիապաշտ երաժշտության կենտրոնը հետաքրքրված է նրա արխիվով, որ ինձ մոտ է: Չափազանց հետաքրքիր արխիվ է թողել մայրիկը՝ նամակներ, բեմական հագուստներ...

–Ինչ ափսոս է, որ նա այդպես էլ չի եղել Հայաստանում,– ասում եմ ես:– Հիշում եմ նրա խոստովանությունը. «Հոգովս միշտ զգում եմ հայուհի լինելս, քանզի երակներումս հայի տաք արյուն է հոսում: Երազում եմ համերգներով հանդես գալ Երևանում»: Խորհրդային տարիներին որոշ հայ մտավորականներ ջանքեր են գործադրել, որ նա համերգներ տա Երևանում, ինչը, ցավոք, այդպես էլ չի կայացել...

–Այո, մայրիկը լավ հայ էր: Իր գործունեությունը սկսել է հայկական պարախմբում՝ որպես պարուհի։ Թեև ծնվել էր Ամերիկայում, բայց հայերեն լավ էր խոսում։ Նա նունյիսկ հորս էր մի քիչ հայերեն սովորեցրել։ Սակայն ո՞րն է պատճառը, որ նրա հայաստանյան հյուրախաղերը այդպես էլ չկայացան:

–Ավանգարդ երգեցողությունն այնքան անհարիր էր խորհրդային մտածողությանը: Խորհրդային Հայաստանում գուցեև քչերն ընկալեին ավանգարդ արվեստը և հայ ժողովրդական երգերի Բերբերյանի ոչ ավանդական մեկնաբանությունները, սակայն, անշուշտ, նրա ելույթները մեծ իրադարձությւոն կլինեին թե՛ երգչուհու և թե՛ հայրենիքի համար…

Խորհրդային ղեկավարները չէին կարող հանդուրժել Քեթի Բերբերյանի հաճախ էքսցենտրիկ իմիջը՝ բուլավկա ականջօղեր, պլաստմասսայե վզպատ, երբեմն ոտաբոբիկ… (Հիշենք, թե ինչպես նրանք «պատժեցին» իրեն Երևանում էքսցենտրիկ պահած մեկ այլ սփյուռքահայ երգչի՝ Մարկ Արյանին, նրա կենսագրության շուրջ կեղծիքներ հորինելով և նրա անունը մոռացության մատնելով): Սակայն վերջերս Բերբերյանի անունն առավել, քան երբևէ, սկսել է հնչել նաև Հայաստանում: Երևանի կոնսերվատորիայում գործում է «Քեթի Բերբերյանի կրթաթոշակը», որ հաստատել է Գերմանիայում բնակվող գործարար և թարգմանիչ Թադևոս Յորգանցյանը...

–Ես էլ միշտ հետաքրքրվել եմ հայերով,– ժպտում է Քրիստինան: –Այստեղ՝ Կալիֆոռնիայում, ամեն քայլափոխի շփվում եմ հայերի հետ, ունեմ բազմաթիվ ծանոթներ, հաճախ գնում եմ հայկական հավաքների: Իմ ամենամտերիմ բարեկամներից է Սփյուռքում այնքան սիրված տաղանդավոր արձակագիր, դերասան և նկարիչ Վահե Բերբերյանը: Մարդիկ կարծում են, թե մենք ազգականներ ենք՝ ելնելով Բերբերյան ազգանունից... Ես որոշ չափով հետևում եմ նաև Հայաստանում կատարվող իրադարձություններին:

2005 թվականի հուլիսին լրանում է Քեթի Բերբերյանի ծննդյան 80-ամյակը: Մենք Քրիստինա Բերիոյի հետ բաժանվեցինք այն հույսով, որ հաջորդ տարի Քրիստինան հնարավորություն կունենա այցելել մոր նախնիների հայրենիքը և երաժշտասերների ու կինոսիրողների միջավայրում առիթներ կունենա ներկայացնել ամեն ինչ իր մոր՝ «մոգական Քեթիի» մասին...

Zoom Image

Լոս Անջելես-Երևան

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1108
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott