ԴՐՎԱԳՆԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Մի անգամ Ավետիք Իսահակյանը իր այգում պառկել էր շարած պատի տակ եւ քնել: Երազում նա տեսավ իբրեւ պատը փլվում է իր վրա, իսկույն արթնացավ եւ վախեցած հեռու վազեց ու հենց այդ պահին... պատը փլվեց:****Երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տալանտը, ասում է, թե ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա և այտնեղից դույլով ջուր բեր ու դույլը դնում ա ձեռը ու ուղարկում.
Այվազովսկին գնում տենում ա, որ իրականում էդ ջրավազանը պատի վրա նկարված նկար ա, դե բայց պետք ա չէ տակից դուրս գա: Ու դուրս ա գալի:
Բռնում ա էդ նկարի վրա "ջրի" մեջ խեղդվող շուն ա նկարում ու առանց ջրի գնում տնօրենի մոտ ու ասում, թե ջրի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ ա ու դրա համար էլ ջուր չեմ բերել...Էս վարպետը գնում ա ու տեսնում, թե ինչ վարպետությամբ ա նկարել էդ շանը ու նրան ընդունում իր մոտ սովորելու:
****Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, երբեմն- երբեմն քաշում էր աշակերտների մազերը:Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
Րաֆֆին ներս է մտնում և նկատելով այդ խորամանկ խաղը` քմծիծաղ է տալիս, ապա մեկին կանչում դաս պատասխանելու:Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:
Վիպասանը քաշում է ականջից և ասում.
-Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք
****1915թ. Հունիս: Էջմիածինը լեփ-լեցուն էր Արեւմտահայաստանից փախած գաղթականներով: Հովհաննես Թումանյանը Թիֆլիսից հասավ օգնության: Տեսնելով, որ տեղի կազմակերպությունները չեն կարողանում օգնել գաղթականներին, որ պահեստներում եղած մթերքը եւ հագուստեղենը չեն բաժանում անօթեւան մարդկանց՝ ի՛նքը ստանձնեց այդ գործը:
Օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Թումանյանը Թումանյանը շտապ դուրս եկավ սենյակից՝ որպեսզի գաղթականներին պատսպարի վեհարանի կիսավարտ շենքում, չնայած կաթողիկոսը մերժել էր այն գաղթականներին հատկացնել: Տեղատարափ անձրեւի տակ քայլում էր բանաստեղծը, եւ նրա հետեւից գնում էին հարյուրավոր գաղթականներ՝ կապոցներով, երեխաներով, նույնիսկ հարազատների դիակներով:
Կաթողիկոսին դուր չեկավ Թումանյանի վարմունքը: Հաջորդ օրը նա բացատրություն պահանջեց: Բանաստեղծի պատասխանը չգոհացրեց, ւ նա ջղագրգիռ տոնով հիշեցրեց:
-Դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ:
Թումանյանը դուրս եկավ համբերությունից:
-Իսկ դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:
****Նար-Դոս գրական անունն ունի այսպիսի պատմություն: Նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաև Անդրկովկասում: Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով գորգավաճառը նարդոսից պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Դա զարմացնում է փոքրիկ Միքայել Հովհաննիսյանին, և նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ: Հետագայում այդ ծաղկի անունը նա դարձնում է իր գրական անունը: Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի և դրանք միացրել միության գծիկով: Երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականացնելուց հետո նա պետք է դեն գցեր միության գծիկը և իր անունը գրեր այնպես, ինչպես ծաղկի անունն է գրվում: Բայց գրողն ունեցավ միայն մի տղա ( երգիչ , ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան) և միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց ընթերցողներին :****Մեծանուն բանաստեղծ Վահան Սուքիասի Տերյանը (Տեր Գրիգորյան ) սկզբում ստորագրել է Վահան Տեր- Գր.: Ուսանողական տարիներին կրել է Շվին, Վոլո և ուրիշ կեղծանուններ: 1907 թվականի վերջերից ստորագրել է Տերյան: 1910 թվականի մայիսի 10-ին Ցոլակ Խանզադյանին գրած նամակում կատակով ստորագրել է Վահանուս Տերյանուս :****Մահվանից մի քանի տարի առաջ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով:
Պառկած էր Երևանի 2-րդ հիվանդանոցում, առանձին սենյակում. որպեսզի ծեր սիրտը դիմանա հիվանդությանը, բժիշկները շուտ-շուտ կանֆորա էին սրսկում: Բայց այդ բանը դուր չէր գալիս հիվանդին, և նա գթության քույրերին չէր թողնում այդ անելու: Մի օր էլ, երբ նա այդպիսի քմահաճություններ էր անում, ներս եկավ մի երիտասարդ բժշկուհի թե քույր և համարձակ մոտեցավ հիվանդի մահճակալին:
-Ընկե’ր Շիրվան, չէ՞ որ Դուք սիրում եք գեղեցիկ աղջիկներ, թողեք ուրեմն ես ինքս սրսկեմ Ձեզ:
Հիվանդի դեմքին փշված ժպիտի նման մի բան խաղաց. նա ակնոցը, բարձի տակից վերցնելով, դրեց աչքերին և զննաբար նայեց աղջկան:
-Այո’, ճիշտ է , գեղեցիկ աչքեր ունես: Սրսկի’ր:

Ստեփան Զորյան
****Մի անգամ, երբ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով, նկարիչ Փանոս Թերլեմեզյանը այցելում է հիվանդին և նրան մխիթարելու համար ասում.
-Շուտ լավացիր, Շիրվա’ն, գնանք Թիֆլիս, քեֆ անենք. դու կխմես, ես կպարեմ:
-Չգիտեմ, Փանո’ս, ինչպես կվերջանա իմ պատմությունը. գուցե և մեռնեմ, բայց արի, ավելի լավ է, հենց հիմա պարի…քո պարից գոնե չզրկվեմ:
****Դերենիկ Դեմիրճյանի նամակը Վահան Թոթովենցին.
«Սիրելի Վահան, քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը: Երբ պատահենք, մանրամասն կպատմեմ քեզ դա, միայն շատ կխնդրեի, որ մեջդ պահես և, երկրորդ, մի քիչ թափանցիկությամբ նայես խնդրի վրա` խուսափելու համար այն, կոմիկ ասեմ, թե ինչ` տպավորությունից, որ կարող ես ինձնից ստանալ այս րոպեից: Ես էլ եմ ծիծաղում, բայց ոչինչ չեմ կարող անել: Այդ այդպես է: Մի կնիկ փախցրի ամառանոցից: Սա է ամբողջը: Բայց ինչ դժվարություններով ու վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա անուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարասափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը:
Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի` պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը: Դրան հակառակ էին բոլորը` մեր Վարսենիկից սկսած մինչև ծանոթներս, կնոջ ամուսինը (բնականաբար), կնոջ քույրերը, հայրը, հարազատները և, ամեն բանից հետո… իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու` այստեղից Բելի Կլյուչ ձգվող դժվար ճամփաներով: Շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր: Հիմի կինը այստեղ է` իր հինգ տարեկան երեխայի հետ, և ապրում է իր քույրերի մոտ: Չգիտեմ, կարիք կա քեզ էլ բացատրելու այն հոգեկան վիճակը, որ ապրում եմ հիմա: Ամուսինը գյուղից գաղտնի եկել է այստեղ և հետապնդում է մեզ. կնոջ հարազատները ստիպում են նրան գնալ Բաքու, հոր մոտ (որպեսզի ինձնից բաժանեն համոզելով և այլն), կինը չի գնում, բայց ծանրացած է քույրերի վրա: Ուրեմն` խնդիրը ես պիտի վճռեմ: Պարզապես դրամ է պետք, և իմ ներկայությունը այստեղ, մինչև կարգադրեմ գործը: Կինը դեռ օրինական ձևականություններ ունի ամուսնալուծության հարցում և զավակը ամուսնուց խլելու` դատի մեջ: Ես պիտի օգնեմ, այլապես ինչացո՞ւ էր իմ այսքան մեծ փոթորիկը, որ բարձրացրի`մի կնոջ սիրտը մտնելով և ընտանիքը քայքայելով: Բացի այդ, կապված ենք իրար հետ… Այս հոգեկան վիճակով ո՞ւր գնամ, ինչպե՞ս գամ Երևան…. Այս ընդհանուր ալեկոծությունների մեջ հիվանդացավ Վարսենիկը և հիմա վատ կացության մեջ է, նրան բերել չեմ կարող, որովհետև նա էլ կապված է Վիգենի հետ, որին պիտի տամ այստեղի հետամնացների մանկապարտեզը: Երեխան սկսել է նոր-նոր բացվել, արդեն նկարում է, քիչ-քիչ խոսում է: Տունը քանդել ու գալ, անմիտ բան է, իսկ երկու տուն ունենալը` դժվար:
Ուրեմն հասկանալի պիտի լինի, որ լինել Երևանում կարող եմ, բայց ապրել, գոնե այս ձմեռ, չեմ կարող: Թերևս մինչև հունվար հանգամանքները այնպես դասավորվեն, որ «կնոջս» հետ գամ մի քիչ երկար մնալու: Պետք է ասել, որ նա շատ կուզենար ամուսնուց հեռու մի տեղ քաշվել, դեմ չէ Երևանին էլ, բայց դեռ անկարող է գալ վերոհիշյալ պատճառներով:
Շտապ եմ գրում, և կարևոր մտքեր բաց եմ թողնում: Ամենակարևորը իմ այդտեղ չգալու պատճառը, այնքանով բացատրիր ուրիշների մոտ, որքան վերաբերում է Վիգենի և քրոջս արգելքներին, որ կա: Մնացածը չեն հասկանա, կարիք չկա և մինչև անգամ գործս կփչացնի: Իհարկե, եթե մարդիկ մի քիչ նուրբ լինեն և մի րոպե մտածեն, որ գործ ունեն գրողի հետ, որի արտադրության գործիքը իր սիրտն է և այդ սիրտը չի կարելի պարտադրությունների հետ կապել, և որ այն ժամանակ է ստեղծում, երբ գալիս է նրա կապրիզը, և որ այդ կապրիզը ինքն էլ չգիտե, թե երբ և ինչպես է գալիս` ինձ չեն պարտադրի, որ Երևան գամ…»:
Եղիշե Չարենցն է առաջարկում Մարիային փախցնել: 46-ամյա Դեմիրճյանի համար առաջին հայացքից չափազանց դժվար էր պատկերացնել իրեն երիտասարդ տղայի դերում, որ պիտի դիմեր նման արարքի: Բայց, ինչպես ասում են, սերը ոչ միայն կուրացնել, այլև խենթացնել կարող է մարդուն:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
****Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա””,- գրում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.
-Ի՞նչ է միջինը:
Սևակը որսում է ծաղրը և ասում.
-Նավթալին:
-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:
-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի…
-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու:
-Չէ’, ինչո՞ւ, էշախոդով:
-Դրա շինողը սա՞ղ է,- Պարույրի չիբուխը ցույց տալով’ հարցնում է վարորդը:
-Չէ’, մեռել է:
-Ափսո~ս…
-Ի՞նչն է ափսոս:
-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:
- Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք’ օրորոցում), կտամ քեզ’ մեջը թութուն լցրու’, հա~ ծխի…
Ծիծաղում են: Այդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են, Պ. Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու նրանք ջերմորեն գրակախառնվում են:
-Ախպոր պես ասա’, ո՞վ է,- Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:
-Պարույր Սևակը:
-Վայ ամա~ն, խայտառակ եղա,-ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:
-Ա~յ տղա, արի’ փո~ղդ ստացիր, ո՞ւր ես փախչում,- ծիծաղելով ձայնում է Պարույրը:

Վարդգես Բաբայան
****Հրատարակչության բաժնի վարիչ Ե. Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով ասում է.
–Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
–Բա ինչու՞ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը, –հարցնում է Չարենցը…
–Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան, –շարունակում է կատակել գրողը:
–Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում, –պատասխանում է բանաստեղծը:
****Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում « Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է « Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. « Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:****Ասում են, որ երբ Անդրանիկն իր զորքով շարժվում էր գաղթողների հետևից, հանկարծ ճանապարհի փոսի մեջ տեսնում է մի բարուրած երեխա: Վերցնում է երեխային, մոտենում գաղթողների առաջին խմբին:
-Ո՞վ է այս երեխային թողել,- հարցնում է նա:
Ոչ ոք չի ուզում հանձն առնել: Անդրանիկը դիմում է խորամանկության:
- Եթե երեխան մայր չունի, թրատե'ք,- հրամայում է վրդովված:
Դրանից սարսափած մի կին ճչում է:
-Վերցրու',- դառնացած ասում է Անդրանիկը,- եթե այս երեխան չլինի, վաղը ո՞վ պիտի մեր երկիրը պահի:
****Ջարդերի ժամանակ, երբ որբացած հայ մանուկներին որբանոցից որբանոց են տեղափոխում, կանգառներից մեկը լինում է Իգդիրը...
Այդ երեխաների մեջ էր վանեցի ապագա մեծ գրող Գուրգեն Մահարին:
Երբ իգդիրցի աղջիկը մոտենում է նրան և իր լեզվով առաջարկում թեյ ավելացնել, հարցնում է - "Էլի ածե՞մ":
Տղան զարմացած նայում ու ասում է.
-Ածի'ր, տեսնենք:
****Շիրազին հարցնում են.
-Սիլվան սկզբից այդքան տաղանդավոր էր?
-Չէ հա, բաժանվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ:
****Մի անգամ Ավետիք Իսահակյանը քայլում է դաշտերով և լսում է, որ մի գյուղացի աշխատելով երգում է իր «Մաճկալ ես, բեզարած ես» երգը:
Մոտենում է և հարցնում, թե նա գիտի արդյոք, որ դա իր երգն է:
Մարդը նայում է Իսահակյանի կոստյումին, ոտից գլուխ չափում և ասում.
-Այ մարդ, գնա քո գործին, սա մեր ժողովրդի երգն է…
****Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը//մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում....
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:
Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
****Սմբատ Բագրատունին (890-914թթ. ) զորեղ և իմաստուն արքա էր: Մի անգամ նրան հարցրին.
–Մարդ կյանքում ամենից շատ ու՞մ խորհուրդներով պիտի առաջնորդվի:
–Մինչև տասնյոթ տարեկան պիտի լսել ուսուցչին, մինչև երեսունը՝ իմաստուններին, հետո՝ ինքդ քեզ. միայն մայրական խորհուրդն է, որին մարդ պարտավոր է անսալ ծննդյան օրից մինչև մահ, – պատասխանեց արքան:
****ԱՊՏԱԿ ԷԼ ԿԱ, ԱՊՏԱԿ ԷԼ...
Մի անգամ Կիլիկիայի Հայոց Հեթում թագավորը իր թիկնապահի հետ ծպտյալ անցնում էր Իկոնիայի սուլթանության երկրով: Սուլթանի պաշտոնյաները ճանաչում են Հեթումին եւ քիչ էր մնում, թե բռնեն նրան: Այդ ժամանակ թիկնապահը մի ապտակ է հասցնում Հեթումին՝ հասկացնելու համար սուլթանի պաշտոնյաներին, որ նա ոչ թե թագավոր է , այլ իր ծառան :/« Բազմավեպ ». 1849, փետրվար, էջ 64 /
****Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը:Հրաժարվում է.
-Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:
****

Դիտումների քանակը: 32120
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott