ԴՐՎԱԳՆԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

(Գ. Մահարու հուշերից)
Հարցրի «Չարենց» կեղծանվան մասին:
-Դեռ Ղարսում մի քանի ստիխ /բանաստեղծություն/ տպեցի Սողոմոնյան ազգանունով: Մի բժիշկ եկավ մեր քաղաքը, տուն վարձեց, դռան վրա կպցրեց՝ «Բժիշկ Չարենց, ներքին հիվանդություններ»: Չարենց. խիստ հավանեցի ու վերցրի, բա~ս...
Արտասանեց.
Ես եմ հիմա մի պոետ,և իմ անունը ֊Չարենց - Պիտի վառվեմ դարերում, պիտի լինեմ բարձր ու մեծ...
Ծիծաղեց բարձր, մանկական հրճվանքով, ավելացրեց.
- Հեչ չի երևում...
****Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ.

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, - ավելացրեց Չարենցը, - ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

- Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:
****Դեմիրճյանը պատմում է. «Տարիներ առաջ աշխատասենյակիս պատուհանները բացվում էին մի լայն փողոցի վրա: Մի երիտասարդ ամիսներ շարունակ համառությամբ նստում էր դիմացի մայթի վրա ու անընդմեջ, կրակված հոգով, նվագում էր մինչև ուշ գիշեր: Ճիշտ է, նվագում էր հոգեզմայլ, թախծոտ, ջութակի նրբագեղ հնչյունները թափանցում էին ունկնդրողի հոգու խորքը, բայց, այնուամենայնիվ, ինձ կտրում էր աշխատանքից: Ճարահատյալ հետաքրքրվեցի երիտասարդով: Պարզվեց, որ հարևանիս հմայիչ աղջկա սերն է նրա տառապանքի ակունքը, սեր, որ մերժվել էր օրիորդի հոր կողմից:
Իրավիճակին մանրամասնորեն ծանոթանալուց հետո ստիպված տղայի համար բարեխոսեցի հարևանիս, և երկար միջնորդություններից հետո սիրատոչոր զույգը հասավ իր փափագին, իսկ ես սկսեցի հանգիստ աշխատել:
****Մի անգամ Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը գնում են Արմավիրի շրջանի մի հեռավոր գյուղ` հանդիպելու ընթերցողների հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր ու լավ է անցնում: Հանդիպումից հետո հյուրընկալվում են ուսուցչուհիներից մեկի տանը, որի ամուսինը ագրոնոմ էր և շատ բան չէր հասկանում գրականությունից: Մինչ տանտիկինը զբաղված էր ճաշի պատրաստությամբ, Իսահակյանը սկսում է զրուցել, հարցուփորձ անել գյուղի հոգսերից, դժվարություններից: Գյուղացին կակազելով պատասխանում է շատ կարճ ու համառոտ: Ամբողջ ժամանակ խոսում են երկուսով: Դեմիրճյանը լուռ լսողի դերում էր:

Երբ հրաժեշտ են տալիս ու ճամփա ընկնում դեպի Երևան, Իսահակյանը վրդովված ասում է.
-Դերենիկ, տո տնաշեն, էդ ինչու էիր բերանդ ջուր առել, լուռ նստել, ամբողջ ժամանակ ես էի խոսում, կոկորդս չորացավ, ձայնս խզվեց:

- Էհ, ինչ խոսեի, դու՝ կակազ, տանտերը՝ կակազ, ես էլ կակազելով խոսեի, խեղճ գյուղացին կկարծեր, թե իրեն տնազ ենք անում, ձեռ առնում: Դրա համար գերադասեցի լռել, որ մեր կակազելով չվիրավորենք մեր հյուրասեր գյուղացուն:
****Պատմում են, որ Իսահակյանը Փարիզում շատ էր կարոտում, փափագում իր հայրենիքը, հայրենի լեռները, դաշտերն ու ծաղիկները և հատկապես հայկական անուշաբույր լավաշը: Նա մի անգամ ծանոթներից իմանում է, որ դիմացի փողոցում մի հայուհի է ապրում, որի ծնողները գաղթել էին Կարսից: Վարպետը խանութից գնում է մի քիչ ալյուր և խնդրում, որ իր համար լավաշ թխի: Կինը, որ հայերեն կարգին խոսել էլ չգիտեր, ընդառաջում է Իսահակյանին և թխում է նրա պատվիրած լավաշը: Իսահակյանը լավաշով ու պանրով բրդուճ է անում և առաջարկում ֆրանսահայուհուն ճաշակել լավաշի անուշ համն ու հոտը: Ֆրանսահայ տիկինը հայկական լավաշի մեջ տեսնում էր իր նախնիների ոգու և արյան կանչը, նրա մեջ սկսում է խոսել հայկական ոգին, և այդ օրվանից սկսած` նրանց տանը միշտ առկա էր հայկական լավաշի անուշ բուրմունքը:****Կյանքի վերջին տարիներին Ավետիք Իսահակյանը ցանկացավ ճանապարհորդել Սյունիքում, տեսնել Տաթևի հոյակապ վանքը, Մազե կամրջի հրաշքը: Նա հյուրընկալվեց գյուղերից մեկում ապրող ամենածեր մարդու` իննսունհինգամյա մի կնոջ տանը: Վարպետը ողջունեց բազմանդամ ընտանիքին և խոր ակնածանքով առավ թախտին նստած կնոջ ձեռքն ու համբուրեց: Ալեզարդ կինը, որ նախօրոք գիտեր հյուրի ով լինելը, շատ հուզվեց: Ով գիտե` հուշերը նրան ու՞ր տարան: Երբ արդեն բավականին հանդարտվել էր, սրբելով աչքերի արտասուքը, ասաց. «Երջանիկ եմ ես, դրա համար էլ հուզվեցի: Երբ 1880 թվին հարսնանում էի, հարսանիքիս ժամանակ ներկա գտնվող Րաֆֆին համբուրեց ձեռքս... Ահա անցել են երկար ու ձիգ տարիներ, ու հիմա էլ, երբ արդեն շատ եմ ծերացել, Դուք համբուրեցիք իմ ձեռքը: Ասացե՛ք, մի՞թե երջանիկ չեմ ես»: Հուզմունքը փոխանցվեց ամենքին: Վարպետը ընկավ մտորումների մեջ:****Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս իր հայրենի Գյումրի քաղաքը:

Մի օր նահանդիպում է իր սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսոլի Վարդանին և խնդրում, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնվում է և կառքը քշում է սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար տեղ այնպես անի, որ իբր ձեռքի կնուտը վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսոլի Վարդանին էլ էդ էր պետք: Երբ կառքը սուրում էր բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե' վա~յ, Ավո ջան, կներես, կնուտը ձեռքիցս վար է ընկել, իջնեմ, ման գամ: Վարդանն իջնում է, ջահել սիրահարները, իրենց ազատ զգալով, հրճվում, ուրախանում են, իսկ Վեսոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում:

Տարիներ անց՝ 1911 թվին, Իսահակյանը Թիֆլիսից կրկին գալիս է հայրենի քաղաքը, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է նորից զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի՝ Վեսոլի Վարդանի կառքով:

Երբ մի փոքր քաղաքից հեռանում են,Վեսոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը և դառնալով նրան՝ ասում՝ հը՛, Ավո՛, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:

Իսահակյանը թե՝ Վարդա´ն ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքինս կինս է:
****Երբ 1919 թվականին Թումանյանի տանը նշվելիս է եղել նրա ծննդյան 50-ամյակը, հրավիրվածների մեջ լինում է նաև Զորավար Անդրանիկը: Անդրանիկի կենացի ժամանակ Թումանյանն իր բաժակաճառի մեջ ասում է. «Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի, հիմի էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ...»:
Ընդհատելով Թումանյանի խոսքը՝ Անդրանիկը նստած տեղից վրա է բերում. «Կանցնի էլի երեսուն տարի, ո՛չ Խրիմյան կլինի, ո՛չ Անդրանիկ, կմնա... «Շունն ու կատուն»:
****Ասում են, թե Հ. Թումանյանը 1915 թվականին Թիֆլիսից էջմիածին է գալիս՝ Արևմտյան Հայաստանի զանազան գավառներից հավաքված և սովից ու հիվանդություններից մեռնող հազարավոր հայ գաղթականներին օգնելու համար: Կարիք է լինում վանքին պատկանող ինչ-որ տուն տրամադրել գաղթականներին: Թումանյանն այդ խնդրով անձամբ դիմում է կաթողիկոսին: Կաթողիկոսը հրաժարվում է նորակառույց շենքը տալ գաղթականներին՝ որպես ապաստարան: Վրդովված Թումանյանը իր դժկամությունն է արտահայտում կաթողիկոսին՝ նրա մերժման համար և գաղթական երեխաներին տեղավորում նորակառույց վեհարանի շենքում: Կաթողիկոսը զայրանում և իր մոտ է կանչում բանաստեղծին:
-Հիշեցե՛ք, պարո՛ն Թումանյան,որ ես Ամենայն Հայոց կաթողիկոսն եմ, ասում է դժկամ կաթողիկոսը:
Իսկ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ, - պատասխանում է նրան Թումանյանը:
****Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ՝ հետո վճարելու պայմանով:
Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ նա մերժեց վիպասանին և հաց չտվեց:
Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին՝ նա ցնցվեց, քիչ էր մնում՝ հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած՝ ամբողջ մի տարի խանութպանը ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
****Մի անգամ Ագուլիսի ճանապարհին` նեղ կիրճով անցնելիս, Րաֆֆու առաջն են կտրում երկու զինված երիտասարդներ և հարցուփորձ անելով ու իմանալով, որ ուսուցիչ է, պահանջում են հետևել իրենց: Նրանք Րաֆֆուն տանում են ճանապարհի կողքին ընկած լեռնային փոքրիկ մի գյուղ: Երբ մտնում են գյուղի կենտրոնում գտնվող մի տուն, նա տեսնում է, որ օդայում՝ ճրագի աղոտ լույսի տակ, հավաքվել էին քսան - երեսուն մարդ՝ տարեց ու երիտասարդ, և լսում էին գրքի բառերը հազիվ հեգող տիրացուին: Րաֆֆուն առաջարկում են կարդալ գործածվելուց մաշված կազմով հնամաշ այդ գիրքը, որի կազմի վրա հազիվ երևում էր վերնադիրը՝ «Ջալալեդդին»: Շուտով մարդիկ նկատում են, որ անծանոթ մարդը շատ տեղեր գրքին չի էլ նայում և շատ վարժ ու արտահայտիչ կարդում է: Լուսադեմին, երբ վերջացրել էին գրքի ընթերցումը, տանտերը այն երկու երիտասարդներին պատվիրում է ուսուցչին բեռ ու բարձով ուղեկցել մինչև նրա ուզած տեղը: Որոշ ժամանակ անց նրանք իմանում են, որ այնպես վարժ ու արտահայտիչ կարդացող ուսուցիչը հենց ինքը Րաֆֆին է՝ «Ջալալեդդին» - ի հեղինակը:****Սիսիանի գյուղերից մեկում խոր ուշադրությամբ լսում էին այդ կողմերում ճանապարհորդող անծանոթ մի մարդու, որը հմայված պատմում էր հայ ժողովրդի զավակների, հատկապես Դավիթ-Բեկի քաջագործությունների մասին: Լսողներից մեկը՝ Հովհաննեսը, որ շատ էր սիրում թերթեր ու գրքեր կարդալ, մոտը կանգնած մարդուն ասաց. «Այնպես հետաքրքրական ու կրակոտ է պատմում, կարծես Րաֆֆին պատմելիս լինի»: Անծանոթը լսեց գյուղացու ասածը, ակնոցների մեջ ծվարած աչքերում մի ժպիտ առկայծեց, բայց ոչինչ չասաց, շարունակեց լսողներին կախարդել իր հոգեպարար զրույցով:
Հաջորդ արևածագին անծանոթը, գյուղացիներից մեկի ձին հեծած, հրաժեշտ տվեց գյուղին և գնաց հարևան քաղաքը՝ Գորիս: Անծանոթը, երբ ձիատեր գյուղացուն հրաժեշտ էր տալիս, նրան տվեց մի երկտող և խնդրեց հանձնել ընթերցասեր գյուղացուն: Հասցեատերը երկտողը ստացավ և սրտի թրթիռով կարդաց. «Պարո՛ն Հովհաննես, շնորհակալություն Ձեր երեկվա ուշադրության և կանխազգացման համար: Խորին հարգանքներով՝ Րաֆֆի»:
****Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

- Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

- Այդ հսկայական քարն ինչպես եք տանելու…

- Ինքնաթիռով պիտի տանիմ…

- Ինչու համար…

- Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
****Մի անգամ Հովհաննես Շիրազը` կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

- Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից:

- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:
****Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.

- Ինչու ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…

- Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
****Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:

Շիրազը զարմանում է.- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…
****«Նկարահանում էինք «Նահապետ» ֆիլմը, Հենրիկը տեսարան էր գրել, որտեղ Նահապետը Նուբարին հանկարծ բռնաբարում է։ Երկուսի մեջ էլ սառնություն կա, երկուսն էլ աշխարհից վերացած մարդիկ են։
Ու հանկարծ՝ բռնաբարում է։ Սկսեցինք այդ տեսարանը նկարել ինչ-որ այգում, ավելի ճիշտ՝ Նահապետի այգում։ Էդ խեղճ Սոֆիկ-Նուբարին շուռ տվի աջ, շուռ տվի ձախ, վերջը ասի՝ Հենրիկ ջան, սա մեր գործը չէ։
Ասի՝ էս էրոտիկ տեսարանը հայի գործը չէ։ Ոչ դու ես սուրբ, ոչ ես, ոչ էլ երևի Սոֆիկը։ Բայց դա մենք չենք կարող ցույց տալ, չենք կարող անել»,- թերթի թղթակցին պատմել է Սոս Սարգսյանը։
****Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում:
Դալին իմանում է, որ աշխարհահռչակ հայը հյուրախաղերով գտնվում է իր քաղաքում, որոշում է նրան իր հարգանքը մատուցել և հրավիրում է Խաչատրյանին իր առանձնատուն: Վերջինս ընդունում է հրավերը: Բայց դե Դալին Դալին չէր լինի, եթե այդ հանդիպումն առանձնահատուկ չլիներ: Նա երկար սպասեցնել է տալիս հայ հանճարին իր հյուրասրահում: Իսկ Արամ խաչատրյանն էլ արդեն ծեր մարդ բնականաբար պետքարանի կարիք է զգում, բայց հսկա տան մեջ, որտեղ ոչ ոք չկա, նա ի վերջո որոշում է թաքուն միզել Դալիի անտիկվար սափորի մեջ...
Պարզվում է ողջ ընթացքում Դալին թաքուն հետևում է Խաչատրյանի գործողություններին:
...Հանկարծ բարձր հնչում է ,,Սուսերով պարը,, հայտնի մեղեդին և ներս է մտնում բալետային կանացի հագուստ հագած Սալվադորը....
Նա մի քանի ոստյուններ, գռանբատմաններ է կատարում Խաչատրյանի շուրջ ու նորից անհետանում որտեղից հայտնվել էր...
Ներս է մտնում սպասուհին ու հայտարարում, որ Դալին շատ շնորհակալ է իր հրավերն ընդունելու համար...
****Ես իսկի Ստալինին էլ «ընկեր» չեմ ասել: Բանտում եղած ժամանակ բոլորը Ստալինին դիմում տվին ազատվեցին, ես որպեսզի «ընկեր» չանվանեմ նրան, դիմում չտվի ու 20 տարի տառապեցի: Լեռ Կամսար 1935-1955 թ. գտնվել է աքսորում...****Լեռ Կամսարն կտակ է գրում ասելով ինձ թաղելիս շրջված դեմքս ներքև կթաղեք վոր բոլշովիկ իշխանության երեսը չտեսնեմ երբ այս իշխանությունը փոխվի իսկ այն հաստատ միօր կփոխվի ես գերեզմանում կշրջվեմ...****

Դիտումների քանակը: 32121
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՖՅԱ ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ՎԱՍԻԼԻ Մանկավարժ, հաս. գործիչ: 1881-83-ին Թիֆլիսում հիմնել է առաջին մանկական գրադարանը Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott